Բանաստեղծություններ

Հեղինակ:

Լուսանկար

Համլետ

Մի երազ տեսա, երկնավո՜ր իմ Տեր,
Չա՞ր էր, թե բարի՝ հիմա չգիտեմ,
Այն էի, ինչ որ չէի եղել դեռ
Եվ ինչ որ կայի՝ չկայի արդեն:

Ժամանակը իր բիբերով կանաչ
Ճառագայթում էր հեռո՜ւ անհունում,
Երկնակամարի փեշն էին խանձած
Մրջյուններն իրենց ուսերին տանում:

Կյանքն իր շրջանն էր լրում նորմեկանց,
Եվ այս աշխարհի սահմանից այն կողմ
Ահագնանում էր որտեղից եկած
Ամենակործան, ավերիչ մի հողմ:

Արևամուտը վառվում էր ահեղ,
Երկնքի ծիրից արցունք էր մաղում,
Ես արքա էի՝ սիրուն ու ջահել,
Բայց պառկած, ավա՜ղ, ոսկե դագաղում:

Երեք մոգեր

Երեք մոգեր արևելքից,
երեք մոգեր գաղտնախորհուրդ,
Անապատներ կտրած տոչոր,
լեռներ անբեկ ու առապար,
Խտանում էր երբ որ ցավի
ու մաքառման գիշերը մութ՝
Թիկնոցի պես երազ առած
ընկան ուղի ու ճանապարհ:
Ե՞րբ էր… նրանք ճամփա ընկան՝
հագած ցավի ծուփ-ծուփ թիկնոց,
Անէության երազն առած
աչքերի մեջ իրենց ծավի,-
Խորհրդավոր գաղտնիքի պես
խլրտում էր երկինքը գոց,
Ժամանակի ափերն ի վեր
հառաչում էր ծովը աղի:-
Ու գիտեին նրանք թեպետ —
Գողգոթայի բարձունքներում
Անպատասխան հարցումի մեջ
Միակ որդին հեգ մարդկության
Խաչի վրա իր իսկ գամած
պիտի մեռնի ու համբառնա…
Քանզի չեղանք Նրանը մենք:
…Ուստի երթն է դար ու դարեր
ձգվում դեպի աստղերն անդին:

Երեք մոգեր Արևելքից,
երեք մոգեր պատգամախոս
Ընթացք ու հուն վերուստ առած
գնում են դեռ
Ժամանակի ընթացքն ի վեր՝
հավերժալուր ու հարահոս,
Երկրի վրա և երկնքում
մի նո՜ր սկիզբ ավետելու:

Անդին 4, 2013

Share

Կարծիքներ

կարծիք