Երկնագույն ծաղիկների ամիսը

Հեղինակ:

20140312142116363

-Զինվորը կգա, զինվորը չի գա,- երկնագույն ծաղիկների նրբին թերթերը հատ-հատ պոկելով մրմնջում էր Արփին: Հետո գլուխը բարձրացրեց ու հայացքը սահեցրեց երկնագույն ծաղիկներով ծփացող դաշտով:

Ամռան այդ ամսին նրանք հատկապես բուռն էին ծաղկում՝ դաշտերում, ճամփեզրերին, քարուտների մեջ և ամենուր. երկնքի կապույտ արցունքներ, ասես ծովացած, կապտաթույր ալիքներ էին մեղմիկ գլորվում այս ու այն կողմ:

Մի անգամ տատին հարցրել էր.

-Տատ, ի՞նչ է այս ծաղկի անունը:

-Զորավոր ծաղիկ է, համ ծաղիկ է, համ դեղ,- ասել էր տատը, որ հեքիմ սկեսուրից ժառանգած գիտելիքներ ուներ բույսերի քնքուշ գեղեցկության խորքում թաքնված բժշկական գաղտնիքներից: Եթե տանը մեկը հիվանդանում էր, բժշկից առաջ նախ տատի ձեռքը ու նրա դեղ ու դարմանին էր վստահությամբ հանձնվում: Եվ, սովորաբար, այլևս բժշկի կարիք չէր զգացվում:- Անունը ճարճատուկ է, մի անուն էլ ունի…,- տատը մի փոքր դադար էր տվել,- լեզվիս ծայրին է… Հա, հիշեցի՝ եղրդակ է, ե-ղըր-դակ,- գլուխը հաստատական տմբտմբացնելով ավելացրել էր տատը:

«Այս քնքուշ ծաղկին հարմար անուններ չեն: Ավելի լավ է՝ ես սրան հենց երկնագույն ծաղիկ էլ կոչեմ»,- ինքն իրեն վճռել էր Արփին:

Հեռվում, դաշտից այն կողմ, փողոցն էր. մարդկանց ու մեքենաների եռուզեռով: Աղջիկը քայլեց այդ ուղղությամբ դանդաղ-դանդաղ: Ուզում էր երկարաձգել ծաղիկների հետ զրույցը: Հաճախ էր գալիս ու նրանց հետ հիշում զինվորին՝ ի՛ր զինվորին…

«Էլ ոչ մեկի չեմ սիրելու… Մի անգամ սիրեցի ու վերջ: Այնպես որ, ուզես, թե չուզես՝ պետք է սպասես ինձ»,- իբր կատակով, բայց միանգամայն լուրջ ու պարտադրող տոնով շշնջացել էր Վարդանը պատերազմ գնալուց առաջ ու տաք ափը սուզել աղջկա սև վարսերի ալիքների  մեջ:

«Նամակներիս պատասխանները չուշացնես,- ավելացրել էր զինվորը՝ բազուկներով օղակելով աղջկա մեջքը:- Գիտե՞ս ինչ դժվար է հեռուներում սպասելը»:

Երկուսն էլ հեռուներում չէին եղել: Արփին գլխով էր արել. «Գիտեմ»:

-Զինվորը կգա… զինվորը չի գա,- Արփին հերթական ծաղիկն էր մերկացնում կապույտ թերթերից:

«Իսկ եթե դո՛ւ չսպասես… մեկ էլ՝ մի լեռնցի աղջկա գտնես ու էլ չգա՞ս…»,- հիմա էլ Արփին էր իբր կատակով, բայց ներքին տագնապով հարցրել… Եվ մտքում բնավ էլ լեռնցի աղջիկը չէր, այլ… պատերա՜զմը:

Վարդանը չէր հասկացել աղջկա չասածը ու. «Այլևս երբեք նման բան չասես: Ես գնում եմ զինվոր դառնալու, երկրիս լեռների կրծքին հետքերս թողնելու, էդ շուն, էդ թուրք ազերիներից իմ ու քո երկիրն ազատելու: Գիտե՞ս ինչ է զինվոր լինելը»:

Արփին չգիտեր, բայց արդեն տեսնում էր՝ մանկությունից իր ճանաչած այն վտիտ տղա Վարդանը օրերի մեջ դարձել էր առնական, ինչ-որ խրոխտ վեհություն էր գումարվել նրա խելացի ու խելոք կերպարին:

«Շատ եմ կարոտելու… Տեր Աստված… առանց քեզ տեսնելու ո՞նց պիտի ապրեմ…»,- մրմնջացել էր տղան գրեթե ականջի տակ ու… մոտեցրել դողահար շուրթերը:

Աղջիկը մինչ այդ չէր էլ պատկերացրել, որ… շուրթերը կարող են այրվել, որ… ափերը կարող են այրվել, որ… սիրտը կարող է այրվել ու մխալ, ու ինքը ողջ՝ ոտքից գլուխ, տատի պատմած Աստվածաշնչյան այն անկեզ մորենու պես կրակված, կարող է այրվել ու… չվերջանալ:

Այդ օրը երբ տուն էր վերադառնում՝ ձեռքին Վարդանի քաղած երկնագույն ծաղիկների փունջն էր, որն, արդեն չորացած, դեռ պահում է փոքրիկ ծաղկամանի մեջ: Թեպետ ամեն ամռան՝ երկնագույն ծաղիկների ամսին, կապույտը դարձյալ ալիք է տալիս ամենուր:

«Արփիս, իմ արև, չանհանգստանաս, ես լավ եմ… Իսկ դուք ո՞նց եք այդ ցրտերին դիմանում: Վառելիք ունե՞ք: Քեզ լավ նայիր: Սիրտս հպարտությամբ է լցվում, երբ դիրքերում հերթապահելիս մտածում եմ, որ քո քունն եմ հսկում… Դու գոնե զգո՞ւմ ես, որ դեռ երբեք քունդ այսքան խաղաղ ու հանգիստ չէր եղել: Լավ բան է զինվոր լինելը. սովորում ես քո երկրի ամեն քար ու կոշտի տիրոջ պես նայել: Արցախը հրաշք տեղ է, ամռանը ծաղիկները ծփում են լեռներին, ու նրանց լանջերին ասես վարդագույն մշուշ իջած լինի՚. ծաղիկների ու լեռների մասին էր գրում պատերազմի դաժան ու մահահոտ թոհուբոհում օրը մի քանի անգամ կյանքը վտանգող Վարդանը:

«Տեսնես շա՞տ է փոխվել այն սևուկ տղան»,- ինքն իրեն հաճախ հարց էր տալիս Արփին… «Տեսնես ո՞նց է»,- արդեն վախվորած ու զգուշավոր ավելացնում էր ամենակարևոր հարցը:

Դասերի գնում էր ոտքով, գրեթե բոլորն էին, ոմանք անգամ քաղաքի մի ծայրից մյուսը, ոտքով գնում… Դա սովորական բան էր արդեն… Մայրաքաղաքի մայթերով ձգվում էին գլխահակ քայլողների շարքերը: Լավ է, համալսարանը հեռու չէր իրենց շենքից. մի չորս կանգառ էր: Հաճախ շեղվում էր ճամփից ու մտնում եկեղեցի: Վառում էր մոմերը, նստում մի անկյունում և էլ չէր ուզում դուրս գալ: Եթե տնեցիներին անհանգստացնելու մտահոգությունը չլիներ, այդպես էլ կմնար նստած եկեղեցու կիսամութի մեջ… Այդտեղ ապահով էր: «Տեր Աստված, օգնիր ու պահպանիր Վարդանին: Աստված ջան, բոլորին օգնիր»:

Էլեկտրականությունը օրը մեկ կամ երկու ժամ էին միացնում: Այդ պահին ամբողջ թաղը թնդում էր դրսում խաղացող երեխաների ճիչերից. «Ուռա՜… լույսերը տվի՜ն»:

Առանց այն էլ դասերին կենտրոնանալ չէր կարողանում, դեռ մյուս կողմից էլ ձմեռվա շուտ մթնող օրերն էին կարճում դաս ու գրքի հետ լինելու պահերը: Ցուրտ ու մութ տան մեջ մնում էր միայն մինչև քուն մտնելը անկողնում երկար ժամեր կուչ եկած շուռումուռ գալ… ու… մտքերի մեջ ընկնել:

Սովորաբար զոհվածների անուններ չէին հաղորդում. ո՞ր մեկինն ասեին: Բայց այդ օրը, չգիտես ինչու, հենց ռադիոն միացրեց… հնչեց. «Ընկան հերոսի մահով…». և անուններ սկսեցին թվել… Սիրտը կծկվեց, լարված լսում էր… ու մեկ էլ… իր համար ամենաթանկ անուն-ազգանունը… Ոտքերը թուլացան, ծալվեցին, մի կերպ նստեց մոտիկ բազկաթոռին: Քույրը՝ Մարիամն էլ էր լսել ու իրար անցավ:

-Արփի ջան,- գրկեց քրոջ ուսերը,- հանգստացիր…

Իսկ Արփին ոչինչ չէր անում… քարացած նստել էր…

Մարիամը տագնապած գրկել էր նրան և միայն քիչ անց իր մեջ ուժ գտավ զանգահարելու Վարդանենց տուն: Լսափողը տղայի փոքր քույրը վերցրեց ու ոգևորված պատմում էր եղբոր վերջին նամակից:

«Դեռ չգիտեն». խոսակցությունը լսելով՝ մտածեց Արփին, ակամա վեր կացավ, մոլորված շուրջը նայեց, նստեց նավթավառի մոտ դրված ինքնաշեն աթոռակին ու անշարժ  հայացքը հառեց մի կետի: Հոսող րոպեներն այլևս իմաստազուրկ էին… այլևս կյանք չէին… Հոգու մեծ մասը լցված էր նրանով ու հիմա դատարկ է… Բայց ինչո՞ւ մեծ մասը… ամբողջը այլևս չկար…

-Հանգստացիր,- անընդհատ ասում էր Մարիամը,- հանգստացիր,- ու դեսից դեն էր գնում, սենյակից սենյակ, ինչ-որ բաներ չրխկացնում, վերցնում-դնում, հետո նորից գալիս ու նստում էր քրոջ կողքին,- հանգստացիր…

Բայց ինքը հանգիստ էր… չափից ավելի հանգիստ…

-Հանգստացիր,- քույրը ուրիշ բան չէր գտնում ասելու:

Իր մեջ ոչ մի շարժում չկար… անգամ միտք չկար… Միայն ինչ-որ ներքին դող էր մարմնի մեջ կծկված տրոփում…

Մայրը մոտակա խանութում էր աշխատում, ընդմիջման ժամին տուն եկավ ու սարսափեց աղջկա տեսքից: Այս ու այնտեղ զանգեց, նորից հագնվեց ու դուրս վազեց: Մարիամը քրոջը մենակ թողնել չէր կարող ու մնաց տանը, բայց տեղավորվեց հեռախոսի մոտ և աչքը դրանից չէր կտրում:

Ինչքա՞ն էր անցել՝ մի՞ ժամ, երկո՞ւ… տան սարսռազդու լռության մեջ վերջապես հնչեց հեռախոսազանգը: Մարիամը վերցրեց լսափողն ու.

-Մամ, ճի՞շտ ես ասում, մամ, նորից կրկնիր:

Հետո ուրախությունից իրեն կորցրած մոտ վազեց ու գրկեց քրոջը.

-Արփի, Արփի, լսո՞ւմ ես… Վարդանը չի, ուրիշ զինվոր է նույն անուն-ազգանունով… Ու դեպքն էլ Մարտակերտում չի եղել… լսո՞ւմ ես…Վարդանը ողջ է…

Արփին դեռ անթարթ նայում էր ժամեր առաջ տեսադաշտում չգտած կետին, ու… պահեր անցան, մինչև քրոջ խոսքերը հասան գիտակցությանը: Հայացքը կտրեց կետից ու հառեց Մարիամի աչքերին:

-Ճի՞շտ…

-Հաստատ: Հասկացիր: Ուրիշն է:

-Ուրի՞շը… Վարդանը ո՞ղջ է,- հնչեց Արփիի ձայնը:

Մի քանի պահ էլ անցավ, մինչև հավատաց լսածին… Հետո հանկարծ փլվեց ու… արցունքները հորդեցին: Հեկեկոցից ցնցվում էին ուսերը: Քրոջը հանգստացնելու Մարիամի ջանքերը զուր էին:

Լալիս էր ցավից, որ ինչ-որ տեղ «զինվորը չեկավ», լալիս էր ուրախությունից, որ իր զինվորը ողջ է, լալիս էր՝ արցունքների հետ իր միջից դուրս մղելու համար դողը… պարզապես լալիս էր…

Ու մի երկու ժամ այդպես հեկեկաց…

Երբ Վարդանը վերադարձավ, ամառ էր ու երկնագույն ծաղիկների ամիսը:

-Հաղթեցինք, Արփի… Չէ՞ որ խոստացել էի քեզ, ու մարտերի դժվար պահերին այդ խոստումի ուժով էի կռվում: Տեսա՞ր, որ հաղթեցինք ու… եկա…

Արփին նայում էր երկնառաք կապույտով զարդարուն դաշտին: «Եթե իմանայի այն զինվորի շիրիմի տեղը, ծաղիկներ կտանեի»,- մտածեց, բայց Վարդանին ոչինչ չասաց, միայն սեղմվեց նրան, կուչ եկավ առնական, ուժեղ տղամարդու, հաղթած զինվորի գրկում, փակեց աչքերը… ու ասես ոչ աշխարհում, ոչ իր մեջ այլևս ոչ մի պակաս բան չկար՝ այն զինվորի շիրիմին մի փունջ ծաղիկ դնելու ցանկությունից բացի:

 

Անդին 8, 2014

Share

Կարծիքներ

կարծիք