Բանաստեղծություններ

nkar

Որպես դիտորդ Նորավանքի ճամփին

Ես անցա այս ուղին, որ ձեզ ասեմ հիմա`
Հեշտ չի լինելու:
Որպես դիտորդ չանցա` հույժ կարևոր դեմքով,
ասենք՝ ինչպես այստեղ եվրոպացի դիտորդ,
որ հուշում է մեզ ազատ կամքի մասին,-
Հրմշտոցով անցա ժամանակի միջով,
մեկ հպվելով ասես, մեկ բախվելով,
զգեստապատառ անցա փշե պսակներով,
և թևաթափ, խոնարհ և գլխիկոր:
Ես անցա այս ուղին որպես անխազ մարմին,
թափանցիկ ու անես,
ինձ ոտնակոխ դրած մամռոտ շիրմաքարին,
ասես անթարթ մի բիբ` կլանելով իմ մեջ
ժամանակը ապրած, որ չեմ տեսել երբեք…
Նորավանքի ճամփին:
Որպես դիտորդ չեկա` ասենք հեռուների,
ասողիկի նման կամ պատմիչի,
սուրհանդակի վարգով, հևատրոփ եկա,
որ շշնջամ հիմա`
Հեշտ չի լինելու:

Անշարժացած քարին

Ինչպե՞ս վարվեմ, ասա,-
Շրջվեմ
և քեզ թողնեմ ճամփին:
Բայց մրմուռ է ներսս, որ մամուռ է ասես
կապտականաչ տոնի:
Կապտականաչ մամուռ, որ մորմոքն է երկնի,
անշարժացած քարին
կապտականաչ տոնի:
Ասա, ինչպե՞ս վարվեմ,
երբ չեմ տեսնում քեզ հետ
շրջանկար դեմքն իմ հիշողության պատին,
երբ տաճարն է հոգուս առանց սյունաշարի
և ամայի…
քամիները ծածկագույրն են տանում:
Թող ես լինեմ դաժան
անանձնական սիրուս տիրույթներում,
որտեղ չկան դեմքեր,
և բոլորս ենք, սակայն, զոհարանին՝
հանուն վերին մտքի,
հանուն ճշմարտության
կապտականաչ տոնի…
և թող ոք ոչ չասի, որ ճշտել է գույնը մամուռների,
թող ոչ ոք ինձ չասի,
թող ոչ ոք ինձ չասի:

Ինձանից դուրս

Ո՞ւմ խնայեցիր, Հայր իմ,
ո՞ւմ փոխարեն խաչեցիր:
Ինչո՞ւ էր թվում շնորհներ պիտի տեղա երկնքից,
փոխարենը քարեր համբարձվեն վեր,
քարեր, որոնց շնչառությունն անգամ ցավն է,
և որոնք սիրում են անշարժության մեջ սիրել:
Լռություն… թե ձայնակերպումը մարմին է ինքնին,
և ընթացքն է ինձնից դուրս` անհերքելի,
ու ես չգիտեմ՝ ինչպես վարվել լռության հետ,-
Մարմին լռության…
Հունցվում է հոգիս՝ վերափոխելով ձևակերպումը,
ձևախեղումը, որ չեմ ճանաչում,
և ասես իմը չէ,
իմը չէր:
Որքան ճամփա կա Քեզ հասնելու, Հայր իմ,
իսկ ես, գուցե, արդեն հոգնել եմ:
Մտարարումներիդ մեջ հոգնությունս նույնպես գրանցիր:

Հալդ աստծո կորուսյալ փառքը կամ …
Անժամանակ թռիչք

Ի՞նչ եղավ ինձ, Տեր,
Խնդությունն իմ որտե՞ղ կորցըրի,-
Հոգսերի քաթանե պարկը ուսիս,
Ոտ-ոտաբոբիկ քայլում եմ հիմա
Ճաքճքած անջուր ամայիներով,
Եվ ծանրությունն է իմ անհնարին,
Ձգողությունը հողի երկրաքարշ…

Ժամանակներ կային…

Նորալուսին

Փլուզվում եմ ներսից
ամեն քայլափոխի,
անմեկնելի, անտես
փլուզվում եմ ներսից:
Ողջահավաք կերպս
խուլ ջրերին հայած
փլուզվում եմ ներսից…
Ինքս… և իմ հեռվից:

Երևանյան փոշին իմ անարվեստ

Խախտեմ լռությունն այս
և խենթանամ սիրուց անընդգրկուն…
Երևանյան տապից, ուր
ձանձրույթն է կաթում
թմրած մայթափերին,
թափառող մտքերից,
որ լողում են օդում`
ձևաչափը փնտրող,
բառափոշի դարձած միջավայրում:

Շարժ և տեղապտույտ

Որտե՞ղ եմ ես…
Չէ՞ որ մի տեղ պիտի լինեմ,
Ինչ-որ հավաք, պարփակ վայրում,
Թե չէ այսպես, ամենքի հետ
Ինչպե՞ս քայլեմ անապշահար,
Պատմությունն իմ ինչպե՞ս կրեմ
Գոյությամբ իմ այլժամանակ,
Անընդգրկուն տարողությամբ,
Կեցվածքով այս անհենակետ
Ամբոխախիտ անշարժության,
Ո՞ր խորքերից հատիկ-հատիկ ինձ հավաքեմ
Հիշողությամբ ողջահավաք`
Որտեղ ես կամ:

Ժամանակներում արթմնի

Երբ լքեցի ինձ իմ իսկ խորանում
ու ստվերաթափանց
արահետներով որոնումների
կորցրածս էի փնտրում,
վաղորդյան անհուշ մշուշների մեջ
պատկերս էր դաջված,
վերջին մեկնությամբ`
անշրջահայաց,-
և հուշեր տեսա, որ ծիրում էին
հարմար պահերի,
անհոգ թախիծի,
թափառումների
ու վերադարձի
լքված մի խորան:

Հիշողության ջրերում

Միաժամանակն է,- Տերն ինձ շշնջաց,
-անգոյի միակ գոյաձևն է այն:
Անճարության իմ պատյանից այնկողմ,
անզորությամբ իմ,
անդարձության սահմանից անդին,
ուր առավել եմ.
շուրջս կյանքն է, իսկ ես…
գիրկ եմ արել տառապանքս`
ծանրամարմին ու
եռաչափ այսքանության մեջ:
Ես առավել եմ,
ես հաստատ գիտեմ`
այնտեղ, ինչ-որ տեղ…
Միայն ոչ այստեղ:

***
Հայր, ես ճանաչում եմ Քեզ… սակայն
Ո՞վ եմ ես,
Ո՞վ եմ, որ պիտի ճանաչեի Քեզ:

Անդին 4, 2014

Share

Կարծիքներ

կարծիք