Թանգարանային լռություն | Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան

Հեղինակ:

ԼուսանկարԴերենիկ Դեմիրճյան խոհամիտ մտավորականի հիշատակը պատող անհասկանալի նախախնամություն կա, որին իրատեսորեն վերաբերվել կարծես թե չի ստացվում. Տերյան ու Ջիվանի լույս աշխարհ բերած Ջավախքը ասես մոռացել է իր Դերենիկ Դեմիրճյան զավակի մասին: 

Գրողի՝ հասարակության ու պետական աջակցությունից վրիպած տուն-թանգարանում խարսխված լռության մասին զրուցեցինք թանգարանի վարիչ, գրականագետ Կարինե Ռաֆայելյանի հետ:

 

 

-Տիկին Ռաֆայելյան, բավական դժվարությամբ գտանք թանգարանը: Ինչո՞ւ է այն այսպես մոռացված:

 

-«Թանգարանային լռություն» հասկացությունը մենք իսկապես զգում ենք մեր մաշկի վրա, մեր թանգարանի պատերից ներս: Թանգարանն ասես անջրպետված է հասարակությունից, քանի որ բակի հուշասյունն ուղղակի կորած է շուրջը ծավալված առևտրական միջավայրի մեջ:

21-րդ դարում թանգարաններն իրենց առջև այլ խնդիր ունեն. բացի արխիվային և հուշագրային նմուշների պահպանումն ու ցուցադրումը՝ պետք է դառնան նաև մշակութային օջախներ: Իսկ դրա համար, ինքներդ եք տեսնում, միայն գիտաշխատողների ակտիվությունն ու աշխատասիրությունը բավարար չէ, անհրաժեշտ են լուսային և ձայնային ազդարարներ, բարեկարգ պայմաններ, որոնց կարիքը թանգարանն այսօր շատ է զգում:

Սակայն մեր թանգարանին մերձ մարդիկ գիտեն, որ այստեղ պարբերաբար տեղի են ունենում գրական ընթերցումներ՝ նվիրված ինչպես Դերենիկ Դեմիրճյանին, այնպես էլ ժամանակակից գրողներին: Աշակերտների և ուսանողների հետ կազմակերպվում են նաև դաս-մրցույթներ, դաս-քննարկումներ, իսկ նախադպրոցական տարիքի երեխաների հետ՝ Դեմիրճյանի քիչ հայտնի Արջուկ-Լրջուկ, Պույ-Պույ մուկիկ, Ծտապար և այլ հեքիաթների ընթերցումներ: Դեմիրճյանը շատ սիրում էր երեխաներին, նրա մտերիմների հուշերում շատ է խոսվում, թե ինչպես էր նա երեխաներին հավաքում իր շուրջն ու զբաղեցնում:

 

-Մի առիթով, երբ խոսվում էր այն մասին, որ մեծ գրողը թաղվել է ոչ թե Կոմիտասի անվան պանթեոնում, այլ Կենտրոնական գերեզմանատանը, Դուք ասել եք, թե բոլոր մեծերը չէ, որ ունեն սրտացավ ժառանգներ: Ի՞նչ կամ ո՞ւմ էիք ակնարկում:

 

-Դեմիրճյանը անձնական ճակատագրով առանձնապես երջանիկ չի եղել: Առաջին կնոջից մի հիվանդ որդի ուներ՝ Վիգենը, երկրորդ կնոջից զավակ չուներ: Երկրորդ որդին՝ կրտսեր Վիգենը, որի մայրը Գայանե Ավետիսյանն էր, ընդամենը տասներեք տարեկան երեխա էր, երբ մահացավ Դեմիրճյանը, և նա ի զորու չէր միջամտելու իր հոր հուղարկավորության կազմակերպչական հարցերին: Այնպես որ, Դեմիրճյանի համար հզոր «բարեխոսներ» չգտնվեցին՝ Կոմիտասի անվան պանթեոնում հանգչելու համար: Սա ոչ թե ժառանգների սրտացավության պակասի, այլ հանգամանքների ոչ բարենպաստ դասավորության հետևանք է:

Առհասարակ, արվեստագետի մահից հետո նրա հիշատակի և ժառանգության տնօրինման աներևույթ լծակները հայտնվում են ժառանգների ձեռքին: Եվ այս առումով պետք է արժանին մատուցել Դեմիրճյանի քրոջ դուստր Նատալյա Շիրինյանին, որի ջանքերով Վարպետի մահվանից տարիներ անց՝ 1977-ին, ստեղծվեց այս տուն-թանգարանը: Բայց այսօր Դեմիրճյանի հետնորդները չունեն իրենց մեծ նախնու հիշատակը ըստ արժանվույն ոգեկոչելուն նպաստելու հնարավորություն:

Իսկ մենք մեր փոքրիկ թանգարանով ու փոքրաթիվ անձնակազմով այդ մեծ բեռը մեր ուսերին միայնակ առնել չենք կարողանում:

Ժամանակին շատ մտավորականներ էին համախմբված Դեմիրճյանի աճյունը Կենտրոնական գերեզմանատնից Կոմիտասի անվան պանթեոն տեղափոխելու խնդրի շուրջ: Ստորագրություններ հավաքվեցին, նամակներ գրվեցին, սակայն բանն ավարտվեց ա՛յս պատկերով:

Ցավն այն է, որ թաղված լինելով Կենտրոնական գերեզմանատանը՝ Դեմիրճյանի աճյունը ոչ միայն անմասն է մնում մեր մեծերի պանթեոնական մթնոլորտից, այլև, ինչպես 2010 թվականին գրողի տապանաքարի առևանգման դեպքը ցույց տվեց, զուրկ է նաև հսկողությունից:

 

 

-Դեմիրճյանագիտության ասպարեզում ի՞նչ ձեռքբերումներ են եղել: Հետաքրքիր է՝ կա՞ն ընթերցողներին անհայտ, անտիպ գրվածքներ, որոնք պատրաստվում եք լույս ընծայել:

 

-Այս տարի նախատեսում ենք առավել կենտրոնանալ Դեմիրճյանի այն ստեղծագործությունների վրա, որոնք վերաբերում են Ցեղասպանությանը: Թեև գրողը մինչև 1965 թվականը չապրեց և «ցեղասպանություն» բառը բարձրաձայնելու բախտ չունեցավ, սակայն իր խոսուն՝ Ժպիտ, Ավելորդը, Աստծո տանը և Գիրք Ծաղկանց ստեղծագործությունների տողատակերում նա ակնարկում էր իր ժողովրդի պատմության ամենասև էջը:

Դերենիկ Դեմիրճյանի 135-ամյակին նվիրված գիտական նստաշրջանի օրերին գտնվեց անտիպ մի ձեռագիր՝ Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի մասին՝ գրված 50-ական թվականներին: Հայկազյան հայագիտական հանդեսում այս գործի հրապարակումը կոտրեց այն կարծրատիպը, թե Դեմիրճյանը զգուշավոր և անհամարձակ գրող էր, ով երբեք չանդրադարձավ ժողովրդի խորքային ցավերին: Այսօր արդեն այդ դատողությունների հերքումը դարձել է դասախոսության նյութ և պարբերաբար քննարկվում է մեր թանգարանում կազմակերպվող հավաքույթների ժամանակ: Ծրագրում ենք նաև այս քննարկումների արդյունքները հրատարակել առանձին գրքույկով:

Մի հետաքրքիր նախագիծ էլ ունենք. նախատեսում ենք վերահրատարակել Հայրենական պատերազմի տարիներին լույս տեսած Արջուկ-լրջուկ հեքիաթը հենց առաջին և դեռևս միակ հրատարակության նկարազարդումներով:

Դեմիրճյանի գրական ժառանգության պահպանման և հրատարակման հարցում աննկարագրելի ներդրում էր Լևոն Խեչոյանի կազմած Դերենիկ Դեմիրճյանի ընտրանին, որի պատրաստման համար մեր թանգարանը ևս նյութեր տրամադրեց:

Հայկազյան հայագիտական հանդեսը այս տարի պատրաստում է Ցեղասպանությանը նվիրված տարեգիրք, որտեղ լույս կտեսնի նաև իմ Հայի տիպաբանության մի քանի դրսևորումներ Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» խոհագրության խորապատկերին ուսումնասիրությունը: Ի դեպ, Հայը էսսեի այսօր մեզ հայտնի տարբերակը խմբագրված, նույնիսկ աղավաղված է, որովհետև խորհրդային գրաքննության թեթև ձեռքով շատ հատվածներ դուրս են մնացել: Հետևապես՝ նախատեսում ենք հանրահռչակել ամբողջական էսսեն:

 

8787-Դեմիրճյանը, լինելով այդքան խոհուն գրող, ով հրաշալի գիտեր մեր պատմությունը, մտավորական, ով շատ ճիշտ և դիպուկ ձևակերպեց հայի էությունը, արդյոք սխա՞լ ընկալեց Վասակի կերպարը, թե՞ դա միտումնավոր քայլ էր՝ թելադրված ժամանակի գաղափարախոսության կողմից:

 

-Երբ առաջին անգամ իմ ձեռքն ընկավ Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի մասին ձեռագիրը, ես ցնցվեցի՝ խոհերի ու տողերի արանքում հանդիպելով հետևյալ խոսքերին՝ Վասակը անկախությունը, ազատությունը ուզում է իր համար, ինքն է անկախը: Փաստորեն, Վարդանանք վեպից տարիներ անց, երբ այն արդեն հասցրել էր դառնալ հայոց պատմավիպասանության հիմնասյուներից մեկը, Դեմիրճյանին հանգիստ չէր տալիս Վասակի կերպարն ու գաղափարախոսությունը: Վասակ դրաման նա գրել է շատ ավելի վաղ, քան Վարդանանքը, հետևաբար նրան այս պատմության մեջ, իմ կարծիքով, առավել հետաքրքիր էր Վասակը, քան Վարդանը: Իսկ Դեմիրճյանը խորամիտ մտավորական էր, ով, թերևս, ճիշտ էր համարում պատմական այդ ժամանակում աշխարհիկ իշխանության վերականգնումը ի դեմս մարզպան Վասակի և հենց այս գաղափարն էլ քողարկում էր պատմավեպում: Սակայն խորհրդային կարմիրի և ոչ կարմիրի գաղափարական կնիքն, անշուշտ, պետք է դրվեր մի պատմավեպի վրա, որն ստեղծված էր ոգեշնչելու ճակատում կռվող զինվորին: Մեր թանգարանում նույնիսկ պահպանվում է ճակատից Դեմիրճյանին ուղղված մի նամակ, որտեղ զինվորները շնորհակալություն են հայտնում գրողին՝ վեպի և այդ կերպ իրենց ոգեշնչելու համար:

Ապրելով խորհրդային ժամանակներում՝ Դեմիրճյանը այդպես էլ չդարձավ ժամանակի գաղափարախոսությունն իր արյան մեջ կրող մտավորական: Պատմում են, որ Դեմիրճյանը կոլտնտեսականների հանդիպման ժամանակ ձևական ելույթներից ձանձրանում է և հայացքը հառում արագիլների ընտանիքին: Շտապ կանչում է լուսանկարչին և խնդրում նկարել այդ տեսարանը: Այսօր մեր թանգարանում նրա գրասեղանի վերևում կախված է այդ լուսանկարը: Հրաչյա Հովհաննիսյանն իր հուշերում գրում է՝ երբ գրողը զայրացած կամ նեղսրտած էր լինում, ցած էր դնում գրիչն ու երկար նայում լուսանկարին:

 

-Վերջերս մամուլում շրջանառվում էին անվանի գրողի՝ Դաշնակցություն կուսակցությանն անդամակցելու վերաբերյալ բացահայտումներ: Ի՞նչ փաստաթղթերի վրա էին դրանք հիմնված:

 

-Երբ ես նոր էի գտել Դատողությունների ձեռագիրը, մեզ այցելեց պատմաբան Համո Սուքիասյանը, ով Ազգային արխիվի փաստաթղթերում տեղեկություն էր գտել, որ գրողը եղել է Դաշնակցություն կուսակցության անդամ: Այդ է պատճառը, որ նրա պաշտոնական կենսագրությունում Առաջին Հանրապետության տարիներն ասես մշուշված լինեն: Սակայն արխիվային փաստաթղթերում, ինչպես Համո Սուքիասյանն էր բացահայտել, նշված է, որ այդ տարիներին Դեմիրճյանը նշանակվել է  հանրապետության հանրային կրթության և արվեստի նախարարության արվեստի բաժնի վարիչ, ապա հանրային հիմունքներով զբաղվել է ուսուցչությամբ՝ որպես դաշնակցական գործիչ:

Դեմիրճյանն իր ժամանակի այն եզակի մտավորականներից էր, ում անձն ու ստեղծագործությունը, թերևս, ամենաքիչն է արժևորվել: Եվ այսօր դեմիրճյանագիտությունն ու մեր թանգարանը համառորեն փորձում են Դերենիկ Դեմիրճյան մտավորականին և անհատին ներկայացնել ըստ արժանվույն, որպես մի մարդու, ով տրվել է ոչ թե իր ժամանակի շնչին, այլ իր ազգի առաքելությունն ու իրական կերպարը պատկերելուն:

 

Զրուցեց Լազարևա Մարիան

Կարծիքներ

կարծիք