Բանաստեղծություններ

nkar

***
Լիներ հեռու մի տուն, մի ոսկեդուռ մատուռ
Մի երկնամերձ լեռան թաց ու փարթամ լանջին,
Ելներ իմ երկիրը, չընկներ էլ դռնեդուռ,
Ձայն տար ոսկե լեռան աքաղաղի կանչին:
Ես ոսկետան առաջ երազանքներ պահած,
Հոգիս փռած գորգին, արծաթ լճի կողքին,
Քեզ տեսնեի, երկի՛ր՝ խունկ ու աստղեր վառած,
Եվ քո ձեռքին պայթեր իմ կարոտած հոգին:

***
Ծորում է աչքերիս սիրափայլ երազը.
Ես հարբած ընկել եմ գինետուն,
Նստել են իմ կողքին Չարե՛նցը, Մինա՛սը,
Հարբում ենք, նկարում ու կարդում:

Տառապա՜ծ, փո՜ս ընկած աչքերս շաղվում են,
Գինեբույր ծխի մեջ հիշո՜ւմ եմ…
Թվում է, թե օդը դռան մոտ մաղվում է,
Թվում է՝ իմ սանձը քաշո՜ւմ են:

Դռան մոտ՝ ա՜յ այնտեղ, իմ սերը եկել է,
Մաշում է իմ քնքուշ երազը,
Տանջանքը գլուխս փայփայե՜լ, թեքե՜լ է,
Ինձ հետ են Չարե՜նցը, Մինա՜սը:

Ու հետո գիշեր էր, ու հետո լուսաբաց,
Ու հետո տնքում էր երազը,
Ինձ սիրո՜ւմ, շոյո՜ւմ էր իմ սերը կիսաբաց,
Ո՞ւր էին Չարենցը, Մինասը:

***

Ում են սփոփելու այս երգերս մռայլ,
Իմ տառապանքն ո՞վ է սիրով ամոքելու,
Ո՞վ է տառապելուց եղել շռայլ,
Այսքան ժլատ եղել բողոքելուց:

Եվ նույնիսկ դո՛ւ, իմ սեր, որ ի՛մն էլ չես կարծես,
Կփայփայե՞ս արդյոք բանաստեղծի սերը,
Որ դառնահամ կյանքից նա սիրում է և՛ քեզ,
Ե՛վ քո սիրուց ծնված տանջանքները:

Բանաստեղծի հոգին միշտ էլ փակ է մնում,
Նրան ծերացնում է հարազատ մայրն անգամ,
Նա մեռնում է, ինչպես շախմատում է լինում.
Թագուհուն են խոցում, բայց զոհվում է արքան:

***

Մարի՛ր, լուսամփո՛փ, իմ խոհերում ,
Մարիր հևոցով անդառնալի,
Որ ես չհիշե՛մ, չխարխափե՛մ,
Չդառնամ սերը տեսիլների,
Որին հեռվից են սիրում միայն…

Մարի՛ր, լուսամփո՛փ, ես անիրավ
Ոլորապտույտ սիրտ եմ հիմա
Եվ կապո՜ւյտ նկար տառապանքի…
Ես անիրա°վ եմ, խիստ անիրավ
Եվ անարժան եմ քո հմայքին.
Մարի՛ր, լուսամփո՛փ, մարի՛ր միայն…
Մարիր թողությամբ իմ թույլ մեղքի…

 

Վահե Բաղդասարյանին

Լինում են և՛ պահեր, և ապրումներ դաժան,
Այնքան, որ արևը թվում է զույգ,
Մենք՝ արժանի ցավին, ցավը՝ մեզ անարժան,
Ինչքա՞ն պիտի ապրենք արևազուրկ:
Բայց չէ՞ որ կյանքը մեր ու երկիրն արևի,
Ուր մենք հռչակվել ենք, առել թևեր,
Պիտի ծաղկեր, սակայն առանց լացի ձևի,
Պիտի չառներ վիշտը հազար ձևեր:
Բայց ինչո՞ւ է այնտեղ արևը զույգ,
Որտեղ որ երկիրը չունի թևեր,
Մեր սիրտն՝ արևի մեջ, իսկ մենք՝ արևազուրկ,
Դեռ հաշվում ենք օրերն՝ իբրև թվեր:
Դեռ անցյալ ենք երգում բորբ գալիքի ճամփին,
Գուցե հին անցյալն է գալիքը մեր,
Գուցե շողք է ընկել մեր ձիերի թամբին,
Որ հողերում օտար վրնջում են անտեր:
Իսկ մենք դեռ խոկում ենք արեգակի առաջ,
Էժան վաճառելով այնքա՜ն անգին մահեր,
Գոնե մայրամուտին վազեր ինձ ընդառաջ
Այն երկիրը, որ միշտ երազում էր… Վահե՜ն:
Այն երկի՛րը , տո՛ւնն այն՝ արևներից էլ տաք,
Որտեղ ջերմություն էր արեգակը առնում,
Որտեղ մեր լեռների ամպոտ կոպերի տակ
Այսօր մի ոսկեգույն ճա՜յ է վերադառնում:
Հիմա մենք բախտից ենք խլում ոսկեթելեր,
Նրա բույնն ենք հյուսում առաջվանից համառ,
Եվ հպարտ ենք, քանզի դեռ ապրում ենք ու դեռ
Կարծես մեղավոր չենք մեր մեղքերի համար:

***
Թե հուշ դառնամ ես, ու իմ լեգենդի ճրագը մարի,
Թե երազներիս ճամփին գալիքս թաղվի անկատար,
Թող աշխարհն հիշի, որ քո վախվորած ու թաց աչքերի
Թաշկինակն էի քամու ձեռքն ընկած, որին չգտար:
Թե ուրվականս՝ հոգնած կիթառից ու խարույկներից,
Մթին ձորերում իր առասպելի խարույկը վառի,
Թող հիշեն, որ ես հեքիաթներ ծնող քո համբույրներից
Աստղեր եմ պոկել, ու նրանց ճիչը երբեք չի մարի:
Թե ալեկոծվի երկնքից այն կողմ ղողանջը երգիս,
Ու արցունքներդ թրջեն ծարաված շուրթերն աշխարհի,
Թող հիշեն, որ քո աղոթքը բացեց դուռը երկնքի
Ու հանձնեց փառքս ծիածաններին հարևան դարի:

***
Ահա նորից կասի իմ դառնության լեզուն,
Որ գիշերում՝ կանգնած ծիածանի ծայրին,
Մի փշրված հոգի իմ քայլերն է լսում
Ու արցունք է թափում գերեզմանիս վայրին:

Գուցե դա սերն է իմ՝ մռայլ ոգին երգիս,
Ճշմարտության նման հավիտյանս մերժված,
Գուցե նա իր անզարդ խոստումներն է դրժված
Ծաղիկների նման թափում տիեզերքից:

Ահա նորից մթնում մռայլ վիշտ կկաթի
Իմ աչքեչին, սրտին, լուսաբացիս վրա,
Ամեն անգամ խոցված՝ ինձ կտանեն մարտի,
Որ իմ արյամբ ջրեմ ծաղիկները նրա:

Ամե՜ն, ամե՜ն անգամ իմ արյունը կտամ
Ու ետ կգամ խաբված, որ ծովերը թափվեմ,
Որ իմ տեսածներին ցավով չհավատամ
Ու միշտ փնտրեմ նրան, որ հաճույքով խաբվեմ:

***
Լինում է հաճախ, որ չար երազիս իջած մշուշում
Անցած-գնացած առասպելներ ու լեգենդ եմ հիշում:

Հիշում եմ ձմռան խավարում կորած մի սառցե տնակ,
Ձյունոտ լուսամուտ, փայտե մի սեղան՝ վրան հին դանակ:

Լուսամուտից դուրս զառամյալ բուքն է խաղում ձյուներում,
Իսկ ներսում հոգնած մոմն է ապակու մեջ թիավարում:

Բացի սուլոցից լուռ է խավարը, ու տնակն է ցուրտ,
Եվ այսպես, բուք է, մենություն է խոր ու աշխարհ է մութ:

Հրացանն ուսին՝ մի սև մուշտակի ստվեր է գալիս՝
Լցված հետքերով, որ ինքն էր թողել տնից գնալիս:

Գալիս է ծանր ու հոգնած ձուլվում թարթող ստվերին,
Ինչպես աշխարհում մարդիկ են ձուլվել տարեթվերին:

…Եվ այս ամենը ծանր երազից հետո է ծնվում,
Երբ հոգիս դուրս է ելնում աճուրդի, սակայն չի գտնվում:

Անդին 4, 2014

Share

Կարծիքներ

կարծիք