Դպրոցի տնօրեն՝ կեղծ դիպլոմով

Հեղինակ:

20141709185046672

Կար ժամանակ, երբ մարդիկ մտածում էին, թե ուսուցիչները երկնային սուրբ արարածներ են, չեն ուտում, չեն խմում, կենցաղային այլ կարիքներ չեն հոգում, միայն ու միայն սովորեցնում են՝ հենց իրենք առաջին հերթին բոլոր առումներով լինելով օրինակելի ու պատվարժան:

Այս պատկերացումը ժամանակի ընթացքում ցնդեց, ինչպես «մշուշ՝ ճահիճում»: Ուսուցիչները երկնային ոլորտներից դանդաղ վար իջան, դարձան հողեղեն արարածներ՝ իրենց թերություններով ու թուլություններով ծանրաբեռն:

Այնուամենայնիվ կա մի բան, որը թվում էր, թե անվերապահ սկզբունք պիտի մնար. ուսուցիչը սովորեցնելուց առաջ ինքը պիտի որ սովորած լիներ, համապատասխան կրթություն ունենար, այն էլ ոչ միայն լոկ փաստաթղթով, այլև իրական գիտելիքների առումով: Սակայն պարզվում է, որ 21-րդ դարի Հայաստանում ոչ միայն կիսատ-պռատ գիտելիքներ ունեցողը, այլև իսպառ կրթություն չունեցողն էլ կարող է ուսուցիչ լինել, ապա պաշտոնեական վերելք ապրել ու դառնալ… ուսումնական հաստատության՝ դպրոցի ղեկավար:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվեց կեղծ դիպլոմի օգտագործումով կրթական ոլորտ թափանցած տնօրենի գործը:

Ըստ մեադրանքի՝ Գայանե Եսոյանն իր վաղեմի ծանոթից՝ ոմն Սերյոժա Գրիգորյանից ձեռք է բերել Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի AD 006416 համարի ավարտական ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող դիպլոմը, որն օգտագործելով՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից 2011 թ. հունիսի 29-ին ստացել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր: 2011 թ. նոյեմբերի 23-ին Գայանե Եսոյանը նշանակվել է Երևանի N34 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2012 թ. հունվարի 10-ից՝ նույն դպրոցի տնօրեն:

Նախաքննության ընթացքում Գայանե Եսոյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե «բարեխիղճ մոլորության մեջ է եղել», կարծել է, թե իր ձեռք բերած, ավելի ճիշտ՝ գնած դիպլոմը… կեղծ չէ:

Գայանեն հինգ տարի «ուսանող» էր երևակայել իրեն, այսինքն՝ «լավ» ծանոթի հետ գործարքի մեջ էր մտել, որ մանկավարժական համալսարան բոլորի նման՝ ընդունելության քննություններ հանձնելով չի ընդունվելու, դասերի ընդհանրապես չի գնալու, որևէ քննություն չի հանձնելու, նյարդեր չի լարելու, հանգիստ ու առանց ավելորդ սթրեսների ենթարկվելու, ինչպես նաև առանց ուսումնական ձանձրալի ծրագիրը յուրացնելու, միայն ամենամյա «ուսման վարձը» կանոնավոր կերպով նույն ծանոթին հանձնելով՝ հինգ տարի անց ստանալու է ամենակարևոր ու ամենանուրբ մասնագետի՝ մանկավարժի իսկական դիպլոմ:

Ստացել է, մի կարճ ժամանակ նույն դպրոցում աշխատել է որպես պատմության ուսուցչուհի: Նրա ցուցաբերած գիտելիքներն ու կազմակերպչական ընդունակությունները, պետք է կարծել, այնքա՜ն «արտակարգ» են եղել, որ անհրաժեշտ մանկավարժական ստաժի բացակայության պայմաններում անգամ փաստաթղթերն ընդունել են ու թույլատրել, որ մասնակցի դպրոցի տնօրենների թեկնածուների քննությանը:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պետական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին կարող է մասնակցել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված և ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր ստացած անձը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Ըստ Գայանեի դատապաշտպանի՝ տնօրենի պաշտոնի հավակնող ու քննություն հանձնող երեսուն մասնակիցներից ամենաբարձր արդյունքը եղել է… Գայանեինը:

Հարց է, թե վերն ասվածն իրականություն լինելու դեպքում ի՞նչ մակարդակ են ունեցելդպրոցի տնօրենի հիշյալ քսանինը թեկնածուները, եթե ամենաբարձր միավորը հավաքել է իրականում կրթություն չստացած Եսոյանը, ինչ խոսք, եթե վերջինս, «հայկական տարբերակով», նախապես տեղեկացված չի եղել հարցաշարի բովանդակությանն ու ճիշտ պատասխաններին:

Ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար մեղադրվող Գայանե Եսոյանը, ինչպես նախաքննության ժամանակ, այնպես էլ դատարանում ընդունեց, որ անօրինական ճանապարհով է դիպլոմը ձեռք բերել:

Բարձրահասակ, շիկահեր Գայանեն, ամբաստանյալի աթոռին նստած, քաղաքավարի ժպտում էր ու կարծես բոլորովին էլ ամբաստանյալ չլիներ:

Կեղծ դիպլոմի պատմությունը ջրի երես էր դուրս եկել որպես վկա հանդես եկող Ծաղիկյանի հայտարարությամբ: Վերջինս Գայանեի ու նրա ընտանիքի վաղեմի ծանոթն էր, անձնական պատճառներով թշնամացել էր նրանց հետ ու հայտարարություն տվել, թե Գայանեն ոչ մի տեղ չի սովորել, օրինական դիպլոմ ունենալ չի կարող, ինչպե՞ս է դարձել դպրոցի ուսուցիչ, ապա և՝ տնօրեն:

Անկախ վկայի՝ անձնական դրդապատճառներով արված հայտարարություններից` անպատասխան հարցեր, իրոք, առաջանում են: Ի՞նչ դրդապատճառներով էին առաջնորդվել Եսոյանին հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր տվողներն ու դպրոցի տնօրենի պաշտոնակատար, ապա տնօրեն նշանակողները:

Ո՞վ պիտի ստուգեր տնօրենի թեկնածուի փաստաթղթերը մինչև նրան քննության թույլատրելը:

Ավելի վաղ ո՞վ պիտի ստուգեր դիպլոմի իսկությունը` մարդուն դպրոցում մանկավարժական աշխատանքի ընդունելուց առաջ:

Ինչի՞ արդյունք է կատարվածը՝ անփութությա՞ն, թե կրթության ոլորտում առկա կոռուպցիայի: Ու դպրո՞ց է, արդյոք, այն հաստատությունը, որտեղ մանկավարժ կամ տնօրեն են աշխատում մարդիկ, ովքեր իրե՛նք սովորելու ցանկություն չեն ունեցել ու նախընտրել են գնալ անօրեն ճանապարհով:

Շատ հնարավոր է, որ խարդախության այս մեխանիզմով Գայանեից բացի այլք նույնպես մանկավարժի կեղծ դիպլոմ ստանալով՝ հիմա, դեռևս չբացահայտված, մանկավարժական կամ այլ «գործունեություն» ծավալած լինեն կրթության ոլորտում: Այնպես որ, քանի դեռ հայտնի չէ այս գործի հիմքը կազմող հանցավոր շղթան, միայն Գայանե Եսոյանին պատժելով՝ խնդիրը լուծված համարվել չի կարող:

Ավելի խորքային մտահոգությունը մարդկանց հոգեբանությունն է, մտածելակերպը: Եվ մի՞թե քիչ են հիմա նրանք, ովքեր ինչ-ինչ ճանապարհով իրոք ընդունվում են բուհ, երբեմն մտնում-դուրս են գալիս, բայց իրականում ոչինչ էլ չեն սովորում ու, միևնույն է, դիպլոմ են ստանում՝ իսկակա՜ն դիպլոմ, ու դառնում են կեղծ մասնագետներ՝ խաբելով և՛ իրենց, և՛ հասարակությանը, վնասելով և՛ իրենց, և՛ կոնկրետ մարդկանց, ում «դաստիարակելու», «բուժելու» կամ «դատելու» են՝ «դիպլոմ» կոչվող կեղծ կամ իսկական փաստաթղթով քողարկելով իրենց անգրագիտությունն ու մասնագիտական  անպիտանիությունը:

Եթե Գայանե Եսոյանի «վաղեմի ծանոթ» Ծաղիկյանն այդքան նախանձախնդիր չլիներ Գայանեին վատություն անելու, նրանից անձնական պատճառներով վրեժխնդիր լինելու հարցում, շատ հնարավոր է, որ մայրաքաղաքային N34 դպրոցն այսօր էլ ղեկավարեր փաստացի միջնակարգ կրթությամբ այս կինը:

Այդուհանդերձ դպրոցի տնօրենը կեղծ փաստաթղթի վերաբերյալ աղմուկ բարձրանալուց հետո չի հեռացվել, այլ «սեփական դիմումի համաձայն» է հեռացել աշխատանքից: Ծաղիկյանի՝ իրավապահ տարբեր մարմիններին հեղեղած դիմումներին էլ ոչ անմիջապես է ընթացք տրվել: Միայն թե նախաքննությամբ հաստատվել է, որ մատնանշված դիպլոմը, իրոք,«ակնհայտ կեղծ»է:

Իրավաբանական նշանակություն ունեցող այդ «ակնհայտ» բառն այստեղ մի քիչ զավեշտալի է հնչում, որովհետև մեր կրթական համակարգում կրթության վերաբերյալ փաստաթղթի կեղծ լինելը, ստացվում է, մարդու առաջխաղացման պայմաններում բոլորովին էլ ակնհայտ չի եղել: Ու կրթություն ստանալու ցանկություն չդրսևորած, զարտուղի ճանապարհով կեղծ դիպլոմ ձեռք բերած մարդը ոչ թե բավարարվել է շարքային համեստ ուսուցչուհու աշխատանքով, այլ, հայտնի հեքիաթի նմանությամբ, ցանկացել է պաշտոն էլ նվաճել, դառնալ կրթված ուսուցիչներով և կրթվելու հույսեր փայփայող աշակերտությամբ լի մի ամբողջ ուսումնական հաստատության տնօրեն:

Նա հաջողությամբ կամ «հաջողությամբ» հանձնել է շատ տնօրենների ահուսարսափ քննությունը, ստացել է համապատասխան հավաստագիրը և բոլոր կանոնները առերևույթ  պահպանելով՝ դարձել տնօրեն. մեր կրթական համակարգում առաջխաղացման շատ հետաքրքիր, բայց, հավանաբար, ոչ եզակի օրինակ է սա:

Իսկ Եսոյանի՝ աշխատանքից սեփական դիմումի համաձայն ազատվելու փաստը դժվար թե դպրոցի աշակերտության հոգում հարթեր կեղծ դիպլոմավոր տնօրենի կամ ուսուցչի հնարավոր գոյության առաջացրած ալեկոծությունն ու բարոյական վնասը:  Չկամությամբ կատարված այս բացահայտումն է այսօր ինձ համար ամենա«ակնհայտը»: Մի՞թե այս ու այսքանն էր նրա մեղքի վարձքը: Ապաքինվե՞ց երեխաների հոգին, դպրոցը ազատագրվե՞ց նման երևույթներից:

Մյուս «ակնհայտն» էլ այն է, որ նախաքննության ընթացքում այդպես էլ չի պարզվել, թե ով է այդ «վաղեմի ծանոթ Սերյոժա Գրիգորյանը», որը մեղադրական եզրակացության մեջ ու դատական ակտում հիշատակվում է որպես «ոմն Սերյոժա Գրիգորյան», գուցե արդեն հանդերձյալ աշխարհ տեղափոխված կամ պարզապես հանրապետության սահմաններից անդին խարիսխ գցած մի ոմն: Անհայտ է մնացել, թե քանի մարդու է այդ «ոմն»ը կեղծ դիպլոմ վաճառել, ում հետ է եղել հանցավոր համաձայնության մեջ, մեր կրթության համակարգ քանի «ակնհայտ կեղծ» դիպլոմավոր մանկավարժներ է ներմուծել, ինչ անկրթություն է տարածել մեր կրթության մեջ:

Գայանե Եսոյանի գործը դատարանում քննվեց արագացված ընթացակարգով: Մեղքը լիովին ընդունող ամբաստանյալի իրավունքն է՝ նման կարգով դատաքննություն ցանկանալը: Մեղադրանքը պաշտպանող դատախազն էլ չառարկեց: Այնպես որ դատարանը, խորամուխ չլինելով գործի հանգամանքների մեջ, ուսումնասիրեց միայն Գայանե Եսոյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը ծանրացնող և մեղմացնող հանգամանքները:

Երբ նախագահողը ամբաստանյալին հարցրեց՝ «Ի՞նչ կրթություն ունեք», Գայանեն հմայիչ ժպիտով ու ոչ առանց հումորի պատասխանեց՝ «Ոչ բարձրագույն»:

Գայանեն նախկինում դատապարտված չի եղել, աջակցել է նախաքննական մարմնի կատարած քննությանը, լիովին ընդունել է մեղքը և զղջացել դրա կատարման համար, բնակության վայրում բնութագրվում է դրական, նրա խնամքին են երկու անչափահաս երեխաները: Պատասխանավությունը ծանրացնող հանգամանքներ ի հայտ չբերվեցին: Մի՞թե նրա արարքն ինքնին «պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք» չէ:

Գայանե Եսոյանը մեղավոր ճանաչվեց ակնհայտ կեղծ փաստաթուղթ՝ դիպլոմ օգտագործելու համար և դատապարտվեց 250 հազար դրամ տուգանքի: Դատավարության կողմերը, այդ թվում ամբաստանյալ Գայանե Եսոյանը գոհ մնացին դատավճռից: Այս դատավճիռը, վստահաբար, չի բողոքարկվի, և այն կարելի էր արդեն ուժի մեջ մտած համարել:

Անաղմուկ ու արագ խնդիրը «լմնցավ»: Մնացին բազում հարցականները և «կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի» իրական մի դրսևորմանը բախված մի ամբողջ դպրոցի աշակերտների` ցավալիորեն չփարատված տարակուսանքը:

Անդին 2, 2013

Share

Կարծիքներ

կարծիք