Հայաստան ասելիս…

20151802120422146

Հինգ տարեկան էի: 1999 թիվն էր. աշուն… Մանկապարտեզից ինքս էի հրաժարվել այն բանից հետո, երբ ինքն իրենից թե աշխարհից դժգոհ դաստիարակչուհին ապտակեց կողքիս նստած տղային, իսկ դպրոց գնալու համար դեռ փոքր էի: Թեպետ գրել-կարդալ չգիտեի, բայց բառեր կային, որ այնքան էի լսել ու տեսել հեռուստացույցով և փողոցում տարբեր պաստառների վրա, որ կարող էի կարդալ ու վարժ նկարել դրանք՝ Հայաստան, անկախություն, նոր հազարամյակ, 21-րդ դար… Դե քանի որ ոչ դպրոց էի գնում, ոչ էլ մանկապարտեզ, ինձ փողոցից տուն բերելը շատ դժվար էր: Ամենամտերիմ ընկերս Միկան էր՝ չնայած ինձանից երեք տարով մեծ էր. հաճախ էի զգում, որ ձանձրացնում եմ նրան, բայց համարյա ամբողջ օրը միասին էինք:

Այդ օրը ես անսովոր կերպով դեռ տանն էի. փողոց չէի իջել. հայրս տանը չէր. նա պիտի ինձ թույլ տար, որ բակ իջնեի: Վերջապես նա բացեց տան դուռը: Չնայած անհամբեր սպասում էի նրա գալուն, բայց չուզեցի միանգամից մտքինս ասել, որովհետև մի անգամ արդեն անհաջող փորձ էի արել ու ստացել «նոր եմ տուն մտել, համբերիր» պատասխանը: Մի քիչ սպասեցի…

Հայրս մոտեցավ պատից կախված մեծ օրացույցին. հոկտեմբեր ամիսն էր. նա դանդաղ սահեցրեց կարմիր քառակուսի շրջանակը, և շրջանակն իր մեջ առավ 27 թիվը: Սովորականի պես միացրեց հեռուստացույցն ու նստեց բազկաթոռին: Այդ պահին հեռախոսը զանգեց, ես միանագամից վերցրի. Միկան էր. «Ի՞նչ ես անում, իջիր դաշտ, ֆուտբոլ խաղանք»:  «Հիմա հարցնեմ ու գամ». հեռախոսը դրեցի, մտքումս փորձեցի ձևակերպել խնդրանքս այնպես, որ համոզիչ թվա, ու մտա հյուրասենյակ: (Հիմա եմ հասկանում, որ ամենալավ տարիքն էր, երբ փողոց դուրս գալու համար թույլտվություն էի հարցնում, երբ «կարո՞ղ եմ գնալ» հարցը դեռ չէր դարձել «ես գնում եմ…»): Հեռուստացույցով ինչ-որ մեկը խոսում էր ամբիոնից. «Մենք մուտք կգործենք նոր հազարամյակ նոր Հայաստանով….»:

-Պապ, ես հազարամյակ բառը գրել գիտեմ…

-Ապրես,- հայացքը հեռուստացույցից չկտրելով՝ արձագանքեց հայրս:

Ես սկսեցի աստիճանաբար մոտենալ ինձ հուզող միակ հարցին.

-Միկան ա գրել սովորեցրել…

-Ապրի…

-Պապ, կարա՞մ իջնեմ դուրս, Միկայի հետ…

-Մի ժամ,- ասաց հայրս,- հեռու չթափառես:

Գնդակը վերցրի ու արագ դուրս նետվեցի: Տան դուռը դեռ չէի փակել, երբ ներսից հեռուստացույցով կրակոցներ լսվեցին, և հորս անսպասելի բղավոցը՝ Վազգենին խփեցի՜ն…

Նրա բղավոցը ինձ սարսափեցրեց. ես երբեք չէի լսել, որ հայրս բղավի: Չգիտեի ու չէի հասկանում, թե ինչ պիտի անեմ, բայց այդ պահին ամենաշատը չուզեցի վերադառնալ հյուրասեյակ: Փակեցի դուռն ու կայծակնային արագությամբ հինգերորդ հարկից ցած սլացա աստիճաններով: Միանգամից վազեցի ֆուտբոլի դաշտ: Ներսումս մի անորոշ ու ճնշող տագնապ կար, որ հույս ունեի կանհետանա, հենց որ տեսնեմ դաշտում հավաքված ընկերներիս: Հակառակ սպասումներիս՝ այնտեղ ոչ ոք չկար: Միկան էլ չկար: Մտածեցի՝ երևի բոլորը հավաքվել, գնացել են կողքի բակը՝ թիմ հավաքելու: Շնչակտուր ինձ գցեցի այնտեղ. ոչ ոք չկար…

 

Նոր հազարամյակում արդեն ես դպրոց գնացի, սովորեցի գրել ու կարդալ իմ լսած ու տեսած բոլոր բառերը, բայց մինչև հիմա էլ, երբ լսում եմ վաղուց ինձ ծանոթ այն մի քանի բառը՝ Հայաստան, անկախություն, նոր հազարամյակ, ականջներումս հնչում է հորս բղավոցը, աչքերիս առաջ հառնում է մեր դատարկ բակը…

 

 

Անդին 10, 2014

Share

Կարծիքներ

կարծիք