Հատուցման տասներեք ղողանջ

Հեղինակ:

20141711115526763

Ես իմ գործով գցեցի լուման արդարության բագինի առաջ…

Գուրգեն Յանիկյան

 

Լուսանկարչական ապարատների միահամուռ չխկչխկոցը և լուսարձակների կուրացուցիչ լույսերը մի պահ շփոթեցրին ծերունուն: Նա, որ վեր էր բարձրացրել կտավը և պատրաստվում էր հանդիսավորապես հանձնել, դժգոհությամբ նայեց ֆոտոթղթակիցների կողմը.

— Պարտադիր պիտի լուսանկարվեի՞նք…

— Իհարկե՛,- ժպիտներով ողողված վրա բերեց թանգարանի տնօրենը:- Այսպիսի անգնահատելի նվերներ մենք ամեն օր չէ, որ ստանում ենք: Երանի տարվա սկզբին եկած լինեիք: Սարյանը դեռ ողջ էր: Աշխարհով մեկ կլիներ: Ախր իր այս կտավը նա վաղուց անհետ կորած էր համարում: Սա Վարպետի երիտասարդական շրջանի լավագույն գործերից է, ամեն թանգարան կերազի այսպիսի գլուխգործոց ունենալ: Վաղը մամուլի միջոցով  ամբողջ Միությունը և Սփյուռքը կիմանան Ձեր բացառիկ նվիրատվության մասին…

Տնօրենի վերջին խոսքերից ծերունին ավելի խոժոռվեց: «Ի՞նչ արեցիր, հիմար ծերունի: Ինչպե՞ս կարող էիր սա հաշվի չառնել և վտանգի տակ դնել այդքան խնամքով նախապատրաստած ծրագիրդ: Վաղը կերպարանքդ ուր ասես, որ չի հայտնվի: Իսկ եթե թուրքական դիվանագիտությունը հետևո՞ւմ է հայաստանյան մամուլին: Դա բացառված չէ: Ախր դու դրանց փոխհյուպատոսին ներկայացար որպես պարսիկ մեծահարուստ` Գուրգի Յանի խան անունով և այնքան լավ խաղացիր դերդ, որ ոչ նա, ոչ էլ քարտուղարը ոչինչ չկասկածեցին: Իսկ դեմքդ նա երբեք չի մոռանա, որովհետև այնքան էր տպավորված արտաքինովդ, որ նույնիսկ հաճոյախոսություն արեց: Չէ՛, մեծացել ես, Գուրգեն, շատ ես մեծացել, նախկինում երբեք այսպիսի վրիպում թույլ չէիր տա: Դե հիմա հույսդ դիր նախախնամության վրա, որ ոչ մի լրագիր չհայտնվի հյուպատոսարանում…»:

Սթափվեց տնօրենի ձայնից.

— Դե՛, ժպտացեք բարեկամ: Առաջին անգամ եմ տեսնում սփյուռքահայի, ով չի սիրում լուսանկարվել և մեծարվել հայրենիքում: Դուք չեք էլ պատկերացնում, թե ինչպիսի գանձ եք բերել Հայաստան:

— Եթե չպատկերացնեի` ամբողջ կյանքում ման չէի տա հետս,- չոր նետեց ծերունին: — Որ երկրում էլ հաստատվել եմ, սա եղել է անձնական հավաքածուիս զարդը և միշտ հպարտությամբ եմ  ցույց տվել հյուրերիս: Ով ասես, որ չի կամեցել ձեռք բերել այս նկարը: Փարիզում, մի հավաքույթի ժամանակ, ձեզ հայտնի Գալուստ Գյուլբենկյանն ինչ գին ասես առաջարկեց` սա իր լիսաբոնյան թանգարանում ունենալու համար և շատ զարմացավ, երբ մերժեցի: Ես դեռ այն ժամանակ գիտեի, որ մի օր նվիրելու եմ Հայրենիքիս:

— Իսկ ո՞ր աճուրդում եք դա ձեռք բերել, ընկեր Յանիկյան, և ի՞նչ գնով,- հարցրեց լրագրողներից մեկը:

Հարցը զգալիորեն աշխուժացրեց ծերունուն:

— Ի՞նչ աճուրդ, աղջիկս: Սա ինձ նվիրել են Ռոստովում: Տիկնոջս ընտանիքը Սարյանի ծննդավայրից է` Նոր Նախիջևանից, նրա եղբայրը 20-ական թվականներին Ռոստովի դրամատան կառավարիչն էր և նա էլ հենց նվիրել է` մեր ամուսնության առթիվ: Այդ տարիներին Նոր Նախիջևանում շատ ընտանիքներ ունեին Սարյանի կտավներից:

— Ուրեմն դուք եղե՞լ եք Խորհրդային Միությունում:

— Ոչ թե եղել, այլ ապրել եմ: Անձնական մտերմություն եմ ունեցել ձեզ հայտնի ղեկավարներից շատերի հետ: Մասնագիտությամբ ճարտարագետ եմ կամ, ինչպես այստեղ եք ասում` ինժեներ: 20-ականներին կարևոր պաշտոն էի զբաղեցնում Խարկովում: Այնպես որ, դեռ երեկվանից` Երևանի օդանավակայանից, երբ սկսեցին ինձ «ընկեր» կոչել, հիշեցի, որ 40-42 տարի առաջ ես էլ «ընկեր» էի և այն էլ` ոչ շարքային «ընկեր»:

Լրագրողներն անմիջապես մոռացան Սարյանին ու նրա կտավները և խիտ օղակի մեջ առան ծերունուն:

— Ինչո՞ւ գնացիք:

— Ո՞ւր գնացիք:

— Ինչպե՞ս թողեցին, որ գնաք…

Ծերունին ներողամտորեն ժպտաց:

— Հերթով, հերթով… 29-30 թվականների ձմռանը, Ստալինի կուլակաթափման ու կոլեկտիվացման պատրանքների պատճառով ամբողջ երկիրը կանգնած էր սովահարության առաջ: Իմ պաշտոնը կապ չուներ գյուղատնտեսության հետ, բայց քանի որ կուսակցությունում վխտում էին հիմնականում ապաշնորհները, անձամբ իրականացրեցի Կովկասից մինչև Դոն գետը ձգվող տարածքների շուրջ 40 միլիոն բնակչությանը սերմացու հասցնելու ծրագիրը: Դա արել եմ խստաշունչ սառնամանիքին, ընդամենը 45 օրում` վաստակելով թոքերի սուր բորբոքում: Այդ ծառայության դիմաց Կրեմլից թույլտվություն խնդրեցի կնոջս հետ Պարսկաստան մեկնելու…

— Բայց ինչո՞ւ, չէ՞ որ, ինչպես ասացիք, կարևոր դիրք էիք զբաղեցնում:

— Վաղուց հասկացել էի, որ բոլշևիկներից մեր ժողովրդի համար ոչ մի լավ բան չի կարելի ակնկալել: Ինձ թույլ տվեցին: Արտոնագիրը մինչև հիմա թղթերիս մեջ է` վավերացված Ստալինի և Կալինինի կողմից:

Թանգարանի տնօրենն ու Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի ներկայացուցիչը խիստ անհանգստացան զրույցի նման ընթացքից և վախեցած նայեցին իրարանցմանը քիչ հեռվից հետևող գունատ դեմքով երիտասարդի կողմը: Վերջինս, մի խիստ հայացք նետելով տնօրենի և կոմիտեի աշխատակցի վրա, արագ մտավ լրագրողների մեջ և մի կիսաձայն, բայց կտրուկ հրահանգ նետեց: Թղթակիցները դժկամությամբ հավաքեցին ձայնագրիչները և սկսեցին ցրվել: Ստեղծված անհարմար իրավիճակը կարծես բնավ չվրդովեց ծերունուն: Նա գոհունակությամբ նայեց երիտասարդին և ասաց.

— Լավ է, լավ, հայրենյաց քերծեները պետք է միշտ զգոն լինեն: Ես ավելի մեծ զգոնություն էլ եմ տեսել:

Երիտասարդն ավելի գունատվեց: Ծառայության բերումով հաճախ էր ուղեկցում Սփյուռքից ժամանող մեծ ու փոքր խմբերին և շատ էր նյարդայնանում նրանց անբռնազբոս պահվածքից, մանավանդ` երբեմն-երբեմն իր հասցեին հնչող տարօրինակ ու անհասկանալի որակումներից: Մեկ շաբաթ առաջ սիրիահայերի խմբից մեկն իրեն «փեզեվենկ» կոչեց, երբ կամենում էր մեկնել ինչ-որ Շղարշիկ գյուղ` հեռավոր ազգականներին տեսնելու, իսկ ինքը նայեց նրանց համար մշակված ծրագրին և ասաց, որ այնտեղ ոչ մի Շղարշիկ էլ նախատեսված չէ: Ճիշտ է, Սփյուռքահայության կոմիտեի ներկայացուցիչը ջանում էր հավատացնել իրեն, որ սփյուռքահայերը «փեզեվենկ» անվանում են իրենց շատ մտերիմ մարդկանց, բայց այդ բացատրություններն ինչ-որ համոզիչ չէին թվում: Ու հիմա էլ` այս անիծյալ«քերծեն»:

Մինչ տնօրենը հեռացող լրագրողներին հետևելով մտածում էր ինչ-որ կերպ փարատել ստեղծված անհարմար կացությունը, ծերունին մտքով Անկարայի օդանավակայանում էր, ուր իջել էր երեք օր առաջ: Միացյալ Նահանգներից Երևան հասնելու համար ընտրել էր չափազանց երկար ու իր տարիքի համար խիստ հոգնեցուցիչ չվերթ` Լոս Անջելես-Լոնդոն-Փարիզ-Անկարա-Բեյրութ-Երևան: Այդպես էր արել, որպեսզի մի վերջին անգամ հանդիպի նշյալ քաղաքներում բնակվող իր համախոհներին, որոնց հետ երկար տարիներ աշխատել էր իր կյանքի ամենանվիրական ծրագրի վրա: Իր վեպերից մեկը վերածել էր սցենարի և ֆիլմ էր նկարահանում Հայոց ցեղասպանության մասին: Մտադիր էր ֆիլմը ցուցադրել աշխարհի տասնյակ խոշոր քաղաքներում, դրանով մարդկությանը հիշեցնել մոռացված ոճրի մասին, ստեղծել մի վիճակ, որն իր համոզմամբ պիտի հանգեցներ մի նոր` հայկական Նյուրնբերգի: Առաջնակարգ գրողի, սցենարիստի, բեմադրիչի ու դերասանի իր տաղանդով և հսկայական ծախսերի գնով աշխարհի մի շարք երկրներում հասցրել էր նկարահանել մոտ քսան ժամ տևողությամբ արժեքավոր կադրեր: Կարողացել էր ծրագրի իրականացման գործում ներգրավել ցեղասպանությունից տուժած այլ ժողովուրդների մի քանի ներկայացուցիչների ևս` հույների, ասորիների, քրդերի և նույնիսկ` երկու երիտասարդ թուրքի, որոնք խիստ դժգոհ էին Թուրքիայի բռնապետական ռեժիմից: Կադրերը այդպես էլ չմոնտաժվեցին և ֆիլմ չդարձան: Ամերիկյան իշխանություններն իմացան այդ մասին և սկսեցին ամեն կերպ խոչընդոտել, ինչպես խափանել էին «Մուսա լեռան 40 օրը» նկարահանելու Հոլիվուդի մի քանի փորձերը: Իր դեմ նույնիսկ մահափորձ եղավ: Հուսահատության և ցասումի մի պահի վերացրեց արժեքավոր ժապավենները և իր պարտքը համարեց անձամբ հանդիպել բոլոր համախոհներին ու բացատրել կատարվածը:

Անկարայի օդանավակայանում փորձառու հայացքով անմիջապես նկատեց, որ քաղաքացիական հանդերձանքով այսուայնկողմ շտապող ՙուղևորների՚ մեծ մասը գաղտնի գործակալներ են: Իրեն դիմավորելու եկած թուրք բարեկամի համար խնդիրներ չստեղծելու նպատակով անմիջապես գործի դրեց դերասանի վարպետությունը, ինչը արկածներով լի կյանքի հանգրվաններում շատ էր օգնել իրեն: Երես առած եվրոպացու անհոգությամբ մոտեցավ նրան և ֆրանսերենով հարցրեց, թե Թուրքիայում կա՞ վիսկիին փոխարինող որևէ խմիչք: Ասաց, որ հոգնել է ձանձրալի թռիչքից և շատ է ուզում խմել: Բարեկամը հասկացավ և անմիջապես մտավ խաղի մեջ: Հայտնեց, որ դեռ ոչ մի ամերիկացի կամ եվրոպացի չի դժգոհել թուրքական օղուց: Ինքը շնորհակալություն հայտնեց խորհրդի համար և առաջարկեց ընկերակցել իրեն սեղանի շուրջ: Ականջները սրած գործակալներից ոմանք զվարթ հռհռացին օտարականի «գինեմոլության» վրա և անմիջապես մոռացան նրան: Օղու գավաթների շուրջ պատմեց բարեկամին ծրագրի տապալման մասին: Երիտասարդ թուրքը աչքերը լցրեց. նա ևս զգալի ներդրում էր ունեցել ժապավենների նկարահանման գործում: Փորձեց մխիթարել նրան, ասաց, որ երբևէ կգան ավելի բարեհաճ ժամանակներ: Բայց ոչ մի ակնարկ չարեց իր վերջին, հանդուգն ծրագրի մասին, որի մեկնարկը տվել էր արդեն…

…Լռությունն առաջինը խախտեց Սփյուռքահայության հետ կապերի կոմիտեի աշխատակիցը.

— Ընկեր Յանիկյան, մենք Ձեզ համար բավականին հետաքրքիր ու հագեցած ծրագիր ենք մշակել: Ձեզ, անշուշտ, կհետաքրքրեն մեր տնտեսության ձեռքբերումները: Հիմա մեզ սպասում են Կիրովի անվան քիմիական կոմբինատում, որից հետո կգնանք Ավտոդողերի գործարան, այնուհետև կճաշենք, կայցելենք Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես, Մյասնիկյանի անվան կենտրոնական գրադարան…

— Սպասիր, սպասիր, բարեկամ: Քո ծրագիրն իմ չվերթի նման երկար է ու տանջալի: Այդ ամենը թող մնա վաղը-մյուս օրը: Հիմա ես կուզեի տեսնել Պանթեոնը:

— Ճիշտ որ,- ոգևորվեց թանգարանի տնօրենը:- Ինչպես շուտ գլխի չէինք ընկել: Դուք անպատճառ ուզում եք այցելել Մարտիրոս Սարյանի շիրիմին,- ու սպասողական հայացքով նայեց երիտասարդին: Վերջինս աչքի անցկացրեց ծրագիրը, մի պահ մտածեց, հավանաբար հիշեց սիրիահային, ապա հայացքով համաձայնության նշան արեց:

Բակում կոմիտեի աշխատակցին ճանապարհեցին ու երեքով նստեցին տնօրենի մեքենան:

 

*  *  *

 

Նոյեմբերյան քամին զբոսայգու ծառուղիներից հավաքում-բերում էր գունեղ տերևները և պճնում Պանթեոնի տապանաքարերը: Հուշաքարերի նախագծային անճաշակությունները հաճելիորեն շտկվել-հարդարվել էին աշնան հրաշամտությամբ: Ծերունին անշտապ տապանաքարից տապանաքար էր անցնում, ուշադիր ընթերցում արձանագրությունները: Ակնհայտ էր, որ ինչ-որ մեկի շիրիմն էր փնտրում:

— Սարյանի շիրիմն այն կողմն է,- այլևս չհամբերեց տնօրենը:- Տապանաքարը դեռ չկա: Նախագծի վրա մեր լավագույն ճարտարապետներն ու քանդակագործներն են աշխատում:

Նա և երիտասարդն արագ առաջ անցան: Երբ Սարյանի շիրմաթմբին զետեղեցին ճանապարհին վերցրած ծաղիկները` նկատեցին, որ հյուրն այդպես էլ չի հետևել իրենց: Իսկ ծերունին քիչ հեռվում գլխաբաց կանգնել էր մի տապանաքարի առաջ և աշխարհից վերացած ինչ-որ բան էր շշնջում: Ըստ երևույթին նա այլ բան էր փնտրել և արդեն գտել էր: Քամին խաղում էր նրա ճերմակ, երկար մազերի հետ և դրանից նրա տպավորիչ կերպարանքն ավելի խորհրդավոր էր դարձել:

«Բարև, Վահրամ: Ո՞վ կմտածեր, որ երբևէ նորից կհանդիպենք: Քանի՞ տարի է անցել` հիսո՞ւն, հիսունհի՞նգ: Հաշիվը կորցրել եմ: Բայց, հավատա, քեզ ոչ մի օր չեմ մոռացել: Միասին անցկացրած մեր օրերը երբեք չեմ մոռացել: Դրանք այդպես էլ մնացին իմ երկարուձիգ կյանքի լավագույն օրերը: Երբ մի հնարով ձեռք բերեցի «Հետադարձ հայացքիդ» հատորները, դրանք ընդմիշտ դարձան սեղանիս գրքերը: Ի˜նչ հանճարեղ հնարող ես, ինչպես ես կարողանում ընթերցողիդ էլ խելքահան անել, ինչպես խելքահան էիր անում հանդիսատեսիդ: Իսկ իմ գրքերը դու չկարդացիր, հայրենիքում ոչ ոք չկարդաց: Դուք ճանաչեցիք ու սիրեցիք Համաստեղին, Մնձուրուն, Շահնուրին, Շուշանյանին… իսկ «Մարկ Տվենի» մրցանակի արժանացած Գուրգեն Յանիկյանը անհայտ մնաց հայրենիքին: Շվեյցարիայի Արվեստի և Գրականության միջազգային ինստիտուտը իր պատվո անդամների ցանկում ընդամենը երկու հայ գրողի ընդգրկեց, մեկը Վիլյամ Սարոյանն էր, մյուսը` ես: Վիլյամին դուք կարդացիք, խաղացիք ու պաշտեցիք, իսկ ես մնացի ամերիկյան գրադարանների գզրոցներում ընկած: Ներիր, որ այսքան տրտնջում եմ: Էլ ո՞ւմ պատմեմ իմ ցավը, եթե ոչ ջահել օրերիս ընկերոջը: Ես հայրենիքից չեմ նեղացել, բայց այ, քեզնից նեղացել եմ: Ում ասես հիշել ես, իսկ սրտակից ընկերդ հատորներիդ մեջ մի՞թե երկու տողի չպիտի արժանանար: Ախր մենք ոչ միայն բեմ ու հարկաբաժին ենք կիսել, այլև երկրպագուհիների մի մեծ բանակ: Հիշո՞ւմ ես ռուս աղջիկներին: Ա՜, տեսնում եմ, տեսնում եմ անամոթ ժպիտդ, տեսնում եմ Փափազյանի հանճարեղ ժպիտը, որին ոչ մի կին չէր դիմանում: Չէ՛, դու չէիր կարող ինձ մոռացության տալ, ի՞նչ պատճառ պիտի ունենայիր… Բայց չէ, թերևս պատճառ կար: Ես քո մասին գիտեի մի շատ կարևոր բան, որի մասին այսօր Հայաստանում էլ ոչ ոք չգիտի: 15 թվին, երբ հիսուն ջահելների հետս առած մտա Դրոյի ջոկատը, հետախուզական գործողություններից մեկի ժամանակ հայտնաբերեցի ու պայթեցրի թուրքական խոշոր զինապահեստներից մեկը, պայթյունից ծանր վիրավորվեցի ու տեղափոխվեցի Թիֆլիսի զինվորական հիվանդանոց, այնտեղ իմացա, որ դու էլ ես հետևել ինձ: Իմացա, որ ոչ Անդրանիկը, ոչ էլ Դրոն քեզ չէին ընդունել, գտել էին, որ դու պիտի մնաս բեմում: Բայց դու համառել էիր, մտել հայդուկ Քեռու զորամասը, մի ամբողջ տարի մասնակցել ռազմական գործողություններին և մի կատաղի սվինամարտի ժամանակ թուրքի սվինը խոցել էր կուրծքդ: Վստահ եմ, որ կրծքիդ սպին շատ կանայք են տեսել, դու փոխվողը չէիր, և ի՜նչ հունարով ես պարտակել այդ պատմությունը: Գրում ես, որ սիրուհիներիցդ մեկը հոգեկան շեղումներ ուներ և այնքան հալածեց քեզ, որ մի օր, այլևս չդիմանալով, պոկեցիր պատից դաշույնը և խոցեցիր ինքդ քեզ: Որքան եմ ծիծաղել քո այդ հանճարեղ հեքիաթը կարդալիս: Թերևս ճիշտ ես արել` կյանքիդ այդ կարևորագույն տարին պարտակելով: Դրանով փրկել ես «կաշիդ» բոլշևիկ մարդակերներից: Քո թանկարժեք «կաշին» շատ էր պետք մեր բեմին, մեր գրականությանը: Իմացա նաև, որ քաջությանդ համար դու էլ ինձ նման արժանացել ես Սբ. Գևորգի շքանշանի: Քո մեջ ամենից շատ հենց դա էի սիրում, սիրում էի ցեղապաշտ Փափազյանին: Ես մի օր կպատմեմ նոր սերնդին քո կյանքի այդ կարևոր էջի մասին: Թող մեր ժողովուրդն իմանա, որ իր պաշտելի Փափազը նաև հայրենիքի զինվորն է եղել, արյուն է տվել: Իսկ… իսկ իմ բեմական կյանքի կարճատև, բայց նշանակալի հաջողությունների մասին այլևս ոչ ոք չի պատմի: Վաղուց էլ չկան Աբելյանը, Արմենյանը, Զարիֆյանը, Հասմիկը, Գուլակյանը…, որ վկայեն իմ մասին: Հիշո՞ւմ ես ինչ վայնասուն էին բարձրացրել, երբ մեկնում էի ճակատ: Չկա հանրահայտ Մեյերհոլդը, ով ամեն ինչ արեց, որ մնամ իր մոսկովյան թատրոնում: Ու դու էլ չկաս, սիրելի ընկեր…

…Բայց ոչինչ, Վահրամ: Ես դեռ ուժ ու կորով ունեմ: Կյանքիս մայրամուտին մի ներկայացում պիտի խաղամ, որի նմանը դու դեռ չես տեսել, աշխարհը չի տեսել: Մի վերջին ներկայացում, որի հեղինակն էլ, բեմադրիչն էլ, գլխավոր ու միակ դերակատարն էլ ես եմ: Վստահ եմ` գոհ կմնաս ընկերոջիցդ, վստահ եմ` պիտի հպարտանաս…»:

Ծերունին զգաց, որ մենակ չէ: Տնօրենն ու երիտասարդը մոտեցել էին նրան և արդեն երկար ժամանակ զարմանքով հետևում էին գլխարկը բռնած նրա զույգ ձեռքերի արտասովոր դողին, շրթունքների անորոշ շարժումներին: Դժվար էր ասել` նա աղո՞թք էր մրմնջում, թե՞ երդում էր տալիս:

— Դուք ճանաչե՞լ եք Փափազյանին,- հարցրեց տնօրենը:

— Ճանաչե՞լ եմ, ասում ես: Ես խաղացե՛լ եմ նրա հետ:

— Երևի նարդի եք խաղացել, այո՞,- հեգնանքով մեջ ընկավ երիտասարդը և հաղթական հայացքով նայեց տնօրենին:

Նրա ինքնագոհ կեցվածքից երևում էր, որ իր այդ ջախջախիչ հարվածով վերջապես վրեժ է լուծել աշխարհի բոլոր սփյուռքահայերից` «սինլքորի», «դաունի», «փեզեվենկի», «քերծեի» ու իրեն ուղղված բոլոր մյուս անհասկանալի որակումների համար:

Տնօրենը մեղավոր հայացքը հառեց ծերունուն: Բայց վերջինիս դեմքին զվարթություն էր իջել: Խրախուսաբար թփթփացրեց երիտասարդի մեջքին.

— Ապրես զավակս, տեսնո՞ւմ ես, եթե ուզում ես` կենդանության նշաններ ես ցույց տալիս: Նարդի չեմ խաղացել, բայց այ` Դյումա-հոր «Քինի» մեջ Քին եմ խաղացել, Լերմոնտովի «Մասկարադում» Արբենին եմ խաղացել, Լեոնիդ Անդրեևի «Սավայի» մեջ` Սավա…

Երիտասարդը իրեն վերջնականապես անարգված զգաց: Դեռ չգիտեր` ինչպես է մարսելու ամիսներ ի վեր ծոցատետրում ծածուկ գրանցած անհասկանալի բառերի կույտը, ու հիմա էլ իր գլխին էին թափում արտառոց անունների մի սպանիչ կարկուտ: Նա այժմ ոչ միայն գունատ էր, այլև խոնավ, որովհետև սկսել էր բարակ անձրև մաղել:

— Որքա°ն պիտի կանգնենք այստեղ, գնա՛նք վերջապես:

— Խնդրում եմ ինձ հյուրանոց տարեք,- երկար մազերը գլխարկի տակ հավաքելով ասաց ծերունին,- այսօր շատ հոգնեցի, ուզում եմ հանգստանալ: Խնդրում եմ նաև կոմիտեի մեր բարեկամներին հաղորդեք, որ վաղը առավոտվանից իրենց տրամադրության տակ եմ: Ի դեպ, տղաս, թանգարանում, հարցազրույցի ժամանակ, ես դիտմամբ փոքր-ինչ չափն անցա: Հնարավո՞ր է` վաղվա հրապարակումները քեզ համար խնդիրներ ստեղծեն:

— Մի անհանգստացեք, մեր քերծեները… ուզում էի ասել` խմբագիրները, նույնպես զգոն են:

Ծերունին բավարարված ժպտաց:

Անհամբեր էր հյուրանոց հասնելու: Առավոտյան սենյակից դուրս գալիս նկատել էր, որ հյուրանոցի իր հարկաբաժնից երևում է Արարատը: Մտադիր էր լուսաբացին առանձնանալ սրբազան լեռան հետ: Միայն Արարատը կարող էր հաստատել իր ծրագրի արդարացիությունը…

 

*  *  *

 

Գիշերը դարձյալ գրեթե չքնեց: Հույս ուներ, որ գոնե ճամփորդելու օրերին եղբոր պատկերը չի այցելի իրեն: Բայց չէ, նույն գիշերներն էին, նույն մղձավանջը:

Վեց տարեկան էր, երբ Էրզրումի իրենց տան ախոռում թուրքերը կտրեցին ավագ եղբոր գլուխը: Ինքն ու մայրը թաքնվել էին կողքի սենյակում և պատի ճեղքից սոսկումով հետևում էին եղեռնագործությանը: Մայրը ձեռքի ափով փակել էր իր բերանը, որ չգոռա: Զարհուրանքից այնպես էր կրծոտել մոր ափի մկաններն ու ոսկորները, որ խեղճ կինը ողջ կյանքում հաշմված մնաց:

Ֆիլմի ծրագրի վերջնական տապալումից ի վեր եղբոր պատկերն ամեն գիշեր այցելում էր իրեն ու հատուցում պահանջում: Ինքը ոռնում էր անզորությունից, փորձում արդարանալ, բայց եղբայրն անհողդողդ էր: Այդպիսի մի մղձավանջային գիշեր էլ կայացրեց իր վճիռը:

Երբ խավարը սկսեց ցրվել, վեր կացավ ու պատուհանից նայեց դուրս: Լավ է, երկինքն անամպ էր, հեռվում բավականին հստակ ուրվագծվում էր Մասիսը: Վերարկուն գցեց ուսերին, աթռը ձեռքին դուրս եկավ պատշգամբ, նստեց և սկսեց անքթիթ հետևել լեռան զարթոնքին:

Արեգակի առաջին շողերը պայծառ լուսավորեցին Արարատի գագաթը: Զգաց` ինչպես է բերկրանքից ու հպարտությունից կուրծքը ուռչում: Էլի մի րոպե և շողերը լցվեցին լեռան գագաթից մինչև ստորոտը ձգվող վիհը: Վիհն իրեն երևութացավ որպես յաթաղանով բացված ահռելի վերք:

Հյուրանոցից ոչ հեռու ծուռումուռ տանիքներով տներ էին երևում: Դռներից մեկի ճռնչոցը գրավեց ուշադրությունը: Շալով փաթաթված մի կին դուրս էր եկել բակ և պատրաստվում էր անցնել առօրյա գործերին: Նկատելով Արարատի շլացուցիչ պայծառությունը, կինը հմայված նայեց-նայեց ու երկյուղածությամբ խաչակնքեց: Ծերունին հուզմունքից շնչահեղձ եղավ:

— Իմ խեղճ ու սիրելի ցեղակիցներ,- մրմնջաց,- ինչպես չեք խենթանում` ամեն Աստծո օր այս գերված հրաշքը տեսնելով:

Հայացքը դարձյալ հառեց լեռանը: Լեռը, որ մինչ այդ շողում էր զարթոնքի ժպիտով, հանկարծ մեկեն մռայլվեց, կնճռոտվեց ու գագաթից արյուն ժայթքեց: Սև, լերդացած արյունը ահագնացավ ու գահավիժեց վիհն ի վար: Մի զարհուրելի աղաղակ թնդացրեց շրջակայքը: Լեռը գոռում էր ցավով ու մոլեգին ցասումով: Ներքևում կանգնած կինը սարսափով շրջվեց և նայեց իրեն: Կնոջ վախեցած հայացքից գլխի ընկավ, որ գոռացողը ոչ թե լեռն էր, այլ ինքը: Արագ վեր կացավ և մտավ սենյակ: Ամբողջ մարմինը դողում էր: Մասիսը հաստատել էր իր վճիռը: Այլևս կասկած չուներ, որ իր գործն արդար է: Ինքը լուծելու է ոչ թե սիրելի եղբոր, ոչ թե իր մեծ գերդաստանի մորթված անդամների, այլ իր Լեռան` իր ցեղի վրեժը:

 

*  *  *

 

Հայաստանյան տասնհինգ օրերն անցան արագ ու հագեցած: Ծերունուն տանում էին գործարանից գործարան, արտադրամասից արտադրամաս, ցույց տալիս սոցիալիստական տնտեսության նվաճումները, մեկնաբանում հնգամյա պլանները երեք տարում կատարելու և գերակատարելու խորհուրդները, առաջարկում տպավորությունների գրքերում կարծիք թողնել, ինչը նա անում էր սիրով ու անտրտունջ: Սևան էլ տարան ու իշխան հյուրասիրեցին: Այդ ընթացքում նա հասցրեց Երևանի թանգարաններին ևս երկու անգնահատելի արժեք նվիրել: Մեկը իտալացի անհայտ վարպետի մի կտավ էր, մյուսը` հայոց թագավորներից մեկի ոսկեկուռ մատանին: Միայն թե այս անգամ խնդրեց նվերներն ընդունել առանց լրագրողի ու լուսանկարչի:

Գունատ երիտասարդը շրջագայությունների ընթացքում անբաժան էր ծերունուց: Սկսել էր զարմանքով նկատել, որ ինչ-որ անբացատրելի հարազատություն է զգում հյուրի հանդեպ: Համենայն դեպս երբեք այդքան հաճույքով չէր կատարել իր պարտականությունները: Հենց նա էլ ծերունուն ուղեկցեց օդանավակայան` ճանապարհելու:

Հրաժեշտը զուսպ էր.

— Դե, բարեկամս, բարով մնաս: Շարունակիր պահպանել մեր երկրի անվտանգությունն ինձնմաններից:

Երիտասարդը շփոթված նայեց չորս կողմը, հետո կիսաձայն ասաց.

— Չգիտեմ` ինչ եք մտածում իմ մասին, բայց կուզեի իմանայիք, որ պապս այն զբոսայգու… դե, Պանթեոնի, նախկին պահակի` Մախլուտոյի զինվորն է եղել:

Ծերունին քահ-քահ ծիծաղեց.

— Այդպիսի բաները շշուկով չեն ասում, որդիս: Ես պատիվ ունեցել եմ ճանաչելու Սմբատ զորավարին: Եթե շուտ ասած լինեիր, որոշ բաներ կպատմեի նրա մասին: Հուսամ` մի օր իմ մասին էլ հարգանքով կխոսես…

 

*  *  *

 

Ինքնաթիռում այնպիսի զգացողություն ուներ, ասես ոչ թե վերադառնում էր, այլ` մեկնում: Չվերթը նախորդի նման տանջալի էր. Երևան-Մոսկվա-Փարիզ-Նյու Յորք:

Հասնելով Սանտա Բարբարայում վարձած իր բնակարանը` առաջին հերթին անհամբերությամբ տնտղեց փոստարկղը: Իր հաշվարկներով Լոս Անջելեսի թուրքական հյուպատոսարանից արդեն պետք է նամակ եկած լիներ: Ոչինչ չկար: Մտահոգվեց: Մի՞թե Հայաստան կատարած այցելության մասին ինչ-որ բան են իմացել կամ Անկարայից բացասական պատասխան է ստացվել: Չէ՛, չի կարող պատահել: Ինքը լավ է ճանաչում թուրքերին: Իր պատրաստած խայծն այնքան գայթակղիչ է, որ հնարավոր չէ այն կուլ չտալ: Ճանապարհների փոշին վրայից թափ չտված, մտովի մեկ անգամ էլ վերլուծեց ծրագրի մանրամասները:

Որպես պարսիկ մեծահարուստ Լոս Անջելեսի թուրքական հյուպատոսարան այցելության ժամանակ ուսումնասիրել էր աշխատասենյակների դասավորությունը և գտել, որ նպատակահարմար չէ գործողությունը տեղում իրականացնելը: Հյուպատոսի և փոխհյուպատոսի սենյակները գտնվում էին միջանցքի տարբեր ծայրերում, և մեկին գնդակահարելուց հետո մյուսին հասնելու ընթացքում հաստատ հարևան սենյակներից մարդիկ դուրս կթափվեին միջանցք: Բացառված չէր, որ ոմանք զինված կլինեին և կձգտեին հերոսություն խաղալ: Իսկ իրեն պետք էր պարտադիր ողջ մնալ, որպեսզի դատավարության ժամանակ կարողանա մարդկության դեմքին շպրտել իր ցեղի մոռացված դատը: Մնում էր հյուպատոսներին շահագրգռել դրսում հանդիպելու համար: Բայց ինչպե՞ս:

Իր անհամար թղթերը վերադասավորելիս գտել էր թուրքական մի հին թղթադրամ, որի մասին վաղուց մոռացել էր: Դա Աթաթուրքի օրոք թողարկված առաջին թղթադրամներից էր: Երիտասարդ տարիներին, որպես Պարսկաստանի ամենահեղինակավոր նախագծային-շինարարական կազմակերպության ղեկավար, բազմիցս եղել էր Միջին Արևելքի երկրներում, արժանացել պաշտոնական ընդունելությունների, մտերմացել ամեն տեսակ թագավորների, շեյխերի, նախարարների, Թուրքիայից փախած հեղափոխականների հետ և նրանց ստորագրությունները որպես հիշատակ հավաքել թղթադրամի վրա: Այժմ այդ թղթադրամը դարձել էր մի բացառիկ արժեք: Բայց դա քիչ էր համարել: Նայել էր իր տան պատերը զարդարող կերպարվեստի արժեքներին և ընտրությունը կանգ էր առել մի կտավի վրա: Իտալացի վարպետի մի զմայլելի նկար էր. հարեմի մերկ աղջիկը արևելյան բաղնիքում: Դա իրեն նվիրած մեծահարուստը պատմել էր, որ կտավը ժամանակին կախված էր եղել սուլթան Համիդի ննջարանի պատից, երիտթուրքերի հեղափոխությունից հետո գողացվել էր և վաճառվել: Ահա և երկու թանկարժեք նվեր, որոնք տասնյակ հազարներ արժեն և պատիվ կբերեն ցանկացած թանգարանի: Դրանց արժեքը պետք է որ բարձր լինի հատկապես Թուրքիայի համար:

Թղթադրամն ու կտավը լուսանկարել էր, տարել հյուպատոսարան: Իրեն ընդունած փոխհյուպատոսին ասել էր, որ ինքը շատ երկրների կառավարությունների հետ է բարեկամացել, արժանացել նրանց շքանշաններին ու պարգևներին և աժմ էլ ցանկություն ունի Թուրքիայի հետ բարեկամանալու: Եվ որպես այդ մեծ բարեկամության սկիզբ, առաջարկել էր նշված նվերները: Փոխհյուպատոսը խոստացել էր այդ արժեքների լուսանկարները համապատասխան բացատրություններով ուղարկել Անկարա` իր ղեկավարության ցուցումը ստանալու համար: Պատասխանը ստանալուց հետո պիտի պայմանավորվեին նվերներն հանձնելու ձևաչափի մասին: Ինքը միայն մի պայման էր առաջ քաշել. արարողությունը պիտի լինի իր հարկի տակ, որպեսզի տեղը տեղին պատվի «թանկագին»  հյուրերին:

Չէ, խայծը անթերի է, — իրեն մխիթարեց ծերունին, — երևի Անկարայից դեռ պատասխան չի ստացվել: Փոխհյուպատոսն էլ ասաց, որ առաջարկը պետք է համաձայնեցվի մի քանի գերատեսչությունների հետ, և պատասխանը կստացվի հավանաբար մեկ-երկու ամսից:

 

*  *  *

 

Ցանկալի նամակը ստացվեց Ծննդյան տոներից հետո` հունվարի կեսերին: Արագ բացեց ծրարը և մի շնչով կարդաց գրությունը: Տողից տող դեմքը ավելի ու ավելի պայծառացավ: Փոխհյուպատոսը հայտնում էր, որ իր կառավարությունը բարձր է գնահատել առաջարկվող նվերները և դրանք ստանալուն պես պատրաստակամ է նվիրատուին պարգևատրել կառավարական շքանշանով: Վերջում խնդրում էր զանգահարել հյուպատոսարան` հանդիպման օրվա ու վայրի շուրջ պայմանավորվելու համար:

— Կզանգահարեմ, էն էլ ո՛նց կզանգահարեմ, — մրմնջաց ու դուրս եկավ զբոսանքի:

Զանգահարեց հաջորդ օրը` առավոտյան: Անունը լսելով` քարտուղարն անմիջապես միացրեց հյուպատոսին: Կասկածից վեր էր, որ Անկարայից ստացված հրահանգը պարտավորեցրել էր հյուպատոսին ամեն ինչ անել խոստացված արժեքները ձեռք գցելու համար: Փոխադարձ ողջույնից ու սիրալիրություններից հետո հյուպատոսը ոգևորված պատմեց պաշտոնական գրության բովանդակությունը և առաջարկեց անմիջապես պայմանավորվել հանդիպման համար: Հենց դրան էլ սպասում էր.

— Իմ տան դռները միշտ բաց են Ձեր և Ձեր տեղակալի առաջ: Վստահեցնում եմ, որ գոհ կմնաք իմ հյուրասիրությունից:

Հյուպատոսը մի պահ հապաղեց, ապա փոքր-ինչ զգուշավոր տոնով ասաց.

— Աղա Յանի խան, քանի որ մենք արդեն բարեկամներ ենք` Ձեզ հետ անկեղծ կլինեմ: Ձեր թողած հասցեով ես ճշտել եմ, որ Ձեր թաղամասը Սանտա Բարբարայի միջին խավի բնակիչների համար է: Դուք հասկանում եք, թե ինչպիսի հեղինակավոր երկիր եմ ես ներկայացնում, ուստի պարտավոր եմ խիստ հետևողական լինել, թե ուր եմ այցելում և ում:

Անչափ մեծ էր ցանկությունը մի պապենական հայհոյանք ուղարկելու իր ցեղակիցների ոսկորների վրա կառուցված երկրի «հեղինակավորության» ուղղությամբ, բայց դա թողեց մեկ այլ առիթի: Ուզում են սատկել հարուստների՞ թաղամասում: Թող այդպե՛ս լինի: Նույն սիրալիրությամբ փարատեց հյուպատոսի անհանգստությունը.

— Ես պատրաստ եմ Ձեզ ընդունել ցանկացած հասցեում: Որտե՞ղ կկամենայիք հյուրընկալվել:

— Ձեր քաղաքում մի շատ համբավավոր հյուրանոցային համալիր կա` «Բալթիմորը»: Եթե դեմ չեք` կհանդիպենք այնտեղ:

— Հրաշալի ընտրություն է, պարոն հյուպատոս: Ես հաճախ եմ բարեկամներիս հետ օթևանել «Բալթիմորում»: Ուրեմն, մնաց միայն ամսաթիվը որոշենք:

— Այս պահին ես թերթում եմ իմ օրացույցը, միակ ազատ օրս առաջիկա շաբաթ օրն է` հունվարի 20-ը: Հարմա՞ր է Ձեզ:

Իր համար միևնույն էր, միայն թե կայանար հանդիպումը: Այն է` պիտի հաստատեր առաջարկված ամսաթիվը, երբ վայրկենապես հիշեց, որ բոլոր լրատվամիջոցները արդեն երկար ամիսներ թմբկահարում են այդ ամսաթիվը. հունվարի 20-ը Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունների օրն էր: Չէ՛, պետք է արագ մի բան հնարել: Այդ օրը ամբողջ Ամերիկան, աշխարհն էլ հետը, ուշի ուշով հետևելու են նախագահական ընտրությունների ընթացքին, և իր գործողությունը ակնկալված հնչեղությունը չի ունենա:

— Ձերդ գերազանցություն, խնդիրն այն է, որ այդ օրը իմ մի ազդեցիկ բարեկամն ամուսնացնում է զավակին և ինձ առաջարկել է լինել պսակվող զույգի կնքահայրը…

Ասաց ու լեզուն կծեց: Ինչպիսի՜ անհեթեթություն: Մահմեդականից ի՞նչ կնքահայր: Ինչպես կարելի է մի ծրագրի մեջ այսքան վրիպում թույլ տալ:

Բայց լավ է, հյուպատոսը կարծես ուշադրություն չդարձրեց պատճառաբանության վրա.

— Այդ դեպքում մնում է հաջորդ շաբաթ օրը` հունվարի 27-ը: Ցավոք, մինչ այդ օրերս նույնպես զբաղված են:

— Դե, համարենք, որ պայմանավորվեցինք: Հունվարի 27-ին, առավոտյան ժամը 11-ին ես Ձեզ և պարոն փոխհյուպատոսին կդիմավորեմ  «Բալթիմորի»  մուտքի մոտ:

Էլի մի քանի հաճոյախոսություն փոխանակեցին` պայմանավորվելով, որ եթե որևէ փոփոխություն լինի` կտեղեկացնեն իրար:

Լսափողը կախեց ու թեթևացած շունչ քաշեց: Մի տես, իր հասցեով հարցուփորձ են արել թաղամասի մասին: Լավ է, որ իր մասին հարցում չեն արել: Կպարզեին, որ ինքը ամենևին էլ պարսիկ չէ, և ամեն ինչ ջուրը կընկներ: Ո՞ւր մնաց թուրքի ՙանթերի՚ դիվանագիտությունը: Այդ հեքիաթը հորինել են իր հայրենակիցները` իրենց անճարակությունը պարտակելու համար: Չէ՛, նախախնամությունը ևս ուզում է, որ իր ծրագիրն իրականանա: Ուրեմն այսպես. 1973 թվականի հունվարի 27: Որևէ դեր կխաղա՞ այս թվականը իր ցեղի պատմության մեջ: Պիտի՛ խաղա: Հիմա պետք է անցնել վերջին նախապատրաստական աշխատանքներին: Այլևս ո՛չ մի վրիպում:

Նախ պահարանից դուրս բերեց իր զույգ ատրճանակները: Մեկը պարաբելում էր` ինը փամփուշտ տարողությամբ, մյուսը` գրպանի փոքրիկ բրաունինգ: Անշտապ մասնատեց զենքերը և սկսեց խնամքով մաքրել ու յուղել մասերը: Գրադարակից վերցրեց ամերիկյան «Ով ով է» հաստափոր տարեգրքի հատորներից մեկը, որի էջերում, ի թիվս այլ նշանավոր ամերիկացիների, հիշատակված էր նաև ինքը: Բացեց, մի քանի էջ թերթեց, պարաբելումը դրեց գրքի ստվար մասի վրա և մատիտով առավ ատրճանակի ուրվագիծը: Այնուհետև սուր դանակով սկսեց գծագրի համեմատ փորել էջերը: Աշխատանքը տևեց մինչև երեկո: Արդյունքում ստացավ մի բացվածք, որի մեջ հեշտությամբ տեղավորվում էր ատրճանակը: Բացվածքի հատակին զսպանակ ամրացրեց և պարաբելումը տեղավորեց այնպես, որ երբ գիրքը բացում էր ու թեթևակի ցնցում` ատրճանակն անմիջապես հայտնվում էր ձեռքում: Փորձեց մի քանի անգամ և գոհ մնաց աշխատանքից:

Դեռ երկու շաբաթ ժամանակ ուներ: Ապրում էր սովորական առօրյայով, հանդիպում մտերիմներին, ժամանակ անցկացնում, իսկ երեկոները գրում էր: Շարադրում էր իր արարքի դրդապատճառները: Հանգամանորեն նկարագրում էր բոլոր այն քաղաքակիրթ միջոցները, որոնցով ողջ կյանքում պայքարել էր իր ցեղի դատի համար, բայց որոնք ոչ մի արդյունք չէին տվել` թուրք-ամերիկյան անվերջանալի մեղրամսի պատճառով: Բացատրում էր, որ իրեն այլևս այլ ելք չէր մնացել: Մտադիր էր շարադրանքը բազմացնել և գործողությունից մեկ-երկու օր առաջ ուղարկել խոշոր լրատվամիջոցներին ու արդարադատության բոլոր պատկան կազմակերպություններին: Բազմիցս բախվել էր ամերիկյան արդարադատության մեքենայություններին և վստահ էր, որ դատավարության ընթացքում իշխանություններն ամեն ինչ անելու են իր գործողության շարժառիթները նենգափոխելու և պարտակելու համար: Նաև մի ազդեցիկ կոչ էր պատրաստում, որով իր ցեղի երիտասարդներին հորդորում էր հետևել իր օրինակին, քանի որ աշխարհն այլ լեզու չի հասկանում:

Ողջ ունեցվածքը մաս-մաս բաժանեց մտերիմներին ու ընկերներին` ասելով, որ տեղափոխվելու է հյուրանոց, որտեղ անհրաժեշտ ամեն ինչ էլ կա: Եվ տեղափոխվեց: Մեկ անգամ էլ զանգահարելով  հյուպատոսարան և համոզվելով, որ ոչինչ չի փոխվել, «Բալթիմորում» վարձեց մի շքեղ հարկաբաժին, որի պատուհանները նայում էին օվկիանոսին: Եվ «Բալթիմորում» էլ դիմավորեց հունվարի 26-ը: Առույգ էր ու հաստատակամ, քան երբևէ: Վերջին գիշերները եղբայրը դադարել էր այցելել: Կարողանում էր հանգիստ քնել և բավականին կազդուրվել էր: Այդ օրն էլ անցկացրեց սովորականի նման, առանց հուզումների ու անհանգստության: Երեկոյան գրությունների վերջին օրինակներն ուղարկեց համապատասխան հասցեներով և իջավ օվկիանոսի ափ` ինքն իր հետ առանձնանալու: Նստեց և ականջը ալիքների հանդարտ ծփանքին` սկսեց մտովի թափառել իր արտասովոր կյանքի հանգրվաններով:

 

*  *  *

 

Որ պիտի նվիրվեր իր ցեղի դատի պաշտպանությանը` վճռված էր ի վերուստ, վճռված էր դեռևս իր ծնունդով: Վաղաժա°մ ծնունդով: Թուրքն էր ստիպել, որ ժամկետից շուտ լույս աշխարհ գա ու առաջին իսկ ժամերից հայտնվի մահացու փորձությունների հորձանուտում: Համիդյան ջարդերի օրերին թուրքը մորթեց մորեղբորը և իրենով հղի մայրը, որ դեռ մեկ ամիս ուներ ծննդաբերելու, ողբ ու կոծի մեջ լույս աշխարհ բերեց մանկանը: Հրաշքով ողջ մնաց: Այդ օրհասական պահին քահանայի մասին մտածելն անհնար էր, և մանուկը մնաց անկնունք: Հայրը հապճեպ մի աղոթք մրմնջաց և որդուն կոչեց «Ջարդի տղա»: Մի քանի օր անց Էրզրումի պարսից հյուպատոսը, որ հոր մտերիմն էր, գիշերով այցելեց իրենց, ասաց, որ ջարդերը համատարած են դառնալու և իրենց ընտանիքն ու բոլոր ազգականներին, թվով 27 հոգու, տարավ ու թաքցրեց հյուպատոսարանին կից ախոռում: Նորածին մանուկը շարունակ ճչում էր, իսկ փողոցներում մոլեգնում էր թաքնված հայերին որոնող ջարդարարների ոհմակը: Ազգականները ստիպում էին մորը խեղդել զավակին, որ նրա լացը չմատնի իրենց, բայց մայրը դա չարեց, իրեն առած գնաց ու թաքնվեց այգիներում` հանձնված նախախնամությանը: Մի քանի ամիս անց, ձմռանը, հյուպատոսի աջակցությամբ, գերդաստանի ողջ մնացած անդամները բռնեցին գաղթի ճամփան: Դուրս եկան գիշերով, ահը սրտներում երկար ժամեր քայլեցին ճռճռան սառնամանիքին: Ռուսական սահմանի մոտ նկատեցին, որ մանկան բարուրը չկա: Սահել, ընկել էր ցրտից ընդարմացած մոր ծոցից, և ոչ ոք չէր նկատել: Ազգականները համոզում էին շարունակել ճամփան, բայց մայրն ու եղբայրը հետ դարձան, սահնակի հետքերով անցան մի քանի կիլոմետր և գտան կիսամեռ մանկանը: Նորածնին իր շնչով ու մարմնի ջերմությամբ կյանք վերադարձրեց եղբայրը, իր սիրելի Հակոբ եղբայրը: Այն եղբայրը, որի հետ տարիներ անց ինքն ու մայրը գիշերով ծածուկ վերադարձան Էրզրում` իրենց տան ախոռում պահած ոսկեղենն ու փաստաթղթերը տանելու: Փորելու ձայնից երկու թուրք ներս մտան, սառնասրտորեն կտրեցին եղբոր գլուխն ու տիրացան իրենց հոր տարիների վաստակին: Մայրը մինչև կյանքի վերջը պատմում էր այս պատմություններն ու մղկտում, իսկ ինքը շարունակ մտածում էր, թե շատ չէի՞ն արդյոք այդքան մահաշունչ փորձությունները նոր լույս աշխարհ եկած մանկան համար:

… Առաջին աշխարհամարտի սկզբին մեկնեց ճակատ` հետը տանելով հոր պատգամը. «Տղա՛ս, չմոռանաս ազգիդ վրեժը, չամաչեցնես ինձ»: Հայոց մեծ ու փոքր շեներում ականատես եղավ եղեռնագործության բազում ահազարհուր տեսարանների, որոնք հազարապատկեցին մանուկ ժամանակ ապրած սարսափները: Ճիշտ է, նաև հերոսացավ` պայթեցնելով թշնամու զինապահեստներից մեկը, բայց արդեն հասկացել էր, որ մեկ-երկու թուրք սպանելով իր ժողովրդի վրեժը չի լուծվի, հասկացել էր, որ հարկավոր է ինչ-որ հնարով ամբողջ թուրք ցեղը քարշ տալ պատմության դատաստանի առաջ: Միայն թե, դեռ չգիտեր` ինչ հնարով:

… Օվկիանոսից սառը քամի էր փչում, բայց ծերունին չէր զգում: Չէր լսում ալիքների սաստկացող շառաչը: Հիմա ականջներում գնացքի սուլոց էր, որ սլանում էր իր կառուցած երկաթուղիներով, մեքենաների հռնդյուն էր, որ անցուդարձ էին անում իր կառուցած ճանապարհներով ու կամուրջներով:

Ինչով ասես, որ չէր զբաղվել, որ ասպարեզում ասես, որ չէր նշանավորվել: Հայրը ամեն ինչ արել էր, որ ընտիր կրթություն ստանա: Մոսկվայի և Շվեյցարիայի համալսարաններում կատարելագործվել էր որպես ճարտարագետ, սակայն իր հետաքրքրությունները երբեք սահմաններ չէին ճանաչել: Հզոր կամքը, պրպտուն, ստեղծա•ործ միտքը, կազմակերպչական տաղանդը հաջողություն էին ապահովել գրականության, արվեստի, գիտության և մանավանդ իր մասնագիտության բնագավառներում: Բոլոր նախադրյալներն ունեցել էր իր մի քանի հանրահայտ ցեղակիցների նման միլիոններ կուտակելու, բայց դրամը երբեք նպատակ չէր դարձրել: Հենց միայն Պարսկաստանի պես անծայրածիր երկրի զարգացող տնտեսությունը քանի անգամ է իրեն պարտական մնացել: Բարի անուն ու համարում էր վաստակել այդ երկրում հաստատվելու առաջին իսկ ամիսներից: Նախ, որպես վարպետ արձանագործ, կառավարության պատվերով անվանի պարսիկների արձաններն էր պատրաստում, հետո հիմնեց իր շինարարական ընկերությունը` ստանձնելով ամենապատասխանատու առաջադրանքներ: Կառուցեց այդ երկրի առաջին ստորերկրյա զինագործարանը, կամուրջներ, ճանապարհներ, երկաթուղագծեր, ապահովեց մայրաքաղաք Թեհրանն էլեկտրական լուսավորությամբ… Վաստակած առաջին միլիոնները շուտով կրկնապատկվեցին ու բազմապատկվեցին: Հենց այդ ժամանակ էլ կնոջ հետ հղացավ շարժանկար ստեղծելու գաղափարը: Սակայն Պարսկաստանն էլ, Սովետների նման, այն երկիրը չէր, որտեղից հնարավոր լիներ թուրքին պատասխանատվության կանչել: Հարկավոր էր տեղափոխվել Արևմուտք` Միացյալ Նահանգներ: Առիթը չուշացավ:

Ֆաշիստական Գերմանիայի անկասելի հաղթարշավը խուճապի էր մատնել Արևմուտքը և, ընդհանրապես, աշխարհը: Բոլորի հույսը ԽՍՀՄ-ի վրա էր: Դաշնակից երկրները ոչինչ չէին խնայում, սակայն ծովային ճանապարհով ԽՍՀՄ ուղարկվող ռազմամթերքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվում էր գերմանական սուզանավերի կողմից: ԱՄՆ կառավարությունը առաջ քաշեց Պարսկաստանից ԽՍՀՄ ցամաքային ճանապարհ կառուցելու խնդիրը, արագ մշակվեց ծրագիր, որը պիտի իրականացվեր աներևակայելի կարճ ժամկետում` մեկ տարում: Բայց ո՞վ պիտի ստանձներ այդ խելահեղ պատասխանատվությունը: Թեհրանում բոլորը, այդ թվում և ԱՄՆ հյուպատոսը, առանց երկմտելու տվեցին ի՛ր անունը: Գործի մեջ նետվեց հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով, գիշերը դարձրեց ցերեկ, անանցանելի լեռնանցքներում, որտեղ տեխնիկան չէր հասնում` աշխատեց ուղտերով, ջորիներով ու ավանակներով… Ամերիկացիների համար անհասկանալի էր այսօրինակ նվիրումը, բայց ինքը գիտեր, որ թուրքը Գերմանիայի դաշնակիցն է, որ իր մի բուռ մնացած երկրի սահմանին զորք է կուտակել և իրավիճակն է կշռում` ամեն վայրկյան ներխուժելու և ավարտին հասցնելու իր սև գործը: Եվ հարյուրավոր կիլոմետրեր ձգվող ճանապարհն ավարտեց… վեց ամսում: Իսկ մինչ այդ նախագահ Թրումենի ներկայացուցիչներին անհատույց տրամադրել էր հարյուր-հազարավոր դոլարներ արժեցող իր ընդարձակ հողատարածքներից մեկը` ամերիկյան բանակատեղի կառուցելու համար: Այս ամենի դիմաց իր և տիկնոջ համար ԱՄՆ քաղաքացիություն խնդրեց և… որոշակի դիրքորոշում իր ցեղի դատի հանդեպ: Առաջինը սիրով բավարարեցին, իսկ երկրորդի պարագայում սառը ակնարկեցին, որ համաշխարհային նման թոհուբոհում հայերից ու Հայաստանից ավելի կարևոր խնդիրներ կան:

Հաստատվեց Ամերիկայում: Նույն ձեռներեցն էր, նույն եռանդի ու հնարամտության տերը, միայն թե այս երկրի հնարավորություններն ու գործունեության ասպարեզներն անհամեմատ մեծ էին: Ամերիկան ևս քիչ բանով պարտական չմնաց իրեն: Հենց միայն իր գյուտերից մեկը, որ արտոնագրվեց «Յանիկսքոֆ» անունով, հսկայական շահույթ բերեց Միացյալ Նահանգների տնտեսությանը: Դա մի սարք էր, որը հնարավորություն էր տալիս հարյուրավոր մետրեր խորությամբ ու տրամագծով ուսումնասիրել երկրի ընդերքը: Բայց երբ թույլտվություն խնդրեց իր իսկ ստեղծած սարքն օգտագործել` Դեր Զորի անապատներում սփռված ազգակիցների ոսկորներն հավաքելու և հիշատակի բլուր կառուցելու համար, ատամ ցույց տվեցին…

Ոչ ոք ու ոչինչ չէր կարող կոտրել իր կամքը, շեղել իրեն իր գաղափարից: Չէր դադարում ամերիկյան ու եվրոպական ազդեցիկ ամսագրերում հանդես գալ ջարդարարներին ու նրանց սատարած տերություններին մերկացնող հոդվածներով: Արդեն քանի տասնամյակ թուրքական դիվանագիտությունն ու գաղտնի գործակալները անարդյունք որոնում էին ոմն «Նեգրուգ»-ի: Դա իր անվան հա

Share

Կարծիքներ

կարծիք