Բանաստեղծություններ

nkar

***
Ինչ լա՜վ է օրը, օրն ինչ անո՜ւշ է,
Ոչ տապն է կաթում, ոչ էլ մշուշ է,
Նոր արթնացել է անհոգ մանկան պես.
Այսօր շաբաթ է ու վանքի մեջ ծես:
Հողը երկունքվել ու ծիլ է տալիս,
Ամենքով մեկտեղ գարուն է գալիս,
Գարո՜ւն է, գարո՜ւն, օրն ինչ անո՜ւշ է,
Ոչ տապն է կաթում, ոչ էլ մշուշ է:

***
Երկնի այտից արցունք է կախվել,-
Լացել չի ուզում…
Ամպը սարերին չի ուզում բախվել,-
Սիրտս չի հուզում:

Թանձր մշուշում կարոտ կա մի հին,
Քնած է մո՜ւշ-մո՜ւշ:
Օ՜, մի արթնացրեք իմ լլկած հոգին,
Թող քնի անհուշ:

***
Իբրև ձեր սին ճակատագրի բեռնակիր
Ես կքայլեմ նորի-հնի արանքում,
Մայր իմ անուշ, ձեռքդ գլխիս, գլխիս դիր,
Օրոր ասա գիշերներին իմ անքուն:

Թող լեփ-լեցուն սիրտս հորդա քո սիրով,
Աստվածային քո պարզությամբ անթերի,
Խոնարհ լինեմ ու ոչ խենթի հմայքով,
Բաժին դառնամ պատեհապաշտ գայլերին:

Մայր իմ անուշ, ձեռքդ գլխիս միշտ պահիր,
Քո շուրթերից օրհնանք, աղոթք թող հնչի,
Ինձ մոռանան մունետիկները մահի,
Երգիր, երգիր «Տեր պահպանիր» ականջիս:

Անդին 3, 2014

Կարծիքներ

կարծիք