Բանաստեղծություններ

nkar

***
…Աշխարհն իրոք գլորվում է…
Եվ նորից կառչելու կարիք է լինում,
քեզ ամուր կառչելու կարիք,
որ չգլորվենք… գոնե մենք
և չհիանանք մեզնով
…գոնե…
Եվ մկանները միշտ հատվածներ են մնում
և մկանները թուլանում են
արևի իջնելու հետ…

 

Գարուն

Խաղաղություն
ոտնաձայների ճանապարհին:
Մի ձայն՝
լռության մանրակերտ:
Կաթիլի չափով պակասած մի
աչք:
Մեն-մի հատիկ շարժում
պարի:
Մի խաղաղվող սպասում՝
երբ են վերջանալու բառերը…

***
Ներկայություն բազմապատկող զնգոց
ժամանակների,
որոնց ապավինում են,
և խոնարհություն
աղավնաձայների տանիքի…
Եվ նորից ջուրը՝
իր ավանդական խաղաղությամբ,
ձեռնածելով ազատությունը կաթիլների…

Եվ լռությունը երբեք չհաճոյացավ
և զույգ չեղավ:

***
Ինքնաբավություն
ձայնի մենակության մեջ:
Օրերի մենակություն:
Պատասխաններն իրար կվստահեն
մեր լռությունը
մեր ձայնը
և խաղաղ բացակայությունը
մեր
դաշտերի վրա…

***
Ներկայության ափերը առավոտամերձ՝
թիկնած լռության մեջ
խաղաղ սլաքների չափմամբ,
մենակությամբ,
շնչով,
անգոյությամբ…
Ճամփից առաջ հանգստանալն է,
որտեղ մեծ քայլերը ննջում են,
սիրտը իր կերպերն է հիշում,
ձեռքն է առնում օրերը ու ճոճում է…
Իր ձևերի ետևից է գնում սիրտը:
Ինչ երևում է,
միայն մատներն են,
և կանաչը սրտի մասին կպատմի
սահմանների բաժանվող տրոփներ…

Անդին 11, 2013

Կարծիքներ

կարծիք