Բանաստեղծություններ

Լուսանկար

* * *
Ես իմ սիրո փշրանքներով
կկերակրեմ երկնի թռչուններին,
ու կերգեն նրանք…
Ես կլռեմ, որ հետո
մեղեդին այդ սուրբ
ճերմակ թղթին հանձնեմ,
և կլռեմ աշխարհին
մի աղջկա մասին,
ով երազեց երկար
ու հետո ողջը մի կապոց արեց
ու նետեց ջուրը…
Իր խմորը հունցեց
ու տխրության աղը
խառնեց գաթային…
Աղջիկը ներսում
հավատ էր դրել…
Դրեց սկուտեղին գաթաները իր,
որ բաշխի մարդկանց —
մենակներին այն…
Ու հետո զգաց, որ հոգնած է շատ,
որ կին է դարձել…
զավակներ ունի…
(Թաքուն լաց եղավ)…
Աղջիկը օդում թռչուն էր դարձել,
հոգու մեղեդին
տանում էր իր հետ
որպես սուրբ նշխար,
որ երբեք, երբեք
քաղցած չմնա…

* * *
Քո ցոփությունը
Սիրելի է ինձ,
Քո խենթությունը
Օտար չէ հոգուս,
Ես չեմ տրտնջում,
Որ այդպիսին ես.
Չէ՛, չեմ տրտնջում —
Ծփանքդ իմ մեջ
Անչափելի է,
Ու ես փակում եմ
Աչքերս հանկարծ
Իմ զույգ ափերով,
Որ սերը, սերը տիրակալ մնա՜…
Եվ ոչ մի ստվեր
Չգա,
Չդիպչի կարոտիս սրտին
Որպես խճաքար…

* * *
Եվ խնձորը
Կլվանամ անձրևով,
Կվառեմ բոլոր մոմերը…
Հրդեհը
Ինչ-որ տեղ
Իմ ծղոտների բույրը կունենա…
Երկինքը
Եկել է ու տեղավորվել
Իմ պատերի մեջ…
Իսկ ես այնտեղ չեմ…
Գնում եմ
Իմ մեջ բռնկված այս կրակը
Ցրելու ամենուր…
Որի անունը վաղը կիմանամ:

* * *
Ուզում եմ անցնել
Ասեղի անցքով
Եվ իմ երազը
Որպես կարմիր թել
Փաթաթել մեջքիս…
Բայց այս անձրևը
Չի թողնում լսեմ
Մեղեդին ներսիս…
Եվ պատուհանիս
Նկարում է ինձ…

Անդին 6, 2013

Share

Կարծիքներ

կարծիք