Բանաստեղծություններ

Հեղինակ:

Լուսանկար

***
ներիր, Հիսուս, ես չեղա Հռիփսիմե քեզ համար
ու մարմինս հեռու չպահեցի ձեռքերից օտար,
ու հայացքների տակ մերկացնող
պատանքի մեջ չթաքցրի ստինքներս

ես սիրեցի արևի պես տաք ափերը նրանց
մոռանալով՝ մատներդ շոյել են
վարսերը Մագդաղենացու
ու մազերի մեջ քարեր են գտել,
մեղմ սահել է ձեռքդ ջրի պես հոսող թելերի միջով.
քարը ավազ է դարձել

Մարիամ, մեղավորս, քեզ թուղթուգիր էին արել

ներիր մեզ, Հիսուս, մենք չեղանք Հռիփսիմե քեզ համար,
մեր ետևից չվազեցին արքաները մերկ,
չգրավեցին սրտերը մեր բամբակից փափուկ

մեզ շոյեցին տղամարդիկ օտար ափերից,
չգտանք տունը մեր, Հիսուս,
շոշափեցին ականջները մեր՝ լցված քարերով,
չգտան սրտերը մեր պայթած ռումբեր դաշտերում.
քարը ավազ չդարձավ. խփեցին

թե Հռիփսիմե լինեի, քարշ կգայի
թագավոր տղաների հետ,
բարձր ու անառիկ պարիսպների տակ
արքայազներ կծնեի

Աստված չարից ազատի,
չարը հեռու մեր տնից,
երեք անգամ թքեցին միանձնուհի կանայք՝
թու քեզ անպատկառ,
թու քեզ անիծված,
թու քեզ անիրավ

կույս Հռիփսիմեն շարժեց ձեռքը օդում,
ձեռքը, որ լցված էր քեզնով

ներիր մեզ, Հիսուս, մենք չդարձանք Հռիփսիմե քեզ համար.
սեղմեցին սրտերը մեր. չմեռանք

***
մեր ծնողները չհանդուրժեցին
մեր ու իրենց տարբերությունը,
ուզեցին աղջիկներ ունենալ՝ գեղեցիկ ու առողջ,
խնդրեցին՝ Աստված հեռու պահի մտքերից կաղ,
ու քանի պորտալարը կողպեքի պես կապում էր մեզ,
մեր մայրերը կարծեցին մենք իրենք ենք

ու հայելու դիմաց կանգնած՝
պարզեցին մերկ պարկերը լցված մեզնով,
գծեր քաշեցին ստացվեցին խաչեր,
հեքիաթներ պատմեցին տաքուկ տների
ու ցուրտ գիշերների,
ու հատկապես հուլիսյան ցուրտ օրերի մասին,
երբ քամին մեխ-մեխ գամվում է մարմինների մեջ

փշաքաղված կրծքերով մեր մայրերը
արտասվեցին երկար,
բայց, միևնույն է, շշնջացին՝
չկա ուրիշ երջանկություն, աղջիկս

պորտալարը օրեցօր բարակող մազ է, մա,
կկտրվի մի օր,
պատմիր հեքիաթդ, անտունս,
ասա, որ առաստաղից վերև առաստաղ կա

Անդին 5, 2013

Share

Կարծիքներ

կարծիք