Բանաստեղծություններ

Հեղինակ:

nkar

***
Թե վիճակ է նետված
ու հայացքից հեռու ընկնող քարի նման
քեզ բաժին է ընկել ազատորեն տնքալ
պատմությունը հոսող քո ջրերի

քեզ մեկ անգամ լքած
նայադների նման
ինձ չթողնես հիշել,
որ հայացքից վերև
ուրիշ բուրմունք ունի
քո խնձորի վերջին տատանումը ճյուղին:

***
Մի իրիկուն որպես որբի պատրանք
ճամփի համար խխունջ հավաքելիս
աղաչեցի, որ քեզ ծղրիդները ընտրեն
իբրև գիշերն այցի
եկող լուսատըտիկ,
որ աստղերի խավոտ պայծառացման առջև
զրուցակից լինենք –
թե՝ մասրենին ինչպե՞ս ծաղկի լուսաբացին,
որ ես հիշեմ՝
ո՞ւր էր երազանքս հասել:

***
Դրախտի մեջ փոքրիկ –
անապատում ծպտյալ,
ուր անկումը՝ գաղտնի
և հալածանքն՝ օրհնյալ
բեմի վրա դրած
օրորել է քամին՝
վարքագիծը օձի վերհիշելու նման,

ես՝ երգահան խոհեմ,
ես՝ դիրիժոր հոգնած –
ընդունելով ցնորքը մեղեդուդ,
մեկ հայացքի համար քո բեդվինի,
որ դեղձենուն պիտի հմայքն իր տար,
աղաչեցի, որ քեզ նվագածուն
մտապահի միայն
առվակների հանգույն կաքավելիս
դրախտի մեջ փոքրիկ,
անապատում ծպտյալ:

***
Իբրև կրակն ընկած
մեկ այլ հիշողություն,
ում տարել են մի օր
ճամփաները ուրիշ
անկիրք ընթերցելու
պոկված թերթիկներով
կանոնների գիրքը տոթի դեղձանիկի,
կծկվեցի, ուր ինձ չբզկտի քամին
և ջանացի, որ քեզ հոտոտելիս
չսայթաքի կայծս,
և իմաստը անկման չխաթարվի

***
Անքնության մասունքի պես
առանց հեքիաթ,
որ նստել է իբրև աշուն առաձգական
առասպելի ցելերի մեջ
ուղղորդելու ու օրհնելու թռչունի չուն,
մայրդ գիտեր՝
հիշողությամբ սպանվելիս
քեզ կանչել է
գիշերվա հետ զրուցողը.

քեզ կանչել է՝
մանկան համար ու երկնքի
հրեշտակի հմայիլներ որոնելու

***
Դու գիր հեռվի
և ընթերցված ծաղկի համար –
մեղվի համար արտասանված,
քո վայրկյանին հավատարիմ
ու՝ խենթորեն՝ ապրելու քո դավանանքին,
Փաթաթվեցիր խանձարուրում ծիրանենու,
որ անկյունն իր չմոռանա,
իր պատրանքում՝ չսայթաքի,
ուր անկասկած
կայծակների միջնորդությամբ
քեզ տեսել են
դաշտի հոգում տոթ մաղելով –
ածուների անվամբ ջրին հմայելիս…

***
Ինչպես ճաքված
Նռան ծոցի աղոթագիրք,
որ գրվել է արեգակի վկայությամբ
ու դրվել է ունայնության շեմի վրա,
քեզ կընթերցեն մի օր նրանք,
ում կկանչի երկիրն ուլունք՝
ուսանելու վարքագիծը արևելքի:

Քեզ կընթերցեն մի օր նրանք,
ու ափի մեջ տիեզերքի
մի երկինք էլ կավելանա…

Երանի թե ես լինեի
նրա թռչունն ու
կաթիլը անձրևի:

Անդին 9, 2013

Կարծիքներ

կարծիք