Բանաստեղծություններ

nkar

***
Մի գավ գինի՝ ճաքած նռան…
Պար է գալիս արյանս մեջ,
Եվ ոտքերս՝ կտրած հողից…
Ինձ տանում է Աստծուն մոտիկ:
Մեղքերիս հետ նստել սեղան…
Փսփսում եմ ականջներին.
-Ձեզ ծնել եմ, բայց ինձ ներեք,
Ա՜խ, երանի մաքուրներին…
Գինովցել եմ, խենթ եմ դարձել,
Այս ի՜նչ միտք էր, Տեր, քեզ մեղա՜…
Միջնադար եմ ուզում գնալ,
Քուչակի հետ սեր-սեր խաղալ…

***
Խոստանում ես վայրի կրքեր,
Մի անափ սեր ու վայելքներ,
Եվ Սողոմոնը ականջիս շշնջում է`
Ունայնությո՜ւն…
Կարծես էլ չես սիրում դու ինձ,
Եվ մենակ են թախիծ ու լաց,
Սողոմոնն է մխիթարում`
Ունայնությո՜ւն ունայնությա՜նց…

***
Տեր, ասելիքս ընդունիր ոչ թե չարացած հարցում,
Այլ մի տաք աղոթք ճաքճքած շուրթի…
Դու գիտե՞ս, արդյոք, թե երբ կավարտվի շքահանդեսը՝
Լուսապսակով ինձ ներկայացած այս հուդաների,
Ժամանակի հետ մի՞թե չի փոխվում ձևը մատնության…

***
Պարտվեցի էլի սիրո խաղաթղթում…
Կարծում էի՝ ձեռքիս կարմիրներն են բոլոր…
Ու ջեքփոթ եմ շահել…
Այնինչ սևերն եկել ու սև թուղթն են բերել՝
Արդեն օտարացած, վերջի՜ն-վերջի՛ն սիրուս…

***
…Չէ, էլ փրկության ոչ մի հույս չկա…
Ինչքան ջրեր են հոսել այն օրից…
Քար նետողները շատ են շատացել,
Թողություն տվող չկա մեղքերիս:
Տեր, ինձ մի պտղուց քո այդ կավից տուր…
Նախաստեղծ ատաղձով բարենորոգվեմ,
Տեր, դե հեռու տար բաժակն ինձանից,
Կեղտ ու մրերից՝
Ճաքել է արդեն կառույցս ներսից…

Անդին 11, 2013

Կարծիքներ

կարծիք