Բանաստեղծություններ

nkar

Լույս եմ որոնում…

Մռայլ մի պատում՝ տխրությամբ թախծոտ,
Դեղնած տերևի ընկնելու ողբով,
Հառնել է հոգուս աշնանը ամպոտ,
Թրջել խոհերս խոնավ արցունքով…

Դեմքս մթամած ամպն է պարուրել
Անցնող-նայողի ծիծաղից կավատ,
Արփին ամպերի ծվենով պատվել,
Բերում է հեռվից մշուշոտ հավատ:

Ցուրտ հայացքներից սիրտս վշտացած
Մենության մոլոր խավարի խորքում,
Տխրության խոհի հույզերին փարված,
Կարեկից սրտի պահանջ է զգում:

Ու վիշտս թողած տխրության հույզին,
Մաքառման ճամփիս փնտրելով հենակ,
Ապավինելով թախծոտ երգերին,
Լու՛յս եմ որոնում խավարում մենակ…
Տխրություն

Այս տխրությունը լափում է հոգիս
Ու սիրտս լցնում մռայլ խոհերով,
Չգիտեմ՝ ինչպես փարատեմ սիրտս,
Որ էլ չթախծեմ անվերջ, օրերով:

Օրերս ճամփորդ քարավանի պես
Հողմերից հոգնած առաջ չեն գնում,
Իսկ մղձավանջը՝ ծարավիս անտես,
Իր մորմոքով է աղբյուրը ծածկում:

Այս մթությունը պատել է հոգիս,
Ինձ կարեկցել են, խղճում, հիրավի,
Չկա աղոտ լույս, որին կառչելիս
Իմ տխրությունը մի քիչ փարատվի…

Քո աչքերի մշուշում իմ հուշերն են լուռ շրշում,
Եվ խոհերիս առվակներ՝ ծփանքվում են աչքերիդ,
Անուրջներս աբրեշում քո կարոտն են անրջում,
Ծաղկափթիթ գարուններ երանգվում են վարդերիդ:

Ուզում եմ քեզ նորից հուր կակաչներ նվիրել,
Եվ հմայված «խանգարել» քո անդորրը շարունակ,
Սիրտս՝ իբրև մի ընծա, անվերադարձ քեզ բերել,
Ու մետաքսվել ուսերիդ՝ անհուներով կապուտակ:

Իսկ կանչերս սիրառատ՝ մերթ կանչում եմ, մերթ լալիս,
Եվ հոսում են, և՛ խոսում քո շուրթերով տարաիր,
Մերթ մնում են շվարած ու արձագանք չեն տալիս,
Մերթ ձգվում են հեռուներ՝ մայրամուտին անպատիր:

Քո աչքերի մշուշում անուրջներն են իմ շրշում,
Եվ ուզում եմ վերստին կոտորակվել շուրթերիդ
Ու խաղաղվել վարսերիդ՝ իբրև կրքի անուշում,
Եվ քնքշությամբ մորմոքուն բեկվել մետաքս թերթերիդ:

Գարուն է գալիս

Գարուն է գալիս…
Գարնան ձնծաղիկ իմ լռությունը
Իմ սաղմնապատիճ ընդերքի խորքից
Անխոս տարերքով ճաքեր է տալիս,
Եվ բացվող օրը նրա շուրթերով
Գարնան առաջին լույսն է ավետում:
Գարուն է գալիս…
Զուլալ մի աղբյուր հուզվել է կրկին,
Մեր գյուղի փեշին ամպեր են լալիս,
Ու լացը նրանց թովիչ է, լռին:
Կապույտի միջից նորից մի շշուկ
Բոլորից հեռու ինձ ձայն է տալիս,
Ու լռությունս՝ թախծոտ, անշշուկ,
Ծվարած սրտիս մրմուռն է լալիս:
Գարուն է գալիս…
Օդը ջերմությամբ նոր շունչ է առնում,
Որոտան գետի հոսքին նայելիս
Սիրտս Մթնաձոր ու հավք է դառնում:
Գարնան ձնծաղիկ իմ լռությունը
Նշխար կարոտիս կտավի վրա
Իր կախարդական վրձնաձոներով
Նոր երանգների դռներ է բացում:
Ու վառ գույները լույսի շիթերով
Գարնան գալուստն են այնտեղ ավետում:
Սրտներդ բացեք՝ գարուն է գալիս…

Լուսնկա գիշեր

Աշնան լուսնկա գիշեր է հիմա,
Կաթնագույն լույս է, ցերեկ է ասես,
Ինչ-որ հառաչ է լսվում աղջկա,
Այն ո՞վ է այնպես աղերսում տեսնես:

Լոիսինը այնքան զուլալ է, մոտիկ,
Մութը ամաչկոտ շիկնել է կարծես,
Եվ վարդագույնի ցայգը խորոտիկ
Ուր որ է խինդով կբացի հանդես…

Օրը բացվում է լուսնի սահանքով,
Արևի բոսոր շողերն են ելնում,
Լուսինը թաքուն աչքի մի ծայրով
Ջահել աղջկա կրծքին է փարվում:

Աշնան դալկությամբ արևը քնքուշ
Ժպտում է լուսնի վավաշոտ դեմքին,
Ու երգը շուրթին աղջիկը անուշ
Մնում է հաղթող արևի խոսքին:

Եվ լույսը բացվեց արևի կամքով,
Բարի լույս ասին աղջիկ ու տղա,
Ու վերջին անգամ համբույրի ցողով
Ձուլվեցին իրար, որ բախտը շողա…

Որքան կուզեի

Որքն կուզեի գարունների մեջ գարունը լինել,
Ծաղիկների մեջ ծաղկել ծաղկի պես ծիածաններով,
Կարմիր վարդերով սրտիս խորքերով կարոտներ հանել,
Ու կարոտներս առաքեի ձե՛զ,ձեր անուններով:

Որքան կուզեի ձեր սրտի խորքում հուշեր բուրվառել,
Շրշյուններ բերել տափաստաններից ձեր անուրջներին,
Խավար ճամփեքին աստղերի կանչով կրակներ վառել
Ու կրակներս փարոս դարձնեի ձեր տրտունջներին …

Աղբյուրների պես կուզեի հոսել սարերի միջով,
Սարերի կերպաս կարոտը առած շուրթերիս վրա,
Այնպես կուզեի լուռ կոտորակվել մի անկեղծ շնչով,
Ու հոգիս մաղով շաղ տայի ձորերի վրա:

Կակաչի նման կուզեի այրվել արտերի միջին,
Արյունս խառնել խոտերի լազուր բուրմունքին անգույն,
Ու խենթանայի ինչպես լինում է սիրուց առաջին,
Ինչպես հավքերը չվելու պահին դառնում են անբույն…

Անշո՛ւշտ, կուզեի գնալուց առաջ մնացողներին մեծապատվեի,
Բարեմաղթեի ծաղկել ծաղկի պես լուրթ գարուններով,
Համբյուրիս համար շուրթերիս մեղքով է՛լ չդատվեի,
Ու կարոտներիս վերադառնայի տայի նոր անհուններով:

Ա՛րդ գնանք բարով, անհոգ ճամփեի հեռացողներին,
Արագիլներին տունդարձի համար կանչեի ինձ մոտ,
Պատվեի անգամ լավությունը շուտ մոռացողներին,
Ու աղոթեի ամենքի համար ամեն առավոտ:

Գնամ

Գնամ մեր գյուղի հանդերում շրջեմ
Շուշան ու կակաչ առնեմ գրկիս մեջ,
Հարբեմ նեկտարով, լոկ սեր անրջեմ,
Ու թիթեռ դառնամ, վետվետեմ անվերջ:

Գնամ ու հասնեմ Ծիր Կաթնոտ տեղին,
Սարերի սմբուլ յոթհավքին դառնամ,
Սրտիս մեջ առնեմ ծաղկունքը դեղին,
Ու թևեր առած երկինք համբառնամ:

Մեր գյուղից հեռու բաղերը գնամ,
Ծառ ու ծաղկունքին լուրերը տանեմ,
Այնտեղ Սուրբ Հոգով կախարդված մնամ
Ու ինձնից անձուկ տրմանքը վանեմ:

Գնամ մայրիկիս առնեմ սրտիս մեջ,
Եվ սիրտս բացեմ, լացեմ ցողի պես,
Աշխարհն դարձնեմ ինձ բացված մի էջ,
Կարոտս առնեմ ու մաղվեմ անտես:

Գնամ ու մնամ, մնան մինչև վերջ,
Ու բարև ասեմ հանդ ու ձորերին,
Մեր գյուղից ներքև կիրճերին անպերճ,
Առնեմ իմ ծարավ, ճաքած շուրթերին,

Գնամ մեր թաղի աղբյուրը տեսնեմ,
Ծարավս առնեմ ու օրհնեմ նրան,
Գնամ մանկության օրերիս հասնեմ
Ու մատաղ դառնամ խորանի վրան…

Գնամ ու հալվեմ, մոմի պես հալվեմ,
Լինեմ լույսի պես, հույսի պես փայլեմ,
Գնամ իմ գործած մեղքերը քավեմ,
Գնամ կարոտիս մորմոքը բավեմ…

Անդին 7, 2013

Կարծիքներ

կարծիք