Գծի պոետիկ վարպետը. Հենրիկ Մամյան

ԼուսանկարՏիեզերական անհունում յուրաքանչյուր հյուլե ունի իր դերը, որն ուղղորդվում է վերին գիտակցությամբ և իր ներամփոփ արարումով ու կործանումով ծառայում է վերգիտակից ճշմարտությանը` Աստվածային ինքնահեզ ներդաշնակության անխախտ ափերում:

 

Պոեզիա, նկարչություն, երաժշտություն, գիտություն լողում են տարածության մեջ ճշմարտությունը բացահայտելու ճանապարհին` միահյուսվելով և տարրալուծվելով, բայց և իրենց որոնումների մեջ ճշտիվ և համառ: Պոեզիա, որը ենթադրում է պատկերներ, կերպարներ, երաժշտություն` իրենց ճշգրիտ հաշվարկներով, և նկարչություն, որն իր մեջ ամփոփում է պոետական խոսք` երաժշտական տաղաչափությամբ: Թերևս այդ է պատճառը, որ խոսքն ունենալու և ընդգրկելու համար մարդուն բավարար չէ իր ներհայեցողությունը` առանց տեսողության, լսողության, առանց նյութի, որի հետ շփումն ինքնին ամբողջացնում է խոսքը:

 

Գրքարվեստի նվիրյալ Հենրիկ Մամյանը ի վերուստ նախանշված այն արվեստագետն է, ով  վրձնի կամ գծի զգացողությամբ ավելի ընդգրկուն, ավելի ամբողջական է դարձրել խոսքի այնպիսի մարգարեների արվեստը, ինչպիսիք են Նարեկացին, Թումանյանը, Իսահակյանը…

 

Մամյանի ստեղծագործությունները, ենթատեքստում ունենալով համամարդկայինը, խիստ ազգային են և իրենց մեջ ամփոփում են անգամ ազգի պորտալարի հիշողությունը` խուլ հեռուներից հայող անմեկնելի թախիծ` սևի  և  սպիտակի համադրությամբ, իբրև խավար և լույս: Սարսուռ է անցնում մարմնովդ, երբ դիտում ես Մամյանի գրաֆիկական ստեղծագործությունները, իսկ ենթագիտակից մաշկի զգացողությունը երբեք չի դավաճանում. ուրեմն իր առաքելության սահմաններում է:

 

Որտե՞ղ է ավարտվում պոեզիան և որտեղի՞ց  սկսվում գիծը:

 

-Գիծը ինքնին երգեցիկ տաղաչափություն է: Ես մեկ կետից սկսում եմ պատկերը և առանց ընդհատելու ամփոփում այն:

Ասել է թե` խոսքի երաժշտությունը չընդհատող ոլորապտույտ և ճկուն խոսքի վարժանք է մամյանական գրաֆիկան:

 

Ուսանող տարիներին նկարազարդել է «Պիոներ Կանչի» էջերը և հպարտանում է, որովհետև իրենից առաջ այդ գործով զբաղվում էին Գրիգոր Խանջյանն ու Էդուարդ Իսաբեկյանը, ով իր ուսուցիչն է եղել: Երբեմն ուսուցիչը մարդու կյանքում կարող է «պահապան հրեշտակի» նման ուղղորդել` հաղորդակից դարձնելով ի վերուստ նախանշված կոչմանը:

 

-Ուրախ էի, որ նման մեծերի գործի շարունակողն էի: Հետագայում սկսեցի նաև գրքեր նկարազարդել, իսկ մի քանի տարի անց հայտնաբերեցի, որ ամբողջությամբ ներգրավված եմ գրաֆիկայի մեջ և առանց որի այլևս չեմ տեսնում ինձ: 

Հինգ հարյուրից ավելի գիրք է նկարազարդել Մամյանը, որոնցից շատերը տարբեր մրցանակաբաշխություններում արժանացել են բարձրագույն և հատուկ մրցանակների: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել տարբեր քաղաքներում, բայց հատկապես տպավորիչ է եղել Բելգրադի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված բոլոր աշխատանքները, առանց բացառության, գնվել են:

 

— Լավաշի չափ փողեր էին, երբեք փողն այդքան ծանր բեռ չէր եղել: Ասացի` էս փողերը տեղում պիտի ծախսվեն, և ծախսեցի:

Արվեստագետին հատուկ պարզությամբ էր ներկայացնում նկարիչը բելգրադյան իր տպավորությունները:

 

Մամյան նկարիչը որպես ճշմարիտ արվեստագետ հրապուրվում է իր շուրջը  տարածված գեղեցկությամբ, բայց և միաժամանակ վարպետի ստեղծագործությունները խորը տագնապ են շնչում` չլինի այնպես, ինչպես հանճարեղ Ավետիք Իսահակյանն է ասել.

 

Ես ձեզ ասում եմ` կգա ոգու սով,

Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ,

Կընկնեք մուրալու հափրած որկորով`

Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ:

 

Հոգ չէ, վարպետի հետ միասին ճշմարտությունը բացահայտելու ճանապարհին ենք, ուրեմն և կվեհանանք…

 

Գծանկարները՝ gallery.am

12

Share

Կարծիքներ

կարծիք