***
Այսօրս էլ սահեց,
ինչպես արձակած զգեստս
սահեց մարմինս ի վար…
մեկ օրով էլ մերկացա կյանքից…
***
-Սիրում եմ քեզ,-ասաց քամին
ու գետնով տվեց ծառի տերևները…
***
Ափսոսանքս շաղ տամ դաշտերին՝
ինձնից կծլեն այստեղ-այնտեղ,
որ մենությունից թոշնեն,
իսկ բուրմունքը երկինք հասնի…
ծաղկի ու երկնքի միջև
հավերժ սպասում կա՝
բուրմունքի ձևով…
***
Ես երբեք դատարկ ձեռքով
չեկա քեզ մոտ.
մի կտոր երկինք
միշտ եղել է հետս…
***
Քո երազներից, որ իմն էին նաև,
ես տուն սարքեցի,
բայց դու քամի արեցիր
ու քանդեցիր երազե տունը…
որտե՞ղ ես ապրելու առանց երազներիդ…
***
Դուք, որ այնքան սիրում եք նյութը.
կահույքը ձեր,
դուռը ձեր ամրոցի,
աթոռնե՜րը հապա,
թուղթը անգամ,
որ ինձ էլ է գերել.
Երկրպագե՛ք ծառին…
***
Ու ամեն անգամ
գիշերն այնպես է ինձ
իր գիրկն առնում, որ
մթնում են աչքերս…
մինչև լուսաբաց:
***
Մատներս չդիմացան խոսքերիդ
ու ծալվեցին ցավից.
որքան թրթիռ փակվեց
ափիս մեջ բաց…
***
Ես ճանաչեցի ձեզ,
քամուց շոյվա՛ծ ծառեր.
դուք առաջինն եք ծաղկել…
***
Աշխարհակործան ջրհեղեղից առաջ էլ
անձրև եղավ.
երկինքը մի կուշտ լացեց Երկրի համար…
Գուցե դրա՞ համար
ամեն անգամ անձրև գալիս
սիրտս տխրում է նորից…
***
Ամենահեռու վայրերը, ուր կարող եմ ճամփորդել,
իմ խորքերն են…
Միայն այնտեղից ցանկություն չունեմ
տուն վերադառնալու…
***
Դու ասացիր՝ կանցնի ամեն բան,
ես սա էլ կծածկեմ, անհոգ եղիր,
բայց հետո հալվեցիր, ձյո՛ւն,
ու բացվել են վերքերս նորից…
***
Թուփը տրորելիս
ոտքս հապաղեց.
գուցե սա ինչ-որ մեկի
ոչ ճիշտ ապրած կյանքն է՝
վերածված խոտի…
***
Գնամ հոգիս աշնան արևին տամ.
դիմանալ է պետք
եկող ցրտերին…
***
Բոբիկ ոտքերով
իմ կարոտն է վազում
արձակ դաշտերով
ու տեղ չի՜ հասնում…
Անդին 2, 2014