Բանաստեղծություններ

Լուսանկար

Այս տեղերում

այս տեղերում
բախտը ինձ չսիրեց–
Աստծո որդին չիջավ երկխոսության
այս տեղերում հարյուր ու մի
պատճառ կա
երջանիկ չլինելու համար

այս տեղերում ես կորցրել եմ մեկին

Անքնություն

երբ ջրերը կապույտ են լինում
երիզված սպիտակ փրփուրներով
երբ լողացող
կանայք մերկանում են
կապույտ-սպիտակ
այդ երիզներից – իսկ
ամռան օրը գնում է
ապրելու
այդ կապույտ ջրերի
այդ սպիտակ երիզված փրփուրների խորքում

ամռան այդ գիշերներին հետո
սառչում են ոտքերդ
(մանավանդ ձախը որ ցրտահարվել էր խրամատներում)

հեռուստատեսությամբ երեկոյան
հերոսների անուններն են կարդում
ու քո անունը չի հնչում

ուրախանում-հպարտանում ես
քանզի մանուկներին
հերոսներ շատ են պետք
և տխրում ես որ քիչ հետո
պիտի կարդան զոհվածների
անունները – և քո
անունը
այնտեղ էլ չի լինելու

հաշտված
հեռանում ես
դեպի ջրերի խորքը
արդեն անցնող օրվա հետ
ապրելու
քո սառչող ոտքերով
քո տխուր հայացքով
երբ անգամ տեսնում էր կնոջ մերկությունը
առանց նրա հանվելու
սպիտակ-կապույտ փրփուրներում –
այդ մասին հաստատ չի հիշվելու

միայն մեկ-մեկ
հոբելյանական ցուցակներում
պիտի հնչի անունդ
«և այլն» «և ուրիշներ»
հապավումներում
ու ոչ ոք չպիտի իմանա
որ ամռան գիշերներին
սառել են ոտքերդ

(մանավանդ ձախը)

Արցախում

Բարձր լեռներ
Ցածր երկինք

Աստված
Մոլորվել է
Մեր մեջ

Խաբուսիկ կրակներ

և ավազների վրա
և ծովերի խորքում
միշտ ապրում է
մեկը որ դիմավորում է
մեր կորցրած օրը

Աստված իմ
նա իմ կորած օրն էր
նա փախչեր ու չհավատար
ինձ
երբ ասում եմ գնա
նա ոչ մեկին չհավատար

հազար տարի չի վերջանալու
այս պատմությունը

ես քարերի հետ
տխրել եմ
ավազների հետ
նվաղել
ծանր շոգից
ես
սիրել եմ ծովը և
ձկները խոսել են ինձ հետ

ես հիմա գնում եմ
դեպի ծովերի խորքը
ուր հրաշքներն են պահվում
ծովային խեցիների տեսքով
հետո
գիշերներին ավազների
վրա կրակներ պիտի
վառեմ
(վերևից նայողներին կթվա
թե մեռնող ձկների աչքեր են
այդ կրակները)

ես կփորձեմ գտնել ծովի անունը
ես կփորձեմ գտնել
ձկների
քարերի
անունները և
ինչ-որ մեկը
քո ձայնով
կշշնջա
որ ծովը կրում է քո անունը
որ ձկները կրում են քո անունը

ես կնստեմ խաղաղ
իմ վառած կրակների մոտ
և երկնքից հեռու
և ծովերի խորքից
բոլոր նայողներին կթվա
թե մեռնող ձկների աչքեր են այդ կրակները

Թռիչքներ

թռչունն ու որսորդի գնդակը
արյունոտ-ընկերներ-ընկնում են
ցած
միասին-գրկախառնված

երկուսն էլ ծնված էին
սուրացող
թռիչքների
համար

Լռությունը

Հայաստանում
լռությունը
ուրիշ ռիթմ ունի – ինչպես հեռացող արագիլի
թևաբախումը

Մի մոմ

անիմաստ է
անգամ
աշնան անտառի կարմիր բոցը –
երբեմն –երբ
մի մոմ չես ուզում վառել

Ապագա

մեզ բոլորը ապագա մաղթեցին
մտածելով որ այն անվերջ է –

մի ներկա սեր լիներ

Հայի հայրենիքը

ասում են որտեղ գերեզման ունես
այդ հողը հայրենիք է –

այսքան շատ հայրենիք մեր ինչին է պետք

Անդին 5, 2014

Share

Կարծիքներ

կարծիք