Բանաստեղծություններ

nkar

Տե՛ր,
Արարչագործն իմ մեղքերի,
հանի՛ր մորթիս
կախի՛ր Արևի տակ,
որ միասին տեսնենք
նրա գույնը:
Դու`
որ ոտքերդ թրջում ես երկնաջրերում
ես`
մութ գետի մեջ
մեզանից` ես եմ քեզ լքելու:
Ես չեմ ճանաչում
Գույնն Անկեղծության,
Հավատարմության,
Բարեպաշտության:

Տե՛ր,
Արարչագործն իմ մեղքերի,
մորթիս անգու՞յն է…

***
Մեր Աստվածները
իրենց ուժերի չափով են ձգում մեր պարանները,
հետո թողնում են,
երբ հայելիներն արդեն սև են…

***
Եթե անսանձ երևակայությունդ
լինելիության արարումով
ժայթքեր փարթամ ջրերի մեջ,
ու թե կարմրագույն ալիքները տաք
սկիզբդ հիշեցնող ավազահատիկը
սեղմեն օվկիանոսի ողնաշարին,
ճաքած կողով մարմինդ
(քեզ վերափնտրող)
կշպրտեն մինչև ափը
բռնացած մտքիդ:

***
Բառդ թեքվել է մտքերիս վրա,
երբ ճերմակ, փշոտ վերմակների տակ
վազել ենք, քերծվել, լռել միասին,
հենց հիշել են մեզ խենթության պահին:

***
Պարապն է լցրել դատարկը հույսի
ու ճերմակել է մութը այս գիշեր,
ուղեկցել եմ քեզ
ուրիշ մի կնոջ ննջարանի մոտ`
ափդ` ափիս մեջ:
Մե-ծա-հոգություն:

Մաքուր թղթերի բլուրների տակ
ես նկարեցի
կիսաբաց ծոցիդ կարմիրը վառման:

***
Զուր ենք տանջվում…
Որքան էլ նույնանանք
չենք կարող կարկատել մաշված անցյալը…

***
Աստվածները կվկայեն,
որ ավարով չեմ վերադարձել
արշավներից:
Սուր մերկացնելու ու ճոճելու
հաճույքն եմ վայելել:

Անդին 7, 2013

Կարծիքներ

կարծիք