Բանաստեղծություններ

admin-ajaxԻնքնին տարեդարձ

Սիրով՝ հրաշագործ ընկերոջս –
բժիշկ Արտավազդ Սահակյանին

Իմ բաց դռան անդրադարձում ապակե
Սաղարթների սրսփացող ցոլքն է սոսկ,
Որ սրբափայլ սարսուռներով սրտսողոսկ
Ցոլցլում է որպես ցավոտ ապաքեն…

Բացի քեզնից, որ չկամն ես ամենա՝
Օ՜ մենություն, ցոլքն ո՞վ պիտի նշմարի,
Եվ ո՞վ պիտի բաց դռան մոտ համենա
Ու ապակե անդրադարձում կամենա
Կենացն ըմպել տարեդարձվող աշխարհի:

Մելամաղձոտ քաղաք

Արևդ՝ նվազ,
Անձրևներդ՝ հորդ…

Անհայտ մի նավազ,
Անանուն նավորդ՝
Գնացկան ջուր եմ
Անձրևներիդ պես,
Այսինքն –
Հյուր եմ,
Անհասցե լուր եմ,
Չգիտեմ՝ ուր եմ
Հեռանում այսպես…

Չե՞մ տարբերակում
Ներկա ու անցյալ,
Աչքերս եմ փակում
Որպես մահացյալ –
Եվ նո՜ւյնն եմ դարձյալ՝
Անհայտ մի նավազ,
Անանուն նավորդ…

Եվ այս աշխարհից
Դուրս են տանում ինձ
Արևդ նվազ,
Անձրևներդ հորդ:

Ձմեռնամուտ

Առաջին ձյունը Աստծո ճերմակով
Վիրակապում է վերքերը հուշի…
Ասես ուրիշն է ապրել քո կյանքով,
Ասես ապրել ես կյանքը ուրիշի:

Ու դեռ թվում է՝ օրերից մի օր
Ճակատագիրդ քեզ պիտի հիշի
Եվ քո անցյալից ներկայով մի նոր
Սահմանազատի գալիքն ուրիշի:

Բայց ամեն գիշեր կոպերիդ ներքո
Մի դեմք է հառնում հարանման քեզ
Եվ հորինվելիք քո՛ իսկ հանգերգով
Մենախոսում է քեզ դիմելու պես.

-Չշնչավորված մանուկներին սուրբ
Ես ինչպե՞ս ասեմ վախ ու ողորմի…
-Կյանքդ կարծեցիր չքնաղ մի ասուպ,
Բայց երազախաբ գիսավոր էր մի…

-Ի հեճուկս քեզ և իմ կսկծու
Աչքափուշ եղավ նույնիսկ ցա՛վը մեր…
-Քա՜ղցր ես ու անուշ, դա՜ռն ես ու կծու,
Բանաստեղծների բախտակից ձմե՛ռ…

Առաջին ձյունը Աստծո ճերմակով
Վիրակապում է վերքերը հուշի…
Եվ մենակյացի քո հին վերմակով
Ասես ծածկում ես… մարմինն ուրիշի:

Սթափ կարոտ

Չէ ՛, անհարմար չէ հարմար ապրելը.
Կյանքից եմ միայն փոքր-ինչ ամաչում:
Հոգիս կարկատող ասեղն ու թելը
Բացարձակապես ինձ չեն ճանաչում:

Գնում ենք, թողած իրերն անձնական,
Որ մի օր պիտի գանգատվեն բախտից…
Թանգարանային սփոփանքն անգամ
Չի՜ փրկի նրանց հին կարոտախտից:

Բամբասանքների պարսը թունաքիստ
Բզզում է նաև շուրջը դիակի…
Վերք ունի նույնիսկ զգեստը հագիս,
Եվ փառքի դափնին վերքն այդ չի՜ փակի:

Իմ որբուկ գրի՛չ, անտերունչ իմ թո՛ւղթ,
Ո՞վ է խորթ փոշին ձեզնից վանելու,-
Ա՜խ իմ Ձեռագիր՝ ետմահու պանդուխտ,
Առանց իմ Աջի ի՞նչ ես անելու…

Կեցցե՜ն կենարար մարսեղ հյութերը:
Կյանքից եմ միայն փոքր-ինչ ամաչում:
Հոգիս կարկատող ասեղն ու թելը
Բացարձակապես ինձ չեն ճանաչում:

Պանթեոն

Ինձ մանուկ թողած
Ու դեռահասակ,
Ու երիտասարդ,
Ու այսպես տարեց՝
Դուք հազարամյա մահերին հասաք,
Ձեզնից պակասածն ինձ հետ երկարեց…
Ու նստել ահա, մտքով հետահար
Հուշազարդում եմ Պանթեոնը ձեր,
Որ օդի նման
Շնչիս հետ է հար,
Օ՜ այլատարիք
Իմ տարեկիցներ…

Ավերակ աչեր
Անահիտին

Անկենսատրոփ կյանքիս անձավից
Սրտիկս կուլար, հոգիս կաղաչեր,
Որ ականջ դնեք ամոթացավիս,
Արտասուքի զո՛հ ավերակ աչեր:

-Անհովան հոգու,
Անսատար սրտի,
Անպաշտպան պահի,
Անօգ օրվա հետ –
Ես էլ եմ սնվել սնափառ ստի
Սատանապըտուկ ստինքներով սերտ,

Բայց արցունքի պես վերստին ձերն եմ,
Եվ խղճիս խորքում խլթեր չեն աճել…
Ես ձեր ցամաքած խորքերի՜ն մեռնեմ,
Արտասուքի զո՛հ ավերակ աչեր:

Թե Աստուծով ես սնվել…

Ո՛վ Բանաստեղծ, երբ այսպես՝
Փաթիլվելով մեղմօրոր,
Ապաշխարում են ասես
Ակնթարթներդ բոլոր,-

Երբ միտք չունի էլ հիմա,
Որ այլևայլ վկայեն
Եվ կամա թե ակամա
Հուդա դառնան ու Կայեն,-

Շնո՜րհ արա՝ մատնվի՛ր,
Թե Աստուծով ես սնվել…
Մեծահոգի գտնվիր՝
Համարիր, թե չես ծնվել:

Ինքս ինձ հեծած

Հար ցողակարոտ՝
Գոհ եմ և ձյունից…
Թող ուրիշ պոետ
Ինձ ո՛չ նախանձի.

Իմ ինքնակեղեք
Ջահելությունից
Ոչ նժույգ մնաց,
Ոչ հրեղեն ձի:

Եվ շրջանցելով
Օրերս հախուռն
Ու հայտնաճռինչ
Դռներն իմ ծեծած՝

Արդեն Անհայտի
Դուռն եմ լոկ բախում –
Կենտավրոսի պես
Ինքս ինձ հեծած:

Ափսոփանքի երգ

Հազա՜ր երանի իմ այն օրերին,
Երբ չգիտեի բառը Տիեզերք,
Երբ անծանոթ էր ոլորտը վերին,
Երբ չէի տեսել կորուստներ ու վերք,

Երբ Ձմեռ պապի հրաշք մորուքին
Ձյո՜ւնն էր փայլփլում երազանման,
Եվ Ձյունանուշը ձմեռվա բուքին
Տոնածառի էր ուղեկցում նրան…

Ա՜խ, Ձմե՛ռ պապի, չծերացող հո՞ւշ,
Դու նույնն ես էլի, ճերմակել եմ ես,-
Իմ այս մորուքով, ա՜խ իմ Ձյունանուշ,
Անհեթեթորեն պապ եմ գալիս քեզ:

Ախր էլ ինչպե՞ս, ինչպե՞ս չափսոսամ,
Որ սովորել եմ բառը Տիեզերք…
Որպես տխրության թեթև մի հոսանք,
Շոյի՜ր տարիքս, ափսոսանքի ե՛րգ:

Նարկիսոսի պես

Քո քառասնամյա
Ոտքերով իմ այս
Գամ՝ ոտքդ ընկնեմ,
Մանո՛ւկ իմ անձիկ,

Եվ քառասնամյա
Քո այս շուրթերով
Շրթներդ պագնեմ
Ու լամ առանձին…

Առանց դրժումի,
Առանց հեռացման
Լքեցինք իրար
Է՜ հազար տարով

Եվ հուշակորույս
Որբերի նման
Դեռ դեգերում ենք
Նույն ճանապարհով:

Եվ ինքնալքյալ
Գնալու ենք դեռ
Մինչև մեր միակ
Հանդիպատեղին.

Մինչև թևաբախ
Մեր կյանքը թիթեռ
Զարդանկարվի
Տիրոջ կանթեղին…

Իսկ այժմ, ահա՛,
Նարկիսոսի պես
Իրար ենք նայում
Աչքերով քո հուր,

Բայց եղե՞լ ես դու,
Եվ ի՞նքդ եմ ես,
Թե՞ միֆանման
Հեքիաթ է տխուր:

Հուշասյուն

Ես Հուշասյուն կանգնեցրի այբբենակերտ –
Բեկորներով բիբլիական բնաքարի,
Կոթողն ի վեր՝ թևատարած մի թռչնակերպ –
Երկնախորհուրդ բյուրեղներից իմ քանքարի.

Սաղմոսելով խոյանքի մեջ խաղաղ ու խոր,
Աչքը հառած Հորացիոսին իր մտերիմ՝
Խա՛ղ է խաղում խալխի գլխին խառնաժխոր՝
Ի տրիտուր ներդաշնությանն ու գյուտերին:

Ես Հուշասյուն կանգնեցրի… Ներհակավոր
Հյուլեի պես հավատարիմ յուր նյութերին՝
Ապրա՜ծ կենա Քերթությունը մեր թագավոր,-
Թոթափվում են թրքաթաթար թյուրն ու թերին…

Հայկական էքսպրոմտ

Այսպես՝ վաղնջամյա,
Որ ծնվում ես, ծնում –
Ամբարտավան ու հեզ,
Վսեմ ու գլխիկոր,-

Շրջապտույտներով
Այսպես ո՞ւր ես գնում,
Ո՜վ կրակուպատիժ
Տիեզերյան Գիքոր…

Յոթ մահացու մեղք

1
Ճոխ սեղան նստած մենք ապաշխարում՝
Հարգում-պատվում ենք մուրին ու խեղճին…
-Փորձե՞լ ենք սակայն էս փուչ աշխարհում
Ողորմություն տա՛լ պատառը վերջին:

2
Ո՜վ չի հավակնում՝ սիրով զուգական
Գեղեցկամռութ շոյվել ու շոյել…
-Էս փուչ աշխարհում փորձե՞լ ենք սակայն
Գեթ մի տգեղի սիրե՛լ քնքշորեն:

3
Թվում է՝ մի պահ հակվելով բարուն,
Մենք էլ ենք դառնում ներելի սրտեր…
-Սակայն փորձե՞լ ենք էս փուչ աշխարհում
Անառակ որդուն ներե՛լ ի սրտե:

4
Տաճար ենք մտնում քայլքով ծիսական՝
Խաչհամբույր տալու ամենքին ի տես…
-Աշխարհում էս փուչ փորձե՞լ ենք սակայն
Ձեռնաբաց լինե՛լ Այրի կնոջ պես:

5
Շատ ենք բարբառում ուրացման մասին:-
Օ՜, ո՜նց ենք սիրում լվից ուղտ շինել…
-Փորձե՞լ ենք սակայն աշխարհում այս սին
Պետրոսի նման… գոնե լա՜ց լինել:

6

Հուդայի դատն ենք անընդհատ վարում:-
Ճամարտակողի օ ինչպիսի՜ կամք…
-Սակայն փորձե՞լ ենք ունայն աշխարհում
Զղջանքը զօծե՛լ ինքնասպանությամբ:

7

Հարբած պոետին շշպռում ենք լուրջ,
Թուքումուր տալիս «հենց իրեն ի սեր»…
-Փորձե՞լ ենք սակայն աշխարհում էս փուչ
Նրա դառնահամ գավաթը կիսե՛լ:

Անդին 12, 2013

Կարծիքներ

կարծիք