Պոեզիա

nkar

Հայաստան

Առանց քեզ, սեր իմ,
Սիրուց ամաչել չեմ կարողանում,
Կանչե՜լ, կարկաչել,
Անսեր կանաչել չեմ կարողանում,
Օտար ափերում
Ես ինձ ճանաչել չեմ կարողանում…
Քեզ ունենալով՝
Քեզնից որբանալ չեմ կարողանում…
Հարազատ մորից
Նորից խորթանալ չեմ կարողանում…
Ելքը դեպի քեզ վերադառնալն է,
Քո մեջ լրանալ ու ծանրանալն է…
Հերիք է, պիտի տուն վերադառնամ՝
Իմ կարոտների ճանապարհներով,
Շոգից ծարաված իմ աղբյուրներով,
Հալվող ձյուներիս արարումներով
Տուն պիտի դառնամ,
Ներիր ինձ, սեր իմ…
Օտարությունից դեռ աղավաղված,
Շաղված ու խաչված,
Քո տաք շուրթերից դեռ կուտ գնացած՝
Քեզ պիտի դառնամ,
Քեզ՝ նորածնված,
Քեզ՝ նորածլված,
Իմ նոր սածիլված,
Տուն պիտի դառնամ,
Տուն ու տնօրեն,
Տեր պիտի դառնամ…

***

Ուրիշ որտեղ պիտի գտնեմ
Իմ լեռների նման լեռներ,
Որոնք իրենց ներսում պահած
Առասպելներ ունեն,
Գագաթներին՝
Աստղ ու ասուպ՝
Պահապաններ ունեն,
Եվ դեռ որքան
Հագած, կապած
Հրամաններ ունեն…
Աղոթքի լի վանքեր ունեն,
Մոմեր՝ անքեն հագած,
Ուխտավորներ
Այնքան խոնարհ
Կորաններում օծված…
Այսպիսի ուխտ ու մեղաչանք
Որտեղ պիտի գտնեմ…
Եվ էլ որտեղ պիտի գտնեմ
Իմ սարերի նման սարեր,
Որոնք իրենց ծալքերում
Ասք ու լեգենդ ունեն…
Խաչակնքված,
Դարեր դարսած
Մագաղաթներ ունեն,
Սարեր՝ ամպած,
Սարեր՝ թամբած,
Թագավորներ ունեն…
Թագադրված այսքան ամպեր
Ուրիշ որտե՞ղ,
Ուրիշ որտե՞ղ պիտի գտնեմ…

***

Դու ծրար ես,
Իմ Հայրենիք,
Ծրարի պես գոցված,
Ճանապարհներ ես որոնում
Քո երկունքով օծված…
Մի չբացված ծրար ես դեռ,
Մի քրքրված ծրար,
Տանում, բերում,
Քեզ թալանում,
Գիրդ չեն ընկալում…
Մի անսովոր նամակ ես դու,
Չվերծանված նամակ,
Փրփրաբաշ նավակ ես դու՝
Անափ ու անկայուն…
Իմ սուրբ լեռան
Կտակն ես դու,
Նոյյան ձեռքով գրված,
Ոսկե ձկան երազն ես դու
Ջրհեղեղում կորած…
Ո՞ւր են տանում ջրերը քեզ,
Ո՞ւմ են տանում, բերում,
Քրքրում են, քեզ ավերում՝
Քնից չես արթնանում…

Մայր

Մայրանում է տարին՝
Հաղորդության օր է,
Էլի վանքի խաչն է
Միակ բախտավորը…
Դարերին անագորույն
Վանքը ճաք է տալիս,
Ճաք տվածից ասես
Մորս ձայնն է գալիս…
Մայրս մայր է մտնում՝
Վանքի քարը ընկնում,
Երկինքը շողշողում,
Անձրև է մաղում…
Հայտնվիր ինձ, մայր,
Արարիր ինձ նորից,
Ինձ այս խոնավ օրվա
Տիղմ ու դավից հանիր…
Աղերսում եմ, մայր,
Աստծո նման եղիր՝
Կամ ինձ վերև հանիր,
Կամ դու ներքև իջիր…

***

Ինչպես անեմ,
Ինձ հետ խոսել կարողանամ,
Ինձ հասկանալ,
Լցվել, լրվել,
Ամբողջանալ կարողանամ,
Անմնացորդ երկինք նայել,
Ապաշխարել կարողանամ,
Ամպերի հետ
Հաշտ ու խաղաղ
Անձրևել կարողանամ,
Հասունանալ
Հասկերի պես,
Ինձ հավաքել կարողանամ,
Այս խառնածին ջրերի մեջ
Ինձ ճանաչել կարողանամ,
Հանուն ճշտի
Խաչվել, լռել,
Նահատակվել կարողանամ…
Ինպե՞ս անեմ, որ ինձ
Օգնել կարողանամ,
Իմ ասածին և հավատալ,
Եվ խոստանալ կարողանամ,
Կիսվել,
Կիզվել
Եվ ամբառնալ կարողանամ…

***

Չեմ հասկանում
Այս տաղտկալի աղմուկներից,
Ներս ու դրսի մանրուքներից,
Չեմ հասկանում…
Տեսածներս
Հոշոտվում են,
Լսածներս՝
Արյունոտվում,
Ինչպես պիտի ես ազատվեմ
Այս ամոթից,
Այս անօդից,
Ապականված
Մթնոլորտից…
Չեմ հասկանում
Այս վախվորած առավոտից,
Այս ցերեկվա
Անշարժ տոթից,
Իրիկնային անամոթից,
Չեմ հասկանում…
Ոչ առնելուց,
Ոչ էլ տալուց,
Ծիծաղելուց կամ խնդալուց,
Ոչ էլ մի կուշտ լաց լինելուց
Չեմ հասկանում…
Ներիր ինձ, Տեր,
Թող, որ նորից ես կանաչեմ,
Հալվեմ քո մեջ ու կարկաչեմ,
Երկինք նայեմ ու աղաչեմ.
Առ ինձ քո մեջ,
Քո լույսի մեջ,
Տար ինձ վերև՝
Ի Տեր, ի Տեր…

Անդին 3, 2014

Կարծիքներ

կարծիք