Բանաստեղծություններ

Հեղինակ:

nkar

Սլավիկ Չիլոյանին

Սլավիկ Չիլոյան… Անուն Աստղազարմ…
լուսնահաչ շունը երկինքն է կարդում,
վերնագույժ բախտի մատյան երկնագիր,
արյան խռովքում է լուռ թանձրանում:
Կենաց օրերը՝ երկնքից փախուստ,
Աստծո խանդն է մեզ այսպես երկատել,
մարմնի տենդի մեջ մեր բախտը անուս
աստղափոշով է նախշազարդվել…
Լուռ ցած են թափվում ցնորքները մեր,
հոգու ճիչերով երազն է ներկվում,
ճեմում է անհոգ քո հոգին անմեռ
երկնքի բացված դռների ներսում:

Դարվինյան էլեգիա

Տեր իմ, գամ քո՞ ոտքը գրկեմ,
թե՞ աղոթեմ կապկազարմիս,
հոգուս գունեղ ա՞չքը փակեմ,
թե՞ կարոտեմ սոսափին անտառիս:
Ընկնեմ-գնամ ռունգի՞ս կանչով՝
օդից զատած բույրն իմ նախնյաց,
թե՞ աչքերիս շլացումով
անցնեմ ճամփաս եդեմազանց:
Ասեք, ինչպե՜ս հասնեմ լույսին՝
արմատակապ մտքի խոկան,
ինչպե՜ս կարդա մունջն երկնքի՝
ժամանակիս անուս վկան…

***
Քո լռությունը լի է ի°մ բառերով,
ձայնս խուճապն է կորստիդ,
ամռան տապի հանգույն
թեժությունը սիրուդ ակոսում է
կենսավետ ներդաշնակությունն ապրելուս…
սրտիս անզուսպ ճիչը
բարձունքներիդ անդորրից սկիզբ առնող
բառեր են սիրամեռոն,
կարոտներդ երանգներս են ծիածանում
հուշերիս երկնքում:

Անդին 12, 2013

Կարծիքներ

կարծիք