Եթե

nkar

Անցյալ դարասկզբում մեծահռչակ Քիփլինգի՝ էլ ավելի հռչակավոր այս բանաստեղծությունը պարզապես ցնցել էր ամբողջ աշխարհը՝ իր նուրբ բարոյական ոգեղենությամբ, իր խորը խոկեղեն իմաստնությամբ ու բանաստեղծական թափով: Հեղինակը դեռ 1907թ-ին արժանացել էր Նոբելյան մրցանակի (նա առաջինն էր, որ այդքան երիտասարդ՝ քառասուներկու տարեկանում դարձավ կենդանի դասական…): Այս քերթվածը Մեծ խոսք է՝ մարդուն ուղղված, կարելի է ասել՝ Մեծ կտակ-պատգամ, Մեծ հորդոր-կոչ, Մեծ մանիֆեստ հանուն մարդու՝ Ճշմարի՜տ Մարդու …

 

Եթե

Եթե կարող ես անխռով մնալ, երբ շուրջ-բոլորը
Խռովքի մեջ են ու դրա համար քեզ են կշտամբում,
Եթե կարող ես վստահել քեզ, երբ կասկածում են քեզ բոլորը,
Իսկ դու փոխարենը թողություն տալով, նրանց չես նախատում,
Եթե անդուլ համբերանքիդ մեջ դու չես հոգնում բնավ,
Կամ հար զրպարտված՝ ներում ես նրանց լուտանքը,
Կամ էլ անարգված՝ քեն չես պահում հարկավ,
Ու չես ձգտում թվալ բարի, շահել հանուր հարգանքը.

Եթե կարող ես երազել, բայց չես դառնում նրան մատռվակ,
Եթե կարող ես խոկալ՝ միտքդ չսարքելով թիրախ,
Եթե կարող ես դիմավորել աղետ կամ հաղթանակ
Ու նայել նրանց՝ երկուսին նույնչափ հաշտ ու անվախ,
Եթե կարող ես անսալ քո իսկ ասած ճշմարտին,
Որը նենգել է ստահակը՝ հիմարին ծուղակ գցելու համար,
Կամ՝ կյանքդ այս ամենին տված՝ տոկալ վերստին,
Ու վերաշինել ամենը, կրկին, մաքառումով խոնարհ.

Եթե կարող ես բոլոր շահումներիդ կույտը ողջ
Բախտախաղին դնել՝ մեկեն և վճռական
Ու՝ կորցնել ամենը, և սկսել նորից՝ քո ակունքից առողջ,
Ու միշտ լինել անտրտունջ, լռիկ և անվարան,
Եթե կարող ես լարել ջիլ, նյարդ ու սիրտ,
Որ ծառայեն դարձյալ, մինչդեռ ներսդ նվաղած է անծիր,
Եվ պինդ կենալ, երբ ամենը մեջդ սպառված է և սին,
Ու կամքն է միայն, որ պնդում է հար. «Օն ա՜նդր, քայլի՜ր»:

Եթե կարող ես ամբոխի հետ խոսել, ազնիվ, առաքինի,
Կամ պարզ լինել արքաների հետ ճեմելիս, շիտակ,
Եթե ո՛չ թշնամիդ, ո՛չ էլ ընկերդ չեն խայթում քեզ անտեղի,
Եթե բոլորը ակնածում են քեզ, երբ տեղն ու հստակ,
Եթե լցնում ես ամեն րոպեի ընթացքն անդադար
Վայրկյանների անողոք վազքի կշռույթով արդիս,
Արդ, ուրեմն քոնն է Ամենը՝ այս Աշխարհն արար,
Եվ — մի բան էլ ավելի՜ն — ուրեմն Մա՜րդ ես դու, որդի՜ս:

Անգլերենից թարգմանեց
Սերգեյ Մկրտչյանը

Անդին 8, 2013

Կարծիքներ

կարծիք