Իսկ թատրոնում նաև խղճի մաքրություն է պետք

Հեղինակ:

ԼուսանկարԿամերային թատրոնի՝ հին լուսամփոփով աղոտ լուսավորված մի սենյակում սեղանին դրված մեծ, հնաոճ մոխրամանը արագ լցվեց ծխախոտի մի քանի մխացող մնացուկներով, մինչ Արշալույս Հարությունյանը պատմում էր ողջ ճշմարտությունը հարազատ թատրոնի և դերասանի առաքելության մասին:

 

-Առհասարակ, դժվար է երկու բառով բնութագրել այն, ինչը քո կյանքն է: Սակայն թատրոնը հրաշքի ու առեղծվածի աշխարհ է, կյանքի փոքր հիմնատիպը, որտեղ մարդը գալիս է զգալու ու մտածելու:

Մարդը վճարում է, որպեսզի դու խաբես իրեն, բայց խոսես ճշմարտության մասին: Եվ երբ քո անձը, հասարակական դերն ու լեզուն չի բավարարում քեզ, դու ուզում ես դառնալ ուրիշը՝ դերասան: Դու հագնում ես մարդկային դերեր և նրանց բերանով ասում այդ ճշմարտությունը:

Ես դեռևս մանուկ էի, երբ իմ կյանքի առաջին ճշմարտությունները լսեցի Խորեն Աբրահամյան, Էդմոնդ Քյոսայան մեծ մարդկանցից… Յոթնամյա տղեկիս համար նրանք դերասան չէին, նրանք բարի, հետաքրքիր ու լավ մարդիկ էին, որոնք ինձ համար պիտի օրինակ դառնային: Իսկ դերասանը կերտվում է թատրոնում և թատրոնի նվիրյալների կողքին, ինչպես ես կոփվեցի Կամերային թատրոնում՝ Երնջակյան դրամատուրգի, գիտնականի և Երնջակյան մարդու շնորհիվ: Նա հորինեց թատրոնի մի հազվագյուտ տեսակ՝ իր ուրույն կանոններով, որտեղ հանդիսատեսը դերասաններից մեկն է, առանց ում ներկայացումը պարզապես չի կայանա: Եվ այսօր Կամերային թատրոն և Արա Երնջակյան անուններն իսկապես հոմանիշներ են դարձել:

Միգուցե թվում է, թե Կամերային թատրոնի հաջողության գաղտնիքը նրա մեծ ջահի կամ փայտե դռան մեջ է: Սակայն չեմ էլ ուզում ժխտել Ստանիսլավսկու այն հայտնի խոսքը, որ թատրոնը սկսվում է հանդերձարանից: Այո՛, Կամերային թատրոնը սկսվում է այդ մեծ, հետաքրքիր դռնից, միջանցքի քանդակներով, սրահի ցուցահանդեսով…

Թերևս Ստանիսլավսկու այս միտքը վերագրելի է և՛ դերասանին, և՛ հանդիսատեսին: Եվ իրավամբ, հանելով վերարկուդ և հագնելով բեմական հագուստդ՝ դու քո վրայից գցում ես առօրյա հոгսդ, որն օտարված է թատրոնում, քանզի դու այստեղ արդեն այլ մարդ ես՝ ուրիշ ասելիքով: Իսկ ասելիքդ պիտի քայլի ժամանակի հետ, բխի այն աշխարհից, որտեղից եկել է քո հանդիսատեսը: Չի կարող մի երկրում զարգանալ կերպարվեստը, երաժշտությունը, գրականությունը, իսկ թատրոնը մնա տեղում:

Թատրոնի նվիրյալները ծնվում են թատրոնում: Մարդիկ, ովքեր գալիս են թատրոն, շնչում արվեստի օդը, ապրում բեմի կյանքով՝ դառնալով նրա մարդը: Այո՛, Կամերային թատրոնի դռները միշտ բաց են եղել փորձարար խենթերի և փնտրողների համար: Եվ քանի որ նյութեղենացած մեր դարում գաղտնիքներ գրեթե չկան, ապա այս թատրոնի գաղտնիքը ես բացում եմ. հանդիսատեսի առջև անկեղծություն և մարդու հոգսի լեզվով հնչած խոսք:

Աշխարհը վազքի մեջ է, համացանցային փոթորիկը կլանել է մեզ փոքրիկ առագաստանավի նման, և թվում է, թե մարդն այլևս մարդեղեն ու հոգևոր ոչնչի կարիք չունի, բայց կնոջ ու տղամարդու միջև կրքերը դեռ չեն հանդարտվել, հայրերն ու որդիները դեռ չեն հաշտվել, իսկ դրանք էլ հենց թատրոնի անսպառ թեմաներն են:

«Ինչ տարբերություն՝ թե ում հետ» և «Փնտրվում է տղամարդ» հոգեբանական դրամաներում հանդիսատեսը տեսնում է դրանց կին բեմադրիչին, 21-րդ դարի մարդուն, ով զգում է մեր աշխարհի ռիթմը՝ դրանք ներկայացնելով դասական դրամատուրգիայի միջոցով: Իսկ մեր ժամանակի դրաման, թերևս, «Ի զե՛ն»-ն է, որտեղ չկա կերպար, կա ժողովուրդ՝ իր հոգսերով, քոչարիով, բերդով, ցորենով, հայրենի հողով լցված պարկերն իրենց հետ տանելով ելք փնտրող, բայց վերջում ի զե՛ն կոչ անող, ոտքի ելած ժողովուրդ, ով վաղ թե ուշ գիտակցում է՝ միակ ելքն իր ուժի մեջ է:

Աշխարհի թատրոնների արդի միտումներն այլ են: Այսօր աշխարհը գրավել է պլաստիկայի ՝ անխոս, անբառ պարերի ու շարժումների վերացարկված թատրոնը: Շատերն էլ, այդ առիթից օգտվելով, անհասկանալին իրացնում են նորարարական բարձրաճաշակության անվան տակ: Սակայն մի՞թե դրա միջոցով հնարավոր է տեղ հասցնել այն ողջ ասելիքը, որը բեմադրիչը, դերասանը, բեմի մտածող մարդն ուզում է ասել իր հանդիսատեսին: Իսկ ինձ համար թատրոնը ճշմարիտ, օրինակելի խոսքի վայրն է:

Մինչև լավ դերասան, լավ բժիշկ կամ օդաչու լինելը նախ պիտի լինել լավ մարդ: Ես չեմ կարող ասել, թե դերասանի գործն առավել կամ պակաս պատասխանատու է օդաչուի գործից, սակայն եթե վերջինս պատասխանատու է իր հարյուր ուղևորի կյանքի համար, ապա դերասանի մի անհեթեթ վարմունքը, գռեհիկ խոսքը կարող է կործանել մի ողջ սերունդ: Այո՛, դերասանը, ի տարբերություն իր համար սցենար գրողի կամ պիես բեմադրողի, հասարակության մեջ դառնում է հեղինակություն, հանրային դեմք: Իսկ արվեստն այն հարթակն է, որտեղ, ի տարբերություն հանրահավաքի հրապարակի, քո խոսքին հակառակվող չկա, և դու քեզ իրավունք ես վերապահում խոսել ինչ-որ ճշմարտությունների, արժեքների մասին: Եվ քանի որ մարդը թատրոն է գալիս զգալու և մտածելու համար, ապա դու՝ դերասանդ, որքանո՞վ ես լիազորված մարդու մեջ արթնացնել այս կամ այն զգացմունքը, դու պատասխանատո՞ւ ես, թե քո խաղից հետո հանդիսատեսդ ինչպես է վարվելու իր հարևանի հետ:

Եվ ես կասեմ՝ թատրոնում խղճի մաքրություն է պետք…

 

 

Մոխրամանի մեջ արդեն մխում էր նրա վերջին ծխախոտը, իսկ ես մտածում էի, թե ինչպիսին եմ ես իմ ուսանողների՝ մի ողջ սերնդի առջև, և ինչ կփոխվի իմ խոսքի մեջ վաղը, այս հանդիպումից հետո:

 

Զրուցեց Լազարևա Մարիան

 

Անդին 10, 2014

Կարծիքներ

կարծիք