Գայլականչ

20143009153310186

Ծովափնյա քաղաքում հայտնվելս շատ տարիներ առաջ էր, երբ մեր երկրում միանգամից պակասեցին լույսը, հացը, սակայն հույսը, հավատն ու սերը մեր կողքին էին:

Այդ օրերին մեր երկրով դեռ այսքան հաղթական չէր քայլում ոմն արտագաղթ:

Ես հայտնվել էի լուսավոր, հացառատ և ջերմությունից փայլող ծովափնյա քաղաքում: Ու մինչև հոգուս խորքն ինձ վիրավորված էի զգում բոլոր մեծ ու փոքր անարդարություններից և տարօրինակ կերպով հատկապես նրանից, որ երբեմնի ծովից ծով մեր երկիրն այսօր մի կտոր ծով չունի:

Փոքրիկ, խաղաղ ու հանդարտ տան բակից դուրս եկավ և ինձ դիմավորեց պատկառազդու, ոչ երիտասարդ, ճերմակ մազերով, բարձրահասակ տանտերը:

Հարցնելու կարիք չկար. նրա խիստ, ակնածանք ներշնչող դիմագծերը, կիրթ շարժուձևը հուշում էին, որ ճիշտ հասցեով եմ եկել, որ ինձ դիմավորողը իմ ազ•ակիցն է, հեռավոր ափերում արդեն կես դարից ավելի բնակվող նկարիչը:

Նա, չթաքցնելով հուզմունքը, հեռուներում հանկարծ երկրացու հանդիպած մարդու ուրախությամբ երկու ձեռքը մեկնեց ինձ, ապա կկոցած աչքերով երկա՜ր-երկա՜ր նայում էր. թվաց, որ աչքերիս խորքում փնտրում էր իր հայրենիքն ու այդպես կարոտն էր առնում: Հաջորդ պահին արդեն գրկախառնվեցինք հարազատի, հին բարեկամի պես, ու ինձ առաջնորդեց իր բնակարան-արվեստանոցը:

Աշխույժ, մարդամոտ, զրուցասեր մարդ էր նա, խոսում էր անաղարտ, փայփայած մայրենիով, և այդ ամենն ինձ տանը զգալու հանգստությունը պարգևեց, հասկացա, որ  օտար չեմ այդ հեռավոր օթևանում: Նրա ժպիտը Արևելքի ճոխ ու պայծառ գույներն  ուներ, բայց այդ ժպիտ-վարագույրի ետևում տրտմության երանգ կար:

Խոսեցինք դեսից-դենից, Հայրենիքից, մեր ժողովրդին այդ օրերին բաժին հասած դժվարություններից: Թերթեց մամուլը, որ տարել էի, անվերջ հարցումներ արեց Հայաստանից, արվեստի մասին շատ խոսեց, հետաքրքրվեց արվեստագետներով, Երևանի փողոցներով, հուշարձաններով, գյուղերով, ամեն մի քարով, այն ամենով, ինչը Հայաստանի ու հայի մասին էր:

Դռների մեջ հայտնվեց մի գեղեցկադեմ երիտասարդ: Նրա որդին էր, որը հոր նման անաղարտ և ընդգծված հայերեն չէր խոսում:

Զրույցը երկարեց որդու հետ, իսկ հայրը մի կողմ քաշվեց և խնդրեց իրեն չխանգարել մի կես ժամ:

Որդին պատմեց, որ շուրջ կես դար առաջ` բռնատիրության տարիներին, հայրական ընտանիքն էլ շատերի պես տեղահանվել է հայրենիքից, քամին նրանց պոկել է հայրենի եզերքից և տարել հեռուներ: Բազմաթիվ խորխորատներ է հաղթահարել իրենց ընտանիքը և ի վերջո խաղաղվել, հանդարտվել ու հանգրվանել է այստեղ: Տեղավորվել են, դժգոհ չեն: Որտեղ էլ եղել է հայրը, չի կորցրել այն, ինչ իր արմատներից է ստացել, ընդհակառակը, զորացրել, հզորացրել է իր ժողովրդից ժառանգածը և ստեղծագործել է:

Զրույցն ընդհատեց հայրը, խնդրեց ազատել սեղանը: Սկսվեց մեկ այլ ստեղծագործություն. նա հերթով սեղանին էր շարում իր իսկ ձեռքով պատրաստած ուտեստները` թույլ չտալով օգնել իրեն: Ինչ բծախնդրությամբ, հուզմունքով, սիրով, ներքին պատասխանատվությամբ էր ամեն բան պատրաստում, պետք էր միայն տեսնել ու վայելել:

Սեղանին ամեն ինչ հայկական էր` տոլմա, լավաշ, գինի… Ծայր առան ավանդական բաժակաճառերը, խոսքուզրույցը, որը կամաց-կամաց ավելի զգացմունքային ելևէջներ էր ստանում:

Բաց պատուհանից ծովի ալիքների ծփանքն էր լսվում ու միախառնվում մեր զրույցին: Ամեն մեկս ընկել էր հետաքրքիր ու ջերմ հոգեվիճակի մեջ: Այնքան հոգեպարար էր ամեն բան, այնքան հարազատ ու հրապուրիչ: Կարծես ազգովին էինք մի սեղանի շուրջ բազմած խոսում մեր ժողովրդի, նրա անցյալի ու ներկայի, հաղթանակների ու վրիպումների մասին, արտասանում էինք, երգում:

Նկարիչն աննկատ վեր կացավ, հուշիկ քայլեց առաջ` դեպի մյուս սենյակը, որը նրա արվեստանոցն էր:

Արվեստանոցի մուտքի մոտ կանգնած`զարմանքից քարացա ու կարկամեցի. ժամանակն ու տարածությունը, իրականն ու անիրականը վայրկենապես խառնվեցին իրար: Ես հստակ գիտեի, որ գտնվում եմ ծովափին` իմ երկրից հազարավոր կիլոմետրեր հեռու, բայց իմ առջև` ամբողջ պատով մեկ, հայկական լեռներն էին, իմ երկրի գույները, երկինքը, արևը: Եվ նա` Մայրը, որի տխուր, թափանցող, սիրող հայացքից կտրվել, շեղվել հնարավոր չէր: Իսկ ոտքերի տակ` քարեր, քարեր…

Նկարն ինձ հիշեցրեց մեր երկու սարերը` Սիսը և Մասիսը: Եվ ինձ թվաց, որ Արարատ լեռը էն հին ժամանակներում մի հսկա սար է եղել` Հայաստան աշխարհ իջած երկնքից, գտնվել է Երկրի և Երկնքի ճիշտ մեջտեղում և մարդկանց անկեղծ սիրո շնորհիվ եղել է հզոր ու անպարտելի: Բայց երբ պակասեց հայի սերը, սարը սկսեց քայքայվել ներսից, ճաք տվեց անառիկ հսկան: Թափվեցին սարից վիթխարի ժայռաբեկորներ, և կամաց- կամաց լեռան մեջտեղում վիհ առաջացավ, բաժանվեց լեռն ինքն իրենից և դարձավ երկու սար` Սիս և Մասիս, իրարից բաժան` իրար հար կպած: Ու այդ պահին ինձ թվաց, որ Արարատից թափված այդ քարերը հենց այս մարդիկ են, որ կամա թե ակամա հեռացել են, բայց միշտ մայր սարի կողքին են` էությամբ նրան շատ ամուր կառչած: Մտածեցի` գուցե մեր ժողովրդի առաքելությունը կրկին մեկ հսկա Արարատ դառնալն է` երկրի ու երկնքի ճիշտ մեջտեղում:

Սենյակն ափեափ լցվեց կարոտով. կտավից էր այն ծորացել ու մեր հոգիները պատել:

Նկարիչը հազիվ լսելի, կարծես ինքն իր կամ Աստծո հետ խոսեր, աղոթքի նման շշնջաց,

-Ի՛մ հայրենիքն է, իմ հոգին եմ նկարել նրա կերպարանքով:

Ընդհատված լռությունը շարունակվեց:

Երկարած լռությունից օգտվեց ծովը. բաց պատուհանից լսվեց նրա շառաչը: Ծովն անսպասելի դուրս էր եկել ափերից, ալիքները ծառս էին լինում, զարնվում ափերին, իրենց զսպող քարե պատնեշներին, սակայն  անմիջապես էլ նահանջում էին դեպի խորքը` ուժ ստանալու և վերադառնալու: Ծովը նոր էր սկսել փոթորկվել և հանդարտվելու որևէ միտք չուներ:

Ես լսում էի ծովին…

Նկարիչն արդեն  բացել էր հոգին և չէր ցանկանում ետ դառնալ: Նա  խորհրդավոր ու լուսավոր մի ժպիտով նայեց որդուն: Երիտասարդն անմիջապես հասկացավ. մոտեցավ, խոնարհ կանգնեց կողքին: Հայրը հայացքը դարձրեց ինձ, ապա դիմեց տղային.

-Որդիս, արի երգենք մե՛ր երգը:

Ես պատրաստ էի լսել ցանկացած երգ` ժողովրդական, հայրենասիրական, կոմիտասյան, օպերաներից հատվածներ, անգամ հայի ոչ պաշտոնական հիմնը դարձած «Այբ, բեն»-ը, այն ամենը, ինչ մինչ այդ լսել էի սփյուռքի մեր հայրենակիցների օջախներում անկեղծության, մտերմության պահերին: Բայց ոչ…

Գրեթե անլսելի սկսվեց, հետո ուժգնացավ ու արվեստանոցի բաց պատուհանից դուրս հորդեց դեպի աշխարհ, դեպի հայի Հայրենիք հոր և որդու կարոտի ձայնը: Դա երգ չէր, դա գայլերի` հետզհետե բարձրացող ու ահագնացող կանչ էր` կարոտի, սիրտ պատռող: Հայր ու որդի ոռնում էին սարերում մոլորված, թափառ գայլերի պես:

Ծովի ափին, հեռավոր քաղաքի օտար մայթերին ալեկոծվում էր գայլականչը:

Ինչպե՜ս էին ոռնում անհայրենիք մարդ-գայլերն այդ գիշեր…

 

 

Անդին 10, 2013

Կարծիքներ

կարծիք