Բանաստեղծություններ

nkar

Տաղ անհուսության

Ես գրում էի անհասցե երգեր,
Նկարում էի պատկերներ անտես
Ու արտասանում բառեր, որոնց մեջ
Պատկերը բառ էր ու բառը՝ պատկեր:

Ինձ ոչ ոք այդպես չհայտնաբերեց,
Ոչ ոք չկանչեց հյուր, անգամ ծառա,
Ձեռքս հոգնել էր ու հաճախ անգամ
Մնում էր թղթին, կտավին սառած:

Հետո մի ճամփորդ, որ եկավ անցավ,
Ինձ երկինք տվեց, տվեց մի բուռ հող.
Ես նրա եկած ճամփեքով անցա,
Ու ձեռքիս հողը դարձավ հում խմոր:

Արևից ճաքած սալերի վրա
Ես այն հունցեցի, փռեցի զգույշ,
Տասնհինգ փրփուր լավաշ ստացա.
Բայց նաև մի տող՝ Երկիր իմ անհույս:

Հայրենիք

Տարածության և ժամանակի վրա
Կախվել է ագռավի կտուցով
Եվ աղավնու աչքերով թռչունը:
Կտուցն անսպառ կտցահարում է
Տարածության սիրտը,
Աչքն անսպառ արտասվում է,
Որովհետև ժամանակն
Այլևս ապառնի չունի:

Դիմացի սարից
Նոյն ինքնակամ գահավիժել է
Ու անհիշելի ժամանակներից
Չի հասնում հատակն անդունդների:
Մինչդեռ կտուցը խելահեղ կտցահարում,
Ու աչքն անսպառ արտասվում է
Անդունդների խորքում մոլորված
Ապառնի ժամանակի համար:

Հենց այնպես

Ահա ես այսպես,
Ահա հենց այնպես
Քայլում եմ կարծես,
Չեմ քայլում կարծես:

Հեռացող ձայնը
Լսվում է կարծես,
Ձայնը հենց այնպես
Չի լսվում կարծես:

Չի շարունակվում
Օրը հենց այնպես,
Բայց ձայնը կարծես
Օր է հենց այնպես:

Մեռնում է կարծես՝
Մտաբերելով քայլերը անտես՝
Իր միջով անցած
Կարծես հենց այնպես:

Մի պուտ աշուն

Ես մի պուտ աշուն հանեցի
Աչքերիս միջից, և տարին ծերացավ:
Ես փողոցները մաքրեցի ձյունից,
Եվ աշունը դեղին անեծք թափեց
Մազերիս վրա:

Ես փորձեցի մոտենալ գարնանը,
Բայց ձնծաղկի բույրն ինձ շպրտեց
Մի տարածություն, ուր ավազների մեջ
Փշեր ու փշերի մեջ
Ավազներ էին աճում:

Ես փորձեցի իմ գլխավերևում
Երկինք գտնել,
Սակայն հրեշտակը մի բուռ արև
Շաղ տվեց աչքերիս մեջ:

Ես կուրացած աչքերով
Սկսեցի գունավոր երազներ տեսնել,
Որոնք հորինել էր մի աղջիկ
Այն ժամանակ,
Երբ ես դեռ աչքեր ունեի:

Անդին 1, 2014

Share

Կարծիքներ

կարծիք