Իմրան պապի կոնֆետները

20140310131224801

Իմրանը պապիս ընկերն է: Նրանց մանկությունը միասին է անցել, ժամանակին միասին են մեր սարերում գառներ արածացրել, խաղացել մեր դաշտերում ու այգիներում, միասին են մեծացել ու հասակ առել: Եվ նրանց ընկերությունը շարունակվում է արդեն քանի-քանի տարի: Նա իմ պապի միակ ընկերն է, որ հյուր գալիս մեր տանն է գիշերում և միայն հաջորդ օրն է տուն վերադառնում:
Իմ պապը թուխ դեմք ունի և արծվաքիթ է, Իմրանի դեմքը ճերմակ ու մի քիչ դեղնավուն է, մի տեսակ երկարուկ ու թափանցիկ: Նա շատ բարի պապիկ է, ինձ և քրոջս միշտ խնձոր-կոնֆետներ է բերում, որոնք ձմերուկի նման զոլավոր են՝ կարմիր ու սպիտակ շերտերով, մեծ ու փոքր: Իսկ ամռանը մեր բակը լցվում է նրա բերած աշխարհի ամենախոշոր, ամենաբուրավետ ու ամենաքաղցր սեխերի բուրմունքով…
-Էսօրվա պես եմ հիշում, Իմրա՛ն,- հաճախ ասում է պապս,- հենց գնացքից իջա՝ շուրջս նայեցի: Մութը վրա էր տալիս: Մեկը հեռվից ցածրաձայն անունս տվեց: Ասի՝ ցարի բանակի համազգեստով էս ո՞վ նկատեց: Չնայած մութ էր, բայց անմիջապես ճանաչեցի՝ հերդ էր: Ասեց՝ «Էս ո՞ւր ես ուզում գնաս էս խառը օրերին», ու առանց պատասխանի սպասելու տարավ ուղիղ ձեր տուն…
-Հա՛, Հայրապե՛տ ջան, շատ կարեկից մարդ էր հերս, իսկական բարեպաշտ հավատացյալ: Մեր տոհմից Սուրբ քաղաք շատ են ուխտի գնացել, գիտես: Նրանցից մեկն էլ հերս էր: Ափսոս, շուտ հեռացավ էս աշխարհից…
-Դու էդ ժամանակ Թավրիզում էիր, տանը մենակ ծնողներդ, փոքր եղբայրդ ու քույրերդ էին: Հենց նույն գիշերը մի քանի ձիավորներ եկան, հարցրին՝ էստեղով մարդ-մուրդ չի՞ անցել, հերդ ասեց՝ չէ: Դե նրան չհավատալու իրավունք չունեին… Էդպես մոտ մի ամիս ապրեցի ձեր մարագում, մերդ օրվա նույն ժամերին հաց էր բերում, իր էրեխեքի պես կերակրում… Մի օր էլ, երբ թոհուբոհը անցել էր, հորդ հետ գիշերով եկանք-հասանք էս մեր Բարագի ձորը… Ողորմի իրեն, էդպիսի արարք մարդ երբեմն իր հարազատից էլ չի սպասում:
-Ողորմի քո հորն էլ, Հայրապե՛տ ախպեր, նա էլ մեզ ա շատ լավություններ արել: Հերս ասում էր՝ մեր տանն ինչքան աթոռ, սեղան ու թախտ  կա, ինչքան բահի ու ուրագի պոչ կա, բոլորն իմ Գրիգոր ախպերն ա սարքել, բերել…
Հետո տատս հաց է դնում, նրանք այս անգամ գինու հերթական բաժակով են իրենց ծնողներին հիշում և ողորմի տալիս: Ու, ինչպես միշտ, իրենց զրույցը շարունակում են… թուրքերենով… Ես էլ, ինչպես միշտ, անմիջապես խառնվում եմ նրանց գործերին.
-Ինչո՞ւ եք թուրքերեն խոսում… Հայերե՛ն խոսեք…
Պապս, սակայն, ինձ ուղարկում է դրսում խաղալու, և ես այդպես էլ չեմ հասկանում, թե ինչու են հանկարծ որոշում օտար լեզվի անցնել:
Երբ հարևանի հասակակից աղջկա՝ Զարիկի հետ հաշվում ենք մեր պապիկ-տատիկներին, իմ ունեցածը միշտ ավելի շատ է ստացվում, քանի որ պապս ու տատս անհաշիվ քույրեր ու եղբայրներ ունեն: Զարիկին հատկապես զայրացնում է այն, որ ես իմ պապեղբայրների ու պապքույրերի, տատեղբայրների և տատքույրերի՝ առանց այդ էլ երկար ցուցակում նաև Իմրանին եմ հիշատակում: Բայց դե, ի՞նչ կարող է անել, փաստը մնում է փաստ, որ նա էլ է իմ պապը:
Մի օր խաղից տուն գալիս մեր բակում վիթխարի թթենու տակ նստած հանգիստ որոճող մի սպիտակ, բարի ու անճոռնի կենդանի եմ տեսնում: Ես սկզբում շփոթվում եմ՝ ընձո՞ւղտ է, գոմե՞շ, թե՞… Հետո անմիջապես էլ գլխի եմ ընկնում՝ ո՛ւղտ է: Մի անգամ ուղտերի մի ամբողջ քարավան եմ հեռվից տեսել. սարում էր, հարևան գյուղի քրդերը տեղափոխվում էին բարձրադիր ամառանոցները… Այնքան վազվզեցի մեր վրանների հարթակի վրա, որ հովվի՝ կարգուկանոն սիրող զայրացած շունը ոտքս կծեց…
Հետո, տուն մտնելով, Իմրանին եմ տեսնում՝ պապիս հետ անկողնակալին թիկնած թեյ են խմում: Նա, ինչպես միշտ, ինձ գրկում է ու ասում, որ մի քիչ էլ եմ մեծացել: Ուրեմն այս անգամ ուղտով է եկել՝ պարզ է… Իսկույն վազում եմ ընկերներիս հայտնում, և քիչ անց բակում այնքան երեխա է հավաքվում, որ զայրացած տատս բոլորին դուրս է անում.
-Խեղճ անասունին կվախեցնեք, կխրտնի… Հետո, ուղտերը թքում են, չգիտե՞ք, ա՛յ անխրատներ:
Տատիս անսպասելի հայտարարությունից և ուղտի թքով լողանալու տհաճ հեռանկարից վախեցած՝ ցրվում ենք, բայց ես ու Զարիկը հետո մոտիկից մի լավ տնավարի զննում ենք անծանոթ կենդանուն: Ամենաշատը զարմանում ենք նրա աննկարագրելի գեղեցիկ թարթիչների վրա:
-Երանի իմը լինեին…- ծլվլում է Զարիկը:
Առավոտյան արթնանալով՝ մեր տանը միայն Իմրանին եմ տեսնում: Չնայած փոքր եմ՝ ինքնուրույն կարողանում եմ հագնվել, բայց, այ, վերնաշապիկիս կոճակները դեռ մեծերն են կոճկում:
-Իմրա՛ն պապի, կկոճկե՞ս վերնաշապիկիս կոճակները:
-Բե՛ր, բալե՛ս,- ասում է անկողնում անշտապ հագնվող Իմրանը և կոճկում իրեն պարզած թևքերս:
Այդ միջոցին լսում եմ ինձ խաղի հրավիրող Զարիկի ձայնը: Ուրախ-ուրախ նրան եմ մեկնում երեկ երեկոյան ստացած խնձոր-կոնֆետներից, բայց այս անգամ նա զարմանալիորեն հրաժարվում է:
-Ինչո՞ւ չես վերցնում, շատ ունեմ, Իմրան պապին ա բերել,- ասում եմ:
-Ես թուրքի կոնֆետ չեմ ուզում… Իմրանը պապի չի, թո՛ւրք ա…
Այս Զարիկը ինչ ասես, որ չգիտի: Ես միշտ իմ չիմացած բաների մասին նրանից եմ իմանում: Մի օր, երբ ոգևորված պատմում էի, որ քույրս ծնվել է մեր տան վերևն աճող ծաղկած մասրենու թփի տակից, իսկ ինձ Սրանոցի այգու կռու ընկուզենու տակից են հայտնաբերել, անմիջապես ասաց, որ բոլոր երեխաներն էլ իրենց մոր փորից են ծնվում, և ինքն էլ բնականաբար… իր մայրիկի փորից է դուրս եկել… Իսկ հետո… այ քեզ զարմանալի բան՝ պարզվեց, որ իրոք այդպես է…
Դե հիմա արի ու մի հավատա նրա ասածին, թեև այնքան չեմ ուզում այս անգամ նրան հավատալ, չեմ ուզում, որ իմ Իմրան պապին թուրք լինի…
Անմիջապես տուն եմ վազում ու տատիս մենակ բռնեցնում.
-Տա՛տ, Իմրան պապին թո՞ւրք ա:
-Ո՞վ ա ասում, այ բալա:
-Զարի՛կը՝ ո՞վ:
-Ղալաթ ա անում Զարիկը: Ասեիր՝ թուրքը ձեր Բաղդոն ա, հորեղբոր տղա ա գալի, բայց ոնց որ քառասուն պորտ հեռու օտարից օտար լինի:
-Տա՛տ, բայց թուրք չի, չէ՞:
-Ա՛յ բալա ջան, թուրք ա, բայց մեր գյուղացի ա: Ու տասը Բաղդո արժի: Առաջ էստեղ թուրքեր էլ էին ապրում, հետո կռիվ եղավ, նրանք էլ գնացին իրենց համար նոր գյուղ, տունուտեղ դրին: Իմրանը լավ մարդ ա, ամեն ազգի մեջ վատն էլ կա, լավն էլ: Իմրանի հերն ա քո պապին թուրքերից ազատել, կյանքը փրկել…
-Տա՛տ, բայց քո տատին ու քեռուն Իմրանը չի սպանել, չէ՞…
-Չէ՛, բալա ջան, իմ Թուխծամ տատին ու Աբգար քեռուն օսմանցու զինվորներն են սպանել: Հայութուրքի կռվին Իմրանը էստեղ չի եղել: Հետո, նրանց ցեղն էլ ա մեր ցեղի պես բարեպաշտ. քո պապի պապը ոնց որ Երուսաղեմ ա գնացել, էդպես էլ նրա հայրն ու պապն են Մեքքա գնացել…
Եվ հաջորդ խաղին ես հաղթանակած կբացատրեմ Զարիկին.
-Իմրանը թուրք ա, բայց հայ չի սպանել: Նրանց ընտանիքն ա պապիս փրկել թուրքերից, դրա համար էլ… ինքը թուրք չի, էլի իմ պապին ա…
Share

Կարծիքներ

կարծիք