Բանաստեղծություններ

Հեղինակ:

nkar

Ոչինչ (կամ գրեթե)

Ո՞վ, ե՞րբ, ինչո՞ւ…

ո՞վ ե՞րբ ինչո՞ւ երբվանի՞ց
որքա՞ն է տևում անցումը
որտե՞ղ է ոսկեդարը
ի՞նչ է պատահել բարեկամներիս
— ամեն մի բառի մեջ մի թռչուն է թրթռում
(մեռածներն զգոն են)

դժբախտությունը մենակ չի գալիս
պատերն ականջ ունեն
ծառն ընդամենը ստվեր է
սերը մեռած է (լռությունը մոլեգնում է
բառերի կացարանում)

ուրեմն ինչ է ինձ մնում անել
եթե ոչ սահել ննջող ջրերի հոսանքով
կամ ընկղմել միանգամից
իզուր տեղը առանց մի բառ ասելու
— ինչպես մեռյալ
(ընկերներիս տարավ արդեն այս քամին
որ ոռնում է իմ դռան տակ այս ժամին)

Երբ պարապն ինձ նեղում է…

երբ պարապն ինձ նեղում է
երբ լռությունը թափանցում է
մինչև ողնածուծ
ես իսկույն շրջապատում եմ ինձ
բառերի առատությամբ
— ինչպիսին էլ լինեն
որտեղից էլ լինեն –
ես շրջափակվում եմ նրանցով
(ինչպես այն շունը որ տիրոջ
բացակայությունը փարատելու համար
շրջում է սպիտակեղնի զամբյուղը
հանում է տակից շրջազգեստներ շապիկներ
շրջանաձև շարում
ամենագեղեցիկ սենյակում
որպեսզի վերջում հառաչելով տապալվի
օղակի կենտրոնում

©Vahe Godel, Rien(ou Presque), poemes, editions Des Sables, Geneve, 2012

Փակելով բոլոր պատուհաններն ու դռները…

փակելով բոլոր պատուհաններն ու դռները
կինը պառկում է սեղանին
և աչքերը փակելով շշնջում
«անմատչելի տարածք»

Լուսաբացին…

լուսաբացին
ինձ պարսավում է պարսը
բառերի որոնց երաժշտությունը
ինձ ծանոթ է նույնքան
որքան թռչունների
անձրևի
կամ քամու երաժշտությունը
սակայն որի իմաստն
ինձ համար մնում է անորսալի

Այստեղ հանգստանում է մի ճանապարհորդ…

այստեղ հանգստանում է մի ճանապարհորդ
որը հոտոտելով ամեն ինչը ոչնչի մեջ
ու երազելով գիշեր ու զօր
ոտքի աչքերը բաց
կտրեց-անցավ
տարածությունն ու ժամանակը միասին
հանուն միակ վերջին թոշակի
իր միակ զարմանքը

 

Այս գնացքը գնում է ոչ մի տեղ…

Այս գնացքը գնում է Ոչ-մի-Տեղ
բարը գտնվում է վերջին վագոնում
տեղից տեղ չշարժվեք
առանց տոմսակի
մենք ձեզ
մաղթում ենք հաճելի ճամփորդություն
— ուշադրություն շարժվում ենք
— հաջորդ կանգառը. Անէություն

Ես հարցաքննում եմ երկինքը…

ես հարցաքննում եմ երկինքը
զննում եմ ծլարձակումը
սավառնում տեղանքները
ինձ լուսավորում անսահմանությամբ
— չնայած էականը
կատարվում է գետնի տակ
հայացքներից հեռու
մի կույր պատի ետևում
(տեսա ծնունդը մի թռչունի
որ քամու գույն ուներ)

Ինչ-որ մեկն ինձ կանչում է…

ինչ-որ մեկն ինձ կանչում է մյուս ափին
մի անձայն ձայնով
միապաղաղ
(դա կարող էինք լինել դուք կամ ես)

ինչ-որ բան է շարժվում
ծառերի տակ խոտի վրա
ես շնչահեղձ եմ լինում
բաց երկնքում զուր փնտրելով
փրկության ելք

Կատուն ծառերի տակ…

կատուն ծառերի տակ
թռչունները ծառերին
դղյակը կրակի մեջ
բանալին փականքում
արևն աչքերում
էլիքսիրը պահարանում
ձեռքերը գրպանում
ցատկ պարապի մեջ
— խորունկ տխրությամբ

Մի վերջին բառ…

մի վերջին բառ.
փակեք աչքերը
և թողեք որ ձեր մեջ թափանցի
միայն շշուկը եղեգների
անուրջը ննջող ջրերի
հայտնագործեք կրկին կամաց-կամաց
կապույտ երկնքի փրկչին
— հետևեք թռչնի օրինակին

 
Ֆրանսերենից թարգմանեց Ալեքսանդր Թոփչյանը

Անդին 9, 2013

Կարծիքներ

կարծիք