Բանաստեղծություններ

Հեղինակ:

nkar

Աշնան նրբանցքներում

Քամիները բոլոր սսկվել են վաղուց
աշնան նրբանցքներում,
Ու վերջին հույսը չորացած տերև է
երջանկության համար,
Ու խոսքերը հատու, որ միշտ տեղին էին,
գալիս են լռելու,
Ու ճշմարտությունը լռին ընկրկում է՝
չգտնելով հնար:

Այստեղ ամեն խորհուրդ մի կարճ հասցե ունի.
«Ուշ է արդեն»,
Ցավն էլ կարկամել է դռների արանքում,
կանգնել խուճապահար,
Աշունն հավաքել է ետդարձի հետքերը
հարթակներից ամեն,
Ու խարխուլ են այստեղ աստիճանները վեր,
աստիճանները վար:

Մի քայլ առաջ՝ ու ողջ աշխարհը մեկընդմիշտ
կվերջանա քո դեմ,
Ու թե պատահաբար մի բաց դուռ ես տեսլ՝
արագ հասցեագրիր,
Քանզի վաղը գուցե դու լինես պահանջված
ու քեզ այստեղ փնտրեն,
Քանզի վաղը գուցե հույզերդ վերծանեն
ու քեզ անեն անգիր:

Քամիները բոլոր սսկվել են վաղուց
աշնան նրբանցքներում,
Ու երջանկությունը վերջին չոր տերևն է՝
հիշողության համար,
Որ դու քո ետդարձին հանկարծ չմնաս
անսեր ու անտերունչ,
Ու ամեն մի շշունջ քեզ մի հասցե թողնի՝
Ողորմությա՜ն նման…

***
Յոթնածամ անձրևներն իմ արևաթել
Ծիածանի մեջքից գլորվել են վաղուց,
Ես հուշերի մաշված կոշիկները հագել
Առանց ամաչելու դուրս եմ եկել փողոց:

Երկինքն իր կրքերից կայծակները ջնջել
Սառնահույզ լռել է ամպրոպների ծոցում,
Որոտներն էլ քամու փեշերի տակ ննջել
Ու ոչ մեկի առջև սրտները չեն բացում:

Ոտքերս չեն թրջվում հիմա առաջվա պես,
Ու ես էլ չեմ զգում տաք սարսուռը հողի,
Թվում է՝ եկել եմ մի չստացված հանդես
Ուր անգամ անձրևն են դարձրել սարքովի:

Մեկն ասես երկինքը քամու լաթով սրբել՝
Թափ է տվել փոշոտ փողոցների վրա,
Յոթնածամ երգերն էլ ծիածան չեն գտել
Ու հրաշք են փնտրում երկնքում ակամա:

Մարդիկ քողարկվել են անձրևանոցներով,
Մեկը չկա՝ վերցնես ու անձրև նվիրես,
Մեկը չկա՝ մաքրես հոգին չըլըմփոցով,
Ու նրա վախերը քո մեջ պատսպարես:

Յոթնագույն երազներն իմ արդեն վաղուց
Անգույն անձրևներից էլ չեն արևոտվում,
Ես հուշի կածանով դուրս եմ եկել փողոց,
Նայում եմ մարդկանց ու նրանց կարոտում…

Ցավ
Ես տեսա՝ ինչպես քամին գլխատեց
Ծաղկած կակաչների մի ամբողջ ցեղի,
Տեսա, թե ոնց ծնվեց տխրությունը տարեց
Ու կարմրաթերթ կաթկըթաց հողին:

Տեսա, թե ինչպես երկինքն անտարբեր
Մի հայացք նետեց քամու այդ ոճրին՝
Թե ձորը ինչպես իր մեջ պարտակեց
Բոլոր դիերը անմեղ զոհերի:

Ես տեսա՝ սարսափն ինչպես թևածեց
Դեպի դաշտերը լուրթ կակաչների,
Թե լուրն սպանդի ինչպես տարածվեց
Ու ահասարսուռ որոտաց հողին:

…Ես տեսա ցավի բաց երակներով
Կարմիր շորերով վազող աղջկան,
Որ տանում էր մի ահագնացող բոթ
Այն հողին, ուր էլ կակաչներ չկան…

***
Հևքս հալվեց, կորավ քո կիսկրտված շնչում
Հոգսերիս աչքն ընկավ իրիկվադ կարճ փեշին,
Դու ձայն տվեցիր ինձ, որ մնամ քո կանչում
Մինչ ձյուները կգան՝ անսեր ու անհաշիվ:

Ափիդ մեջ ես առել իմ երկինքը դալուկ,
Շոյում ես ամպերս քամիներով օտար,
Մեկը լիներ՝ գրկեր հույսերդ մոլորուն
Ու նրանց կրծքի տակ արեգակներ շաղ տար:

Մեկը լիներ՝ կանգներ մեր երկուսի միջև,
Ինձանից քեզ փրկեր, քեզանից՝ ինձ,
Մեր հաշտության ճամփից ձմեռները ջնջեր,
Որ դառնայինք նորից մեկմեկու կարեկից…

Անդին 2, 2014

Կարծիքներ

կարծիք