Լուռ հոգիներ

Հեղինակ:

20142411114844700

Լսում եմ աղերսագին ձայներ՝ օգնության ճիչեր, որոնք երբեք չեն դադարում՝ հուսալով, որ ես նրանց կլսեմ և կօգնեմ: Այդ ձայները գալիս են բալասանաբույրի ուղղությամբ, որի մեջ ես ամբողջովին թաթախված եմ: Աղերսաձայները և բալասանաբույրը ամրաձուլված են իմ մարմնին և հոգուն: Ես հիմա էլ լսում եմ այդ ձայները՝ «Գեբրիո՜ն, օգնի՜ր, խոսեցրու լուռ հոգիներին»: Հոգիներն ինձ՝ Գեբրիոնիս, իհարկե, այցի գալիս էին, բայց ունեին մի տարօրինակ հատկություն. նրանք անշարժ ու լուռ էին՝ կանգնած իրենց ամրատիտան պատկերով, նայում էին ինձ որպես նոր աշխարհ եկած Միածնի՝ կարծես սպասելով իմ հրահանգներին: Մի քանի րոպե անշարժ, լուռ կանգնելուց հետո նրանք միաձուլվում էին ծխախոտիս ծխի ամպին և անհետանում (սովորության համաձայն՝ նրանց հայտնվելուն պես, վախս թուլացնելու նպատակով, ծխախոտս անմիջապես վառում էի):

Ես կարողանում էի դիմանալ նրանց հրացայտ պատկերին: Նրանք ուժգնորեն հուր էին արձակում իմ ուղղությամբ: Նրանց դեմքը պատված էր տարբեր գույների ինչ-որ հեղուկներով: Կարծես եկել էին ինձ մոտ, որպեսզի ես այդ հեղուկներով նկարեմ իրենց քիթը, բերանը, աչքերը, երեսների ժպտացող և տխրող դիմախաղերի հստակ ռիթմն ու կառուցվածքը: Մինչ ես մտածում եմ նրանց մասին՝ նորից լսվում են թախանձագին աղերսաձայները. «Գեբրիո՜ն, օգնի՜ր, խոսեցրու լուռ հոգիներին»: Այս գիշեր ձայներն այնքան երկար են հնչում, որ ուղեղիս պտուտակները թուլանում են, ննջում եմ և քնում:

Առավոտյան արևի վառ լույսը ծակում է աչքերս, և անկողնուցս վեր թռնելով՝ շտապում եմ դուրս: Այն ուժը, որն ինձ ակնթարթային արագությամբ մղեց դեպի դուրս, թույլ չտվեց նույնիսկ հագնվել, միայն հասցրեցի մատների ծայրով ճանկել տաբատս: Դուրս գալով տնից՝ հայտնվեցի անծայրածիր և անսովոր քաղաքի մեջ: Արևն այնքան ուժեղ էր ճառագում՝ կարծես մի քանի միլիոն կիլոմետր մոտեցած լիներ երկրին: Ոտքերիս տակ զգում էի արևի ջերմությունից այրվող գետինը:

Մի քանի հարյուր մետր քայլելուց հետո այրող ջերմությունից ծանրացած և հոգնած ոտքերս կանգ առան, իսկ բերանիս մեջ տապից գոյացած կպչուն, մածուցիկ նյութն ինձ գրեթե զրկել էր շնչելու հնարավորությունից: Ուժասպառ փռվեցի գետնին: Շուրջբոլորս անհամար տարատեսակ կառույցներ էին՝ նման աշխարհի բոլոր երկրների մշակութային կոթողներին: Փողոցները նեղ էին կամ սովորական ու լայն, իսկ վերևից արևն ագահորեն հալում էր դեմքս: Շուրջս հնչող ծանոթ ու անծանոթ ձայների բազմազանության մեջ նորից լսվեցին աղերսագին կանչերը. «Գեբրիո՜ն, օգնի՜ր, խոսեցրու լուռ հոգիներին»: Այդ աղերսաձայներից արդեն երկատված, պառակտված՝ զայրույթի մի ճիչ արձակեցի. «Ինչպե՜ս»: Պատասխանը չկար: Նորից նրանք կրկնում էին. «Գեբրիո՜ն, օգնի՜ր, խոսեցրու լուռ հոգիներին»: Մի քանի անգամ կոկորդս պատռելով՝ ծղրտացի. «Ինչպե՞ս, որտե՞ղ է պատասխանը»: Մոտ տասն անգամ գոռալուց հետո լսվեց անորոշ մի ձայն. «Այնտեղ, ուր փուչ է»: Մեռնելու վտանգը լարեց երևակայությունս ու գիտակցությունս: Ձայները չքացել էին: Ես պետք է տրամաբանեի այս առեղծվածային պատասխանը: «Ուր փուչ է». ինչ կարող է դա լինել: Այրող ցավն ինձ ստիպեց ինքնաբերաբար ձեռքս տանել դեմքիս: Բայց դեռ հազիվ հպվել էի, ձեռքս իսկույն ետ քաշեցի. դեմքս բոցավառված վառարանի պես տաք էր: Ուժերի գերլարումով փորձեցի ոտքի կանգնել, բայց չստացվեց: Հասկացա, որ լավագույն դեպքում ինձ սողալ կհաջողվի: Բայց ես պետք է ամեն գնով, թեկուզ կյանքիս գնով գտնեի պատասխանը: Ես միշտ կարողացել եմ տրամաբանել և երևակայել: Անհրաժեշտ էր տրամաբանությունս միացնել երևակայությանս, որպեսզի գիտակցությունս հուշեր պատասխանը: Այդպես էլ արեցի: Պատասխանը չուշացավ. դա գետնի տակ է, հողի տակ, այնտեղ, ուր փուչ ու դատարկ է: Պետք է այնտեղ գտնել դատարկ տարածքը:

Սողալով մի քանի մետր՝ գնացի դեպի առաջ ու ետ՝ միաժամանակ շոշափելով հողը: Ոչինչ չէի զգում: Դժվար էր որոշել՝ հողի տակ դատարկությո՞ւն է, թե ոչ: Որոշեցի ձեռքի ափով ու բռունցքով հարվածել գետնին, որպեսզի ավելի լավ զգամ՝ դատարկ հողակտոր կա՞, թե ոչ: Հարվածներս արդյունք չտվեցին: Դատարկության և ոչ մի ձայն չկար: Սողալուց մարմինս տաշտշվել էր: Փորձեցի մեկ ոտքով հրվել գետնից և առաջ թռչել: Ձախ ոտքով հենվեցի հողին (մեջս արդեն ուրվագծվել էր իմ դիմացի անբացատրելի դատարկությունը)՝ ամբողջ ուժով ինձ հրելով դեպի առաջ, միաժամանակ ձեռքիս ափը լայն բացած, որպեսզի ընկնելու պահին կարողանամ ձեռքի ուժեղ հարված հասցնել գետնին: Առաջ նետվելիս ձեռքս մխրճվեց քարքարոտ հողի մեջ: Արյան կաթիլներն ափիցս անմիջապես ժայթքեցին դեմքիս և իսկույն չորացան: Արյունից վախեցած՝ ինձ ետ տարա դեպի հողը, հետույքով բախվելով գետնին: Ցավ չզգացի, միայն լսվեց մի դատարկ դնգոց: Աչքերս իսկույն լցվեցին հույսի արցունքներով: Շրջվեցի՝ քարի մի մեծ կտոր ձեռքիս, փորձելով ծակել հողը: Ուժեղ հարվածների ժամանակ զգացի, որ երգաձայներ են լսվում: Հետաքրքրությունս ավելի լարվեց, և սկսեցի դմբդմբացնելով ծակել հողը, որը հանկարծ սկսեց հոսել ներքև: Ես ավելի ուժգնացրի հարվածներիս թափն ու արագությունը: Արդեն մոտ կես մետրանոց անցք էի բացել, որտեղից ավելի հստակ էին լսվում երգաձայները: Քարը շպրտելով՝ սողոսկեցի փոսի մեջ ինչ-որ բան տեսնելու հույսով: Խրվելով փոսի մեջ՝ տեսա բոցաձև ստվեր արձակող մանկանման մի էակի, որը մի անհայտ լեզվով հոգեթով երգ էր երգում: Այդ երգի ձայներն ու հնչյունները ես լսել էի մի տեղ, մի ժամանակ, բայց չէի կարողանում հիշել, թե որտեղ: Նայելով նրա մանկական ու հմայիչ դեմքին՝ կարկամեցի: Հողի տակ գտնվելով՝ նրա դեմքը և մարմինը փայլում էին մաքրությունից, նա կուչ եկած երգում ու նայում էր ինձ իր մոգական ժպիտով: Նրա մեջ սատանայական ինչ-որ անբացատրելի, միաժամանակ գայթակղիչ բան կար: Ամբողջովին մերկ էր. մարմինն աստվածային կատարելություն ուներ, աչքերը մուգ շագանակագույն էին, ձայնը կարծես գալիս էր միլիոնավոր տարիների խորքից: Ես հազիվ կմկմալով կարողացա մի քանի բառ ասել. «Բաա՜աա՜րև ձեզ, ես Գեբրիոնն եմ, իսկ Ձեր անունն ի՞նչ է»: Նա, գլուխն աջ ու ձախ կտրուկ թեքելով, մի պահ իր վառվռուն, սիրատոչոր աչքերով նայեց ինձ, հետո հայացքը խոնարհելով ասաց. «Նաամահն եմ՝ հուդայական սատանուհին, գայթակղության աստվածուհին»: Գլուխս բարձրացնելով՝ ես տեսա, որ արդեն հայտնվել եմ խորը մի անդունդում, այնքան խորը, որ նույնիսկ արևի ճառագայթներն ինձ չեն հասնում: Մոլորված նայում էի նրան: Նաամահը նայեց դեպի ձախ, որտեղից դուրս եկավ մոտ երեք մարդաբոյ, սլացիկ տեսքով մի գեղեցկուհի: Նաամահը, սիրագութ հայացքով նայելով, քնքուշ ձայնով ասաց. «Իսկ ինքը Հեկատեն է՝ հունական ստորգետնյա թագավորության աստվածուհին և կախարդուհին»:

Հեկատեն լայն-լայն քայլելով եկավ Նաամահի ուղղությամբ, նստեց նրա կողքին՝ ձեռքը գցելով նրա պարանոցին: Այս ու այն կողմ նայելով և ինձ ծանոթ ոչ մի երևույթ կամ առարկա չտեսնելով՝ ես նորից դիմեցի Նաամահին. «Նաամահ, գայթակղության մեծն աստվածուհի, ինչո՞ւ եք երգում, և ի±նչ լեզու է դա»: Նաամահը, թեթև ժպտալով, սկսեց խոսել. «Իմ երգն ունի այնպիսի գայթակղիչ ուժ, որ ես՝ աստվածուհիներից միակ ողջ մնացածս, երկրի վրա կարողացա գայթակղիչ քաղցրահունչ երգով ստիպել Հեկատեին, որ գա իմ ետևից: Ես երգեցի մոտ հինգ հարյուր տարի, մինչև նա լսեց իմ ձայնը և, գալով երկիր, տարավ ինձ ստորգետնյա թագավորություն: Երկրի վրա ես միայնակ էի մնացել, ինձ պետք էր գոնե մի աստվածուհի կամ սատանուհի, որի հետ կմնայի և ինձ միայնակ չէի զգա»: Մեջքն ուղղելուց հետո Նաամահն անմիջապես հմայեց ինձ, հատկապես իր համաչափ ու գեղեցիկ կրծքերով և որովայնով: Նա շարունակեց պատմությունը. «Լեզուն, որով ես երգում եմ, հին եբրայական, հուդայական լեզու է, հիմա դրանով քչերն են խոսում»:

Չսպասելով խոսքի ավարտին՝ ես նրան ընդհատեցի. «Հիասքանչ աստվածուհի, ինձ գիշերները տանջում են աղերսագին ձայները, որոնք գալիս են անէությունից: Նրանք ասում են. «Գեբրիո՜ն, օգնի՜ր, խոսեցրու լուռ հոգիներին»: Հետո նրանք ինձ հուշեցին Ձեր տեղը՝ ասելով, որ գտնվում է դատարկության մեջ: Ես՝ արևից տանջված, խանձված, հալված դեմքով, հազիվ գտել եմ Ձեզ և ուզում եմ, որ պատասխանեք իմ հարցերին: Ինձ միաժամանակ հայտնվում են նաև այդ հոգիների ամրատիտան դեմքերը՝ պատված տարբեր գույնի հեղուկներով: Նրանք լուռ են ու անշարժ և մի քանի վայրկյան մնալուց հետո անհետանում են: Նրանք փոխվում են՝ փոշոտվելով ու խաչասերվելով, ապա տարրալուծվում են ծխախոտիս ծխի մեջ և անհետանում»:

Խոսքս ավարտելով՝ հոգնած մեջքիս վրա փռվեցի տաք հողակտորին՝ չսպասելով նույնիսկ պատասխանի: Հեկատեն ձեռքի կախարդական շարժումով ինձ սթափեցրեց, քաշեց իր կողմը: Մատների նուրբ հպումով նա բուժեց դեմքիս այրված հատվածները, ձեռքը սահեցնելով ամբողջ մարմնովս մեկ՝ բուժեց մարմնիս վերքերը և ասաց. «Մի քանի րոպե առաջ դու ուզում էիր հպվել ինձ, բայց վայրկենապես ետ քաշեցիր ձեռքդ: Ձեռքդ դիր սրտիս, և քո միջից կվերանան ցնորական մտքերն ու դառնությունը»: Խոսելու ընթացքում նա միաժամանակ իր նուրբ, երկար մատներով բռնելով աջ ձեռքս՝ մոտեցնում էր իր սրտին: Մարմինս սկսեց շարժվել, առաջ մղել ձեռքս դեպի նրա կուրծքը, որի տակ բաբախում էր չծերացող սիրտը: Դողացող ձեռքս դրեցի նրա կրծքին: Մարմինս ու հոգիս անմիջապես ողողվեցին լույսով, ներսիս մութ տարածությունն անմիջապես փոխարինվեց կախարդական լույսերով: Հոգնածությունս անցավ, բերանիս կպչուն, թանձր հեղուկը փոխարինվեց աստվածային քաղցր հմայանյութով: Մարմինս կարծես վերածնվեց՝ կազդուրված տիեզերական ստորգետնյա ձեռքով՝ որպես զորեղ կախարդանքի գլուխգործոց: Արդեն վերամարմնավորված՝ ես շարունակեցի ուշադիր լսել Հեկատեին: Նաամահը լուռ ինձ էր նայում և մատներով խաղում մազերիս հետ, շոյում դեմքս: Գայթակղությանը չդիմանալով՝ գլուխս դրեցի նրա գոգին, դեմքով շրջվելով դեպի Հեկատեն: Վերջինս շարունակեց իր պատմությունը. «Գեբրիոն, դու հիմա և հետո երբեք չես հիշելու, թե ո՛վ ես, ո՛ւր է քո ընտանիքը, որտե՛ղ ես ապրել, քանի՛ տարեկան ես: Դա նրանից է, որ գիշերային աստղաշատ մի օր դու պոկվել ես միլիարդավոր աստղերի բախումից առաջացած կայծից՝ ցած ընկնելով մարմնավոր գեղեցիկ երիտասարդի կերպարանքով: Աստղերը քեզ ուղարկեցին մեռած լուռ հոգիներին խոսեցնելու նպատակով: Այդ նրանք են ամեն գիշեր աղերսաձայներ հանում, հոգիները քեզ պատահական չեն հայտնվում. նրանք գիտեն քո աստղային ծնունդը, քո երևակայական ու գիտակցական կարողությունները, սակայն միաժամանակ քո մեջ ամփոփված են և՛ աստվածայինը, և՛ տիեզերականն ու մարդկայինը: Աստվածայինի հետ է կապված քո՝ բալասանաբույրով թաթախվածությունը և մարդկայինի հետ է կապված քո հոգնածությունը, չափավոր դիմացկունությունը և նման այլ երևույթներ, որոնք հատուկ են միայն մահկանացուներին»:

Ես լսում էի՝ սիրահարված Նաամահի անսահման գեղեցկությամբ: Երանության մեջ պառկած՝ չէի ուզում, որ այս պատմությունն ավարտվի: Երջանիկ պահեր էի վայելում երկու աստվածուհիների ընկերակցությամբ՝ զերծ մարդկային կասկածամտությունից, բարդութավորվածությունից, չարությունից և նենգությունից: Ես ինձ այդ աստվածուհիների սիրեկան էի երևակայում՝ միակ տղամարդը, ում պարզապես անհնար է չսիրել: Նրանք այնքան ժպտադեմ էին, գեղեցիկ ու խորհրդավոր. ես կարծես մի փոքրիկ շնիկ լինեի, որը բախտի բերմամբ ընկել է հոգատար մի ընտանիք: Մարմինս կատարյալ թուլացած էր և հաճույքով լի՝ նրանցից ներարկված սիրով ու վստահությամբ:

Հեկատեն նայելով իմ մշուշված, երազկոտ դեմքին՝ շարունակեց պատմությունը. «Գեբրիո՛ն, այդ իմ հրահանգով էր, որ Նաամահը երգում էր ու կանչում աստղերին, որոնց իմ կախարդանքի ուժով հնչյունավորում և խոսքի ուժ էր տալիս, որպեսզի նրանք կանչեն քեզ: Նաամահն այնքան ուժեղ և զգայուն սկսեց երգել, որ նրանք ազդեցին քո երևակայական, գիտակցական դաշտի վրա և քեզ դուրս մղեցին տնից: Այդ մենք կարողացանք հուշել մեր գտնվելու տեղը: Այստեղ՝ ստորգետնյա աշխարհում, հետաքրքրություն շարժող կամ շահագրգռող ոչ մի բան չկա, սակայն մենք հեռու ենք երկրի իրարանցումից ու քաոսից: Հոգիները լռել են, նրանց լռելուն պես սկսվել է մի կատարյալ խառնաշփոթ ու անհեթեթ քաոսային տենդագին վազք մարդկանց, կենդանիների և ընդհանրապես բոլոր մեծ ու փոքր և նույնիսկ անտեսանելի էակների միջև: Բոլոր պետություններն ու ժողովուրդները, ցեղերն ու ցեղախմբերը, վայրի և ընտանի կենդանիներն ու թռչունները և նույնիսկ մակաբույծները կենտրոնացել ու միախառնվել են մի անորոշ տարածության մեջ: Տագնապն ու սովը, լաբիրինթոսային աշխարհակենտրոն շինությունների բազմությունը, մարդկային երևակայության խելագար դրսևորումները միախառնվել ու խախտել են մարդկանց հոգեաշխարհն ու գործողությունների ղեկավարման կանոնակարգը: Նրանք՝ կենդանիներն ու մարդիկ, անընդհատ օր ու գիշեր քայլում են խուճապահար և տագնապած: Մարդիկ չեն գտնում իրենց տներն ու հարազատներին. նրանց հոգին պատել է վերահաս ինքնաոչնչացման, կործանման տագնապը:

Աստվածաշնչում բոլորդ կարդացել եք, թե իբր Բաբելոնյան աշտարակաշինության խառնաշփոթի պատճառը հանդիսացել է մարդկային տգիտությունը և Աստծուն հասնելու հիվանդագին ձգտումը: Բայց իրականում Բաբելոնյան աշտարակաշինության խառնաշփոթը կապվում էր ոչ այլ ինչի, քան հոգիների լռության հետ: Դրա համար է, որ աշտարակաշինության այդ անիմաստ պատմությունը տեղ է գտել Աստվածաշնչի մեջ: Հոգիների լռությունը համընկել է աշտարակի շինարարության ժամանակաշրջանի հետ»:

«Իսկ ինչո՞ւ են հոգիները լռում»,- մանկական պարզամտությամբ հարցրեցի ես: Հեկատեն ձայնն ավելի տպավորիչ և հնչեղ դարձնելով՝ շարունակեց պատմությունը.

«Հոգիները ուշ-ուշ են լռում, բայց երբ լռում են՝ տեղի է ունենում այսպիսի խառնաշփոթ, իրարանցում ու քաոսային վազք: Հոգիները լռում են շատ ուշ, սակայն նրանք հոգնում են խոսելուց, անընդհատ շարժման մեջ գտնվելուց և փրկության ու գթության, ինչպես նաև գիտակցական նոր, բարձր աստիճանական դռներ բացելուց: Բաբելոնյան աշտարակաշինությունից առաջացած խառնաշփոթից հետո հոգիներին կարողացել է խոսեցնել Աբրահամը՝ դրանով իսկ մարդկությանը փրկելով քաոսային վիճակից ու ոչնչացումից: Հոգիները պետք է միշտ խոսեն և շարժվեն, որպեսզի Երկիր մոլորակն ապրի իր բնականոն հունով: Հոգիներին հասարակ մահկանացուները չեն լսում և տեսնում, բայց զգում են ինչ-որ գերբնական ուժի առկայություն՝ դրա մասին գրելով գրքեր, նկարահանելով ֆիլմեր: Դրանք մահացած մարդկանց լուսավոր հոգեհամաձուլվածքն են: Նրանց կարող են լսել և տեսնել միայն գերզգայունները, տվյալ դեպքում՝ միայն դու: Հենց հիմա լսում ես ու զգում ճայերի թռիչքը, ծովից ու օվկիանոսից եկող մեղմ քամու ձայնը: Նրանք արդեն մոտենում են այս անորոշ տեղանքին, ուր պետություններն ու ժողովուրդները միավորվել են, ուր միավորվել է ամեն մի շնչավոր կենդանի, ուր միավորվել են բոլոր տարածքները, սակայն մարդկանց վերջնական կործանումը կլինի, երբ օվկիանոսներն ու ծովերը, նաև գետերը կհոսեն դեպի այս տարածք: Ամեն ինչ կոչնչանա և անհետ կկորչի: Այդ պատճառով դու՝ Գեբրիոն, պետք է խոսեցնես լուռ հոգիներին»:

Ձախ ցուցամատի եղունգը հանելով, որն, ի դեպ, մի մատնաչափ կլիներ, նա տվեց ձեռքս՝ ասելով. «Այս եղունգով դու արագ կգծես նրանց բերանը և վերևի ու ներքևի շրթունքների արանքում անցք կբացես, որպեսզի խոսեն: Եղունգով բացիր նրանց բերանները, մի քանիսինը հերիք է, որ բացես: Դրանից հետո եղունգը հանձնիր նրանցից մեկին: Նրանք իրենք կբացեն մյուսների բերանները՝ եղունգը փոխանցելով ձեռքից ձեռք:

Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ նույնպես հոգիները լռել էին, բայց նրանցից մեկը դեռևս շշնջում էր և կարողացավ Նոյին հուշել, ով այդ ժամանակ բոլոր մարդկանցից ամենախելացին ու իմաստունն էր: Այդ հոգին կարողացավ մարդկությանը փրկել վերահաս կործանումից՝ Նոյին տալով փրկության հիմնական միջոցները և գաղափարը: Եվ Նոյը կարողացավ իր ընտանիքով ու հարսներով, կենդանական աշխարհի զույգ ներկայացուցիչներով փրկել մարդկությանը և կենդանական աշխարհը իր կառուցած տապանով: Նոյն այդ քառասուն օրվա ընթացքում կարողացավ տալ նաև իր գավազանի կտորից մի մաս, որպեսզի հոգիները դրանով բացեն մնացած լուռ հոգիների բերանը: Բայց հիմա վտանգն ավելի սարսափելի ու անկասելի է, քանի որ հոգիներից և ոչ մեկը գոնե չի շշնջում, բոլորը լուռ են: Դու պիտի շտապես»:

Եղունգն ափիս մեջ դնելով ու նույնիսկ չսպասելով, որ հրաժեշտ տամ, նրանք ինձ հրեցին՝ թռցնելով դուրս՝ դեպի երկիր: Հայտնվելով երկրի վրա՝ ստորգետնյա աշխարհի մուտքի մոտ, տեսա մարդկանց ու գազանների խուճապահար և տանջալից վազքը: Այնքան դժոխային խառնաշփոթությամբ էին վազում մարդիկ ու կենդանիները, որ նույնիսկ չէին նկատում միմյանց: Դեմքիս փչում էր օվկիանոսից ու ծովից եկող թույլ քամին: Ես արագացրի քայլերս դեպի տուն: Մի քանի րոպե հետո արդեն տանն էի: Օրը մթնել էր, իսկ ես սպասում էի հոգիների նոր գալստյանը: Մի քանի րոպե սպասելուց հետո զգացի նրանց մոտալուտ գալստյան շունչը: Անմիջապես, սովորությանս համաձայն, վառեցի ծխախոտս՝ տրամադրվելով նրանց դիմավորելուն: Դժվար էի դիմակայում անհանգստությանն ու վախին: Նրանք իրենց ամրատիտան պատկերով ակնթարթային արագությամբ հայտնվեցին դիմացս: Կարծես լսած լինեին նախօրոք հաղորդված փրկության ավետիսը: Ես անմիջապես կանգնեցի նրանց հրացայտ պատկերների առջև, գրպանիցս հանեցի կախարդուհու մատնաչափ եղունգն ու սկսեցի նրանց՝ բազմագույն հեղուկներով պատված դեմքին գծել բերանը, աչքերն ու քիթը, ականջներն ու տխրության և ուրախության հստակ ռիթմն ու շարժը: Հիշելով Հեկատեի խոսքերը՝ մի քանիսի արտաքինը նշմարելի դարձնելուց հետո եղունգը հանձնեցի նրանց: Լուռ հոգիներից նրանք, ովքեր արտաքին ունեին, սկսեցին աղմկոտ շշնջալ ու շարժվել՝ արագ-արագ գծագրելով մյուսների դիմագծերը և եղունգը փոխանցելով ձեռքից ձեռք: Նրանք սկսեցին աստիճանաբար խաչաձև շարժումներով փոշու վերածվել ու խառնվեցին ծխախոտիս ծխի ամպի մեջ և, միաձուլվելով, անհետացան: Հանգիստ շունչ քաշեցի, ապա պարանոցս ու մեջքս թուլացնելով՝ փռվեցի անկողնուս: Շուտով լսվեցին ձայները, բայց դրանք ոչ թե աղերսաձայներ էին, այլ զվարթ, հրճվախառն ձայներ. «Գեբրիո՜ն, Գեբրիո՜ն, դու կարողացար խոսեցնել լուռ հո՜իներին, այնպես անել, որ նրանք շնչեն լուսավոր պայծառությամբ: Դու փրկեցիր հոգիներին ու աշխարհը, դու փրկեցիր մեզ բոլորիս: Գեբրիո՜ն, Գեբրիո՜ն, Գեբրիո՜ն:

Դու հիմա կմիաձուլվես աստղերի հետ և կվերադառնաս այն ժամանակ, երբ հոգիները նորից լռեն: Շնորհակալություն, Գեբրիո՜ն, դու հիմա գնա, միացիր աստղերին, գնա՜, գնա՜»:

Ես, տեղաշարժվելով, պոկվեցի անկողնուցս, բարձրացա վեր, պատուհանից դուրս թռա և կայծակնային արագությամբ միաձուլվեցի աստղերի անհամար բազմությանը: Մի վերջին անգամ լսեցի Հեկատեի և Նաամահի քաղցրանույշ ձայները. «Գեբրիո՜ն, մենք քեզ սիրո՜ւմ ենք, դու կլինես աստվածների ամենասիրելին ու պաշտելին: Դու խոսեցրիր լուռ հոգիներին ու փրկեցիր աշխարհը: Մնաս բարո՜վ, Գեբրիո՜ն»: Եվ ես միաձուլվեցի աստղերի բազմությանը՝ դառնալով մարդկության անհայտ փրկիչը:

 

Անդին 6, 2014

Share

Կարծիքներ

կարծիք