Կյանքն ու մահը

20142209170130732

Օրերից մի օր կյանքն ու մահը հանդիպում են երկնքում: Զարմացած նայում են իրար, կյանքը հարցնում է մահին.

-Դու ի՞նչ գործ ունես այստեղ, քեզ ամեն տեղ կարելի էր սպասել, բացի այստեղից: Իհարկե, դու ոչ մի քայլ հենց այնպես չես անում, ի՞նչն է քեզ բերել: Ո՞ւմ հետևից ես եկել: Մինչև հիմա չե՞ս հասկացել, որ այստեղ` երկնքում, կենդանի մարդիկ չկան:

Մահը շփոթված պատասխանում է.

-Հարգարժան կյանք, դու այնքան անխելք ես, որ անգամ ծերունական այս տարիքում չես հասկացել շատ պարզ մի բան. ես հիմնական ապրելավայր չունեմ, լինում եմ այնտեղ, որտեղ իմ կարիքը զգացվում է: Ի տարբերություն քեզ, ես կաշկանդված չեմ իմ գործողություններում և որոշել եմ որպես հիմնական ապրելավայր ընտրել երկինքը, իսկ երկրի վրա կհայտնվեմ ըստ անհրաժեշտության` պարտականություններիս համապատասխան:

-Հիմա ճիշտ նույն հարցը ես եմ քեզ տալիս,- ասում է մահը, -դու ի՞նչ գործ ունես այստեղ, ուզում ես երկի՞նքն էլ քո մենաշնորհը դարձնել: Մի մաքուր տեղ է մնացել, ցանկանում ես քո անմաքուր արարքներով դա՞ էլ պղծել: Չէ՞ որ մեր բոլոր խոսակցությունների ժամանակ միշտ հպարտորեն շեշտում ես, որ դու Աստծո ծնունդ ես, իսկ ես` սատանայի, և ամեն ինչ, այդ թվում նաև երկինքը, Աստված է ստեղծել: Այդ դեպքում ինչո՞ւ ես փորձում քո Տեր Աստծո ստեղծած մաքրամաքուր երկինքը ևս քեզնով անել` քաջ գիտակցելով, որ ուր դու ես լինում, այնտեղ միանշանակ թագավորում է անարդարությունն ու կեղծիքը: Հետաքրքիր է, դու մի՞շտ ես այդպես ծառայում քո Տեր Աստծուն:

-Ի՞նչ ես քեզ միամիտի տեղ դրել,- ասում է կյանքը և ավելացնում,- այո, այս կյանքում ամեն ինչ, այդ թվում նաև երկինքը Աստծո ստեղծածն է, և Նա այնքան մեծահոգի է, որ բոլորին թույլ է տալիս լիուլի օգտվել իր ստեղծած բարիքներից: Եվ այդ ամենը լավ իմանալով ու դրանից օգտվելով` սրբի կեցվածքով փորձում ես քո տեղն ամրապնդել նաև երկնքում: Իհարկե, ամոթն ինձ ետ կպահեր այդ մասին խոսելուց, եթե փորձեիր այստեղ լինել միայն անհրաժեշտության դեպքում և քեզ պահեիր հյուրի նման: Իսկ դու մշտապես` գիշեր-ցերեկ, այստեղ ես և փորձում ես երկինքը ևս դարձնել քո մենաշնորհը: Չե՞ս հասկանում, որ երկրի վրա և երկնքում ՙապրող՚ հոգիների քանակներն անհամեմատելի են, այսինքն` նրանց թիվն անհամեմատ շատ է երկնքում: Կարծում եմ` գոնե հիմա հասկացար, թե ինչու է երկինքն իմ հիմնական ապրելավայրը, այլ ոչ թե քո: Ավելին, եթե դու չմոռանայիր քո միակ և հիմնական առաքելության մասին, ապա կհամաձայնեիր, որ երկրից դուրս դու անելիք չունես:

Քանի որ մահը երբեք չի սիրում պարտվել, խոր հոգոց է հանում և ասում.

-Փորձում ես քեզ սրբի տեղ դնել, հա՞: Ինչպես երկրի վրա ես գիշեր-ցերեկ բանսարկություններ սարքում և դադար չես առնում, այնպես էլ փորձում ես նույն «վարք ու բարքով» նաև երկինքը վարակել: Համոզված եմ, որ շատ արագ կպղծես նաև երկինքը և այն «կսարքես» երկրի նման մի բան: Ի՞նչ է, չթողնե՞նք, որ այս կյանքում գոնե մի մաքուր բան մնա:

-Ի՞նչ ես փորձում անընդհատ խելք սովորեցնել,- ասում է կյանքը և ավելացնում,- լավ գիտես, որ երկրի վրա դու միայն քո սև գործն ես անում` մարդկանց սպանում և խլում ես ինձանից, իսկ նրանց հոգիները ես բերում եմ այստեղ: Իբր դա դեռ քիչ է, այստեղ գալով և մնալով` դու փորձում ես նաև նրա՞նց հոգիներն սպանել: Ի՞նչ է, ուզում ես նրանց կրկնակի մահ պարգևե՞լ: Կարծում եմ` դու լիովին գժվել ես և քո ապրելու տեղն ու հիմնական անելիքը շփոթել:

-Դե հիմա ինձ լսիր, այ կյանք,- ասում է մահը և շարունակում,- դու երևի տեղյակ էլ չես, որ քո Տեր Աստված երկիրը հատուկ ստեղծել և քեզ այնտեղ իր ներկայացուցիչ է նշանակել, որպեսզի մնաս և արարես այնտեղ: Այնպես որ, դու այլընտրանք չունես, քո ապրելու միակ վայրը երկիրը պետք է լինի: Հիշեցնեմ նաև, որ դու առանց քո «կեսի», այսինքն` առանց ինձ, չես կարող գոյատևել և ուզած-չուզած պետք է հաշտվես նաև երկրի վրա քո կողքին իմ հաճախակի հայտնվելու մտքի հետ: Իսկ եթե մտածում ես, որ դու էլ նույն հաջողությամբ կարող ես մշտապես տեղ զբաղեցնել նաև իմ տիրույթում` երկնքում, ապա չարաչար սխալվում ես, քանզի մեր ծագման և գոյության «սիմետրիան» ամենուր չէ, որ ենթարկվում է քո պատկերացրած օրինաչափությանը:

Այնպես որ, քո լիազորությունները մի գերազանցիր և միշտ հիշիր հետևյալ պարզ իրողությունը. ժամանակի ցանկացած պահի դու որոշակի ոչ հաստատուն և աճող արագացումով անընդհատ շարժվում և փորձում ես ամեն կերպ հասնել ինձ, իսկ ես` հիմնականում մեծահոգաբար, ընդառաջում եմ քեզ: Եվ հասնելուն պես` այդ ակնթարթից դադարում է քո գոյությունը, և դու տարրալուծվում ես իմ մեջ: Դու իսկապես իմ պոտենցիալ կեսն ես, և ես`մեծահոգաբար, մշտապես ընդունում եմ քո՝ իմ երկրորդ կեսի միացումն ինձ: Եվ եթե անկեղծ լինենք, ապա, ճիշտն ասած, դու ես միշտ ընկած իմ հետևից, այլ ոչ թե ես` քո: Ուրեմն, բարի եղիր չափդ ճանաչել, թե չէ մեկ էլ տեսար… քո մոտենալու ժամանակ միտքս փոխեմ, ու ես էլ սկսեմ նույն ուղղությամբ ավելի արագ հեռանալ: Պատկերացնո՞ւմ ես` ինչ կլինի քո վիճակը: Իմացած եղիր, իմ բարությունն էլ սահման ունի: Եվ, ուզած թե չուզած, պետք է հաշտվես այն իրողության հետ, որ քո տիրույթն ընդամենը վերջավոր երկիրն է, իսկ իմը` անվերջ երկինքը: Այդ պատճառով էլ քո իրավասությունները վերջավոր են, իսկ ինձ տրված են անվերջ իրավասություններ, որի շնորհիվ էլ իմ ցանկությունները սահմանափակված չեն:

Հիմա հասկացա՞ր, որ ես որևէ խոչընդոտ չունեմ, և ինձ ամեն ինչ թույլատրելի է: Իսկ քո` երկնքում լինելու, առավել ևս այնտեղ ապրելու իրավունքը իմ ձեռքում է և քննարկման ենթակա չէ: Եվ եթե դեմոկրատիայի մասին ինչ-որ բաներ ես լսել և կարծում ես, թե դա քեզ կարող է արտոնել մշտական բնակության վայր ընտրել նաև երկինքը` չարաչար սխալվում ես:

Կյանքը մի պահ խորհրդավոր լռում է և ավելացնում.

-Այ մահ, այ իմ` քո ասած, ոչ բարով կես, նախ` դու ես անընդհատ իմ հետևից ընկած, և հետո` ի՞նչն է քեզ իրավունք տալիս քո ավագ կեսի հետ այսպես խոսելու: Ասեմ, որ քո անլուրջ քայլերով ինձ մղում ես լրջորեն մտածելու իմ գոյության հավերժացման միջոցառումների մասին, և եթե այդպես շարունակես, ապա պարտադրված կլինեմ դրանք կյանքի կոչել: Թե դրանից հետո քեզ հետ ինչ կլինի, կարծում եմ` դժվար չէ պատկերացնել: Այլ խոսքով` դու ինձ մղում ես առաջնորդվել միակ ճանապարհով` ոչնչացնել քեզ:

-Կյանք,- խոսակցությունը գլխիվայր շրջում և զարմացած հարցնում է մահը,- մի՞թե եղել է դեպք, երբ ես կանգնեմ քո ճանապարհին, փորձեմ քեզ որևէ բանով խոչընդոտել:

-Այո, դու միշտ էլ անսպասելի ես հանդես գալիս և երբեք չես զգուշացնում քո գալը,- պատասխանում է կյանքը:- Իհարկե, գաղտնիք չէ, որ մենք առանց իրար «կյանք» չունենք: Մեկիս վերացումը նշանակում է մյուսիս վերացում: Մենք պարտադրված ենք հավատարիմ լինել միմյանց: Բայց այդ ամենը չպետք է քեզ արտոնի քո իրավասություններից դուրս քայլեր կատարել: Եվ փոխանակ ինձնից ճշտելու, թե ինչ հաճախականությամբ այցելես ինձ ու ինչ սկզբունքներից ելնելով ընտրես ու տանես մարդկանց, ընդհակառակը, դու ոչ մի բանի մասին, այդ թվում հարազատ, թե օտար մարդկանց, ինչպես նաև ժամկետների վերաբերյալ` շուտ, թե ուշ, ինձ ոչինչ չես հարցնում և ինչ ուզում` անում ես: Այլ խոսքով, դու ինձ հետ վարվում ես օտարի նման: Գոնե մի անգամ հարցրած կա՞ս, թե ով իրեն ճիշտ չի պահում և ո՞ւմ կուզենայի առաջինը հանձնել, որպեսզի դու էլ, այսպես ասած, ընդառաջեիր ինձ:

-Եթե երբևէ գեթ մի փոքրիկ լավություն արել ես ինձ, ապա խնդրեմ, մտցրու աչքս,- նույն վստահությամբ պատասխանում է մահը: Եղե՞լ է, որ գոնե մի անգամ մատիցս փուշ հանած լինես: Իհարկե ոչ:

-Արի մի պահ երևույթների մյուս եզրից գանք. կարո՞ղ ես գեթ մի դեպք հիշեցնել, որ քեզ խանգարել ու խոչընդոտել եմ քո չար գործին,- ասում է կյանքը:- Որ երբևէ վատություն չեմ արել, դա արդեն մեծ լավություն է, և այդ ամենը գնահատել է պետք:

-Այդ «չարն» էլ նոր տերմին է, հա՞: Ե՞րբ ես հորինել: Ստացվում է, որ միայն դո՞ւ ես բարի գործեր անում,- իրենից մի տեսակ գոհ նետում է մահը և ավելացնում,- կարո՞ղ ես գեթ մի օրինակ բերել, որ ես մարդկանց միջև տարբերություն դրած լինեմ: Այնինչ դու միշտ ես նրանց միջև տարբերություն դնում. մեկին անսահման հնարավորություններ ես տալիս, մյուսին` ոչինչ, և առանց ամոթի մշտապես խոսում ես արդարությունից:

— Մարկանց հետ մեր շփման դաշտը լիովին տարբեր է,- ասում է կյանքը և շարունակում,- դու նրանց հետ շփվում ես մի ակնթարթ, իսկ ես` ծնունդից մինչև քեզ: Բնական չէ՞, որ ակնթարթը տարբերություններ չի ենթադրում, իսկ իմ պարագայում տարբերություններն անխուսափելի են:

-Անգամ մեծագույն ցանկության դեպքում չեմ կարող համաձայնել,- ասում է մահը,- այստեղ սոսկ տեսակի խնդիր է, ոչ թե ժամանակի:

-Ի՞նչ տեսակի մասին է խոսքը,- զայրացած պատասխանում է կյանքը:- Ուզում ես ասել, որ դու միշտ հավատարիմ ես քո տեսակին, իսկ ես անընդհատ փոխո՞ւմ եմ իմ տեսակը: Այո, իսկապես, ես այնքանով եմ փոխում իմ տեսակը, որ քեզ անընդհատ թույլ եմ տալիս լինել իմ կողքին: Բավական է հավերժացնեմ իմ գոյության ժամանակահատվածը, որպեսզի քո գոյության իմաստն ընդհանրապես վերանա: Այնպես որ, չափավորիր քեզ և կարգավիճակդ մի գերազանցիր:

Կյանքի վերջին խոսքերը մահին հանեցին հունից, և նա գրեթե գոռալով ասաց.

-Այ ակնթարթի տևողությամբ կյանք, դու իսկապե՞ս չես հասկանում, որ քո գոյությունը պայմանավորված է միմիայն ինձանով, և հենց ոտքս քաշեմ, դու իսպառ կվերանաս: Իմացած եղիր, դա է քո «կյանքի անատոմիան»: Ճիշտ են ասում էլի` սայլի փոխարեն սայլվորն է ճռռում: Չե՞ս հասկանում, որ եթե հանկարծ բարկանամ ու հիմնովին տեղափոխվեմ իմ մշտական վայրը` երկինք, այդ դեպքում դու կարճ ժամկետում լիովին կոչնչանաս: Քանի որ երկիրն ու տիեզերքը` երկուսն էլ հավերժ են, ուրեմն` ես միշտ կլինեմ: Ու գիտես նաև ինչո՞ւ, քանի որ ես միշտ անկեղծ եմ ու բարի, իսկ դու մշտապես բանսարկությունների, խարդավանքների մեջ ես ու չար: Կարծում եմ` գոնե հեքիաթներից տեղյակ կլինես, որ բարին հավերժ է, իսկ չարը` ժամանակավոր: Այնպես որ, քեզ կարճ ժամանակ եմ տալիս խորհելու և ինձ պատասխանելու. դու կարո՞ղ ես քեզ նախկինի պես պահել, թե՞ ինձ կտրեմ քեզանից և միայնակ շարունակեմ ճանապարհս:

Կյանքը հոգոց է հանում և ասես ինքն իրենից քողարկելովª կեղծ ժպիտով պատասխանում.

-Մահ ջան, ինչո՞ւ ես այդքան վրդովվում, կատակ էր` արեցինք էլի, չէ ՞ որ իմ կյանքն առանց քեզ, այսինքն` առանց իմ կեսի, գրոշ իսկ չարժե: Փոխանակ մտածենք, թե ինչպես լավացնենք մեր «կյանքը», ամեն ինչին մի քիչ հումորով վերաբերվենք, ընդհակառակը` ամեն ինչ լրջացնում ենք և խնդիրներ ստեղծում: Կարծես առաջին օրն ես ինձ ճանաչում: Բազմիցս դեմ առ դեմ հանդիպել ենք և առանց իրար նեղացնելու հանգիստ լուծել մեր հարցերը և առանց որևէ հակասության` բաժանվել: Հիշեցնեմ, որ այս ամենը դեռ առաջին մարդու ծննդյան պահից է գալիս և այնքան բնականոն ընթացք ունի, որ անիմաստ է այդ հարցում որևէ բան փոխել: Էլ չեմ ասում, որ հազար ու մի չուզող ունենք նաև, ինչո՞ւ ուրախացնենք մեր չուզողներին:

-Ի՞նչ ուզող, ի՞նչ չուզող, խելքդ լրիվ թռցրե՞լ ես, այ կյանք, ի՞նչ ես վերացական տերմիններ օգտագործում,- մի տեսակ զարմացած ասում է մահը:- Այս աշխարհն ընդամենը երկու շերտից է բաղկացած` կյանք և մահ: Էլ ի՞նչ երրորդ, չորրորդ… նոր շերտեր ես հորինում, ո՞ւմ ես հիմարի տեղ դնում:

-Այ ցավդ տանեմ,- մի տեսակ ինքնախոստովանական երանգով ասում է կյանքը, արի մի պահ տեղափոխվենք երկիր, թեկուզ մարդկության ամենահին, ամենասկզբնական վայրըերից մեկը` Հայաստան, և ուշադիր նայենք. արդյոք մարդկային շերտն այնտեղ իրոք բաղկացա՞ծ է քո ասած երկու շերտից` կյանք և մահ: Այդ` 3-3,5 միլիոն մարդկանց գրեթե կեսը ոչ ապրում է, ոչ էլ մեռած է: Կո՞ւյր ես, չե՞ս տեսնում այդ ամենը: Ասեմ, որ այդ ամենը նաև նրանից է, որ ոչ դու ես քո պարտականությունները նորմալ կատարում, ոչ ես:

-Ինչ մեղքս թաքցնեմ,- տխուր ասում է մահը, արդեն բավական ժամանակ է` ես ականատես եմ այդ վիճակին: Ինձ թվում էր, թե դրան միայն ես եմ տեղյակ և չէի ասում, որ քեզ նույնպես չտխրեցնեմ: Բայց քանի որ ամեն ինչ արդեն բացահայտ է, արի մտածենք, թե ինչպես կարող ենք կարգավորել այս անբնական վիճակը:

-Այս վիճակը մենք չենք կարող շտկել,- լացակումած ասում է կյանքը,- դա մեր ուժերից վեր է: Դա կարող է շտկել միայն ժողովուրդը, մարդը, այն էլ ոչ հեշտությամբ: Էնպես որ, արի բզեզի բույնը ոչ մի բան չմտցնենք և լուռ ու մունջ շարունակենք մեր «կյանքը»: Եթե ժողովրդին, մարդուն իրոք անհանգստացնում է այս վիճակը, ապա թող ինքն էլ շտկի: Իսկ եթե ոչինչ չանի, ուրեմն դա իրեն ձեռք է տալիս, և չարժե, որ մենք մեր ծանր տեղը թեթևացնենք և պատեհ-անպատեհ բոբիկանանք ու մտնենք ոչ մեր ջուրը:

Միշտ հիշիր. երկու շատ մեծ բան կա, որոնց նույնիսկ մենք իրավունք չունենք խառնվելու` ճակատագիրը և Աստծո նախախնամությունը…

 

Անդին 8, 2013

Share

Կարծիքներ

կարծիք