Երբ միֆը գտնում է իր պոետին

Լուսանկար

Ժամանակին Բլեյքը նկատել էր, թե ամեն մի բանաստեղծ աշխարհարարման իր վարկածն է առաջադրում: Ռայներ Մարիա Ռիլկեն, անտիկ առասպելին դիմելով, իր սեփական «ներքնատարածքն» է արթնացրել: Միայն թե` Բրոդսկու մատնանշած առանձնահատկությամբ՝  «Միֆը պոետի կարիքն է զգում, և այս միֆի (Օրփեոսի մասին) բախտը չափազանց բերել է, որ գտել է Ռայներ Մարիա Ռիլկեին»…

1922 թվականի փետրվարին Շատո դը Մյուզոտ դղյակում, առավել քան տասը տարի տևած ստեղծագործական ճգնաժամից հետո Ռիլկեն ընդամենը 14 օրվա ընթացքում կերտում է 55 սոնետից բաղկացած իր հռչակավոր  «Սոնետներ Օրփեոսին» քնարական շարքը, այնուհետև ավարտին է հասցնում  «Դուինյան էլեգիաները»: Սոնետների այս «հեղեղը» «սադրել էր» մի նամակ, որը  Ռիլկեն ստացել էր 22 թվի տարեմուտին. նամակում մյունխենյան մեկենասի այրի Հերտրուդ Օուկամա-Կնոոպը գուժում էր արյան քաղցկեղով հիվանդ իր դստեր` տասնիննամյա Վերայի մահը: Այս դեռատի գեղեցկուհուն, խոստումնալից պարուհուն Ռիլկեն հպանցիկ տեսել էր մեկ-երկու անգամ…

Այսպիսով` 14 օրվա ընթացքում 55 սոնետ. ակամայից ամբարտակներ քանդող հեղեղ հիշեցնող ինչ-որ պատկեր է գալիս աչքիդ: Բայց դա այնքան էլ այդպես չէ: Ավելի շուտ` այդպես չէ ամենևին: Ռիլկեին նախախնամաբար տրված էր ոգեղենության գաղտնաթաքուր ոլորտի ճանաչման մեդիումային մի  ուղի (ինչպես հենց ինքն է խոստովանում, դրանից երկու տարի առաջ «Կոմս Գ. Ց.-ի ժառանգությունից» քնարական շարքը Բերգ ամ Իրխել դղյակում նրան թելադրել էր XVIII դարի ազնվականի ուրվականը). այդ ուղին 1914 թվին գրված մի բանաստեղծության մեջ ձևակերպվել էր հետևյալ նորաբանությամբ` «Weltinnenraum», ասել է թե` «աշխարհի ներքին տարածք», մի այլ տեղ նա օգտագործում է «Herzzwischenraum» արտահայտությունը, որ նշանակում է «սրտի միջնատարածություն»: Ահա այս «տարածքը» գրգիռ ստացավ, բայց կար ու մնացել է Ռիլկեի մահվանից այսքան տարի հետո` շնորհիվ նրա` թեև վստահելիորեն «իրեղեն», բայց և վերերկրային, գուցե ներերկնային  պոեզիայի…

 

XIII  (I)

Եթե բերնի մեջ տանձ, խնձոր, բանան ունեք,

հաղարջ… Ի՞նչ են քչփչում անընդհատ

այնտեղ կյանքն ու մահը… Եվ ես գուշակում եմ…

Երեխայի դեմքի՛ն վիճարկումն այդ

կարդացեք: Ի՜նչ համեր` հեռվանց խուժել –

քիմքերն են անանուն երանությամբ պատել:

Որտեղ խոսքեր կային` մահվան հանքն է հյութեղ

պտղամսից ազատվելով ապշել:

Ո՞վ գիտի, թե ինչն է խնձոր կոչում:

Այն քաղցրությու՞նը, որ թանձր նյութ է հագել,

որպեսզի համի մեջ բարձրանա անարգել –

թափանց արթուն լինի ու հարաճուն,

հանց երկիմաստ արև` հողեղեն երկնքի: –

Հրա՜շք փորձառության, առնչման, հրճվանքի:

 

XXV  (I)

Քեզ , սակայն, ուզում եմ այժմ, որին գիտեի փոքր-ինչ,

իբրև լույս մի ծաղիկ, որի անվանը ես հասու չեղա,

ևս մեկ անգամ հիշել և ցույց տալ նրանց զգլխիչ

մանկության խաղընկերուհուն, որպես ճիչ – կոկորդում պաղած:

Պարուհի միայն, որ հանկարծ, մարմինը վարանմամբ լեցուն,

կանգ առավ` դեռատիությանը կարծես բրոնզ էր պատել:

Տրտմորեն ականջ դրեցիր: — Եվ մի մեղեդի էր հածում –

վերուստ սրտիդ մեջ իջած, որ անզոր էիր ընդհատել:

Հիվանդությունն էր դարանել: Ստվերն էր արդեն տիրացել

ծանրացող արյանը, սակայն ջանում էր պահն այդ շրջանցել –

տոգորված զարթոնքով գարնան` ժիր խոխոջյունով հոսող:

Փորձում էր կրկին ու կրկին`ընդհատվող անկումի մթով –

երկրային փայլքում երևալ: Սոսկալի թակոցից հետո

ներս մտավ մի անմխիթար բացվող դարպասով:

 

III  (II)

Անորսալի եք դուք, հայելինե՛ր,

խորքը ձեր էության այդպես էլ չի բացվում:

Մաղ եք ասես, որի անցքերից ներս

միջնատարածքներն են ժամանակի` լցվում:

Սին սրահն եք շռայլում դեռ քանի,

ուր մութը շաղվում է, ասես անտառ հանգչող –

ջահն է անցնում տասնվեցակնանի

ձեր անանցանելի տարածքների միջով:

Նկարչությամբ լեցուն եք երբեմն:

Թվում է թե` ոմանց անհայտ մի ուժ տարավ

և այլք` երկնչանքով սպրդում են:

Բայց Գեղեցկագույնը կանդրադարձվի –

մինչև որ այն կողմում այտերի մեջ նրա

լուսավոր Նարցիսը թափանց լուծվի:

 

VII  (II)

Ծաղիկներ, նրբին ձեռքերին եք դուք հարազատանում

(աղջկա ձեռքեր` առհավետ թեթև), –

սփռված այգու սեղանին` ձեր մեղմ կսկիծն եք տանում,

հանգչող խոնջանքով սպասում եք, թե

ջուր երբ կլինի, որ մեկ անգամ էլ արթնացած հսկեք

գալուստը մահվան, – և այժմ անեղ

ձեզ բարձրացնում են մատներն` զգալով կենսական հոսքեր

ձեր բևեռներից, որ ներգործուն են

առավել, քան դուք նախազգում էիք. և շունչ քաշեցիք,

երբ սափորի մեջ աչք էիք բացել,

հանց խոստովանանք` կույս ջերմությունը վերադարձրեցիք

մատների, նրանց թողություն տվիք մի անանձնական,

որ ձեզ քաղելու մեղքն էին գործել.

այդպես ծաղկեցին ձեզ միավորված ձեռքեր կուսական:

 

XXIX  (II)

Հեռուների խաղաղ ընկեր, թող զգացվի,

թե շունչդ ինչ տարածքներ է բացում:

Զանգակատան հեծաններին տարրալուծվիր

մթնաղողանջ: Այն, ինչ քեզ էր հյուծում,

սնունդ առավ, երբ ղողանջի ձայնին հասավ:

Փոխակերպվի՛ր քո միջանցման հունին:

Տառապագին փորձությունդ ո՞րն է, ասա՛:

Թե դառն է խմիչքը` դարձիր գինի:

Եղի՛ր առատության գիշեր պայծառ,

զգայանքի ուղեխաչում հազարադեմ –

հանդիպավայր` նոր ու կախարդական:

հենց որ երկրայինը քեզ մոռացավ,

հողին ասա, հանդարտ հողին` հոսանու՜տ եմ:

Արագընթաց ջրին ասա` ես կա՛մ:

 

 

Մարիամ Եփրեմյանի տողացիներով թարգմանեց` Հրաչյա Բեյլերյանը    

 

Անդին 7, 2013

Share

Կարծիքներ

կարծիք