Բանաստեղծություններ

nkar

Մարտական ընկերներիս

Ո՞ւմ համար լամ,
Ո՞ւմ համար խնդամ,
Ո՞ր մեկիդ ասեմ ափսոս,
Ո՞ւմ հետ փորձեմ կիսվել:

Հաղթական հույսի երազն աչքերում՝
Հեռացաք մեզնից հաղթանակներով,
Թողնելով մեզ հետ հույզեր ու կորով,
Արցունք ու ծիծաղ, ցնծություն ու վիշտ
Մեզ նվիրելով:

Սուրբ շիրիմներդ դարձել են ահա
Սուրբ հրեշտակների հավաքատեղի,
Ու պատմությունը լռում է հիմա՝
Դառնալով աղոթք, հող ու հայրենի:

Որի՞դ հետ կիսվեմ
Եվ ո՞ւմ հետ հիշեմ անցյալը դժվար,
Ո՞ր մեկիդ լսեմ
Միայնակ, ձեր մեջ, իբրև խելագար:

Ձյան նման

Ձյան նման մաքուր
Ու ճերմակ ձյան նման
Անաղմուկ ու լուռ,
Ինչպես իջնող ձյուն:
Հանդարտ մի գիշեր՝
Ներկված ճերմակով,
Վերից ցած պարող
Փերիներ անթիվ,
Անթիվ ճերմակներ
Քնքշիկ ու նրբիկ,
Ու մահկանացուն չի ձեզ արարել
Այդքան գեղեցիկ:
Իմ ճերմակ քույրեր.
Փերիներ ճերմակ,
Գիշերվա հարսներ:
Կամոք բնության
Ու կամքով Տիրոջ
Ծնվող երկնքում
Ու երկրի վրա մահ որոնողներ:

Մի հուշ
Խավարում մոռացված մի հույս
Թրջվել է աշնան անձրևից,
Քո մեջ հրկիզվող մի լույս
Կանչում է անցած օրերից:

Հեքիաթներ, երազներ խառնվել
Հույսի պես մի տոն են տոնում,
Այս աշնան անձրևից թրջվել
Քեզ սիրո երգեր են ձոնում:

Մի համբույր անցյալում մոռացված,
Մի ժպիտ գարնան ծաղկունքով,
Մի խոստում սիրային չավարտած,
Մի արցունք այս աշնան աչքերով:

Անցյալ

Պտտվում է մեր բակի կարուսելը,
Ճռճռում է հուշերը պտույտի,
Այս բակում մենք ուրախ ծիծաղում ենք
Մանկության հուշերում անցյալի:

Ես նայում եմ կիսաքանդ պատշգամբին,
Որտեղից ժպտացել ես ինձ հաճախ,
Ու անցյալ է հիմա այդ ուղին
Օրերում անվիշտ ու խաղաղ:

Տարիներ կերտող պատմություն,
Մի աղջիկ նվազ, ժպտադեմ,
Անցյալի մի քնքուշ հարություն
Ու ներկա կատարյալ ու խոհեմ:

****
Չհասկացա՝ որտե՞ղ մնաց մանկությունս,
Անհոգ օրեր ու ջինջ երկինք էն ո՞ւր կորաք,
Մեծացել եմ ու հիշում եմ լոկ անունս,
Մանկությունս ինչպե՞ս եկավ և ո՞ւր անցավ:

Չհասկացա կամ ինձ տվի քամու թևին,
Թափառեցի ու խնդացի շիրիմներին՝
Շիրիմներին, ովքեր թողած իրենց հոգին՝
Երանել են հույս տալ անտես բաղձանքներին:

Չհասկացա, թե ո՞ւր մնաց մանկությունս
Խավարներում գիշերների, լուսաբացին, արևի հետ
Մի տեղ լռեց երջանկության ողջ բերկրանքս,
Ինչպես երազ երազների կորավ անհետ:

Անդին 2, 2014

Share

Կարծիքներ

կարծիք