Գեներալը

20142509180206905

Նա մեր դպրոցի գերազանցիկն էր: Փոքրամարմին, սպիտակամաշկ, մեծ պայուսակը թևից կախ: Այդ տեսքով նա հիշեցնում էր մանկական ‎ֆիլմերի պատանի գիտունիկի: Ծանոթ կերպարն ավելի էր ընդգծում տիրոջ չափերից մեծ կոստյումը: Գուցե և իրեն դուր էր գալիս նման կերպ ներկայանալը, որովհետև պատանեկան թատրոնի դերասանի պես ողջ կյանքում պահպանելու էր դեմքի մանկականությունը, ինչը ներդաշնակ էր կազմվածքի հետ: Նա ինձանից մեծ էր երկու տարով: Ես ու տարեկիցներս իր նեղ շրջապատից չէինք, բայց և ինքներս մեզ համար ճշտել էինք ընկերության փաստը ու կարող էինք տարբեր մարդկանց հետ զրույցների ժամանակ ինքնավստահությամբ շեշտել` մեր Արտյոմը: Այս ձգտումը ընդգծված չէր դպրոցական տարիներին, այլ ավելի շատ դրսևորվեց  հետագայում, երբ նա հեշտությամբ ընդունվեց ու հաջողությամբ ավարտեց համալսարանը, դարձավ գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող և ֆ‎իզիկայի ինչ-որ նեղ մասնագիտական հիմնահարցի ուղղությամբ աշխատում էր թեկնածուական թեզի վրա:

Ինչպես դպրոցական, այնպես էլ դրանց հաջորդող տարիներին նա միշտ սիրված էր շրջապատի կողմից: Իր օրինակով մեզ ամաչեցնում էին, մեր ծնողներն ամեն առիթով խրատ էին կարդում գլխներիս` շեշտելով, որ Արտյոմը չէր անի այն, ինչ մենք էինք անում: Դեռ պատանեկան տարիներից Արտյոմին խորթ էին մեր անվերջանալի խաղերը, ավարա ձեռնարկումներն ու զանազան աղմկոտ պատմությունների մեջ ներքաշվելը: Այն օրերից իսկ նա աչքի էր ընկնում լրջությամբ, նպատակասլացությամբ, ժամանակը գիտելիքներ կուտակելու վրա ծախսելու մշտազբաղությամբ:

Երբեմն Արտյոմը կողքից հետևում էր մեր ինքնամոռաց խաղերին, երբեմն ինքն էլ վարակվում էր նույն կրքով, բայց կարճ ժամանակ անց հիշում էր կիսատ գործերն ու շտապում տուն: Այդպիսի պահերին մենք հիշում էինք, որ աստղագիտության, ավիամոդելիստների և բնապահպանների խմբակներին զուգահեռ Արտյոմը հաճախում էր նաև ֆուտբոլի պարապմունքների, մորաքրոջ ամուսնու ղեկավարած մարզադպրոցի սաների հետ մասնակցում էր նետաձգության մրցումների: Երբեմն տեղեկանալով շրջակա թաղերի տղաների հետ մեր հերթական ընդհարումների մասին` նա մեզ հանդիմանում էր, թե ինչու իրեն էլ ձայն չենք տվել. բայց մենք երբեք այդպիսի բան չէինք անի: Ամեն դեպքում, Արտյոմի գերազանցությունն իր գիտելիքներն էին, և մրցակցության մեջ նա միշտ իր բարձունքում էր:

Շրջադարձային փոփոխություններն արագընթաց քայլերով հեղաշրջեցին Արտյոմի կյանքը: Երբ հզոր կայսրությունը, կարծես անվերջանալի երկրաշարժի ազդեցությամբ, սկսեց ցնցվել ու երերալ, նա ինստիտուտի երիտասարդ ակտիվի հետ միջոցառումներ էր կազմակերպում` ի պաշտպանություն բարեփոխումների: Երբ ներքին հիմնահարցերի կողքին ժայթքեցին բնույթով կենտրոնախույս ազ•ային շարժումները, Արտյոմը արդեն իսկ ներառվել էր այն ջրապտույտի մեջ, որը որպես ընդհանուր հոսանքի մեկ վտակը սկիզբ էր առնում հենց  նրա աշխատած գիտահետազոտական ինստիտուտից: Մեր առջև այլևս առաջվա խոհուն, ինքնամփոփ, գիտության տաճարի ճգնակյացը չէր, այլ օրվա եռուզեռով համակված, գործնական ու համարձակ գործիչ:

Շատ չանցած հայտնի դարձավ, որ Արտյոմը սերտ կապերի մեջ է շարժման ընդհանուր ղեկավարության հետ և ոչ միայն համակարգում է ինստիտուտում գործող տեղական բջջի գործունեությունը, այլև վերևներում ներգգրավված է շատ ավելի լուրջ գործերի մեջ: Այժմ արդեն բակից նրա բացակայությունը չէր նշանակում, թե տանը գրում-կարդում է, այլ որ կարևոր գործերով գտնվում է ինչ-որ կարևոր տեղում: Երբ ինքնորոշվող տարածքներում ու հեռավոր սահմաններում հնչեցին առաջին կրակոցները, Արտյոմը հարազատ ինստիտուտից գործընկերների հետ մեկնեց սահմանային գյուղի ինքնապաշտպանությունը կազմակերպելու: Մեկնեց ոչ միայն ինքը, այլև կարճ ժամանակից տարավ ողջ ընտանիքը: Սա արդեն հոգեբանական նշանակություն ուներ, որ պետք է գոտեպնդեր ոչ միայն ճակատային գծում հայտնված բնակավայրերի բնակիչներին, այլ նաև մայրաքաղաքի ու ողջ երկրի բնակչությանը:

Արտյոմի բացակայությունը երկար չտևեց. նա պետք էր Երևանում` ավելի մեծ գործերի համար: Իր վերադարձից հետո սահմանամերձ գյուղում մնացին հայրն ու մայրը, նորաստեղծ ընտանիքի հետ Արամ եղբայրը, որ մեր տարեկիցն էր ու ջերմ ընկերը: Հրդեհի պես ամենուր տարածված հեղափոխական շարժման փոթորիկը սասանեց աշխարհի մեկ վեցերորդ տարածքի հիմքերը, և կայսրության փլուզման հետ սկիզբ առավ անկախությունների շքերթը: Երբ մեզանում շարժման ղեկավարությունը ստանձնեց նորանկախ երկրի ղեկը, շատ չանցած Արտյոմին  տեսանք ներքին գործոց համակարգին հատուկ համազգեստով: Իհարկե, հիմա նրան մենք ավելի հազվադեպ էինք տեսնում, քան երբևէ: Վաղ առավոտյան հեռանում էր տանից և գիշերվա մի ժամի վերադառնում: Քիչ տեսնելու պատճառն էր և այն, որ հիմա նա ծառայողական մեքենա ուներ, որ չգիտես բակից թե տան միջից էր նրան սպասարկում:

Ծառայողական մեքենաները տարվա մեջ մի քանի անգամ փոխվում էին` դառնալով ավելի մեծ ու շքեղ, և կարծես մեքենաների մեծանալուն համընթաց մեծանում էին թաղի ու արդեն թաղամասի հպարտության ուսադիրների աստղերը:

Պետական կարևորության պատասխանատու աշխատանքները վերափոխում էին նաև մեր մանկության ընկերոջը: Նրան` թիկնազորի ձիգ երիտասարդներով շրջապատված, կարելի էր տեսնել միշտ գործնական շտապողականության մեջ, մռայլության չափ մտազբաղ ու խոժոռ հայացքով: Շարժումները կտրուկ էին, դիրիժորի նման հղկված ձեռքի թեթևակի շարժումից թիկնազորը հայտնվում էր իրարանցման մեջ` կատարելով ճշգրիտ գործողություններ: Ճիշտ է` անպատշաճ կլիներ նրա հետ հարաբերվել այնպես, ինչպես կարող էինք հարաբերվել հեռավոր թվացող ժամանակներում, սակայն մեզ նկատելիս նա հեռվից գլխով էր անում, և մենք ներքուստ ուրախանում էինք` տեսնելով, թե մեր Արտյոմն ինչքան է առաջ գնացել: Միգուցե նա հենց այդպիսի ծրագրով էլ աշխարհ էր եկել, և դեռ մանկության տարիներից դրսևորած վարքն ու ընդունակությունները իր մեծ առաքելությունն էին նախապատրաստում:

 

Այժմ արդեն նա ամբողջովին կտրվել, վեր էր բարձրացել այն կենցաղային մանր առօրյայից, որն ըստ էության կազմում էր մնացած մահկանացուներիս կյանքը: Նա այսուհետ կարևոր դեմք էր երկրում, և իր եռանդն ու գաղափարները պետք է ամբողջովին սևեռվեին պետական կարևորության ծրագրերին: Ու քանի որ հայրն ու մայրը եղբոր ընտանիքի հետ գտնվում էին հեռավոր սահմանային գյուղում, ընտանիքի առօրյա հոգսերը հոգում էր Արտյոմի ամենաառաջին թիկնապահ Լեռնիկը, որը դարձավ նրա թիկնազորի պետը: Ձիգ ու ատլետիկ Լեռնիկը անմնացորդ նվիրված էր Արտյոմին և տարիների ընթացքում կարծես դարձել էր շեֆի ստվերը: Ժամանակի հետ նույնիսկ նրա շարժումներն էին դարձել շեֆի շարժուձևի կրկնությունը: Նույն գործնական-մռայլ հայացքն ու զինվորական երանգով, հրամայողական, կտրուկ խոսելաոճը այնքան էին հիշեցնում ծանոթ պատկերը, որ երբեմն նրան կարելի էր շփոթել Արտյոմի հետ:

Իհարկե, այդ հղկումը տեղի ունեցավ տարիների հետ, իսկ սկզբում նա մերձակա գյուղից տեղափոխված անգործ տղա էր, որ ուշադրություն էր գրավում հատկապես վառվռուն հագուստներով, իսկ, այսպես ասած, ողջ ուսումնառությունն ու փեշակը շրջկենտրոնում տարիուկես անցկացրած կարատեի դասերն էին եղել:

Չնայած նա շրջապատի հետ  շփվող մարդ չէր, բայց մենք ուրախ էինք, որ մեր Արտյոմի ու նրա ընտանիքի բաժին հոգսերի բեռը անկեղծ նվիրվածությամբ իր ուսերին է կրում հավատարիմ այդպիսի մեկը:

Լեռնիկն առանձին հայտնվում էր Արտյոմի տանը` թիկնազորի տղաների գալուց մոտ կես ժամ առաջ: Մեքենայից իջեցնում ու տուն էր տեղափոխում առավոտյան գնումների լի տոպրակները, ապա Արտյոմի կնոջ` Անգելինայի կազմած ցուցակը ձեռքին մեկնում էր շուկա: Այս պարտականությունն էլ կատարելուց հետո, եթե անհրաժեշտություն չէր լինում, օրինակ, լվանալու կամ արհեստանոց տանելու Արտյոմի կամ Անգելինայի մեքենան, Լեռնիկը, գործերի ընթացքը ստուգելու եւ համապատասխան կարգադրություններ փոխանցելու նպատակով, հերթով այցելում էր Արտյոմին պատկանող ջերմոցն ու կից անասնաֆերման, տանից ոչ հեռու, բանուկ խաչմերուկում գործող մթերքի և տնտեսական ապրանքների խանութը, անշարժ գույքի առքուվաճառքի գրասենյակը, գովազդային գործակալությունը, խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած պլաստմասսայե իրերի գործարանը, հակաբեղմնավորիչ պահպանակների հայկական առաջին արտադրամասը, ինչպես նաև Անգելինային պատկանող վարսավիրանոցն ու կիսաֆաբրիկատ մսամթերքի կրպակը:

Լեռնիկի պարտականությունների շրջանակում էր նաև վերահսկելը Արտյոմի բնակարանն ընդգրկող և այլևս ամբողջովին նրան պատկանող երկհարկանի վեցբնակարանոց շենքի ընդհանուր վերանորոգումն ու նրան կից կառույցի շինարարությունը, որը պետք է դառնար մարզադահլիճ, շոգեբաղնիք, խնջույքների սրահ, մանկական խաղասենյակ պարունակող համալիր: Ինչպես նշեցի, իր այս պարտականությունները Լեռնիկը կատարում էր այնպիսի նվիրումով, որ շրջապատը պետք է հասկանար` տան ու շինարարության շուրջ մետաղալարին անցկացված շղթան քարշ տալով պտտվող երկու հսկա հովվաշներն այնքան վտանգավոր չեն Արտյոմի թշնամիների համար, որքան նրա հավատարիմ թիկնապահը:

Իսկ մենք ուրախ էինք: Ուրախ էինք Արտյոմի հաջողություններով, որ միայն իր հաջողությունները չէին, այլև այն մարդկանց, որոնք սոցիալ-տնտեսական վատթարացած պայմաններում և մեծացող գործազրկության պարագայում աշխատանք էին գտնում Արտյոմին պատկանող ձեռնարկություններում ու գրասենյակներում: Վեջապես, նրա հաջողությունները մեր երկրի հաջողություններն էին:

Այդ իսկ պատճառով մենք կրկնակի վիշտ ապրեցինք, երբ լսեցինք  Արտյոմի եղբոր ու մեր սիրելի ընկեր Արամի մահվան գույժը: Հակառակորդի անակնկալ ու զանգվածային հարձակման ժամանակ բնակչությանը շտապ կարգով գյուղից տարհանելու խնդիր էր առաջացել: Տարեցների վերջին խմբին բեռնատարով գյուղից դուրս բերելիս բնակավայրի մատույցներում հայտնված թշնամին ուղիղ կրակահերթով գնդակահարել էր մեքենայի ղեկին նստած Արամին:

Արամի հուղարկավորությունը տեղի ունեցավ Արտյոմի տնից: Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովետև ցավակցելու այցելող հոծ բազմության ելումուտը անհնար էր կազմակերպել Արամի ընտանիքին պատկանող ոչ մեծ բնակարանից: Մեզ այնպես թվաց, թե Հանրապետության ողջ ղեկավարությունն ու գործարարներն այստեղ էին, իսկ թաղման թափորը եզրափակում էին զինվորական ծառայողի կարգավիճակ ունեցող մի քանի հազար հասարակական կարգի պահապանները, որոնք այժմ արդեն գործում էին Արտյոմի հրամանատարության ներքո: Այնպես որ, ողջ այս ողբերգական արարողության ժամանակ մեզ չհաջողվեց մոտենալ մեր մանկության սիրելի ընկերոջը:

Այդ իսկ պատճառով որոշեցինք, որ երբ ռեստորանում տրվելիք հոգեհացից հետո հարազատները տուն կվերադառնան, ընկերներով կայցելենք նրանց: Արդեն երեկո էր, երբ թիկնազորի պետ Լեռնիկի ուղեկցությամբ մտանք Արտյոմի տուն: Մի քանի անգամ ընդարձակված սրահում անգամ նեղվածք էր մերձավոր հարազատության ու Արտյոմի ընկերների ներկայությունից: Մեզ տեսնելով` այդպիսի երկար սեղանի վերջում նստած Ասքանազ հայրիկը ոտքի կանգնեց ու ձեռքով կանչեց` տեղավորվելու իր կողքին: Նա լուռ հեկեկալով փաթաթվեց յուրաքանչյուրիս այնպես, կարծես կորցրած զավակին էր փարվում: Նիհարել էր Ասքանազ հայրիկն ու արևահարվել: Ծանր վիշտը այնպիսի խոր կնիք էր դրել նրա դեմքին, կարծես մարդը նրա ճիրաններում էր ոչ թե երեք օր, այլ մի ամբողջ կյանք: Չգիտեմ` մթնոլո՞րտն էր մեզ կաշկանդել, անծանոթ մարդկանց ներկայությո՞ւնը, թե՞ հենց Արտյոմը, որին մենք շատ վաղուց չէինք տեսել մեր կողքին: Հապշտապ արձագանքելով Արտյոմ Ասքանազովիչի գլխի շարժումներին` Լեռնիկը հետևում էր, որ սեղանին որևէ բան չպակասի: Այդ գործում նրան օգնում էին թիկնազորի իր տղաները: Ինչպես համր ֆիլմում, յուրաքանչյուրը լուռ կատարում էր իր դերը: Կարծես լռությունը խախտելու ցանկությունն էր, որ խոսեցրեց Ասքանազ հայրիկին.

-Բա կլինի՞, որ սահման պահողն իրեն աշխարհից լքված զգա: Լինելու բա՞ն է, որ փամփուշտ հասցնողից փամփուշտը փողով առնես:

Մենք դեռ ամբողջովին չէինք ընկալել ասվածը, երբ իր աթոռով սեղանից քիչ առանձնացած, լուռ ծխող Արտյոմը չոր կտրեց.

-Պետականություն է կառուցվում, հազար ու մի հարցեր կան, ամեն ինչ էլ կպատահի:

Լռությունը կարծես բյուրեղացավ օդի մեջ, Ասքանազ հայրիկը կծկվեց` ափերը սեղմելով ոտքերի արանքում: Քիչ հետո կիսաձայն հրաժեշտ տալով` մենք հեռացան, խորհելով, թե ինչքան է մեզանից հեռուն գնացել Արտյոմ Ասքանազովիչը, և որքան անհամեմատելի են մեր ու նրա մտածողության մասշտաբները: Մեր մտորումներն իրենց հաստատումը գտան, երբ շատ ժամանակ չանցած մարդիկ Արտյոմ Ասքանազովիչին տեսան ցուցարարների ամբոխը ցրելիս, զրահամեքենայի վրայից հրամաններ արձակելիս:

Ժամանակները փոխվել էին: Ամբոխի երեկվա կուռքերն այլևս անհանդուրժելի էին դարձել նույն ամբոխի համար: Զանգվածային բողոքի պոռթկումները սովորական երևույթ էին: Ասես կրկնվում էին ոչ հեռավոր անցյալի իրադարձությունները` այն տարբերությամբ, որ այժմ ոչ թե բոլորը միասնաբար պայքարում էին ընդհանուր թշնամու դեմ, այլ միասնության քայքայումով երեկվա ամբողջությունը տրոհվել էր իշխանություն-ժողովուրդ թշնամական բանակների: Կարծես ներքևից հարվածող ցնցումների ազդեցությամբ ամեն ինչ հարթ չէր հենց նույն իշխանական ճամբարում:

Այդ դաշտում տեղի էին ունենում անհասկանալի տեղափոխություններ, հրաժարականներ ու նշանակումներ: Սա սակայն սկիզբն էր միայն, որին հետևեցին հայտնի դեմքերի սպանությունները: Իհարկե, աղմկահարույց դեպքերի մանրամասները այդպես էլ անթափանց էին մնում իշխանական բարձունքի մշուշում և երբևէ չէին բացահայտվում հասարակ քաղաքացիների համար: Ատելությունը, կասկածը, վախն ու վաղվա օրվա նկատմամբ անվստահության մթնոլորտը ամպերի նման խտանում էին մթնոլորտում:

Այլևս դժվար էր նույնիսկ հեռվից Արտյոմ Ասքանազովիչի երթևեկին հետևելը: Անհայտ էր մնում, թե նա երբ, ինչ ժամի է տուն վերադառնում և երբ է կրկին տանից դուրս գալիս: Քաղաքում շշուկներ էին շրջում, թե քաղաքական բնույթի, չբացահայտվող սպանությունների մեջ խառն է նաև գեներալի մատը: Որպես տրամաբանական հիմնավորում նման ասեկոսեների համար պարարտ հող էր ծառայում այն իրողությունը, որ նա էր տնօրինում ներքին խնդիրները լուծելու իրավասությամբ օժտված ուժային կառույցը: Թեև կարծես թե տեսնող չէր լինում, սակայն շատերն էին պատմում, որ Ասքանազովիչը դարձել է ավելի մռայլ, ենթակաների հանդեպ խիստ և անխնա` պետականության նկատմամբ ոտնձգություններ իրականացնողների դեմ: Ոչ ոք  չիմացավ, թե ինչու էր թիկնազորի պետ Լեռնիկը հանվել պաշտոնից և ուղարկվել  հեռավոր ռազմաճակատի առաջին գիծ: Նրան փոխարինեց Անգելինայի հորաքրոջ տղան, որը մինչ այդ նույն ճակատային գծում հրամանատարի տեղակալ էր: Սպանվեց Արտյոմ Ասքանազովիչի ղեկավարած կառույցի քույր ստորաբաժանման հրամանատարի տեղակալը, իսկ դրանից չորս օր անց անտառում հայտնաբերվեցին հենց մեր գեներալի հրամանատարության ներքո գործող երկու մարտիկների դիակները:

Հաջորդ ցնցող գույժը վրա հասավ ոչ թե ականջից ականջ կամ ասեկոսեի ձևով փոխանցվելով, այլ ուղղակիորեն մտավ մեր տները` որպես երեկոյան հաղորդագրություն: Մայրաքաղաքից տասնհինգ կիլոմետր հեռավորության վրա, մայրուղու կողքի խոտերի մեջ, ծառայողական  «Ջիփից» ոչ հեռու գտնվել էր գեներալ Արտյոմ Ասքանազովիչ Մարդինյանի դին: Տարբեր մակարդակի բարձրագույն պաշտոնյաներ, ի պաշտոնե պատասխանատուներ, իրար ետևից ելույթներ ունենալով, վճռականորեն հայտարարում էին, որ անպայմանորեն բացահայտվելու է պետականության հիմքերի դեմ ուղղված այս նենգ ոճրագործությունը: Այդ հայտարարությունները կարծես կրկնությունը լինեին նմանատիպ հայտարարությունների, որոնք այնուհետև մոռացության էին տրվել նույնպիսի իրադարձություններից հետո:

Հեռուստատեսային ռեպորտաժներում խոշոր պլանով և լուսարձակների վառ լուսավորության ներքո ցուցադրվում էր աշնանային չորացած խոտերի մեջ ընկած անշարժ մարմինը: Հեռուստացույցի առջև գամված` ես հանկարծ ունեցա մանկուց ծանոթ զգացողությունը: Արտյոմ Ասքանազովիչի կուչ եկած մարմինը շատ փոքր էր թվում գեներալական համազգեստի մեջ և գլխից ոչ հեռու գլորված գլխարկի չափերի համեմատ: Այդ պատկերը ինձ կրկին հիշեցրեց մեր Արտյոմին: Ավելի շուտ` նա նորից դարձել էր հին Արտյոմը և կարծես վերադարձել էր ինքն իրեն. իսկ այն, ինչ եղել էր իր ու իր միջև եղած ժամանակահատվածում, թյուրիմացություն էր թվում: Մի ջրապտույտ, որն իրադարձությունների հորձանուտի մեջ առնելով` իր կամքին էր ենթարկել և նրան` մեր մանկության ընկեր Արտյոմին:

 

 

Անդին 9, 2013

Կարծիքներ

կարծիք