Բանաստեղծություններ

Հեղինակ:

nkar

Իմ լեռը

Ինչպես ջրերի հուշարձան,
Որ տեղն իր չի դրվում.
Մի աստծով մենք ուշացանք,
Մնացինք մեր դրսում:

Ես իմ լեռան չափ եմ արդեն,
Իմ չապրած տարիքին.
Իմ լեռը ճամփորդ է նորեն,
Ես` մահը իր վերջին:

Ծաղկած ձմեռ
Ես` ծովի դեմ, ծովս կա,
Իմ ջուրն ու ես` մի ծոց,
Պիտի դարեր իմ մեջ սողար
Շրշյունաբեռ մի օձ:

Ձյուն ու ձմեռ ես հերկեցի,
Դարձա հասուն մի արտ.
Խաս ձմեռը` անհայրենիք,
Իմ մեջ ծաղկած տեսա:

* * *
Այս ո՞վ եկավ,
Անզատ այրվեց,
Շրջեց իմ մեջ
Երկինքն ամա:

Էլ չեմ ապրում
Ես այս մարմնում.
Այս մարմնի մեջ
Արև չկա:

Գիրքը

Չէ, էսօրվա հացից չէ, Տեր,
Գրքից եմ հացի համ առնում,
Համակարգիչն ինձ խժռում է,
Դաշտն է շտապ վերահառնում:

Նշխար մի բառ` թղթապատառ,
Սիրտս է անխաբ անդ տրոփում.
Փափագում եմ որպես անտառ
Այրվել իսպառ իր բաց գրկում:

Ինքնախարանում

Որ չիմանան, մարդիկ չգան`
շիրիմիս քարը գողանան:
Ավ. Իսահակյան

Կորել եմ, կորե՜լ: Իմը չե՜մ: Չկա՜մ
Ինչպես իր շուքից փախչող լուսնաշուն,
Աղքատությունս դարձավ ինձ պաշտպան,
Ում քարշ է տալիս մի անկապ աշուն:

Իմ ժամը` անժամ, ժամից անցել է,
Եղած-չեղածս` փաթաթիր մատիդ.
Ինձանից առաջ բաց հողի մեջ եմ`
Ամեն, ամենն այդ նա վաղուց գիտի:

Ես գանձարան եմ` անհուշով լեցուն,
Որ ամեն առտու ծաղկում իրենով,
Խաբ ու խաբկանքով ինքնախարանում,
Պատարագում է անհուն անհունով:

Կորել եմ, կորե՜լ: Իմը չե՜մ: Չկա՜մ
Ինչպես իր շուքից փախչող լուսնաշուն,
Ինձ պեղելով ես դարձա… անպաշտպան,
Որ քամիներն են հիմա թալանում…

Անդին 3, 2014

Կարծիքներ

կարծիք