Բանաստեղծություններ

nkar

Սրտի փոքր շրջապտույտ

Իմ գոյությամբ Քո կյանքում
հերթով գրավում եմ բանաստեղծություններդ
ու տարհանում նրանցից հերոսներիդ,
Դու լավ գիտես, որ դրանից ոչինչ չի փոխվում.
նույնն են մնում բանաստեղծություններիդ
բարձրությունը ծովի մակարդակից
ու դիրքն աշխարհագրական:
Զգայուն հայեցությամբ
պարարտ եմ պահում նրանց ընդերքը,
որովհետև… շատ եմ Քոնը,
ու նրանց երբեմն բնակեցնում եմ
իմ ակնախորշերում.
ես միայն այդպես եմ կարողանում
նայել աշխարհին Քո՛ աչքերով,
և մեզ կիսող ծովերում չարչարվող
լաստերով կարոտի
Քեզ վերադարձնել նորից բոլոր հերոսներիդ:

Ճեպանկար

Ձեռքիս ափի գոլ թմբիրից պոկվեց օրը.
Բա՛ց է միշտ էլ ճանապարհը
Ապաշխարող հոգիների…
Ու մի երամ ճեպանկար թռչունների
Բույն է հյուսում երկնքո՜վ մեկ,
Հսկա՜ մի բույն՝ կացարանը
Իմ կախովի աղոթքների:
Սև ու սպիտակ, գոլ թմբիրից ձեռքիս ափի
Ձգվում եմ ե՛ս՝ հողմաղա՜ցս ճեպանկար,
Ու թևերիս գիժ պտույտով
Ամեն անգամ աղոթքներից
Քերում եմ ու բերում եմ վար
Ճերմակ ամպին սևով թողած ճեպանկար
Մի որբ թռչուն՝ իմ պես մենա՜կ, իմ պես մոլա՜ ր…

Քաոսից

Ինձ պատմի՛ր առասպելն այն,
Երբ տեսել ես՝ հո՛ղ եմ եղել,
Ու կիսախուփ բիբերիս մեջ
Չորացրել եմ տեսիլները
Քո նախաստեղծ քաոսի,
Առասպելը իմ բիբերով
Թող հոսի՝
Էլի հող եմ դառնալու,
Էլի գալո՛ւ եմ,գալո՛ւ՝
Համաստեղությամբ կույսի
Կողերիս մեջ ամբարելով
Քո հորինած առասպելը իմ մասին.
Գիտե՛մ՝ մեղքը իմն է նաև,
Բայց դու պատմի՛ր,
Թե այդ ինչպես դեռ չծնված
Հող եմ եղել՝
Հող եմ հիմա՛:

***
Անկումի պահն է.
Թևերս բացեմ
Ու ցերեկների
Սուտը քերելով
Գթառատության
Անլաց բիբերից`
Ինքնակամ զարկվեմ
Անտարբերության
Անաղերս ու պաղ,
Ծերպոտ կողերին:
Տե’ր, փետուրներիս
Արյունն հավաքիր,
Որ քո խաչերի
Կարմիր հետքերով
Վերթևումներիս
Ծիրը չուրանա՜մ:

Անդին 1, 2014

Կարծիքներ

կարծիք