Հեքիաթ

20141011122644904

Լինում է, չի լինում մի Կապիկ: Նա աշխարհում ամենից շատ երազում էր Թռչուն լինել, բայց ապրում էր Կովերի աշխարհում:

Նա շատ էր նեղվում, որովհետև Կովերը ուզում էին, որ Կապիկը լիներ Կով:

Բոլորը ասում էին, որ Կապիկը շատ վատ Կով է: Բայց Կապիկը չէր ուզում լինել Կով, ուզում էր Թռչուն լինել: Եվ մի օր որոշում է գնալ ուրիշ մոլորակ, հավաքում է շատ-շատ բանաններ, վառում է, նստում ծխի քուլաներին և բարձրանում վեր, վեր՝ ամպերից էլ վեր:

Բարձունքից Կովերը շատ փոքր էին երևում, և Կապիկը զարմանում է, թե այդքան փոքր Կովերը ինչպես են այդքան մեծ ցույց տալիս իրենց: Հետո Կապիկը հասնում է ուրիշ աշխարհ, որտեղ ոչինչ չկա՝ չկա ժամանակ, չկա ապագա, չկան Կովեր և նույնիսկ Թռչուններ: Երկար ապրելով այդ Ոչմիբան աշխարհում՝ Կապիկը մեկիկ-մեկիկ հիշում էր Կովերին և կարոտում նրանց: Մենակությունից նա որոշում է ցած նետվել այդ Ոչմիբան աշխարհի բարձունքից, և նրա անշնչացած դին նորից ընկնում է Կովերի աշխարհ: Կովերը մոտենում են նրան, նայում և բացականչում.

— Ի՜նչ գեղեցիկ Թռչուն է:

 

 

 

Անդին 2, 2014

Share

Կարծիքներ

կարծիք