Բանաստեղծություններ

nkar

* * *

Երբ բախվեցին ընդունվածն ու անչափելին,
Ու գանգատը սին պայքարում նահատակվեց,
Ոխն անիծեց իր պաշտոնը սարսափելի,
Ու նպատակն անհապաղից ձերբազատվեց:

Եվ սանձվեցին երդումները հավիտյանի,
Զսպված ցավի արգելակներն ակտիվացան,
Վավերացավ նոր գրանցում հուշ-մատյանում,
Ու սաստվեցին պոռթկումները ինքնակործան:

Երբ բախվեցին ընդունվածն ու անչափելին,
Ու սարսուռը ինքն իր դողի մեջ բանտարկվեց,
Լռությունը դարձավ միակ անպարտելին,
Ու երկնքում խնկաբույրը բազմապատկվեց…

* * *

Քո գրկի մեջ ժամանակը հեռանում է
Ու մոռանում ճանապարհը վերադարձի…

Քո գրկի մեջ տարակույսը վերանում է,
Ու բյուրավոր անուրջներ են գալիս այցի…

Քո գրկի մեջ բաժանումը վարանում է
Ու հավատում հեքիաթներին մտացածին…

Քո գրկի մեջ տիեզերքը խտանում է
Ու ամփոփվում ակնթարթում վայելածի…

Քո գրկի մեջ կյանքի հոսքը վարարում է
Ու խորտակում պատնեշները հասկացածի…

* * *

Հրաշագեղ գիշեր է՝
Անծի՜ր, աստղահմա՜,
Հոգի, մարմին մեկտեղ են՝
Զույգ տրոփի նման:

Լույսի սիրահանդես է
Ծոցում սև գիշերվա,
Ճեմում են երազները՝
Վայելքներով տարված:

Եվ զուր են տագնապները
Փորձում տիրել սրտին,
Մեր սերը երիզել է
Հավերժումի գոտին…

* * *

Երբ գարունը սրբի ունայնության փոշին,
Եվ մեր հոգում ծլեն ամոքումի շիվեր,
Ձնծաղիկը քնքուշ ժպտա սարի փեշին,
Գուցե մխիթարանք գտնենք՝ բախտից նվեր:

Ու սավառնենք գուցե ծիծեռնակի թևին,
Ամեն ծղոտի հետ նրա բնին հյուսվենք,
Անուշ գեղգեղանքից այգաբացի հովին
Խինդով հոգեպարար զարթոնքի մեջ սուզվենք…

Ու սփոփանքով արբած, ու կարոտած հույսին,
Ու հավատին՝ իբրև անթացուպի հենված,
Գուցե խարխափելով, սակայն հասնենք լույսին,
Որպես նվիրյալներ՝ կյանքին սիրահարված:

Անդին 4, 2014

Share

Կարծիքներ

կարծիք