Բանաստեղծություններ

Լուսանկար

***
Խռովված իմ կյանքի ետևից եմ գնում…
Կամ ես շան չափ չկամ, կամ կյանքս՝ ոսկորի,
Ու ինձ վարժեցնողը՝ խճաքարեր բռում
Աստվածների խիղճն է գամում հորիզոնին:

Թե լինեի շան չափ ու կյանքս՝ ոսկորի,
Կաղ էլ, կաղկանձով էլ կփախչեի անդարձ,
Որպես աղե արձան՝ ետ եմ նայում լռին՝
Բնիս տուն ասելով ու պարանիս՝ հավատ:

***

Հեռանում են նրանք պանդուխտների երգով,
Մախաղներում սապատ ու գերագույն ստեր…
Ի՞նչ են գուժում էլի ագռավները խռով,
Հատկապես այն մեկը, որ ընկույզն է գցել:

Օ՜, վիճակվեր ինձ էլ մերկ ճյուղերին մրսել,
Ու լեռներում փնտրել կորցրածիս ճամփան,
Ու Աստծո մատը օգներ՝ ցավս փսխել
Փարիսեցիների դիմակներն ի վար:

***
Ցուցամատս տապանաքար է շուրթիս,
Քամին ծոցվորի գոգն է քրքրում…
Անծիր խորքերում կավաշերտերիս
Ծիլ-ծիլ վանկեր են ապրիլին մեռնում:

Փորձում եմ փրկել դեռ շնչողներին,
Ինքս՝ փրկվելու ճիգերից հոգնած,
Ու բավիղներում այս նախօրեի
Անդարձ ու հավետ կորցնում նրանց:

***
Երբ ներաշխարհիս տեղատարափից
Փեշերիս հողը ցեխ դարձավ կպչուն,
Իրականության փշեպսակին
Ճերմակատոտիկ մի լոր էր սիրվում:

Ի՜նչ թևաբախ էր, որ կարողացավ
Այդքան սրընթաց նրա մոտ տանել…
Իմ չհրդեհված կոկոններն էին
Ցախավել դարձած դռանս փարվել:

***
Տա՛ր ինձ հեռու խորթ էջերից իմ ցավի,
Խենթ երգերից ու մեղքերից հեռու տար,
Խաչմերուկում զգացումի ու կավի
Ես՝ քույր, ես՝ կույր անօգնական, հեռու տար:

Հրդեհին տուր օթևանն իմ թղթեղեն,
Հիդրայի պես թող բոցերում գալարվի,
Տա՛ր ինձ, տա՛ր ինձ, քանի ծովս չեմ հեղել
Ու չեմ մեռել թևերի մեջ բեդվինի:

***
Ջրաներկերի տարափին ծարավ
Կտավն այս դատարկ տվել եմ հրին,
Փարատում է ինձ գինին սպասման,
Որ խմում եմ ես կաթիլ առ կաթիլ:

Անցներ իմ կողքով մեկը գեղասեր,
Ու շրջանակի վերածվեր հոգին,
Չլսեի ես կացնի հարվածներ,
Չմամռակալեր ծփանքս փայտին:

***
Աճյունասափորն իմ երազների աստղաբույլն ի վար շրջվել է ահա…
Մանուշակագույն պատանի տակից դեմքեր են հառնում,
Ու հորիզոնի թափվող ցոլքերից Նա էլ ինձ նման
Կայծոռիկների անհուն կարոտից լուցկի է վառում…

Անդին 5, 2014

Share

Կարծիքներ

կարծիք