Իրականության և կինոյի մասին` Արթուր Մանուկյանի հետ

Լուսանկար

Կինոն հենց կյանքն է, որից, սակայն, հանված է նրա ամբողջ ձանձրալի մասը: 

 

20-րդ դարի մեծագույն արվեստի` կինոյի մասին այսպես էր մտածում նույն արվեստի ամենավառ անհատականություններից մեկը` Ալֆրեդ Հիչկոքը: Իսկ իրականության և կինոյի սահմանների , ամենասպասված ֆիլմի և առհասարակ կինոյի մասին զրուցեցինք երիտասարդ ռեժիսոր Արթուր Մանուկյանի հետ:

 

 

Մասնագիտության մասին

 

Ռեժիսորը մասնագիտություն չէ, տեսակ է: Եվ մասնագիտության ընտրության  հարցում ես թերևս հայտնվեցի ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում:  Ես անցա վավերագրական կինոյի այն հզոր դպրոցը, որ իրենց ուսերին կրել էին Արա Վահունին, Սերգեյ Իսրայելյանը, Ալբերտ Յավուրյանը,  Լևոն Աթոյանցը և վերջապես` Ռուբեն Գևորգյանցը:

Տեսակդ պիտի համադրելի լինի գործիդ հետ: Իսկ ես լուռ աշխատող մարդ եմ, և միգուցե դա է պատճառը, որ չընտրեցի խաղարկային ֆիլմի ռեժիսորի ակտիվ, աղմուկի մեջ իրացվող մասնագիտությունը:

Երկար ժամանակ աշխատելով տարբեր հեռուստանախագծերի վրա` որպես ռեժիսոր, որոշեցի զբաղվել նաև տեսահոլովակներով: Հիմա աշխատում եմ վավերագրական ֆիլմի վրա, որը պատմում է հայ ադամանդագործ մի տղայի մասին, ով հիմա ամերիկյան շուկայում մեծ ճանաչում ունի, աշխատել է ամերիկյան շոուբիզնեսի  ամենահռչակավոր դեմքերի հետ: Անցած տարի ես արժանացա «World Armenian Entertainment Awards»-ի «լավագույն ռեժիսոր» մրցանակի, ապա իրենց հետ աշխատելու հրավեր ստացա: Այս տարի ևս համագործակցում եմ` արդեն որպես ռեժիսոր:

 

Ներշնչանքի մասին

Երբեք չեմ հավատացել այն մտքին, թե այս արևի տակ ամեն բան հայտնաբերված է, ներկայացված, և ոչ մի նոր բան չկա:

Կա: Եվ այն մեր շուրջն է, պետք չէ այլ տեղ փնտրել:

Սիրում եմ մարդկանց: Նրանց կյանքի իրական պատմությունները և նրանք, որոնք ինքս եմ հորինում:

Սիրում եմ ինքնաթիռով թռչելիս ձեռք բերած ազատ ժամերս, հետևում եմ ժամանակ ունեցող կամ չունեցող, անշտապ, կարոտած ու անկարոտ մարդկանց:

 

Սպասված ֆիլմի մասին

 

Պատանեկությանս տարիներին մեծ ոգեշնչվածությամբ եմ կարդացել Իրվինգ Սթոունի «Միքելանջելո» գիրքը: Մտածում էի` եթե երբևէ վավերագրական ֆիլմ նկարեմ, այն անպայման կլինի արվեստագետի մասին:

Սիրում եմ կենսագրական գրականություն:

Եվ իմ երկար մտորումներին, թե որը կլինի վավերագրական կինոյի իմ դեբյուտը, ես վերջապես պատասխան գտա. թերևս այն լինի իմ ուսուցչի և արվեստում իմ հոգեհայր Ռուբեն Գևորգյանցի մասին: Կարծում եմ` հայկական վավերագրական կինոյում գլուխգործոց է Գևորգյանցի «Փարաջանով. Վերջին կոլաժ» ֆիլմը: Ու եթե երբևէ նկարեմ իմ ֆիլմը` այն կլինի այդ ֆիլմի շարունակությունը, բայց Գևորգյանցի մասին:

 

 

Կյանքի պատմությունների մասին

 

Ոչ մի ուրիշ գրող ինձ այնպես համոզիչ չի թվում, ինչպես Վիլյամ Սարոյանը:

Նրա աշխարհը պատկերավոր է ու կյանքով լի: Ես երբեք Ֆրեզնոյում չեմ եղել, բայց վստահ եմ, եթե լինեմ, կճանաչեմ բոլոր փողոցներն ու կրպակները, որ նկարագրել է Սարոյանը:

Կյանքը շոշափելի է: Եվ ես չեմ սիրում վերացական ու եթերային պատմություններ, որտեղ կյանքը դիմագիծ չունի և սահմանված չէ:

Դա այն կյանքը չէ, որտեղ կգտնես մարդուն:

Գուցե ճակատագիրը նախատեսել ու ինձ համար պահել է, որ Սարոյանը ներսումս հասունանա ու մի օր ֆիլմ դառնա:

 

 

Հայկական ժամանակակից կինոյի մասին

 

Զգացողություն ունեմ, որ չկա հայաստանյան կինոմատոգրաֆիայի երբեմնի համակարգված ու սահուն ընթացքը: Վերջին տարիներին մեծ արագությամբ լիամետրաժ հոլովակներ են նկարվում, որոնց մեծ մասը կատակերգություններ են:

Տպավորություն կա, որ ֆիլմի ստեղծագործական խումբը նախ գումար է հայթայթում, ապա` գրում սցենարն ու հավաքում դերասանական կազմը: Այսինքն` չկա նախանյութ երազանք, տեսիլք՝ ստեղծագործական թիմով միասին որևէ կարևոր ու մնայուն բան ստեղծելու ցանկություն:

Ես ինձ կատարելապաշտ չեմ համարում, բայց չեմ ուզում, որ անունս գրվի մի ֆիլմի տակ, որի անգամ մի կադրի համար ես կամաչեմ:

Այսօր քչերին կարող եմ նշել, որ իրենց կադրերի ետևում ասելիք ունեն: Խնդիրը կախված չէ միայն բյուջեից կամ էլ սցենարից ու դերասանական կազմից: Փոքր բյուջեով ստեղծված ֆիլմեր կան` Լիլիթ Մովսիսյանի «Մոխրամանը», Արա Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդը», Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» և այլն, որոնք սուղ պայմաններով, բայց ռեժիսորի և դերասանի ներդաշնակ վարպետությամբ դարձել են իսկական կինո:

Մյուս տասնյակ ֆիլմերը ինձ չեն համոզում: Ինչպես Ստանիսլավսկին կասեր` չեմ հավատում:

 

 

Հարցազրույցը պատրաստեց Լազարևա Մարիան

Share

Կարծիքներ

կարծիք