Եթե Դու ԷՍ

Հեղինակ:

Լուսանկար

Նրան, ով մերկ ճյուղերում տեսավ ծաղկունքը բալենիների…

Եթե Դու ԷՍ
և դու էլ Էս…

Եթե դու էս,
տունս մաքրում են ձեռքերն անտես…
Եթե դու էս,
բալենին ծաղկում է անմարդկային գույներով…
և ոզնու գաղտնի խշշոցն է կենդանանում…

Եթե դու էս,
ինչ-որ բան դեռ սխալ է ու
մնում է սխալ ու
չի ավարտվում…

Եթե Դու ԷՍ,
նռան հատիկների հաշիվը երբեք չի փոխվում,
եթե դու էս,
արյունդ խառնվում է մատներիս տակ ճզմվող հատիկների դիմադրությանը…
հայացքդ ուրվագծվում է
օդի լարերի մեջ…
ու անջատվում է մարմնիցդ երերացող
անհավետ…

Եթե Դու…
դու էս…
իսկ…
Եթե Դու ԷՍ,
ապա կոկորդիս լարումով դեպի լույսն եմ մղվում կուրացնող…

Եթե Դու ԷՍ,
շարժումները հոգուս ստանում են ուղղություն…
և արմատս անկտրելի ու անկոտրում է թվում անձրևին դեմ հանդիման…

Եթե Դու ԷՍ…
հույսի լարը կտրված ինքնագործվում է, ու
ներսում ննջողն է արթնանում…
փողոցը ձյունն է շարժում և ոչ
մեքենան…

և ծառատունկը իմաստ է ստանում,
Եթե Դու ԷՍ….

Ծառն իր լուռ աշխարհում
ծաղկում է նորից ու մարդ է
պտուղ տալիս…
համրությունը մարդու – հենց մարդու միջից…

Քաղաքի մաշկին հոսումներ անկիրք,
քայլողի դեմքին երկու նույնաջիղ դիմակ,
բոլորը շտապում են… – հենց իմ, Հռոմից էլ հին քաղաքում…
ամբոխի մեջ բացակա մի տեղ`
ընկնող մարմնի համար…

և դու քանդում ես առաջադեմ շարժման այս կծիկը սուտ
գոնե ինձ համար –
ու գործում ես բանից անտեղյակ մանուկի համար
զույգ գուլպա` ոտքից դուրս սահող մշտապես…

Ու եթե Դու ԷՍ…
քաղաքում կասեմ ճշմարտությունը…

Եթե Դու ԷՍ,
ներբաններիս տակի հողն ամրանում է, ու
հեռանկարում անհետանում է թեթևությունը նույն հողի…

Եթե Դու էՍ,
տեղանքդ անհայտ անհայտ է մնում կրկին,
անտես կարթդ շրթունքիս նիզակված ապրող մարմին է,
ու դողէրոցքդ ձգող մագնիս է միատարր,
աչքերիդ փայլը տարօրինակ` դյութում է…

Եթե Դու ԷՍ,
փշալարերը բաժանարար բողբոջում են հեռավոր նարինջներով,
ինքնաձիգները ինքնակամորեն ժայռերին են ձուլվում…
վերադառնում…

Եթե Դու և դու ԷՍ,
տարածությունը բացում է ստինքներն իր հրե,
ու մենք ճամփա ենք ընկնում…
Անդին 4, 2013

Share

Կարծիքներ

կարծիք