Բանաստեղծություններ

Հեղինակ:

nkar

Հավատացող անհավատ եմ

Կյանքիս չարին հավատում եմ,
Չարանալուս չեմ հավատում՝
Չար սերմանող փրկիչ չունեմ:
Սպանողին հավատում եմ,
Սպանելուս չեմ հավատում՝
Նույնիսկ թուրքին չեմ սպանի:
Հեռացվելուս հավատում եմ,
Հեռանալուս չեմ հավատում՝
Ուրիշ տեղ իմ կյանքը չունեմ…
Որ չեմ սիրում՝ դա լավ գիտեմ,
Չսիրելուս չեմ հավատում:
Ա՛խր, ես ձեզ շատ եմ սիրում:
Մոռացվելուս հոգսը չունեմ՝
Անմահությունս ի՞նչ անեմ…
Մոռանալուս չեմ հավատում:
Ձեզ կրկնող կրկնակին եմ…
Տարիներիս հավատում եմ,
Շուտով վաթսուն տարեկան եմ,
Ծերանալուս չեմ հավատում՝
Վեցից հետո ՅՈԹԸ ունեմ…
Կրծողներիս հավատում եմ,
Վերջանալուս չեմ հավատում:
Գցողներիս հավատում եմ,
Իմ ընկնելուն չեմ հավատում՝
Ընկնելու տեղ էլ չգիտեմ:
Գնամ ընկնեմ ձեր փոխարեն,
որ ի՞նչ շահեմ…
Դե ի՞նչ արած, անհավատ եմ՝
Անհավատին չեմ հավատում:
Չարին զսպող աշխարհից եմ՝
Պարտք մնալուս չեմ հավատում:
Քրիստոսված անհավատ եմ՝
Ձեր հավատին չեմ հավատում…

Աղերս ուժի

Սիլվա՛, մանչու կարիք ունեմ,
Մեկը ի՞նչ է, յոթը կուզեմ…
Քեզնեն կուզեմ յոթը թիկունք,
Իմ հեթանոս ուժը կուզեմ:
Քեզի կուտամ յոթ գավ գինի-
Քեզնեն յոթ կուժ բռնող կուզեմ.
Քեզի կուտամ յոթը համբույր-
Քեզնեն յոթ սուր բռնող կուզեմ:
Բարեխոսիր ինձ Աստծո մոտ-
Քեզնեն Աստծո ժառանգ կուզեմ.
Քեզի կուտամ իմ մեղքերը-
Քեզնեն անմեղ խիղճս կուզեմ:
Հազար տարվա վարքից խաբված՝
Կորուստներս քեզնեն կուզեմ,
Սուտ կույսերի մեղքով չեկած-
Ժառանգներս քեզնեն կուզեմ:
Դու Մեծամայրն Հայաստանի
Արգիշտիիս քեզնեն կուզեմ.
Ինձնից խռով է Վահագնս…
Բարեխոսիր՝ ուժս գտնեմ:
Չբեկանվող, անխոցելի
Տիգրան Մեծիս քեզնեն կուզեմ:
Քեզի կուտամ մի կաթ արյուն՝
Մի ծով ավյուն քեզնեն կուզեմ:
Տո՛ւր ինձ, տո՛ւր ինձ, կին բեղմնավոր,
Իմ Ցեղապահ վարքը տո՛ւր ինձ:
Քո խաչվածին ետ առ ինձնից-
Ազգափրկիչ ուժս տուր ինձ:
Մենակ ինչպե՞ս կռիվ էրթամ
Յոթ Սասնա ծուռ քեզնեն կուզեմ…
Բարեխոսիր ինձ Աստծո մոտ,
Կռիվ կերթամ՝ Օրհնանք կուզեմ…
Աստծո մրցանակը

Ես հոգնեցի…
Այս աշխարհի անցուդարձից:
Որոնածս չգտնելուց ես հոգնեցի:
Ես հոգնեցի իմ փուչ ես-ից:
Ինձ խաբելուց ես հոգնեցի:

Կյանքս դարձավ բերնի ծամոն.
Ծամծմվելուց ես հոգնեցի:
Քրիստոսն էլ ինձ չփրկեց.
Մաքրվելուց ես հոգնեցի:

Ո՜վ Տեր Աստված, ո՞նց երկնեցիր
Ինձ նման խեղճ մի կացություն.
Մարդու վրա սուգ անելով-
Աստվա՛ծ, քեզնից ես հոգնեցի:

Մի՞թե չէիր կարող մի քիչ՝
Մարդավարի մարդ հորինել.
Ինձ երկնելով՝ քեզ ծաղրեցիր.
Ծաղրվելուց ես հոգնեցի:

Հավանաբար, այնտեղ՝ վերում,
Մրցություն էր վատ գործերի…
Կյանքս վկա, ո՜վ Հայր Աստված,
Մրցանակը դու շահեցիր…

 

Ագռավաքար

Ճամփա էր՝ դեղին ճամփա,
Ամենուր լուսնափոշի.
Փոշու մեջ՝ ծուխ ու կրակ,
Եվ մարդը՝ դաբղած կաշի…

Թուրքացող մի ողջ աշխարհ
Թրքուհու փեշերի տակ
Նամազ էր անում խղճի
Ու լարում նոր որոգայթ …

…Սասունում սյուն չմնաց,
Մհերի տուն չմնաց,
Մհերի դուռը բացող,
Ձյան տվող հայ չմնաց:

-Ինչպե՞ս թե՝ հայ չմնաց-
Ասել է՝ մարդ չմնաց…
Հայ մնաց, նավ չմնաց…
-Ինչպես թե՝ նավ չմնաց-
Աշխարհի ծովը ճեղքող
Սփյուռքի նավը մնաց.
Արագած սարը վկա՝
Փրկության ափը մնաց,
Եվ մնաց ոգին Հայոց-
Վահագնի ճամփի վրա
Ֆիդայու թափը մնաց:

…Քառասուն գազ հորի միջին
Արցախի հայը մնաց:
Մնաց, որ հիմա ելնենք
Ու կանչենք՝ հե-հեյ Դավիթ,
Սասունդ անտեր մնաց…

Ու կելնի Դավիթ նորից
Թրքուհու սարքած հորից.
Կելնի իմ մանչու տեսքով,
Կելնի իմ օրհնանքն առած,
Կգոռա՝ հայ-հույ, Մելի՛ք,
Ճարդ տես, Դավիթ եկավ.
Դեն քաշվիր, Թուրանի քած,
Դեն քաշվիր, դու շեկ աղվես,
Հեռացեք, հերթն ինձ հասավ…

Մոռացեք Թլոր Դավթին-
Ի՞նչ օրն եք ազգս գցել…
-Աչքդ լույս, Մեծ մայր Նանե,
Դավիթդ է վերադարձել…

Ու կելնի Դավիթն այսպես՝
Իմ Նարեկ մանչու տեսքով,
Կփրկի հողերն հայոց՝
Կփրկի Արցախիս պես

Թումանյանի հանգույն

Ա
…Դեռ առևտուր են անում՝
երկինք-գետին իրար հետ:
Ի՞նչ են տալիս, ի՞նչ առնում՝
երկինք-գետին իրար հետ:
Ո՞վ ում է պարտք՝ չգիտեմ.
կյանքիս փորձով գիտեմ, որ
Ինձ են տալիս, ինձ առնում՝
երկինք-գետին իրար հետ…

Բ

Գնալ լիներ, ու գնալը չվերջանար,
միշտ լիներ:
Մնալ լիներ, ու մնալը չվերջանար,
միշտ լիներ:
Գնալ-մնալ-ապրել լիներ անդադար:
Ու լինելը չվերջանար՝ ճիշտ լիներ…

Գ

Ամեն ինչ եղա՝ ամենքի նման:
Չեղա՝ ինձ նման Անմահի վկան:
Անմահի ներկան մահվամբ ունեցա…
Եղա բնական՝ չեղա ինձ նման:

Անդին 2, 2014

Share

Կարծիքներ

կարծիք