«Հեղաշրջում» շարքից

20152201132232908

Այլասերում

Գյուղացու մեկը որոշեց շատ ցորեն ցանել, որ հացն անպակաս լինի տնից: Որ ոչ միայն իր ընտանիքը կուշտ լինի, այլև կերակրի չքավորներին, բաժին հանի կարիքավորներին և հյուրասիրի ում կամենա:

Ցորենը ցանեց և աղոթեց, որ Աստված հեռու պահի ամենքին փորձություններից ու չարիքից, խաղաղ պահի երկինքն ու երկիրը, հաշտ պահի ամպ ու քամուն, որ ոչ երաշտ լինի, ոչ կարկուտ տեղա, ոչ հեղեղ լինի, ոչ այլ աղետ:

Աստված լսեց աղոթքը, կատարեց գյուղացու կամքը:

Արտը հնձելիս, սակայն, գյուղացին զարմանքով տեսավ, որ ոչ թե ցորեն է հնձում, այլ մոլախոտ:

Դա շատ վաղուց էր:

Դրանից հետո հաճախ է պատահում, երբ մարդիկ ցանում են մի բան, հնձում բոլորովին ուրիշ բան. ոմանք բարի գործեր են անում, բայց վաստակում են թշնամիներ ու մնում ձեռնունայն, ոմանք էլ զանազան ստորություններ են անում, բայց փառաբանվում են ու վայելում աշխարհի բարիքները:

 

Շարունակությունը՝ սկզբում

Ահագին ժամանակ երկրում մթնոլորտը գաղջ էր: Խելացի և տաղանդավոր մարդիկ անտեսված էին, ասպարեզից վտարված, և ամենուր վխտում էին ստահակները, ապաշնորհները, պնակալեզները: Վախկոտները ծաղրում էին խիզախներին, խելապակասները խրատում էին խոհեմներին, բարոյազուրկները արհամարհում էին պարկեշտներին, և անվճռականները հալածում էին վճռականներին:

Էս գաղջ ու ճնշող մթնոլորտում հետադիմությունն առաջադիմում էր, հեռանկարը՝ մշուշվում, մուրացկանությունը ծաղկում էր, բարեգործությունը՝ ցրտահարվում, պատեհապաշտությունը բարգավաճում էր, հավատարմությունը՝ չորանում, տգիտությունը փթթում էր, գիտելիքը՝ փտում: Ու բնավ զարմանալի չէր, որ ներքևինները այլևս չէին ուզում մնալ ներքևում, իսկ վերևինները չէին կարողանում մնալ վերևում: Փաստորեն հեղափոխական իրավիճակ էր, բայց օրերն անցնում էին, և ոչ ոք չէր ըմբոստանում ու չէր ընդվզում, ոչինչ տեղի չէր ունենում ու ոչինչ չէր փոխվում. չկարողանալով՝ վերևինները շարունակում էին մնալ վերևներում, չուզենալով՝ ներքևինները կարողանում էին ապրել գետնաքարշ:

Դրանից մթնոլորտը դառնում էր ավելի անտանելի, տաղանդավոր մարդիկ՝ ավելի արհամարհված, վախկոտներն ու խելապակասները՝ ավելի լկտի, բարոյազուրկներն ու անվճռականները՝ ավելի անսանձ…

Ճգնաժամը շարունակում էր խորանալ:

Տնտեսությունը քայքայվում էր:

Աղքատությունն աճում էր:

Վարչախումբը խուճապի մեջ էր:

Ամեն ինչ շատ վատ էր, ու պարզ չէր, թե դեռ որքան կարող էր վատանալ:

Տագնապելով, որ իրավիճակը կարող է դառնալ անկառավարելի ու անվերահսկելի այնքան, որ այլևս կառավարելու և վերահսկելու ոչինչ չլինի, քաղաքական ուժերը սկսեցին փրկության ուղիներ փնտրել:

Հանգամանքների բերումով ընդդիմության առաջնորդ դարձավ ժպտադեմ, բայց թախծոտ մի մարդ: Թեև նա հաղթեց ընտրություններում, բայց իշխանությունը նրան թույլ չտվեց ղեկավարել երկիրը. ավելին, սպառնաց զրկել ժառանգությունից: Այնժամ նա մի մեծ միտինգ արեց և ժողովրդին ուղարկեց տուն:

Ժողովուրդը կամաց-կամաց սկսեց հասկանալ էս խորիմաստ իրադարձության ցուցանածը: Դա մի հին ասույթ էր, մի խեղճ պատգամ, անտերունչ ու անձնապաստան կյանքի հորդոր. «Եղունգ ունես՝ գլուխդ քորիր»: Շատ արագ սա դարձավ ազգային գաղափարախոսության անկյունաքարը, որի մեջ իբր թե ամփոփված էր ժողովրդի անպարտելիության և կենսունակության առեղծվածը:

Ու եթե գոնե որոշ շրջանակներում գլուխ քորելը էնքան էլ չէր խրախուսվում և համարվում էր անբարեկրթության նշան, ինչպես Պետրոս Մեծի ժամանակների Ռուսաստանում ուտելիս չփչփացնելը, ապա այժմ ամենուր գլուխ քորողներ էին:

Գլուխ էին քորում մեծերն ու փոքրերը, հարուստներն ու աղքատները, ուսյալներն ու անգետները,- բոլոր նրանք, ովքեր եղունգ ունեին: Քորում էին թաքուն կամ ափաշկարա, և սա ազգային աննախադեպ համաձայնություն էր, ազգային ինքնության բացառիկ դրսևորում:

Բա հետո՞,- կհարցնեն այսօրինակ անհեթեթ ավարտով հիասթափված ընթերցողները:

Եթե իսկապես կան մարդիկ, որոնց հետաքրքրում է, թե ինչ եղավ հետո, կարող են կարդալ սկզբից:

Հ.Գ.- Իսկ եթե կան այնպիսիք, ովքեր ուզում են այլ կերպ ապրել, բայց չգիտեն, թե ինչ կերպ, որպես առաջին քայլ պետք է միշտ մաքուր պահեն իրենց գլուխը և հաճախ կտրեն եղունգները:

 

Գիժը, քարը, խելոքը

Գիժը նստել էր քարին ու միտք էր անում, թե ինչ անի, որ իրեն էլ մարդատեղ դնեն ու հաշվի նստեն հետը, որ իրենից էլ զգուշանան ու իրեն էլ հարգեն, որ մի քիչ իշխանություն էլ ինքն ունենա:

Շատ միտք արեց, թե քիչ՝ շատն ու քիչը միտքը գիտի, ճամփա չնշմարեց նպատակին հասնելու, միջոց չտեսավ ուզածը ստանալու և ոչ էլ մխիթարություն գտավ միայնության ու պարապության մեջ:

Տագնապեց գիժը: Նրան թվաց, թե հայտնվել է փակուղում, թե իր կյանքն, ահա, կանգ է առել, իսկ ուրիշներինը շարունակվում է, ձայները, առարկաները, կերպարանքները խորթացել են ու տեղափոխվել ուրիշ աշխարհ՝ իրեն թողնելով այստեղ, այս քարին:

Եվ այսքանը բավական էր, որ նեղանար աշխարհից: Որ խռովեր, վեր կենար ու գնար՝ ուր աչքը կտրի:

Շատ գնաց, թե քիչ՝ շատն ու քիչը ոտքերը գիտեն, տեսավ մի խոր հոր: Կանգնեց պռնկին, նայեց՝ դատարկ էր:

Աչքերը փայլեցին հրճվանքից, միտքը պայծառացավ: Կտրուկ հետ դարձավ, որ գնա ու բերի քարը, որի վրա նստած էր քիչ առաջ, բերի ու գցի հորը, որ հազար խելոք չկարողանա հանել:

Կանխավայելելով խելոքներին չարչարելու բերկրանքը՝ գիժը վերադարձավ քարի մոտ: Փորձեց կտրել գետնից, բայց քարը կիսով չափ հողի մեջ էր, և գերմարդկային ջանք էր պահանջվում այն տեղաշարժելու համար:

Հերոսաբար մաքառելով, տնքտնքալով ու ջլատվելով՝ գիժը ի վերջո տեղ հասցրեց քարը: Վերջին ճիգով հրեց ու դըրը՜մփ՝ գցեց հորը: Խոր հոգոց հանեց, շունչը տեղը բերեց ու հիացավ իր մեծագործությամբ: Պահ մտավ մոտակայքում, որ թաքուն հետևի, թե ոնց են տանջվելու խելոքները:

Շատ էր պահ մտել, թե քիչ՝ շատն ու քիչը վախտը գիտի, ձանձրացավ միայնակ պահմտոցիից, դուրս եկավ թաքստոցից ու գնաց տուն:

Նրա գնալուց հետո հայտնվեց մի խելոք, նայեց հորի մեջ ու տեսավ քարը: Քթի տակ խնդաց ու հեռացավ: Վերադարձավ մի երկար սանդուղք ուսին, ձեռքին՝ մի ջվալ: Ու քանի որ ոչ միայն խելոք էր, այլև շատ ուժեղ, առանց դժվարության հանեց քարը հորից:

 

Ընկածը

Մի անբախտ մարդ ընկել էր գետնին՝ չէր կարողանում վեր կենալ: Առժամանակ հույս էր փայփայում, թե մեկը ձեռք կմեկնի, կօգնի ոտքի կանգնել, բայց որքան կտրուկ եղավ հուսահատությունը, երբ առաջին պատահածը ուժեղ աքացի տվեց թիկունքին: Աչքերը մթնեցին, շունչը կտրվեց, թվաց, թե երկրագունդը թռավ ուղեծրից և սկսեց գլորվել անհատակ անդունդը:

Երկրորդ հարվածը ստացավ կրծքին, երրորդը՝ գլխին և գիտակցությունը կորցրեց:

Ապա ուրիշ մարդիկ մոտեցան, խփեցին ով որտեղ պատահի, հայհոյեցին ու գնացին:

…Ժամեր անց, երբ երկրագունդն արդեն զարկվել էր թափանցիկ անդունդի հատակին, պատեպատ խփվել ու կանգ առել,- կարծես թե ծովերից մեկի ափը փոքր-ինչ պատռվել էր, լեռներ էին փշրվել ու դաշտեր ճաքճքել,- ընկածը բացեց աչքերը: Եվ անմիջապես էլ փակեց սարսափից:

Մոտեցող ոտնաձայներից հասկացավ, որ էլի են խփելու:

 

Գողական

Մի մարդ գող էր և ապրում էր գողություն անելով: Նա միակ գողը չէր: Իր նման մի ուրիշ գող էլ կար, որը նույն կերպ էր ապրում:

Այս գողերից մեկը մի օր գողացավ մյուսի գողացածը: Դա տեսավ Աստված, բայց բոլորովին չզարմացավ, քանի որ այդպիսի բաներ վերջերս տեսնում էր ամենուր և ամեն օր:

 

Մղձավանջ

Կեսգիշերին մարդն արթնացավ վատ երազից և կորցրեց քունը: Փորձեց լույսը վառել, բայց իշխանությունները լափել էին հանրապետության ամբողջ մազութը, և լույս չկար: Սենյակում խավար էր ու ցուրտ:

Վեր կացավ, խարխափելով հագավ շորերը և որոշեց սև կատու փնտրել մութ սենյակում: Ինքը կատու չէր պահում, և միտքը հուշում էր, որ սենյակում ոչ մի կատու էլ չկա: Բայց մի տեսակ կորցրել էր հավատը ամեն ինչի նկատմամբ:

Նա ծնկաչոք տնտղեց գորգը, ձեռքը տարավ մահճակալի, ապա սեղանի տակ, հրեց աթոռը, հասավ պահարանին, բացեց ու քրքրեց դարակները: Կատուն թեև չկար, բայց նա նպատակասլաց փնտրում էր: Շոշափեց ամեն տեղ, նույնիսկ կոշիկների մեջ ստուգեց, սենյակի անկյուններին մոտենալիս գլուխը երկու անգամ խփեց պատին, երրորդ և չորրորդ անկյուններում մոլորվեց…

Գիշեր էր, սենյակը առաջվա պես մութ էր ու ցուրտ: Մարդը հասկանում էր, որ իրեն ոչ մի կատու էլ պետք չի: Առավել ևս՝ սև: Մանավանդ որ չուներ: Բայց համառորեն փնտրում էր:

Ի վերջո գտավ անտերին: Իր անկողնում քնած էր: Բռնեց կատվի վզից, բացեց պատուհանը և դուրս շպրտեց: Կատուն չարագուշակ մլավեց և հասցրեց ճանկռել ձեռքը:

Անցել են տարիներ, բայց ճանկռածի սպին դեռ կա:

 

Պապն ու թոռը

-Պապ, այ պապ:

Պապը շտկեց մեջքը և հարցական նայեց հաղթանդամ թոռանը:

-Մի խորհուրդ տուր:

-Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի կեր,- ասաց պապը:

-Սովից մեռնեմ, հա՞,- ըմբոստացավ թոռը,- քարը քաշեմ, որ ի՞նչ:

-Հարցրիր՝ պատասխանեցի,- տնքաց պապը,- հիմա դու գիտես:

Թոռը գնաց:

Բայց ոչ թե գիտունի հետ քար քաշելու, ոնց որ պապն էր ասել, այլ անգետի հետ փլավ ուտելու: Կերան, կշտացան, գնացին տեսան գիտունը սոված-ծարավ իր քարը քաշում է:

Քանի որ թոռը իր խորհուրդը չէր լսել՝ պապը հուսահատությունից մեռավ:

Թոռը մինչև խոր ծերություն ընկերություն արեց և փլավ կերավ անգետի հետ, իսկ գիտունը ծանր աշխատանքից շուտով կորցրեց առողջությունն ու նույնպես մեռավ:

 

Անսխալականը

Մի անբան ու անխելք մարդու շատ էր դուր եկել «Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում» ասացվածքը:

Անբան ու անխելք լինելուց բացի նա նաև վախկոտ էր: Անընդհատ վախենում էր, որ կսխալվի: Դրա համար էլ ոչինչ չէր ուզում անել:

Բայց ով չգիտի, որ առանց որևէ բան անելու անհնար է ապրել այս աշխարհում, որ ոչինչ չի անում նա, ով մեռած է:

Օրերից մի օր այս բանը հասկացավ նաև անբանը:

Բացեց աչքերը, շարժեց ձեռքը, ոտքը դրեց գետնին, նայեց հայելուն ու համոզվեց, որ ապրում է: Ցանկացավ այնպիսի բան անել, որ մարդիկ տեսնեն ու զարմանան:

Նախ մոռացավ, որ անխելք է: Ապա երևակայեց, թե անբան չէ: Վերջում էլ պարծեցավ, որ անվախ է:

Խառը ժամանակներ էին, ու այսքանը բավական էր, որ դառնար Անսխալական:

 

 

Անդին 9, 2014

Share

Կարծիքներ

կարծիք