Կուրացնող պայծառատեսության բանաստեղծը

Հեղինակ:

Լուսանկար

Գոթֆրիդ Բեննը (1886-1956 թթ.) 20-րդ դարի գրական մոդեռնիզմի, ի մասնավորի՝ գերմանական էքսպրեսիոնիզմի նշանավոր դեմքերից է, մեծն Շտեֆան Գեորգեի ու նրա խմբակի գաղափարապաշտական հետևորդը: Բեննի քերթողական հանճարը համակված է արարչագործության առասպելի ախտաժխտման, կյանքի իմաստազրկության, մարդկային քաղաքակրթության ու մարդկայնության մասին բարձրաձայնվող, բայց երբևէ միս ու արյուն չդարձող արժեքների և ըստ այդմ՝ հանդերձյալ աշխարհից սպասելիքների հանդեպ պատրանաթափության ողբերգակատակերգական նվագներով: Լինելով բժիշկ-վիրաբույժ և մանավանդ պատերազմների բովում անմիջապես առնչվելով մարդ-առանձնյակի առանց այն էլ կիսախարխուլ հոգեֆիզիկական ներքնահյուսվածքները ծվատող ձևախեղումներին՝ Բեննը դիահերձման դանակով անդամահատում ու հոգեբանի քննախույզ հայացքով զննում է տիեզերական հավերժին անհաղորդակից, ինքնարարչագործ ու ինքնաբավ մարդանմանների հավակնոտության օրավուր խամրափայլող գանձերը: Մի վերջին ճիգով հաղթահարման կարոտ հոռետեսական տրամադրություններ՝ հարընդելուզված անհատների ու պետությունների փոխհարաբերություններում բնավորված ինքնոչնչացման անհագուրդ ու անտեղիտալի մղումին:

Անդին

Եղյամ

Մի բան պոկվեց մառախլապատ
մթնոլորտից ու աճեց.
գիշերվա մեջ՝ մոխրաճերմակ,
ծառ ու սոճուն փաթաթվեց:

Լույսն էր փայլում թավշափափուկ,
այն, որ ամպից էր կաթել,
և լուծվում էր աշխարհն անձուկ
գեղեցկության մեջ անդեմ:

Ես կորուսյալ

Կորուսյալդ Ես` երկնոլորտների պայթյունից ծնված,
իոնացման զոհ — Գամմա-ճառագայթ — Գառ — դաշտ և մասնիկ -.
անսահմանության սին մղձավանջներ` հավերժ մակտպված
Նոտր-դամի քո մոխրագույն քարին:

Օրերն անցնում են քո կողքով`առանց լույս ու գիշերի,
և տարիներն են զսպում` ձյունազերծ ու մրգազուրկ,
վտանգն առկախված`անսահմանության ծպտյալ եզերքի
— աշխարհը` փախուստ:

Որտե՞ղ կավարտվես, ու՞ր կծվարես, ու՞ր կծավալվեն
ոլորտները քո — հաղթանակ, կորուստ և պարտություն-.
գիշատչախաղում այս մշտահավերժ,
որ գլխապատառ` ճաղավանդակի մեջ են մխրճվում:

Գիշատչի հայացք. փորոտիք-աստղեր և ջունգլիների
մահն իբրև պատճառ ամենայն գոյի ու արարչության,
մարդ, ճակատամարտ և պատերազմներ ի մեջ ազգերի`
գիշատչի կոկորդն ի վար ընկլուզված:

Աշխա՛րհ մտագար: Եվ ժամանակներ ու տարածություն`
մտասևեռումն հանուր մարդկության,
անսահմանության գործառույթն է բուն,
որ առասպելն է ստում շարունակ:

Որտեղի՞ց և ու՞ր — չկա ո՛չ գիշեր, ո՛չ արևածագ,
ո՛չ կանչ ցնծության‚ ո՛չ իսկ եղերերգ,
դու կարգախոս ես փնտրում քեզ համար,
հայտնի չէ` որտե՞ղ:

Երբ որ բոլորն են հակվում միջինին,
գիտուններն են լոկ Բարձրյալին հիշում,
վերընձյուղվում են գառանն ու հովվին,
երբ որ արյունն են գավից ըմբոշխնում,
և ճողոպրում են վերքից ու կտրում
հացը` վայելքն այդ չապականված —
ով ժամ լիացման` հեռընկեց, հնում`
կորուսյալ ես-ը իր մեջ ամբարած:

 

Թախիծ

Ստվերներն անձև անփոփոխ են լոկ հովտում մահագույժ,
ուր տարածվում են մեռելածաղկի շարքերն հրկեզ,
նրանք մեր մեջ են փոփոխվում, գրկում քո անփաղաքուշ,
երբ անուրջն է սին օրորում քեզ:

Ինչ է մարմինը` վարդերի խուրձ է, փուշ ու տատասկ,
և ինչ է կուրծքը` խորշոմներ, թավիշ լուսաթախիծ,
ինչ են վարսերը, ուսերն, անութներն ու խճողված
խորացումները, որ բռնկվում են ջերմ հայացքից.

Իր մեջ անցյալն է նա կրում` նախկին համախոհներին,
նաև ապագան. երբ այլևս չես համբուրի այն,
մ’ի անսա նրա մեղմ ու բարձրագոչ հավաստումներին,
որ սեղմ ժամկետի մեջ կան միայն:

Ապա` նոյեմբեր, մենություն, թախիծ, մահաբեր նախճիր,
մի զույգ անթացուպ` անդամալույծի բեռն ամոքող,
երկինքն այլևս չի բարեբանում, բայց միայն նոճին`
անշարժ ու վերձիգ և ծառը սգվոր:

 

Ո՛չ երբեք մենակ

Ո՛չ երբեք մենակ` քան օգոստոսին.
ժա՛մ է արբունքի -, երակի մեջ տաք
հունդերն են վառվում դեղնածուփ ոսկի,
ու՞ր է քո այգու հրճվանքն ու հեշտանք:

Պարզկա երկինք է ու վճիտ լճեր,
դաշտերը մաքուր ու լուսապայծառ,
ու՞ր են հաղթության ապացույցները
քեզ ներկայացնող թագավորության:

Երբ ապացույցը կիրքն է մարմնական`
գինեբույրի մեջ զգլխիչ ու գիրգ,
պագշոտ հայացքներ ինքնահաստատման,
դու պարտությունը ընտրեցիր` ոգի՛ն:

Հուշեր

Հուշեր -, հնչյուններ, գիշերակարկուտ,
գույներ, որ սյուքն է շարժում ծովերից,
թույլ մի պատկեր է երազից հառնում,
մի վերջին պատկեր` հույժ անկարեկից:

Առափնյա դղյակ` մարմարե սանդուղք
և հանկարծաբուխ` գերհզոր մի երգ -,
գիշերերգում են ջութակները բյուր,
այստեղ` ծովափին, գիշերում հրկեզ:

Բայց շատ չեն,- մեկը շատը չի տանում,
միակ աղեղն են բռնում փոխնիփոխ —
խաղ` ոչնչի մեջ -, պատկեր, մենություն,
բոլոր գույներում` Կապույտը Մեռնող:

Մի երկիր

Մի երկիր՝ մթնդած ծովախորշ,
ինքնաբավ, ինքնիշխան տերություն,
այնքան մեծ և սակայն ոչ մի լույս
չի խայտում տարածքում նրա գորշ:

Ու մի օր՝ դողդոջուն լուսաշեղբ,
կիսամեռ, մազապուրծ, վախվորած.
հին երկիր՝ աղետյալ ու խոցված.
անտեղյակ, անհաղորդ, հուսաբեկ:

Պատգարակ, գանձանակ ու պաստառ՝
պահ տրված պատկերներ անցյալի.
հնամաշ, լռակյաց, ցանկալի,
որ հանգիստ են բուրում անսպառ:

Լոկ նրանք, ում աչքերն արտասված
օրավուր փլուզումն են տեսնում,
որ ազատ են, պայծառ, զվարթուն,
լուռ հսկում, մերձենում են կամաց:

Նիկե

Հեղեց Նիկեն սկիհն ամբողջ` արյուն ու գինի –
դա՞ է գինը հաղթանակի, որ պիտ հատուցի,
երբ գիշերվա գինարբուքի ցնծության կեսին
նա վեր կացավ ու լուռ կանգնեց, որ զոհ մատուցի:

Ճակատն հպեց տաք սրվակին ատտիկյան յուղի,
մի կողմ նետեց նիզակ ու սուր, ու՞ր է նայում նա,
մի՞թե արդեն տեսնում է նոր առասպելն հուռթի`
նետաձգի այն, որի անունն է սուրբ Սեբաստիան:

Նա Զևսի հետ տիտանների զորքը ջախջախեց
նետահարեց Քրոնոսին ճակատամարտում,
Ապոլոնն ու Քորեն սակայն մարտը լքեցին.
արդ ու՞մ է նա զոհաբերում – գիշերում այս մութ:

 

Ի՞նչն է վատ

Չիմանալով անգլերեն`
լսել անգլիական ընտիր դետեկտիվի մասին,
որի թարգմանությունն ավա՜ղ չկա:
Ամռան տապին աչքդ գարեջրին հառել,
երբ վճարելու միջոց չկա:
Գլխումդ նոր միտք որոճաս`
անկարող այն զետեղելու հյոլդեռլինյան բանատողի մեջ,
ինչպես վարպետներն են անում:
Գիշերով ականջ դնել ճողփյունին ծովալիքների
և համոզել քեզ, որ դա սովորական զբաղմունքն է նրանց:

Շատ ավելի վատ է` հյուր գնալու հրավերքն ընդունել,
երբ գիտես, որ տանն ավելի խաղաղ է,
սուրճն ավելի բուրումնավետ
և խոսելու ցանկություն չկա:
Իսկ ամենավատը`
չմեռնելն է ամառ ժամանակ,
երբ շուրջդ ամեն ինչ լույսով է ողողված
և հողը թեթև է`բահն ընդունելու:

 

Համադրություն

Լուռ գիշեր է: Եվ տունն է լուռ:
Ես մի աստղ եմ խաղաղավետ,
Եվ իմ լույսն եմ արտանետում
Իմ գիշերվա քղանցքից դեն:

Ուղեղս տուն դարձավ` թողած
Քարայր, երկինք, գոմաղբ ու կեղտ,
Եվ կանացի մարմնում պարպած
բնահյութն իմ քաղցր ու հյութեղ:

Աշխարհը` խաղ: Մահը` ավար:
Գոհ եմ` գրկած հաջորդ էգին,
Հետ չեն դարձնի` դեպի աշխարհ,
Ինձ` ո՛չ մահը, ո՛չ աղտ, ո՛չ կին:

Թարգմանությունը Աշոտ Ալեքսանյանի

Անդին 11, 2013

Share

Կարծիքներ

կարծիք