Բանաստեղծություններ

Լուսանկար

 

Բանդագուշանքներ

1. Ես երկակի կյանք եմ ապրում,

Մերթ արթմնի, մերթ երազում,-

-Մա՞հս է այդպես լուռ համբերում

-Մա՞հս է, որ չի ուզում զարթնել,

-Մա՞հս է, որ ինձ չի երազում:

2.  Ես թողության մեղքեր ունեմ

Կարիք՝ անվերջ ետ դառնալու,-

-Կյա՞նքս էր այսպես՝ հոգնած սյուներ,

-Կյա՞նքս էր այսպես՝ գորշ-գորշ ձյուներ,

-Կյա՞նքս էր՝ անվերջ ու անտարիք:

3. Ես երկակի մա՜հ եմ ապրում,

Պտղունց հող եմ — ամպ չեմ դառնա,

Մահս արդեն չի՛ համբերում

Դադրած հոգիս չի՜ համբառնա:

 

Պատկերներ

/տրիպտիխ/

1. Պատկեր՝ ներսից

 

Այս քամին՝ գարնանս դեմ,

Ու հոգիս՝ ցնծուն ծաղկի,

Իմ սիրտը ե՞րբ կծաղկի

Այս քամին՝ գարնանս դեմ:

Մորմոքը հազարադեմ

Որքա՜ն ինձ պիտի ձաղկի,

Այս քամին՝ գարնանս դեմ,

Ու հոգիս՝ ցնծուն ծաղկի:

 

2. Դատարկ պատկեր

 

Գյուղի դատարկ փողոցներ-

Թոնրի համ ու հոտ չկա,

Քամին առել է շուկան,

Գյուղի դատարկ փողոցներ:

Անշրջանակ, պաղ նկար՝

Վրայով չա՜րք է անցել.

Գյուղի դատարկ փողոցներ-

Թոնրի համ ու հոտ չկա:

 

3. Պատկեր պատուհանից

 

Մայր ու մանկիկ, նիհարած շուն

Ու չոր քամուց սրթսրթող վազ,

Ձմռան դարձ ու գարնան տնազ-

Մայր ու մանկիկ, նիհարած շուն:

Ծխնելույզի ծուխն է նվազ

Քամուց փախած խցկվում տուն,

Մայր ու մանկիկ, նիհարած շուն,

Ու չոր քամուց սրթսրթող վազ:

 

 

Փարիզ

Փարիզում

Սեր չկա՜ ,

Քանզի այնտեղ չեմ – ե՛ս

Ես Փարիզում չկա՜մ՝

Օ, Փարիզ, Սեր՝

Մատներ

(Նորավարտ բժշկուհու բոլոր մատները նուրբ զարկերակիս հպված-դրված):

Ես Փարիզում — չկա ՜մ,

Երևանը վկա — անգամ

Կապանում չե՜մ,

Անգամ տապանում չե՜մ,

Նո ՜յը վկա

(Որ ինձ կենտ բերեց. ինքն էլ էր կենտ – ե՛ս եմ վկան…):

Փարիզում սեր չկա,

-Ես Փարիզում – չկա՛մ:

 

Ձոն

 

Ես կանգ չառա՜ երբեք,

Ես կանգ չառա՜ —

Ո՛չ մահի դեմ իմ անհեթեթ,

Ոչ կյանքիս դեմ՜ սառած:

 

Չեղա՜վ ուղեկիցս Սերը իմ Մեծ,

Սակայն թևեցի՜ ես իր մեծ հետքով,

Մարմինս կե՜ղծ եղավ, Սիրտս՝ անկեղծ,

Կյանքը էսպե՛ս անցավ: Հենց ի՛մ կողքով:

 

Ես կանգ չառա՜ երբեք, ես կանգ չառա՜,

Մահի-կյանքի առջև իմ անհեթեթ-

Կապրե՞մ մյուս կյանքում:- Ապրե՛մ եթե,

ՈվքեԽ՞ր պիտի իմ Սիրուց կառչեն:

 

 

***

Ես Ջրհոս եմ՝ աչքերիս մեջ՝ ծովի կարոտ,

Իմ ձեռքերը թի՜ են հիմա, մարմինս՝ նավ,

Հողի ցավն է՜լ չի ծանրանում,- չափը անցա՛վ,

Ես Ջրհոս եմ՝ աչքերիս մեջ՝ ծովի կարոտ:

 

Հեռանում է իմ ափերից նավս Արգո,

Առագաստս բա՛ց է արդեն, ուղիս՝ լուսնոտ,

Ես Ջրհոս եմ՝ աչքերիս մեջ՝ ծովի կարոտ,

Իմ ձեռքերը թի՜ են հիմա, մարմինս՝ նավ :

 

 

Չգրե՛լ…

 

Պիտի՛  գրել,

Քանզի

Քարերը չեն պահում

Հուշը — Անձի:

 

Եվ անձավից այս նոր

Գի՜րն է մեզ դուրս հանում

Մահից — հանձնում մահին:

 

Պիտի գրե՛լ

Երկու մահի միջև

Ընկած — էս արանքում:

 

***

Ալեբաստրի նման ճերմակ

Քո մարմինը կհամբուրեմ

Հազար անգամ:

 

Կհուրհրա կիրքը պուրպուր,

Ինչպես կրա՛կ ձյուների մեջ,

Ու սառնությունն անծայրածիր

Ու անծանոթ այս աշխարհի

Կմշուշվի շիթերի մեջ

Ագահ ու տոթ

Մեր աչքերի,

Համբույների

Ու ճիչերի:

 

Ալեբաստրի նման ճերմակ

Քո մարմինը կհամբուրեմ հազար անգամ.

Ակնթարթում-

Կըմպեմ մարդուն տրված վայելքը գերագույն:

1961 թ.

 

 

Սենտիմենտալ…

Սվետային

Աշխարհը մի օր սենտիմենտալության սով պիտի զգա…

Վիլյամ Սարոյան

1

Մեռնելիս —

Պառկած լինեի

Այգուս ամենամեծ խնձորենու տակ,

Որի տերևները ցածից

Քո աչքերի պես էին,

Բայց թափանցիկ:

Քո՜, որ ապրում ես

Հեռո՜ւ մի տեղ իմ կրակից,

Աղջի՛կ իմ:

 

Օ՜, ամպեղեն տեսլավայրեր,

Ուր տարիներ ի վեր

Ճամփորդում է հոգիս:

 

2

Ահա՛ իմ գլուխը,

Տե՜ր իմ,

Դրված Ավետյաց երկրի

Ճիշտ կենտրոնում,

Որտեղից միայն կարելի է

Տեսնել Քե՛զ:

 

Օ՜, Տեսանեի քեզ-

Խոսեի՜

Համատարած ծղրիդների գաղտնագրերով,

Որոնք հաստատում են

Լռությունը հավիտենական:

 

Աղջի՜կ իմ,

Մոտեցի՜ր իմ կրակին:

 

3

«Մազերիդ միջո՛վ է

Երևում երկինքը»,- մրմնջում էր

Մեկը մթի մեջ, և

Թարգմանվում էր ծղրիդների

Խմբերգը:

 

Տե՛ր Աստված,

Որքա՞ն երկար կարելի է

Ապրել Քո խնձորենու ներքո՝

Ավետյաց երկրի

Ճի՛շտ այս տեղում՝

Տեսանողի տեղում: —

Միայնա՛կ:

 

Աղջի՛կ իմ,

Մոտեցիր իմ կրակին:

 

Արդեն

Երկինքը և երկրագունդը,

Ամե՜նքս

Սրբերի պես

Պսակված ենք

Հրացոլքով:

 

Ինչո՞ւ աստղերիդ վրա

Ծղրիդներ չկան,

Որոնց երգով արդեն

Ես բարձրանում եմ,

Տե՜ր իմ,

Շողարձակված

Երկինք:

 

Աղջի՛կ իմ,

Մոտեցիր իմ կրակին:

 

Պառկա՜ծ լինեի

Այգուս

Ամենամեծ

Խնձորենու տակ,

Կատարյալ, ինչպես

Ծնվելիս:

 

Անդին 11, 2013

Share

Կարծիքներ

կարծիք