Կախարդման գիշեր

Հեղինակ:

20141709184443824

Գիշեր է: Ամառվա այն կաթնամշուշ գիգշերգներից, ուր անհունը գայթել` ծոցի միգջից տեսիլք, ցնորք ու գաղտնիքներ է շաղ տվել երկրին: Եվ մի լռություն, որ հեռավոր ու մարմրող արձագանքների մեջ պահ մտած դողում էր, ասես գիտեր, թե ահա, ահա` և բույրերի տա՜ք, գրգիռե քուլաների միջից հառնելու էր գժված անծիրը: Ասես մի կախարդ անձայն խնդում, ծաղրում էր ուշաթափված անեզրությանը. դյութանքի կա-խարդը…

Բայց այստեղ` լեռնագոգերի մեջ, հուրհրոցներ փայլակեցին, և չարք, վհուկ ու փերիներ վեր թռան ճչոցներով, և չկար մեկը, որ խաղաղեր դրանց: Հանդարտ, բայց հաստատակամ մի շարժ էր ծավալվում բարձրավանդակի վրա, ինչից սպասումն ու անհամբերությունը իրար գծուծվել, հևասպառում էին: Այդ գայլերի արահետն էր բորբոքվել ոհմակի երթից, որ հետզհետե շենշում և հրայրքե կեծեր էր թավալում մթի մեջ… Ոհմակն արշավի էր ելել:

Ամեն տարի` հենց Վարդավառի գիշերը, երբ լեռնակատարները ծփում են խարույկների մեջ, երբ մարդն իր իշխանությունն է ուզում հաստատել այս տարածքների վրա, իր ձագերին երթի էր հանում մայր գայլը: Որպես լեռների թագուհի ու բնածին տեր` նա ելնում էր սարսափ, արյուն ու տռփանք սփռելու իր հողի վրա: Նա ելնում էր` իր սերնդի մեջ ոգեկոչելու գայլը: Եվ քշում էր ձագերին դեպի վախի ակունքը` խրախճելու հենց կրակների թագավորության մեջ, ուր նրանք պիտի առաջին շփումն ապրեին այն իրական հրի հետ, որ գայլն ինքն է:

Առանց նախապայմանի, անվիճելի ու անխախտ, ինչպես կենսահոս երակ ու հուն, լեռնային այս գյուղի միջով էլ անցնում էր նրանց արահետներից մեկը: Շեղ մի հատմամբ` պարիսպների, քարասանդուղքների ու տանիքների վրայով նրանք պատռում էին գյուղը, ինչպես կայծակի ճաքն է շամփրում մթամած երկինքը: Գայլային հևքի, հոտի, անհագուրդության ու ջլուտ պրկումների առաջ սրտատրոփ մի վախի մեջ խլշում էր գյուղը` որպես կենդանի զարհուր: Հիմա էլ…

Ձորն այնկողմ` քարափի դիմաց, իր չորս ձագերի հետ դարան էր մտել մայր գայլը: Նրանց ձաղկող, սևեռուն հայացքի տակ շնահաչը ոռնոց, կաղկանձ ու վերջապես արտաթորանք էր դառնում, և նրանց ձեռնասուն էությանը` սիրահոժար էգի. այդ որձ գայլն էր չափչփում գյուղի երկայնքը…  Ձագերի թիկունքը բռնած` մայր գայլը հիացական ֆշշում էր, մոլուցք հրահրում, բայց միևնույն պահ զսպում նրանց, որ գյուղից եկող հալածական դոփերը, անասնական վախն ու ամբողջական որսահոտը ի վերջո քրքրեին, բզկտեին նրանց մեջ այն ահեղ կրքի կապանքները…

Բայց գյուղում այն պահին, երբ ամեն ինչ ստուգելուց հետո որձ գայլն ուզում էր ազդանշան տալ յուրայիններին, հոգոցներ լսեց: Դրանց մոտ լինելը այնքան չտարակուսեց կամ վրդովեց գայլին, որքան մի շնչա¬վո¬րի այդպես անէանալու կարողությունը: Նաև այն, որ գայլը զուգահեռ արահետով էր ելել ձորից ու չէր զգացել մարդու ներկայությունը` փշաքաղեց նրան: Ցասման, հիացմունքի ու խանդի միաժամանակյա հորդանքները իրար զարկվան, ալեկոծեցին նրա մեջ գազանությունը, և այդ մարդու աչքերի մեջ հառվելու կսկիծը հրդեհեց գայլին:

Ձորից ելնող կածանի սկզբին քարե պարսպին կպել, ավելի ճիշտ քարաքոսի պես մամռել ու համակ լսողություն էր դարձել մի տղա: Բայց ոչինչ էլ չէր լսում` բացի անընդմեջ կրկնվող մի ձայներգումից, ինչպես զանգն իր ղողանջը: Այդպես էր, քանզի էգ գայլի անպատասխան կանչերը բվվում էին ձորով մեկ ու տարածվում գյուղի վրա, իսկ տղան անտարբեր էր այդ ձայներին: Անգամ երբ գայլը մի քար գլորեց պարսպից, նա դարձյալ անդրդվելի էր այդ խուլ ու համր կեցվածքի մեջ, անհաղորդ:

Հիմա, երբ գայլը սկսել էր մոտենալ տղային, հանկարծ սարսռաց և չէր կարողանում խաղաղել ստվերը: Նրա ծակող, վայրենի հայացքը տղային չհասած` փշրվում էր, տարրալուծվում աստղացոլքերին և խճճում էր գազանին զարմանքի ու կատաղության հորձանքների մեջ: Այժմ գայլն առաջ էր գալիս` առանց տղային նայելու, փոխարենը ամբողջովին լսողություն դարձած, կառչած նրա շնչառությանը:

Երկու թռիչքաչափի վրա, երբ ելավ իր ստվերի միջից ու դարձյալ բբվեց նշակետը, տեսավ, որ մարմանդ մի պեծամշուշ էր սքողում տղային: Գայլն էլի կարողացավ աննկատ մնալ ու մոտենալ այնքան, որ լռությունը ճոճ բռնեց նրանց սրտազարկերի միջև: Քիչ էլ, բայց այս տղային տանջող մորմոքները հասան, դաղեցին նրա թաթերը, այրեցին բաշը, և գայլը  հազիվ կարողացավ հետ ոստնել, փրկվել այրվելուց:

-Դև՜ը,- ծեքծեքաց գայլը,- հին դև՜ը…

Հիմա տրփում էր, քուլաքուլա կենդանանում` ճիշտ տղայի ուղնուծուծը քամող այն տեսիլքների հաճախությամբ, ուր մի պատկեր էր նշմարվում գայլին` աղջկա պատկեր… Բայց ո՛չ մեկեն ու ո՛չ ամբողջությամբ, այլ ճառագումներով, որ դուրս էր պրծնում այդ փոթորկած շաղախից` մերթ որպես մարմնահուր ծփանք, մերթ` անիմանալի ու քաղցր մի բույր կամ հրակեզ մի հայացք` միաժամանակ և՛ մեղմ, և՛ անողորմ…

-Քեզ ի՞նչ եղավ…

Արդեն վազքի մեջ այս ձայնը լսելի եղավ գայլին, կարծես թե տեսավ էլ աղջկան ու մի պահ կախ գցեց ոտքը: Բայց շտապեց, քշեց իրեն դեպի այն պատուհանը, որի տեղն արդեն գիտեր անսխալ, որին առանց նայելու միտված էր տղան: Անհամբերությունից նա ուշք չդարձրեց էգ գայլի վերսկսված կանչերին և ոչ էլ նկատեց, թե դրանք բոլորովին մոտ էին, գրեթե գյուղի մեջ:

Ոչ մի բանում չէր սխալվել գայլը: Միայն թե այստեղ` աղջկա պատուհանի դիմաց հապաղեց և կանգնած լսում էր նրա մուշ-մուշ հևքը: Քիչ հեռու, տան ողջ երկայնքով ձգված մի պարիսպ կար, ինչի վրայով տղայի ուշքն ու միտքը` արդեն տեսանելի հոսք առած ու խառնակելով շաղ, մութ, ցոլք ու տենդ ու զրինդներ, մղվում էր դեպի աղջիկը…

Մինչև պարիսպ ոստնելը էլի տեսիլքներ խռովեցին գայլին, բայց նա կարողացավ զանազանել ու որսալ պահը. շիկացումը, որ բաբախում էր ջրախաղի ժամանակ նրանց իրար մոտ ու հեռու գտնվելուց, ապա թե պարպումը, երբ ձեռքերով իրար դիպան այն տղան ու այս աղջիկը… Այդ կուրացնող շողարձակումները մի պահով էլ ուշացրին թռիչքը, և գայլը կասկածանքներ ունեցավ, ավելի ճիշտ` կշռեց, թե աղջիկը երազ էր տեսնում, և ինքն այդ երազի մեջ էր:

Արդեն զսպանակված, արդեն թռիչքի գնալու պահի մեջ նա լսեց այդ նույն, տղայի մեջ զնգացող նույն ձայնը, բայց արդեն նետվել էր առաջ` դեպի այն ակնթարթը, երբ ընկալեց, թե թակարդված է այլևս.

-Գա՛յլը,- ոստյունի մեջ խոցեց նրան աղջկա ճիչը,- Տիգրա՛ն, գա՜յլը…

Թիկունքից, հենց թիկունքից էր հարվածն ու այնպես ակնառու, որ գայլը երերաց, գրեթե ընկավ պարսպին` չհավատալով, թե ողջը կատարվում էր աղջկա երազի պես, որ հիմա իրեն տեսնում էր այնտեղից ու զգում իր ներկայությունը այնտեղ, այս նույն թռիչքի մեջ` անընդհատ դեպի տղան ոստնելով ու չհասնելով նրան…

Հետո ոտնաձայները, շշուկներն ու փութով վառված ճրագը, ապա վեր թռած տղան ու նրա շուրթերի մրմունջը գտան գայլին, բայց արյունաքամ գազանի պես գայլը նայում ու չէր տեսնում և շուրջկալի մեջ հայտնվածի անհուսությամբ շուռումուռ էր գալիս ու չիտեր` ինչին խոյվեր, մինչ որ առավ էգի սուլաձայն, նաև ուրախ ու հանդիմանող ֆշշոցը.

-Ո՞ւր ես… — ձոր տանող կածանը արյա՛մբ ներկեցին…

Տղան ու գայլը մի անգամ էլ հառվեցին իրար` ժամանակի վայրիվերումի, փոխադարձ չզիջումի ու անելանելիության միջից շարունակելով խոյվել միմյանց, ավելի շուտ զգալով, ինչպես ախոյանը ախոյանին:

-Ո՜նց են զարզնդել,- սրթսրթում էր մայր գայլը,- ո՜նց են զարզնդել, կրա՛կ են ցայտում…

Ծղրտոցը` պատառոտվող կենդանու չհավատը, թե դա վերջն էր, պոկեց ու վազքի տարավ տղային: Մի ցատկով նա անցավ պարիսպը, բայց ընկավ, առանց դրան ուշք դարձնելու էլ նետվեց տեղից ու կտրում էր ագարակը` աչքը դիմացի պարսպին` մտովի ցատկելով ու տեսնելով այդ էլ, որ սառնասրտության կես մի ակնթարթ ավել ունենար, որ կարողանար իր ննջահար մտքին հասցնել տեսածն ու լսածը և դրա խորշերից կորզեր մի հնար, անելիք կամ ելք:

Բայց տղայի գետնին թրմփալն ու վազքի աղմուկը մայր գայլին պարիսպ նետեց` բարձրից տեսնելու ու գնահատելու եղելությունը, ինչը նրան կծկեց մի նոր ոստյունի մեջ և նույն վայրկյանին էլ հետ սուրաց դեպի ձոր, դեպի տղան: Հետամուտ մի թռիչքով պոկվեց և որձը` այդպես էլ չկարողանալով թոթափել իրենից էգ գայլի անօրինակ հայացքը` այդ սոսկումով լի ու չներող բացառությունը:

Տղան ոչ թե վազում էր, այլ պատերազմում իր ուժասպառման, հեղձումի ու անհուսության դեմ` դեռևս տեսնելով այն մղձավանջը, թե աղջկա պատուհանի դիմաց, ասես այդ պատուհանից բուսնած գազանը ծվատում էր իր սիրտը, իր հոգու գաղտգնիքը աշխարհին ի ցույց դնում, և երկինք ու երկիր հռհռում էին տղային… Նա պարիսպը ցատկել ու հայտնվել էր զուգահեռ կածանին և արագությունը չկորցնելու համար էլ վազեց զառիթափն ի վար, ընթացքի մեջ կառչեց մի չեչաքարի ու նետեց իրեն հաջորդ ագարակ, դարձյալ  ընկավ, բայց այս անգամ` արդեն ապշանքից: Շփոթից ու վախից, որ վազել էր` քամհարելով փետուրներն ու չակնկալելով ոչինչ, անգամ չհասկանալով ու չտեսնելով դրանց ցաքուցրիվ պարի միջից իրեն հառվող այդ անվարան, արյունարբու աչքերը.

-Գա՛յլ,- առկայծեց միտքը,- գայլե՜րը…

Վեր թռավ ու դաշույնը քաշած հետ-հետ գնաց, փորձեց քարանալ, բայց նրան հաշմակած դողը ուղիղ կապ ուներ կածանի խավար ու ահ ծնող խլրտոցների հետ: Պարիսպների մեջ սեղմված, ոլորվող արահետը կենդանացող մի հրեշի էր նման, որի արտաշնչումներից ճղճղան սագի փետուրները զուր ու անկշիռ ճախրում, պատուհասում էին մութը: Անէ մի սարսուռ էր գոտևորում տղային:

Հետո նա շառաչը տեսավ. ասես միևնույն զոհին ճանկելու սլաքված երկու արծիվների բախումը, դրանց իրար գծուծվելը, այդ խեղդ կռինչներն ու թևակոտրումները հենց իր գլխավերևում` աստղալի երկնքի հենքին: Ասես հանուն սիրո մարտնչող երկու հրեշտակներ էին երկիր իջնում ու անխնա թրատում միմյանց, մինչև որ փշրվեցին գետնին ու զատվան իրարուց:

Տղան ընկրկել և մի ծունկը հողագնդին կքել էր, որպեսզի նրանց աչքերը միևնույն բարձրության լինեին, և հիմա լարվել` կարծես թե հայացքի ուժով մեխած ու անշարժ էր ուզում պահել գայլին: Բայց դաշույն բռնած ձեռքը ցնցվեց, երբ գայլը հանգիստ, վստահ քայլ արեց և շրջեց տղային իր կանաչահուր աչքերը` այդ քուրաների շեղ, անորսալի, բայց զննիչ ու այրող հառվածքը…

Մի ընկալմամբ, առանց գայլից աչքերը կտրելու տղան զգում էր մյուս կենդանիների շարժը, որ խաչափառ հատումներով ելան կածանից, խմբվեցին դեպի մայրը, հոտոտեցին միմյանց, օդը, ապա չքացան գյուղն ի վեր: Տղան շունչ քաշեց, ինչից էլ երերաց և հիմա ընդգծուն տարուբերվում էր գայլի անազդակ, անհաղորդ նայվածքի տակ: Բայց այդ սառը, անշարժ բբումի մեջ այնպիսի մի արագություն կար, պրպտուն ու ավերիչ մի այնպիսի թափ, որ ասես նա թերթում, ընթերցում ու այրում էր տղայի հոգու բյուրաթերթ ամբողջությունը` մի պահի մեջ… ասես գտավ իբր մոռացությանը, իբր չգոյությանը պահ տված այն գաղտնածածկ ցանկությունները, երազանքներն ու իղձերը բոլոր մանրամասնություններով, և հևա՜ց  գազանը…

Հետո, երբ գայլը թողեց տղային, ժամանակ պահանջվեց, որ նա հասկանար, թե մենակ է… Հեռանալիս գայլը կես մի քայլ էլ էր առաջ եկել, դանդա՜ղ, կես մի քայլով էլ մոտեցել ու ունկնդրել էր մարդկային սրտի գույժը, ապա անհետացել` կարծես թե չէր էլ եղել…

…Հեռու քաշված` Տիգրանը դիտում էր երկինքը. ոչնչի ու մեր սրտազարկերի միջև ընկղմված այդ խանդոտ աստղաբույլերը, որոնց հիմա ջնջում էր ելնող արևը, ինչպես գայլն իր մեջ եղածն ու չեղածը: Ամեն ինչ, բացի ապրելու անհագ, անբավ ու հարակա տենչից` այդ անբնույթ ու անկաղապար չգոյի առաջ մեր ընկնավոր, կատարյալ վախից… Դեռևս անփոփոխ դիրքով` առանց տեղից շարժվելու կամ այդ ուժն ունենալու, նա տեսնում էր իր սրտի իրական տիրոջ բնավորվելը, որ մի հավքի պես կտցում, քուջուջում ու մաքրում էր մոխրի վերածված աստվածիկների ծվարը, որ թուխս նստեր…

Հեռվում` Եղնախաղի լեռներ գնացող բլուրներից մեկի վրա, որձ գայլը կանգնել, շրջվել էր դեպի գյուղ: Էգը մոտեցավ` լուռ ու հաշտ կքանստեց կողքին: Այգաբաց էր. հարսնացած շաղի զուսպ ու ճչուն աչիկների շքերթ, որ բռնել ողջ բարձրավանդակն ու պղպջում էր, ինչպես վարարած, փրփրադեզ մի որթատունկ…

-Նարե՛,- շշնջաց որձ գայլը: — Այդպես էր աղջկա անունը:

-Նարե՜,- հոգոցով ու բազմանշանակ երանգեց էգը:- Մի՞թե նա էլ չի հավատում մահվանը…

-Թող քո սերունդը պահպանի՛ նրան, ո՛վ մայր գայլ…

Լռեցին: Ողջ բնությունը սսկվել էր դեպի արև, դեպի լույս ու ջերմություն հեղեղվելու պահի առաջ: Գայլերը շարունակում էին դիտել արծաթյա շղարշների մեջ կոծկված գյուղը, ուր Նարե անունով աղջիկը վաղուց ելել, կուժն առել ու սպասում էր արևին, որ բռներ դեպի ձորի աղբյուր տանող կածանը: Նա լսում էր իր սրտի բեկ-բեկ զարկերը, որ հիմա արձագանքում, գիլ առ գիլ զնգում էին կժի մեջ ու խլացնում աշխարհը… Իրականում նուրբ, սոսափահունչ հույզեր էին ծնվում, որ անտեսանելի հյուսքերով պարպվում, փնջվում ու կամարում էին տունը, հետո գյուղը, հետո լեռնագոգերը, կատարներն ու ցնորում երկիրը, իսկ երկինքն արբունքից գժվում ու անդիմակա մղվում էր աղջկա սրտիկը, բայց այդ սիրտն արդեն նվաճող ուներ… Բայց փշալարե շղթաներ ու նիզակացից պատեր կային աղջկա ու նրա սիրո միջև. ահա հայրը խոժոռվել, կծկել ուսերն ու հա՛ ծխում է: Եղբայրները կատաղած են, չհանդուրժող և անկառավարելի մի շարժման մեջ ընկած` իրար են բախվում. չե՛ն տեսնում իրար, չե՛ն նայում իրար: Ամենուր, տան բոլոր անկյուններում Նարեի բղավոցն է կանգնած, ճաքող, կեղեքող ու սիրառատ ճիչը: Մայրը ձեռքը շուրթին տարել ու հիշողություններ է օրորում: Տագնապը, գաղտնի պահվող ուրախությունն ու ապշանքը իրար են բախվում, բայց կինը ոչինչ չի համարձակվում ասել աղջկան: Պատուհանի տակ ուշաթափված ժամանակից մի փշրանք ոտքի նետվել և վազում էր գայլահետքերի միջև` ճկվում, գալարվում ու կծկվում գայլի պես, մինչև որ գտավ և ահա նետվեց դեպի աղջիկը. բոցե պարե¬րով նախշեց այտերը, շուրթերին դիպավ, խենթացավ, դոփեց նռնացոլքե աչքերի մեջ էլ և հիմա թմբկահարում էր հևատրոփ կրծքի խորշերը և արագություն կորզում նրա սրտիկից, որ կարողանար երկինք համբառնալ, որովհետև ո՛չ մութ էր, ո՛չ լույս, և ոչ մի ուղի ու ճամփա չկար, որովհետև ցնո՛րք էր ողջը, ցնծալի, սրբազան ցնորք…

Հեռվում անշարժացել էին գայլերը: Առաջ հակված` նրանք ըմբոշխնում էին գյուղից ծիածանվող այդ շիկացած, բայց անտես ճաճանչները, որ արևագալ էին հալում, որ հարթում էին արևի ճամփան…

Հետո գայլերն էլի հևացին…

 

 

Անդին 3, 2013

Share

Կարծիքներ

կարծիք