Ես այն տղան եմ

20141011115000817

Ես հիմա ամեն ինչ մոռացել եմ:

Ո՛չ, թագավորը մերկ չէր… Ես այնտեղ էի, սեփական աչքերով տեսա… Նա մերկ չէր, նա արաբական բեհեզից և չինական մետաքսից կարված սքանչելի զգեստ էր հագել… Այդ փաստը հաստատող բազմաթիվ լուսանկարներ կան, կինովավերագրություն կա, վերջապես, օտար մամուլը կա…

Ո՞վ է այդ լուրը տարածել, շատ կուզեի իմանալ, թե ով է այդ սրիկան, որ այդպիսի բան է ասել:

Ե՞ս… Ասում եք՝ ե՞ս… Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչեր եք խոսում, դուք ոչ միայն ծանրագույն մեղք եք վերցնում ձեր հոգու վրա, այլև տարածում գարշելի զրպարտություն, որի համար մեր երկրում խստագույն պատիժներ են սահմանված… Ես զգուշացնում եմ ձեզ, որ մեր վեհապետի հասցեին արգելված է որևէ անհարգալից արտահայտություն հրապարակել… Իմ հասցեին՝ նույնպես:

Իմ ծնողնե՞րը… Ես նրանց իսպառ մոռացել եմ… Չգիտեմ՝ ողջ են, թե մեռած… Վերջին անգամ երբ եմ տեսե՞լ… Չեմ հիշում… Այդ օրը նրանք կողքի՞ս էին… Անկեղծորեն՝ չեմ հիշում… Եվ հետո, բնավ կարևոր չէ՝ կողքիս էին, թե ոչ, դա խնդրի հետ ոչ մի առնչություն չունի, և եթե կուզեք իմանալ, նրանք խիստ զայրացան, իսկ մայրիկս ականջս այնպես քաշեց, որ մեկ ամիս ցավում էր…

Եթե հիմա տեսնեմ՝ կճանաչե՞մ… Հազիվ թե… Եղբա՞յրս… Իսկ եղբայր ունեցե՞լ եմ… Ասում եք՝ ունե՞մ… Իսկապե՞ս… Հետաքրքիր է, չգիտեի… Ինձնից մե՞ծ է, թե՞ փոքր… Հինգ տարով ինձնից փո՞քր է… Տե՛ս է, ուրեմն, վաթսունհինգ տարեկան է… Ուրեմն՝ նա ոչինչ չի հիշի, այդ օրը նա հազիվ երկու ամսական լիներ… Այնպես որ, նրա վկայություններն արժեք չունեն… Ես նրան տեսե՞լ եմ… Ի՜նչ եք ասում… Ե՞րբ… Երկու տարի առա՞ջ… Նա ինձնից օգնություն է խնդրել, և ես մերժե՞լ եմ… Այդպիսի բան չեմ հիշում… Այնքան մարդ է ինձ դիմում զանազան հարցերով, բոլորին չեմ կարող հիշել… Քույր էլ ունե՞մ… Չգիտեի, ո՞ղջ է, որտե՞ղ է ապրում… Մահացա՞վ… Ե՞րբ… Դե, հավանաբար, շատ կարևոր գործ եմ ունեցել, որ չեմ գնացել թաղմանը… Ամեն օր մեկը մահանում է, հո չեմ կարող բոլորի թաղմանը գնալ… Ես պետական կարևոր գործեր ունեմ… Առանց չափազանցության պիտի ասեմ, որ ամբողջ երկրի բախտն է իմ ձեռքին… Ի՜նչ երկիր, մարդկության բախտը, բայց մենք համեստորեն լռում ենք…

Ես երբեք ժամանակ չեմ ունեցել կողմնակի գործերով, ինչպես ասում են՝ առանձին անհատների ճակատագրով զբաղվելու…

Իմ ճակատագիրն այնպես ստացվեց, որ մանուկ հասակից բառացիորեն իմ ամեն մի րոպեն նվիրված էր դաստիարակությանը… Այո, հենց այդ ճակատագրական օրվանից սկսած… Ոչ, ես դպրոց չէի հաճախում, իմ դպրոցն ուրիշ էր, ես կասեի՝ դա յուրատեսակ դպրոց էր՝ հատուկ ինձ համար, հետևաբար իմ ուսուցիչներն էլ ուրիշ էին… Իհարկե, մեծ պատիվ էր… Նույնիսկ արքայական ժառանգներն այդպիսի դաստիարակության չեն արժանանում… Սպասեք, ամեն ինչ հերթով…

Այդ ճակատագրական օրը ուղղակի հանդիսության վայրից փակ կառքով ինձ տարան անհայտ մի տեղ… Բացարձակապես պատկերացում չունեմ, քանի որ ոչ միայն կառքի պատուհաններն էին վարագուրված, այլև իմ աչքերն էին կապել… Եվ հետո, կարևոր չէ՝ որտեղ էր… Կարևորն ուրիշ բան էր…

Կարևորը դաստիարակության մեթոդն էր, սիստեմը, ծրագիրը, որ հետևողականորեն կիրառվում էր բառացիորեն ամեն ինչում, ամեն քայլի, յուրաքանչյուր րոպե… Օրինակ՝ հունվար ամսին, ինչպես գիտեք, մեր կողմերում դաժան ցրտեր են լինում և առատ ձյուն է գալիս… Կեսգիշերն անց ինձ արթնացնում, ոտաբոբիկ հանում էին բակ և ձյան տակ կանգնեցնում… Նրանց հագին մուշտակ էր, գլուխները ծածկած, իսկ ես գլխաբաց էի, հագիս էլ միայն գիշերանոց էր: Բնականաբար, ես մրսում էի, լալիս, խնդրում, որ թողնեն ներս գնամ, սակայն իմ դաստիարակները ճիպոտով խփում էին մեջքիս և ասում. «Խաբում ես, դու չես մրսում, այս շոգին ինչպե՞ս կարող ես մրսել…»: Իսկ շոգ օրերին ինձ ստիպում էին մուշտակ հագնել և թույլ չէին տալիս հա•իցս հանել… «Ցուրտ է, կմրսես»,- ասում էին նրանք: Եվ ես պիտի համաձայնեի ու շնորհակալություն հայտնեի. ՙԱյո, շատ ցուրտ է, անչափ շնորհակալ եմ, որ այդպես հոգ եք տանում ինձ համար՚: Թեյիս մեջ աղ էին լցնում և պահանջում, որ ասեմ. «Ի՜նչ քաղցր է»: Իսկ աղի փոխարեն ինձ շաքար էին տալիս, ասենք՝ շաքարավազ էի ցանում վարունգի վրա…

Համե՞ղ էր, օ, այո, շա՜տ… Հիմա՞… Իհարկե, այսօր սուրճիս մեջ կես գդալ աղ լցրեցի… Արդեն վաղո՜ւց այդպես եմ խմում… Ձեզ էլ խորհուրդ կտամ, իհարկե, սկզբում դժվար է, բայց աստիճանաբար կսովորեք…

Ի՞նչ ասացիք… Դաժա՞ն… Չհամարձակվեք այդպես արտահայտվել… Նրանց պես բարի մարդիկ կյանքումս չեմ հանդիպել… Դուք խեղաթյուրված պատկերացումներ ունեք մանկավարժության և ընդհանրապես երեխաների դաստիարակության մասին…

Երեխայի հետ դուրս եք գալիս զբոսանքի, և նա սկսում է իր քմահաճույքները թելադրել ձեզ. պաղպաղակ եմ ուզում, ադիբուդի եմ ուզում, ուզում եմ կարուսել նստել… և այլն… Դուք, որպես սիրասուն հայր, ինչպես ձեզ է թվում, անմիջապես կատարում եք նրա վնասակար պահանջները… Մինչդեռ ճիշտ հակառակը պետք է անել. պաղպաղա՞կ է ուզում, ասեք, այո, սիրելիս, և անմիջապես ձկան յուղ տվեք, թեյի գդալով, և ցանկալի է առանց ջրի, որպեսզի այդ հազվագյուտ հաճելի համը երկար մնա բերանում… Եվ տալը քիչ է. պահանջեք, որ անմիջապես շնորհակալություն հայտնի…  Նա, իհարկե, կընդվզի… Այդպիսին է եսասեր երեխաների ապերախտ բարքը, բայց դուք ոչ մի դեպքում չզիջեք, շարունակեք ձկան յուղ տալ…

Երրորդ-չորրորդ անգամից հետո կկատարվի հետաքրքիր տրանսֆորմացիա՝ փոխակերպում. նա այլևս ցանկություն չի հայտնի ձեզ հետ զբոսանքի գնալու… Սակայն դուք կպնդեք՝ ասելով, որ առողջության համար լավ չէ ամբողջ օրը տանը նստել և համակարգչային խաղերի վրա ժամանակ վատնել… Ձեր երեխան մեծագույն դժկամությամբ կհնազանդվի, կրկնում եմ՝ ոչ թե կհամաձայնի, այլ կհնազանդվի… Իրավաբանորեն ասած՝ համաձայնելը ենթադրում է իրավունքի առակայություն, իսկ հնազանդվելը՝ բացակայություն… Այսպիսով՝ դուք նրա ձեռքը բռնած մտնում եք իր սիրած զբոսայգին, մոտենում պաղպաղակի կրպակին և մեղրածոր ձայնով հարցնում. «Սիրելիս, կարո՞ղ է պաղպաղակ ես ուզում… »:

Նա, իհարկե, ուզում է, սակայն չի համարձակվում, որ փոխարենը ձկան յուղ չստանա… Դուք կրկնում եք ձեր հարցը, բայց երեխան լուռ է, քանզի արդեն գիտի, որ պաղպաղակ ուտելու բուռն ցանկությունը բարձրաձայնելու դեպքում տեղնուտեղը ձկան յուղ է ստանալու… Ուստի գերադասում է լռել, մնալ, այսպես ասած, չեզոք տարածքում, no mans land-ի վրա, որտեղից վտանգի դեպքում անվնաս նահանջելու հնարավորություն կա… Մինչդեռ արտահայտված ցանկությունը ծուղակ է, որտեղից կարելի է դուրս գալ միայն ձկան յուղ կուլ տալով… Այսինքն՝ ուզո՞ւմ ես, դե ա՛ռ… Բայց նա չի ուզում… Իսկ չուզողին ինչ-որ բան տալը կամ պարտադրելը կնշանակի բռնություն գործադրել, այլ կերպ ասած՝ մարդու իրավունքների խախտում… Հապա ինչպե՞ս, չէ՞ որ երեխան էլ մարդ է, ավելին՝ մեր ապագան է…

Այսպիսով, երեխան իրեն զգում է լիովին պաշտպանված. ստույգ է՝ պաղպաղակ չստացավ, բայց վստահ է, որ փրկվեց ձկան յուղից… Նրա տրամադրությունը բարձր է, նա իր կամքով, իր կյանքի համեստ փորձով ինքնահաստատման մի կարևոր հանգրվանի հասավ…

Ոչինչ, թող այդպես կարծի, թող հիանա ինքնիրենով և որքան ավելի հիանա, այնքան ավելի արդյունավետ կլինի ձեր հաջորդ քայլը… Ոչ, ոչ, սխալ չհասկանաք, ոչ մի դեպքում չի կարելի բռնության դիմել, ստիպել՝ ասելով՝ «Ոչ, հենց հիմա պիտի պաղպաղակ ուտես…», կամ վատթարը՝ ձկան յուղը հանեք և լցնեք բերանը… Այդպիսի բարբարոսություն չի կարելի թույլ տալ… Հիշեք միշտ, որ երեխան նուրբ էակ է… Պետք է այնպես անել, որ նրան թվա, թե ինքն է որոշում կայացնողը:

Ուստի դուք հայտարարում եք. «Իսկ ես շատ եմ ուզում պաղպաղակ ուտել… Դեմ չե՞ս, որ մի կես ժամ այստեղ նստենք, հետո կշարունակենք զբոսանքը»:

Նա, իհարկե, դեմ չէ, նրա հոգում նույնիսկ նկուն մի հույս է արթնանում, որ, ո՞վ գիտե, կարող է ձեզ հետ պաղպաղակ վայելել… Սակայն դուք տեղնուտեղը փշրում եք այդ հույսը՝ մատուցողին պատվիրելով ընդամենը մեկ բաժին, ըստ որում՝ նրա սիրած՝ շոկոլադի պաղպաղակ…

Դուք տանել չեք կարող պաղպաղակը, ժամանակին ձեր սիրելի դաստիարակները վերջնականորեն արմատախիլ են արել երեխայական հակումն այդ վնասակար աղանդերի հանդեպ, բայց իրադրությունը պահանջում է, որ դուք հաղթահարեք ձեր զզվանքը… Երեխան նախանձով նայում է ձեզ, և հանկարծ նա ձեզնից ձկան յուղ է խնդրում… Կեցցե՛ք, դա ձեր հաղթանակն է…

Եվ դուք գիտե՞ք, թե ինչու խնդրեց. որովհետև շա՜տ էր ուզում պաղպաղակ ուտել… Դուք կարո՞ղ եք սա հասկանալ, հավանաբար ոչ, քանի որ հակասությունների այս միասնությունը դուք չեք ապրել… Նրա մեջ այդուհետ կատարվելու է մի բարդ ու նրբին անցում. զզվանքը ձկան յուղի հանդեպ պիտի անցնի պաղպաղակին, և այն աստիճան, որ հետագայում  «պաղպաղակ» բառը լսելիս կարող է փսխելու ցանկություն ունենալ…

Դուք շատ ճիշտ հասկացաք մեր մեթոդը. այո, պետք է փոխել մարդու բնությունը: Մեր մարմինը, մեր ուղեղը, մեր բոլոր զգայարանները խաբեական բաներ են, և մեր ծննդյան օրվանից մենք այդ որոգայթների գերին ենք… Պետք է ազատվել այդ ստրկացնող կապանքներից, աշխարհն ընկալել այնպես, ինչպես պետք է տվյալ պահին… Եթե պետք է ասել, որ արքան սքանչելի մուշտակ է հագել, պետք է, ուրեմն, ուրիշ ոչինչ չասել դրանից զատ՝ անկախ այն բանից, թե արքան ընդհանրապես հագնված է, թե ոչ… Դա ձեր գիտենալիք բանը չէ… Երևույթների գնահատականը հարափոփոխ է եղանակի պես…

Ձեր հարցը տեղին էր. ինչպե՞ս իմանալ, թե տվյալ պահին ո՞րն է ճշմարիտը… Ոչ, ոչ, ոչ, մենք հարգում ենք սեփական կարծիք ունենալու ձեր իրավունքը: Բայց հարց է ծագում՝ այդ կարծիքը, որը դուք արտահայտում եք, որը մշտապես ձեր լեզվի ծայրին է և միշտ մտքից առաջ է անցնում, որքանո՞վ է ձերը… Ոչ, դուք չեք կարող ապացուցել, քանի որ գաղափարական զանազան ու թաքնված ձեռնածությունների գերին եք… Պատկերացնել անգամ չեք կարող, թե դիվական ի՜նչ ուժեր են մարտնչում ձեր գանգի ներսում, որպեսզի իրենցը պարտադրեն ձեզ… Այսպիսով, դուք դառնում եք անհայտ ուժերի թութակը, որն առանց հասկանալու կրկնում է ուրիշից սերտածը…

Եթե կուզեք իմանալ՝ ձեր գլուխներում քաոսն է իշխում… Պետք է վերջ դնել դրան… Կրկնում եմ, մենք դեմ ենք ամեն տեսակի բռնությանը… Պետք է մարդուն օգնել ճիշտ մտածելու… Պետք է հասկացնել, որ երևույթները մի քանի երես ունեն… Դուք շարունակ տեսնում եք լուսնի մեկ երեսը… Սակայն գոյություն ունեն այլ երեսներ, որոնք տեսանելի չեն ձեզ… Ոչ միայն երկրորդ, այլև երրորդը, չորրորդը…

Ոչ, դա մտքի ազատություն չէ, դա մտքի անարխիա է… Ով ինչ ուզում՝ մտածում է, եթե դա կարելի է մտածել համարել…

Եվ հետո, ես արգելում եմ ձեզ «ազատություն» բառը գործածել… Ոչ, ես չեմ բռնանում ձեր ազատության վրա, ընդհակառակը՝ ձեզ ազատություն եմ շնորհում… Ինչպե՞ս… Շատ պարզ, փորձեմ բացատրել. փիլիսոփան ասում էր, թե «Ազատությունը գիտակցված անհրաժեշտություն» է… Այդպե՞ս է… Հրաշալի է… Արդ, պատասխանեք ինձ՝ դուք գիտակցություն ունե՞ք… Հեքիաթներ մի՛ պատմեք ինձ… Մարդկությունն այսօր գիտակցությունից զերծ կենսաբանական մի զանգված է, որ անհսկելիորեն բազմանում է և դառնում ավելի ու ավելի վտանգավոր… Ո՞ւմ համար… Վտանգավոր ինքն իր համար… Անգիտակից ու ագրեսիվ մի զանգված… Ինչպե՞ս կարող է գիտակցությունից իսպառ զերծ երկոտանին ազատության անհրաժեշտություն զգալ… Նույնն է թե ներքինին ասի, թե ուզում է պառկել կնոջ հետ… Այո, կասի, բայց դուք կհավատա՞ք…

Շատ եք, շատ եք, շատ եք… Ճագարի նման բազմանում եք, տխմարից ավելի տխմարն է ծնվում, ստրուկից ավելի ստրուկը… Ժամանակն է վերջ դնել այս վտանգավոր էքսպանսիային… Ոչ, ոչ, ոչ, մենք կտրականապես դեմ ենք հղիության արհեստական ընդհատմանը… Կինը պետք է լիարժեք վայելի իր մայրությունը… Միայն թե իրերի բնական ընթացքով այդ հազվագյուտ երջանկությունը գնալով նա ավելի ու ավելի քիչ է վայելելու… Որովհետև կինն աստիճանաբար դառնալու է հասարակության ավելորդ միավոր… Համասեռական զույգերի համար երեխա արտադրի՞… Դրա անհրաժեշտությունը շատ շուտով կվերանա… Գիտությունն արդեն մշակում է հատուկ ինկուբատորներ, որտեղ ոչ թե ինն ամսում, այլ անհամեմատ ավելի կարճ ժամանակում կարտադրվեն ուզած սեռի, նույնիսկ անսեռ, ուզած գույնի, նույնիսկ անգույն երեխաներ, որոնք, ի տարբերություն կնոջից ծնված երեխաների, անպարկեշտ հարցեր չեն տա, թե երկու մորուքավորներից ո՞ր մեկն է մայրիկը…

Իսկ քո ինչի՞ն է պետք մայրիկը, մի հարցնող լինի… Կուրծք չի տալու, որովհետև դրա կարիքը չես ունենա, որովհետև այդ բնազդը ջնջված է լինելու… Իսկ սնո՞ւնդը… Սնունդը շատ պարզ է, օրը մի քանի հաբ… Հետևաբար այդ երեխան տակը չի անելու, հետևաբար հետույքը սրբելու կարիք էլ չի լինի… Հետևաբար ահագին խնայողություն կանեք պամպերսի վրա…

Այդ երեխաները չեն մեծանա. ասենք՝ գլուխ չունեք նորածին պահելու, ուստի միանգամից երկու կամ երեք տարեկան երեխա կպատվիրեք կամ հինգ-վեց տարեկան և նույնիսկ ավելին, որոնք հագուրդ կտան ատավիզմի ձևով ձեզանում դեռևս պահպանված ծնողական բնազդներին և նույնիսկ, ինչպես ասեմ, կբավարարեն ձեր ուրիշ պահանջները… Կարծում եմ՝ հասկացաք, թե խոսքն ինչի մասին է… Տիկնի՞կ… Այո, տիկնիկ… Այո, սեռական, բայց ոչ թե շահագործման, այլ օգտագործման առարկա… Ըստ որում՝ փոխադարձ համաձայնությամբ… Իսկ մի՞թե նրանց ուրիշ բան է պետք… Ի դեպ, սա իրավական հիմք կտա, որպեսզի օրենսգրքերից վերջնականապես հանվեն մանկապղծության վերաբերող բոլոր հոդվածները…

Այսպիսով, տիկնիկ-երեխաները կամ, եթե կուզեք, երեխա-տիկնիկներ կարտադրվեն այնքան, որքան պետք են… Այսինքն՝ շատ սահմանափակ… Այսպիսով, մենք կլուծենք մոլորակի գերբնակեցման խնդիրը…

Այս ամենն ինչ կապ ունի այն չարաբաստիկ օրվա հե՞տ…

Ձեր միամակարդակ ուղեղով դուք անկարող եք երևույթների պատճառահետևանքային կապերը տեսնել… Նոր Աշխարհը, Նոր Մարդը ծնվեց այն օրը, երբ արտասանվեց սակրամենտալ նախադասությունը… Ոչ, խոսքը նախադասության բուն իմաստի մասին չէ, այդ խնդիրը վաղուց լուծված է… Այլ խոսքն այն մասին է, որ ոչ թե երևույթը պիտի որոշի ասելիքը, այլ ասելիքը պիտի որոշի երևույթը… Ինչպե՞ս… Արդեն վերն ասացի՝ եթե ձմռանը գիշերանոցով ու ոտաբոբիկ դուրս գաք բակ, ապա պիտի ասեք՝ ի՜նչ շոգ է… Իսկ եթե ջերմաչափը ցույց է տալիս, որ -15 է, բայց դուք սրթսրթալով և ատամները կափկափելով ասում եք, թե շոգ է, նշանակում է՝ շոգ է… Եվ եթե շաքար տեսնեք, պիտի ասեք՝ սև է, ձյունը՝ նույնպես, իսկ ձյութը, բնականաբար, սպիտակ է…

Ուստիև, եթե ռումբեր ենք նետում որոշ բռնատիրական երկրների վրա, ապա ամենաբարի, կարելի է ասել՝ զուտ մարդասիրական նպատակներով… Ռուսերեն լավ արտահայտություն կա՝ «Добро с кулаками»: Անհասկացողներին պիտի բարությունը պարտադրես, այնպես որ մեր «добро»-ն ոչ միայն բռունցքներով, այլև, հարկ եղած դեպքում, ռումբերով է արտահայտվում, քանի որ գործ ունենք առանձնահատուկ անհասկացողների հետ…

Մի՞թե չտեսաք, որ ես գոհ եմ իմ ճակատագրից, ես անհայտությունից բարձրացա և դարձա երկրի առաջին դեմքը… Այո, իհարկե, առաջին դեմքը դե ֆակտո արքան է, բայց նա քաշվել է մի կողմ և պետության կառավարումը լիովին վստահել ինձ… Ինչով է զբաղվա՞ծ… Նա շատ է սիրում որսի գնալ, իսկ եթե որսի չէ, պալատում է, ապա ամբողջ օրը աշխարհահռչակ մոդելյերների հետ նոր զգեստներ է մշակում համայն մարդկության համար… Ի՜նչ միամիտ հարց եք տալիս, ինչպե՞ս կարող է հագնված մարդը մերկ լինել… Նա սիրում է նաև ժամանակ առ ժամանակ դուրս գալ քաղաք, զբոսնել, զրուցել իր հպատակների հետ… Ո՜չ, բնավ կարիք չկա, որ այդ զբոսանքների ժամանակ իր մոդելյերների նորաձևությունները հագնի… Ես խստորեն հետևում եմ, որ նա պարզ, այսպես ասած, դասական զգեստներով ներկայանա ժողովրդին…

Բռա՛վո, բռա՛վո, բռավիսիմո, դուք արդեն սկսել եք ճիշտ մտածել. եթե հագնված է՝ նշանակում է մերկ է… Բայց նա մորեմերկ է ներկայանում իր հպատակներին, այսինքն՝ հագնված…Կեցցե՛ք, կարճ ժամանակում յուրացրիք իմ դասերը… Դուք շատ առաջ կգնաք, ես պատրաստ եմ նույնիսկ լավ պաշտոն առաջարկել ձեզ իմ կաբինետում… Մանավանդ հիմա ինձ առողջ մտածող մարդիկ են պետք, մինչդեռ իմ աշխատակիցներից ոմանք մեկ ամսում հազիվ յուրացրին այս տարրական տրամաբանությունը…

Ինձ ճկուն մարդիկ են պետք, որոնք ոչ միայն արագորեն որսում են օրվա ոգին, այլև առաջ անցնում, վաղվա օրը նախապատրաստում…

Արդեն ասացի, որ ես գոհ եմ իմ ճակատագրից, բայց այն կարող էր ավելի երջանիկ լինել, եթե իմ ծննդյան առաջին օրվանից ճիշտ դաստիարակվեի… Ծնողներիս մեղադրելու համար չեմ ասում, նրանք բանից անտեղյակ, միամիտ ապրում էին… Սակայն պետք է վերջ դնել այդ անհոգությանը և լրջորեն զբաղվել մատաղ սերնդի դաստիարակությամբ…

Ես մի շարք ծրագրեր եմ մշակել, կուզեի ձեզ պատմել հատկապես ամենակարևորի մասին. մեկ շաբաթ առաջ երեխաների մի խումբ բերել էին պալատ՝ արքայի օրհնությանն արժանանալու… Եվ մեր վեհապետը որոշեց հագնել այն պատմական օրվա զգեստը… Հանդիսությունների սրահում մոտ քսան երեխա կար, բոլորն էլ հինգ տարեկան, և նրանցից ոչ մեկը չկրկնեց հանրահայտ նախադասությունը… Իրավացի եք, սա սկանդալ է…

Պետք է պարզել հետևյալը. նրանք գիտեի՞ն, որ արքան մերկ է, ներողություն, հագնված, սակայն ինչ-ինչ պատճառներով չէին ասում, թե՞ նրանք արդեն այնքան են ընտելացել հագնված մարդկանց ներկայությանը, որ դա արդեն սովորական է դարձել. չէ՞ որ այսօր շատ ու շատ ծնողներ իրենց երեխաների ներկայությամբ հանվում… ներողություն, հագնվում և… գիտեք, թե ինչեր են անում… Իմ ծնողնե՞րը… Նրանք այդ բաներն անում էին ոտքից գլուխ հագնված, ինձ քնեցնելուց և ննջարանի դուռը փակելուց հետո… Գիտեմ, որովհետև բանալու անցքից ամեն ինչ տեսել եմ… Այնպես որ, հագնվածին մերկից ես հստակ զանազանում էի…

Մենք լուրջ անելիքներ ունենք երեխաների դաստիարակման գործում… Նախևառաջ նրանց գիտակցության մեջ պիտի վերականգնենք իրականության սխալ ընկալումը, որպեսզի հետագայում քրտնաջան աշխատանքով սերմանենք ճիշտը… Պատկերացնո՞ւմ եք, քսանից ո°չ մեկը… Մինչդեռ պատմական այն օրը ես միակ երեխան էի հրավիրվածների մեջ…

Ավելին, որպեսզի մատաղ սերունդն ազատենք մոլորություններից, պիտի ուշադիր լսենք նրանց արտասանած ոչ միայն յուրաքանչյուր բառը, այլև իմանանք, թե նրանք ինչի մասին են լռում… Դա նշանակում է, որ մենք պիտի կարգավորենք նաև նրանց լռությունը… Թույլ չտանք, որ սխալ բաների մասին լռեն… Իսկ ճշտի մասին լռելու հարկ չի լինի…

Արդեն մեկ շաբաթ է, ինչ արքան ամեն օր երեխաների խմբեր է ընդունում հանդիսությունների իր սրահում, և բոլորը լուռ են, նրանցից ոչ մեկը չի նկատել կամ չի ցանկացել ասել, որ արքան… Մի խոսքով, հասկանում եք… Սա աղետ է, համազգային, համաժողովրդական աղետ… Պահեր են գալիս, որ ես արդեն թևաթափ եմ լինում, լրջորեն մտածում, թե ո՞վ է ինձ փոխարինելու այս պաշտոնում…

 

Հեռախոսի զանգ :

 

Այո, լսում եմ… Չի կարող պատահել… Դուք համոզվա՞ծ եք, նա նույն բառե՞րն արտասանեց, ինչ ես վաթսունհինգ տարի առաջ… Ասում եք՝ նկարահանվա՞ծ է… Դուք պաշտոնի բարձրացում կստանաք այս երջանիկ լուրը հայտնելու համար… Ուրեմն, այսպես. նկարահանված նյութը և երեխային անմիջապես բերեք այստեղ… Հա, պարզեք, թե ովքեր են ծնողները և անհապաղ մեկուսացրեք…

Լսեցի՞ք, տիարք և տիկնայք, ավանդությունը շարունակվում է… Այդ երեխայի դաստիարակությամբ կզբաղվեմ անձամբ ես, և համոզված եղեք, որ նա կարճ ժամանակում կդառնա իմ արժանի փոխարինողը և ամեն ինչում կգերազանցի ինձ:

 

 

Անդին 2, 2014

 

Share

Կարծիքներ

կարծիք