Լեգենդ

20140310131956970

Մի քանի ձուկ, հայտնված շուկայում, հոգեվարքի մեջ են և իրենց բախտի վերջին ճիգն են անում կարծես, ցանկանում պատմել մի եղելություն, որ չեն տեսել, բայց հիշում են:

Գետի հին կամուրջի վրա, ուր այժմ մեքենաներ են սլանում, մի օր հանդիպում են արջի քոթոթն ու աղավնին: Այնքան են իրար նայում, զննում, հմայվում, խաղում, որ հանկարծ լեզու են առնում: Որոշում են բռնել քաղաքի ճամփան ու մարդ դառնալ: Կախարդական մի թուխպ նրանց մի պահ իր մութ գիրկն է առնում, և հաջորդ վայրկյանին արջուկը դառնում է աղջիկ, աղավնին՝ տղա: Աղջիկը՝ մարմար, տղան՝ գանգրահեր: Սերը դառնում է նրանց ուղեկիցը և օգնում հասնել առասպելական քաղաքը, ուր նավեր են շողշողում, ոսկե մրգեր օրորվում ծառերին, գունագեղ թռչուններ գեղգեղում երկնքում: Հրապարակ և աշտարակ, հյուրանոց ու սրճարան, ճանապարհներ վերգետնյա և ստորգետյա, և պսպղուն կառույցներ, որտեղ մուտքն արգելված է ոմանց:

Աղջիկը հաճույքով պաղպաղակ է ճաշակում, իսկ տղան ծխում է ու դառնահամ սուրճ խմում: Քաղաքը դրախտ է թվում, ուտելիքը՝ անմահական: Երջանիկ պահեր են ապրում և հմայված մոլորվում՝ իրենց հոգսը հանձնելով նորին մեծություն Պատահականությանը: Բայց նրանց բախտը չի բերում, ամեն անկյունից դև ու հրեշ է հայտնվում, ամենուր անկուշտ գայլեր են վխտում, խորամանկ աղվեսներ, միամիտ ոչխարների հոտեր, սովահար շներ ու կատուներ, սիրամարգ պճնամոլ այծեր, ձիեր երիվար, բորենիներ անկուշտ, որոնք առիթըբաց չեն թողնում իրար և մյուսներին կեղեքելու, հոշոտելու, հոգի հանելու: Բայց չեն տարբերվում իրարից, քանզի բոլորն էլ ունեն հագած շապիկ և կրում են կոշիկ:

Հեքիաթային քաղաքի հասցեատերերը ճարպոտ խոզերն ու հավերն էին, տնակյացները՝ հղփացած խեղճ ու կրակ աղքատները, խաբեբաներն ու պոռնիկները: Բոլորը մի հալի ու օրի, առևտրի ծաղկուն տարի: Քաղաքն օր օրի հիշեցնում է տարօրինակ անտառի, իսկ ավտոմեքենաները՝ մեծ-մեծ բլոճների, որ շարվում ու շարժվում են իրար հետևից՝ մթնոլորտի կենսական հյութը ծծելով:

Տղան կորցնում է աղջկան քաղաքի անվերջ փողոցներում, այս ու այն կողմ է թռչում և ի վերջո հուսահատվում:

Աղջիկը հեռանում է քաղաքից, ձորում մի անկյուն գտնում և մեկուսանում:

Այստեղ էլ հեքիաթն ավարտվում է, և երկնքից երեք խնձոր չի ընկնում:

Ձկնավաճառ տղան ոչ աչքերն է թարթում, ոչ էլ բան է լսում և, բանին անտեղյակ, իր վաճառած ապրանքի շահույթն է սառնասրտորեն հաշվում:

 

 

Անդին 11, 2013

Կարծիքներ

կարծիք