Բանաստեղծություններ

Հեղինակ:

IMG_6967

***
Ալ շուրթերի վրա ծաղկած կակաչ,-
Շուրթերի մեջ բառ կա
Լռության մեջ փակված…
Թիկունքն ի վար թափվող
Սև ծամերին՝ վարդ,
Մազերի մեջ բուրմունք,
Մազերի մեջ երգեր՝ մոռացումից փախած,
Մազերի մեջ թաքուն, թաքուն կանչեր…

Ճերմակ մատներին,-
Տես,
Նռնաքարն է ծաղկել,
Իսկ ափերի խորքում
Ջերմություն է արյան,
Ջերմություն է հացի,
Ու զավակի հոտն է
Ընդմիշտ դաջված…

Ու կրծքի տակ,-
Ճերմակ, թրթռացող կրծքի
Սիրտ է,
Սիրտ է պրկված,
Քարե արցունք դարձած,
Նռան ճաքով կիսված
Ու մատներին ճերմակ
Նռնաքարեր շարած…

***
Խորը ձմեռ է:

Ասում են մի տեղ՝
անհայտ շերտերում,
հրեշտակներ կան…
Երևի նրանց թևերը սառչել
թափահարվում են ծա՜նր հևքերով:
Երևի նրանց աչքերը գոց են
ձնարբուքի մեջ:
Թերևս ցուրտ է հրեշտակների կացարաններում:
Երևի նրանց թևերը սառչել
ու… պաղ արցունք են մեզ համար մաղում…

Խորը ձմեռ է…

***
Վահան Վարդանյանի հիշատակին

Երկար փնտրեցի քեզ տանդ պատերի մեջ
Ոլոր-ոլոր ճյուղերի մեջ տանդ պատշգամբի
Փետրվարյան մոխրով օծուն ճանապարհին
Ու բազմոցին իմ տան
Ու բազմոցին քո տան:

Անդուլ փնտրեցի քեզ ամեն գիշեր
Երազներումս մութ
Երազներումս սև
Ու տողերդ դարձած տիեզերքին-գոտի.
Տողերիդ մեջ մասնիկ-մասնիկ
փնտրեցի քեզ:

Երկնի ծածկոցը թաց
Թավալ եկավ
Երկնի պտուկներից արցունք մաղվեց աղի
Ամպից կաթող կաթիլի մեջ
փնտրեցի քեզ:

Քեզ փնտրեցի անդրադարձում երկնի…
Ու քո վերջին գահի փայլի խորքում
Քո ճակատին վառվող աստղի լույսի ներքո
ետուառաջ, ետուառաջ
տարուբերվող
Քո շողերում արտացոլվող
ստվերների վրա
փնտրեցի քեզ
քեզ փնտրեցի…

***
Ինչպես քամու հառաչանքը, որ հեղվում է ծովին,
Ինչպես կանչի արձագանքը հեռուներում կորչող,
Ինչպես չվող թռչնի ծիրը երկնափեշին,
Ինչպես վերջին բույրը
Ծաղկի հոգեվարքի:

Իր կրակը մարած պարապ օջախի պես,
Իր բեհեզը թողած ծառի նման աշնան,
Մարող շնչի նման,
Մեռնող բառի նման
Ու սև թուխպի նման
Լեռան ուսին հենված:

Կանգ են առել ահա
Կաթիլները թափվող,
Ու անձրևե պատը ժանյակի է նման,-
Ինչպես, ինչպես հառնեմ մոխիրներից խեղդվող,
Երբ շնչիս մեջ ասես կրակներ են թաղված:

***
Այտի վրա ստվեր նետած թարթիչների
ու
ծանրորեն կախ կոպերի
լռությունը:

Զգույշ պարող շղարշների
ու
պատերով շրջանակված
տարածության
լռությունը:

Ծխի քնքուշ ոլորների
լռությունը
ու
անկրակ մոխիր դարձող սրտի
լռությունը:

Քարերակով
լեռան սրտում
ճյուղավորվող
լռությունը:

Քար արցունքի
լռությունը:

Անդին 1, 2014

Կարծիքներ

կարծիք