Երևանյան բոհեմ (հատված պոեմից)

Լուսանկար

Ծանր խոհերից միտքս ճաքում է,
Ո՞ւր ցրեմ, արդյոք, հոգսերս առատ,
Գանգս ցավում է և տրաքում է,
Չկա՛ մի կաֆե սրտիս հարազատ:

Ա՜խ, «Պապլավոկի» ձայներ կորսված,
Հորդաբուխ եռքեր, հայացքներ խորունկ,
Դեմքեր մտասույզ, կանչեր սրտաբաց
Եվ «Թեմուրնոցի» աղմուկներ տաքուկ:

Հե՜յ, գրողների սրճարան, ո՞ւր ես,
Հոգին կիսելու հավաքատեղի,
Հիմա պղծության գիշերակումբ ես,
Ուր բուծանում են բարքեր աղտեղի:

Չկա, մեռել է հարակից այգին,
Որտեղ ճայթում էր հոգու բաղձանքը,
Որտեղ բոհեմն էր հորդում ցնծագին,
Եվ սկսվում էր գրական կյանքը:

Այգին գոսացե՜լ, համրացել իսպառ,
Ու խորացել է մահացու վերքը,
Նանրագիրների մի թանձր վտառ
Լոկ հնչեցնում է կացնի համերգը:

Տաղանդն օտարել, մղել հեռացման,
Որ չկտրվի հեղձատարափը,
Քլթքլթա, բլթա հոգու խաշլաման,
Լափլփեն իրենք գրական քափը:

Քեզ մի՛ կոտորիր, Ռազմի՜կ Դավոյան,
Ծառի կեղևը վաղուց պոկված է,
Որդերն են այնտեղ բուն դրել միայն,
Եվ ծառն անկումի դատապարտված է:

Եվ բազմաձայնին մեր վեհ էության
Պատել են մամուռն ու քարաքոսը,
Չի գալիս, Հրա՜նտ, էն «մաթևոսյան»
Միրգ հասունացնող քո օգոստոսը:

Գրի ախպերներ, սեղանս բա՜ց է,
Սեղանս բաց է իմ սրտի նման,
Կարոտն է հորդում, գիշերը թա՜ց է,
Եվ արտասվում է հոգու լուսնկան:

Դե՜, եկե՜ք, նստենք սեղանի շուրջը,
Բոլոր-բոլորով, առանց բացակա,
Թող մահին հաղթի սիրո անուրջը,-
Եվ կարոտը մեզ դառնա թամադա:

Կարոտը ասի կենացները իր,
Անջրպետները կարո՜տը վանի,
Գինին բորբանա կարոտից կարմիր,-
Ու կարոտը մեզ գինեմույն անի:

Օդանույշները մատռվակ դառնան,
Կիզվող բառերը հորդեն շիկացած,
Ունայն մտքերը լինեն ցիրուցան,
Իրարով արբենք մինչև լուսաբաց:

Գիշերի կրծքից լցվի կժի մեջ
Գրգանքի գինին ամենակարող,
Ցնծությամբ խմենք հուրքերը անշեջ,
Սրտերից քամենք բառերը շենշող:

Առաջին գավը մեծ խոնարհումով
Խմենք այն մարդկանց լուսե կենացը,
Ովքեր գրող են իրենց կոչումով
Եվ լրացնում են մեր հոգու բացը:

Ովքեր կարող են կերտել գե՜թ մի տող,
Որից կարբենա խաղողի վազը,-
Եվ դարձնում են գունեղ ու շնչող
Հունդերում պահված կյանքի երազը:

Թող փառավորվի մեր երգը նորից,
Ու լույսով լցվի քանքարն ու խասը,
Չարենցի ոգին ցնծում է վերից,
Դավի՜թ Գասպարյան, բե՛ր սրտիդ թասը:

Դե ուրեմն ի՞նչ, թող քեֆն այս եռա,
Մուշե՜ղ Գալշոյան, լցրու գավաթը,
Բովտան երդիկից տեղա մանանա,
Կախված օճորքին ծաղկի հավատը:

Իսկ դու՝ Հովհաննես Մելքոնյան, ասա՛,
Հետընթաց սայլը մեզ ո՞ւր է տանում,
Որտե՜ղից եկանք և էս ո՜ւր հասանք,
Դաշտն հիշողության ո՞ւր է ընթանում:

Սասուն Թորոսյան, վերստին պարզիր
Ամպքաղ սարերիդ լուսե եղանը,
Քո արևաբույր բառերով կարմիր
Իմաստավորիր մեր այս սեղանը:

Իմ Մարտիրոսյան Արմե՜ն անբեկուն,
Դու «սուպեռպոետ» մեր ժամանակի,
Քեզնով օղուս մեջ անուրջ է լցվում,-
Եվ պատրաստվում է հոգիս ճախրանքի:

Մուղնեցյա՜ն Վահագն, կապույտը երգիր
Եվ ցրիր այս թավ մութն ու տարտամը,
Ամոքիր մուժը գույներով կարմիր,
Տաբու չմնա մեր արյան ձայնը:

Ո՜վ, Տեր-Ղազարյան Վահա՜ն սրտամոտ,
Վերջին մոհիկան մեծ ինտելեկտի,
Ագռավաքարն է քեզ տենչում պագշոտ,
Յուղաբեր կանայք կանգնել են հերթի:

Ո՜ հ, Գետառադարձ Ռոմիկ Սարդարյան,
Միակ Ռոմեո՜ն Բոքսի հայաթի,
Լցնում է տաղիդ գավը լուսաքամ
Աղջիկը՝ նման խաղողի թփի:

Հրա՜չ Թամրազյան, բաց արա ներհուն
Բառ-պատկերների հմայիլները,
Վեհաշուք դարձած գինեփրփուրում
Ճախրեն շառագույն սիրո տաղերը:

Թող շոգիանա ստիխը ոսկեման,
Բզզուն բառերի հանդիսաձայնը,-
Այն մեզ տանում է առանց վարանման
Հրաչ Բեյլերյան հոգու հնձանը:

Բարեկիրթ ու սեգ իմ Աշոտ Խաչունց,
Գինին մրսում է, բայց դու չե՜ս գալիս,
Հիմա ռուս կանանց տալիս ես պաչունց,-
Եվ քո կարոտից օղիս է լալիս:

Սոնա Վան, մեկնի՛ր, թե ո՜նց է բուրում
Արևից հասած կրծքերի դեղձը,
Զի բորբոքվել է անծիր պուրպուրում
«Նարցիսի» քնկոտ վահանագեղձը:

Վահան Վարդանյան՝ բառեր է ոգել
Ինքնահրդեհման լուռ բանաստեղծը,
Մեզ հարկավոր են Շանթ ու շանթարգել,
Որ առատանա հոգու անեղծը:

Արտաշես Արամ, գինին ապավեն,
Այն է հեռացնում թուխպն ու տարտամը,
Թող կռունկները քո հոգուց բերեն
Մեր սրբազնագույն Էրգրի համը:

Ղուկա՜ս Սիրունյան, էն ո՞վ է լցնում
Արևածիծաղ Ուջանի օղին,
Սիրուց արբեցած աղջիկն է բացում
Գավերի համար կավե անկողին:

Ռոլա՜նդ Շառոյան, մառախուղն անցավ,
Դանիկն այլևս չի՜ հայհոյելու…
Տխուր նայում է բաժակս անձկավ
Սրտիս, որ անհուն ցավից է լալու:

Օ՜, Իսրայելյան Վրեժ, բեկանի՛ր
Քո սրտում եղած բառերը ակաթ,
Եվ գինեբոսոր ցոլանքից քամիր
Գիշերներ դիզած բեղերդ սևսաթ:

Թող Միլիտոնյան Էդոն նկարի
Իր Սարի թաղի անրջահոտը,
Բարի լույսի հետ քաղաքում պարի
Նրա հորինած նոր անեկդոտը:

Ու Տեր-Գուլանյան Մերուժանն ասի՝
Ինչպե՞ս չի մեռնում սիրո կարոտը,
Թող Բարձր Հայքի կոլորիտն հոսի,
Սրտեր ակոսի Ջավախքի հոտը:

Եռուն ավյունի ծփանքն առհավետ
Խինդով է լցնում Հայոց աշխարհը,
Դո՜ւ՝ նարեկալույս Վարդան Ֆերեշեթ,
Գինեսոսնձիր քանքարի քարը:

Գտել ես արդյոք, Արմեն Դավթյա՜ն,
Թե ո՜ւր է հասնում աշխարհի ծերը,
Խմենք Իշտարի գինին մոգական,
Եվ մեզ հետ հարբի ամբողջ Շումերը:

Հե՜յ, Համբարձումյան Արտակ, այդ ո՞ւր ես
Մոմե գավաթն է մնացել կիզուն,
Քո տաք ժպիտից դարձել է հրկեզ
Գինեմշուշը իր բորբ երազում:

Բե՛ր, Իգնատ Մամյան, բացենք մառանը,
Կարասն է երգում հեթանոս սիրերգ,
Քաշենք տակառի խցանահանը,
Ցլի եղջյուրով աշունը խմենք:

Իմ Սիփա՜ն Շիրազ, որտե՞ղ ես հասել,
Սառույցն է ծաղկել քո վրդովմունքին,
Բանաստեղծության վարդերն են թափվել
Տխուր ու կապույտ քո Վենետիկին:

Աշխարհից լքված Հովիկ Ղազարյան,
Պահպանո՞ւմ ես դեռ պոետի ոգին,
Ու բաժակի մեջ քո մենակության
Նվիրաբերվում գինու տարերքին…

Ափսո՜ս, այս պահն էլ հոսեց-հեռացավ,
Որքա՜ն սրտի խոսք դեռ կար ասելու
Նրանց, որ հոգում ունեն լուսացավ,
Պոեզիա ունեն անվերջ կիսելու:

Նրա՜նց, ում մեջ է երազի բույրը
Բանաստեղծության մեր անդաստանում,
Նրանց-բոլորին՝ սրտիս համբույրը,
Նրանց-բոլորին՝ փառք ու գոհացում:

Դեռ մի քիչ հա՜ց կա ու մի քիչ գինի՜,
Մեր սեղանն օրհնիր, Հրա՜չ Սարուխան,
Չգիտե՜մ կյա՞ նք է, թե՞ երազ հիմի,-
Ո՞րն է ցնորքը, ո՞րը՝ իրական:

Առջևում ունենք մի տաք գինեձոն,
Գիշե՜րն է հալվում, Սլավիկ Չիլոյան,
Եվ տրոփում է հուշերի ռոնդոն,
Թափված շշերի հևքում խուռներամ:

Ու ես քայլում եմ գլխի-գլխիկոր,
Քամու վարսերն են դիպչում ճակատիս,
Վերջալույսը մեղմ երգում է օրոր,
Թախիծ է ծորում անցած ճամփեքիս…

Սակայն դու չկա՜ս, որտե՞ղ ես, իմ սե՜ր,
Ճակատագիրն էլ լավին է տանում,
Մեր բախտն անհեթեթ կարմիր ու կաս էր,
Իբրև շրջմոլիկ քեզ եմ որոնում:

Քաղաքը այսօր քեզնով է լցված,
Ծառուղիները քեզնով են բուրում,
Եվ փողոցները անցյալով արբած
Մայթերին կաթող լույսն են համբուրում,
Բայց դու անցնում ես ու ետ էլ չես նայում,
Սի՜րտս ալեկոծված ծով ես դարձնում…

Թե կարող ես դու նորեն,
պատուհանդ բա՜ց արա,
Մարմար մարմինդ տեսնեմ,
իմ սրտի մեջ կա՜ց արա,
Ես ետ դառնամ հուշերիս
Ճամփաներով ոսկեճեմ,
Սև-սև աչերդ սիրո
արտասուքով թա՜ց արա:

Երկնային հրեշտակ՝ վճի՜տ, անխաթա՜ր
Լցրու անուրջիս գավաթը երգով,
Առաջվա նման գուրգուրենք իրար
Եվ գնանք սիրո դրախտն հոգեթով:

Օդից առավել կարիքդ ունեմ,
Առանց քեզ ո՜րբ եմ, անսիրտ, անտունի,
Թող հողմերը գան հոգիս ծվատեն,
Միայն թե սիրտդ թո՜ղ թեթև լինի:

Ես… էլ կյանք չունե՜մ, որ վերադառնամ,
Իմ կյանքն ու հոգին դո՛ւ ես, դո՛ւ ես, դո՛ւ,
Ծառերը ծաղկում են տարին մեկ անգամ
Ու մեր ապրածը էլ ետ չի՜ գալու:

Ա՜խ, իմ սրտի մեջ թախիծ է տիրում,
Ու ես տանում եմ ցավեր ահավոր,
Ո՛չ, դու մեղք չունես, որ քե՜զ եմ սիրում,
Եվ քո աչե՜րն են միայն մեղավոր:

Սրտակից ընկեր, դու էլ տխուր ես,
Ի՞նչ է պատահել ուրախ օրերին,
Հավանական է, որ դու էլ ինձ պես
Շա՜տ ես կարոտել քո սիրած յարին:

Ու ես գնո՜ւմ եմ հիմա գինետուն՝
Այնտեղ ցրելու ցավն ու դարդերը,
Հուշերիս վրա ես շա՜ղ եմ տալու,
Արնաներկ սրտիս կարմիր վարդերը:

Եվ հենց այստեղ եմ ինձնից վանելու
Իմ ներսը լցված մռայլ թուխպերը,
Փրփրուն գինուց դարձյալ առնելու
Քաղաքի համը, քաղաքի սերը:

Անդին 4, 2013

Share

Կարծիքներ

կարծիք